Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ժամանակն է հրաժարվելու ազգային գաղափարախոսության մասին տիրացուական պատկերացումներից

Ժամանակն է հրաժարվելու  ազգային գաղափարախոսության  մասին տիրացուական պատկերացումներից
17.04.2012 | 00:00

Եվրամիության արևելյան սահմաններից մինչև Չինաստանի արևմտյան սահմաններ ձգվող հսկայական տարածությունում աշխարհաքաղաքական նոր իրողություններ են առաջանում։ Այդ տարածաշրջանը, որն անվանում չունի ու, երևի, չի էլ ունենա, կանգնած է պետական սահմանների վերանայման, նոր պետությունների առաջացման, տարածաշրջանային խոշոր տերությունների միջև մրցակցության ուժեղացման, տարածաշրջանային նոր դաշինքների կազմավորման սպառնալիքի առջև։ Ընդ որում, դա տեղի է ունենում ԱՄՆ-ի նկատելի թուլացման և պատմական «հոգնածության», այդ տարածաշրջաններում գործելու ՆԱՏՕ-ի լուրջ շահագրգռության բացակայության, Չինաստանի համընդհանուր նվաճողամտության, Թուրքիայի և Իրանի արտքաղաքական հավակնությունների աճի պայմաններում։ Խնդիրն այս անգամ միայն ներտարածաշրջանային գործոնները չէ, այլև այն, որ չկա մի այնպիսի լիովին գերիշխող արտաքին ուժ, որը կարողանար զսպել փլուզման այդ գործընթացը։ Ավելին, տպավորություն է ստեղծվում, որ արտաքին ազդեցիկ ուժերը շահագրգռված են և անգամ նպաստում են այդ գործընթացների ուժեղացմանը։ Դրանք կարելի է դիտարկել երկու կերպ. որպես դեպի քաոս տանող վայրագ գործընթացներ կամ նոր պետությունների, համընդհանուր նշանակության ուժերի նոր հաշվեկշռի առաջացման ստեղծարար գործընթացներ։ Ներկայումս այդ տարածաշրջանների առաջատար և մյուս պետությունները բավարար չափով, մեծ մասամբ էլ` ամենևին, պատրաստ չեն փլուզման այդ գործընթացներին, և նրանց միջև անհրաժեշտ պայմանավորվածություններ չկան քաոսի կանխման հարցերի շուրջ։ Այն պետությունները, որոնք, անպատրաստության պատճառով, նախկինում շահագրգռված չէին այդ փլուզմամբ, օրինակ` Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան կամ Հնդկաստանը, հայտնվել են այնքան համոզիչ ակնկալիքների առջև, որ ձգտում են, առնվազն, դառնալ քննարկման ավելի ակտիվ դիտորդներ կամ մասնակիցներ։ Բայց սա միայն սկիզբն է։ Այդ տարածության` բրիտանական և խորհրդային կայսրությունների հեղինակած պետական սահմանների ներկա ուրվագծերն ու տրամաբանությունը (ավելի ճիշտ դրա բացակայությունը) վտանգավոր են դարձել անվտանգության ընդհանուր համակարգի համար և պետք է ճշգրտվեն, ընդ որում` ամենաարմատական ձևով։

Հարավային Կովկասի երկրները, վերնախավերն ու ժողովուրդները ցույց են տվել, որ իրենք համաշխարհային ուժի կենտրոնների վիթխարածավալ ու վտանգավոր ծրագրերի իրականացման կողմնակիցներ ու մասնակիցներ չեն։ Հսկայական օգնություն և աջակցություն ստանալով Արևմտյան ընկերակցությունից և, մասնավորապես, Ռուսաստանից, Հարավային Կովկասի երկրները նախընտրում են ռազմական տարանցման և իրենց տարածքում օտարերկրյա զորքերի բազավորման տարբեր ծառայություններ մատուցել, բայց անմիջականորեն չմասնակցել ռազմական գործողություններին, բացի խաղաղարարից, ընդ որում, սահմանափակ ձևաչափով։ Հարավային Կովկասի պետությունները ցույց են տվել, որ իրենք դաշնակիցներ չեն և շատ անհուսալի գործընկերներ են, ըստ էության, պահպանելով մակաբուծական արտքաղաքական գոյություն։ Տարածաշրջանում երևի միայն Հայաստանն է կառուցողական, քանի որ ակտիվորեն և հետևողականորեն մասնակցում է ՀԱՊԿ-ին, պարտաճանաչորեն կատարելով պարտականություններն այդ դաշինքում գլխավոր գործընկերոջ` Ռուսաստանի հանդեպ։ Բացի այդ, առանց բացառության բոլոր արտաքին շահագրգիռ կողմերը հասկանում են, որ Հայաստանը միակ երկիրն է, որն ընդունակ է համակարգված ռազմական շինարարության, ինչը կատարվում է խիստ սահմանափակ նյութական ռեսուրսների պայմաններում։

Չափազանց շատ ու բավական համոզիչ հայտանշաններ կան, որոնցից կարելի է դատել, որ ԱՄՆ-ը Հարավային Կովկասի առնչությամբ մշակել և իրականացնում է տարածաշրջանային խոշոր հարևաններից` Ռուսաստանից, Թուրքիայից և Իրանից որոշակի առանձնազատվածության ավարտուն քաղաքականություն։ Դեռ 90-ականների կեսերին Վաշինգտոնում մշակվել էին մոտեցումներ, համաձայն որոնց, հեռանկարում Հարավային Կովկասը պետք է դառնար ոչ թե Եվրասիայի կամ Մերձավոր Արևելքի, այլ եվրոպական քաղաքական դաշտի մաս, այսինքն` քաղաքականապես ու գաղափարապես տարածաշրջանը պետք է լինի Եվրամիության հովանու ներքո, իսկ ռազմական ու անվտանգության առումով` ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի։ Այն ժամանակ քչերն էին ուշադրություն դարձնում, որ Հարավային Կովկասը նույնացվում էր այնպիսի մի հասկացության հետ, ինչպիսին «Հարավկովկասյան միջանցքն» էր, ուշադրություն չդարձնելով, որ միջանցքի ձևաչափը, տվյալ դեպքում, ենթադրում է տարածություն Ռուսաստանի և Թուրքիայի, ինչպես նաև Իրանի միջև։ ԱՄՆ-ի կողմից մշակված, մասամբ և իրականացված «միջանցքի» այդ ռազմավարական դոկտրինը Հարավային Կովկասի պետություններին թույլ է տվել պահպանել իրենց անկախությունն ու ավելի հուսալիորեն ապահովել իրենց անվտանգությունը։ Բավական երկար ժամանակ, այսինքն` 90-ականներին և 2000-ականների առաջին կեսին, «ժամկետանց» մտածողության տեր մեկնաբանները Թուրքիան համարում էին «Հարավկովկասյան միջանցքի» ձևավորման անմիջական մասնակից, մինչդեռ այդ երկիրն անմիջապես էր հասկացել, որ վերջին հաշվով այդ դոկտրինն ամենևին էլ բարեհաճ չէր լինելու իր շահերի հանդեպ։ (Առիթ եմ ունեցել ականջովս լսելու Հարավային Կովկասի երկրների ու վերնախավերի վերաբերյալ տարբեր ուղղության և պրոֆիլի ամերիկացի փորձագետների գնահատականներն ու կարծիքները։ Պետք է ասել, որ գնահատականներն այնքան էլ փաղաքույշ չեն, և գլխավորը` հաճախ ընդգծվում է հանրությունների, նախ և առաջ, Վրաստանի ու Ադրբեջանի հանրության խնամառուական բնույթը)։ Այսպես թե այնպես, ամերիկացիների առջև ծառացած մոտակա խնդիրն է հարավկովկասյան վերնախավին «զերծ պահել» պատրանքներից ու մոլորություններից և ավելի հաստատակամորեն հայտարարել սեփական մտադրությունների ու շահերի մասին։

Ամերիկացիները վրացական վերնախավին դաստիարակել են կառավարող և ընտրված գործիչների մասին հենց վրացիների պատկերացումներին համապատասխան։ Դրա հետևանքով ԱՄՆ-ը դատապարտված է այդ երկրի «հավերժական» խնամակալության։ Ադրբեջանում ամերիկացիները նախընտրել են լիովին կառավարելի ու ծայրաստիճան խոցելի մի վարչախումբ, հասկանալով, որ հենց այդ կառավարող վարչախումբն է սազական ադրբեջանական հասարակությանը։ Հայաստանի առնչությամբ ամերիկացիները շատ երկար էին պատրանքներ տածում, երբ գլխավոր խնդիրը նրան Ռուսաստանից հեռու պահելն էր։ Ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասի հանդեպ առավել համարժեք քաղաքականությունը Ջ. Բուշի վարչակազմի քաղաքականությունն էր, երբ միանգամայն բացահայտորեն մատնանշվում էին տարածաշրջանում ԱՄՆ-ի նպատակներն ու խնդիրները` պետությունների գործառույթներին համապատասխան։ «Քլինթոնյան» մոդելը, որը հիմա էլ մասամբ կիրառվում է, ոչ միայն հնացած է ու անհամարժեք, այլև վտանգավոր, քանի որ խոսքն ու գործը սկսել են իրարից շատ տարբերվել։ Ժամանակն է ավելի մեծ որոշակիության, ինչը նշանակում է կառավարող վերնախավերի քաղաքական գործելակերպի ու ոճի արմատական փոփոխություն։

Հարավային Կովկասի պետությունների առջև խնդիր է դրվում, առաջին հերթին, ձևավորել ռազմական կամ խիստ ռազմականացված պետությունների «մեղմ տարբերակ», քաղաքական վարչակարգերը, տնտեսությունը, ենթակառուցվածքը և կենսագործունեության համակարգը ենթարկել պատերազմական ժամանակներին նախորդած ինչ-որ «առանձնահատուկ ժամանակաշրջանի» պահանջներին ու նպատակներին։ Ընդ որում, բավական շատ բան է արվել, և դրան նպաստել են սպառազինությունների մրցավազքը, պետությունների, տնտեսության և հասարակության ռազմականացումը, ու, չնայած Արևմտյան ընկերակցության և Ռուսաստանի որոշ օգնությանը, դա ձեռք է բերվել հիմնականում տարածաշրջանի պետությունների նյութական միջոցներով։ Ի դեպ, հարկ է նշել, որ ԱՄՆ-ի նպատակները զգալիորեն տարբերվում էին այդ պետությունների ազգային խնդիրներից։ ԱՄՆ-ը Հարավային Կովկասի պետությունների նյութական ռեսուրսներն ու պաշտպանական կարողությունն ուղղորդում էր միայն իրեն անհրաժեշտ ուղղություններով և բնավ ոչ նրանց ազգային շահերին համապատասխանող խնդիրների լուծման։ Այդուամենայնիվ, ԱՄՆ-ի այդ խրախուսական ներարկումները մեծ դեր խաղացին Հարավային Կովկասի պետությունների պաշտպանական զարգացման գործում։ Միաժամանակ, Ռուսաստանը, երկյուղելով դուրս մնալ տարածաշրջանում տեղի ունեցող որոշակի գործընթացների շրջանակներից, դարձել է Ադրբեջանի ու Հայաստանի հիմնական զինամատակարարը։ Աստիճանաբար Իսրայելը դառնում է Ադրբեջանի ու Վրաստանի առաջատար զինամատակարարը, և ոչ ոք չի կարող ժխտել, որ Հարավային Կովկասում Իսրայելի քաղաքականությունը համաձայնեցված է ԱՄՆ-ի հետ։ Միջազգային քաղաքականության մեջ կան քաղաքական համաձայնեցումների շատ ձևեր և եղանակներ։

Ներկայումս ԱՄՆ-ն ամենևին շահագրգռված չէ Հարավային Կովկասի երկրներին ու դրանց վերնախավին ժողովրդավարության, ազատությունների ու պառլամենտարիզմի սկզբունքների պարտադրման քաղաքականության վարմամբ։ ԱՄՆ-ը, իհարկե, կցանկանար, որ Հարավային Կովկասի երկրներում կառավարող վարչակազմերը լինեին առավելագույնս օրինակարգ, բայց պատրաստ է, փաստորեն, ցանկացած վարչակազմ ճանաչելու օրինակարգ, եթե նա ընդունում է անվտանգության և արտաքին քաղաքականության ոլորտում ԱՄՆ-ի որոշակի շահերն ու գերակայությունները։ Այս կապակցությամբ, առաջիկա խորհրդարանական ընտրությունները Հայաստանում, ամենայն հավանականությամբ, լիովին կբավարարեն ամերիկացիներին։ Ընդ որում, բանն ամենևին էլ, այսպես կոչված, «արդարացիությունը» և «մաքրությունը» չէ, սրանք վաղուց անցած-գնացած նախկին խորհրդային էթիկայի կանոններից են։ Խոսքն ընտրությունների արդյունքների մասին է։ Ըստ էության, Հայաստանում ձևավորվում է երկկուսակցական երկբևեռ կուսակցական-քաղաքական համակարգ, որը կներառի ցանկացած շահ, բացի քաղաքական գաղափարախոսությունից։ Քաղաքական կյանքը, հնարքները, շահերը, ոճերն ու մնացած ամեն ինչը կստորադասվեն և՛ Հայաստանի, և՛ նրա արտաքին գործընկերների աշխարհաքաղաքական շահերին։ Այժմ տեղի է ունենում ոչ միայն քաղաքական նախագծում, այլև իշխանական հատկանիշներն ու աշխարհաքաղաքական պայմանները նախապատրաստվում են այն վիթխարածավալ ցնցումներին, որ սպառնում են հսկայական աշխարհաքաղաքական տարածությանը։ Սա ծայրաստիճան վտանգավոր վարկած է, բայց Հայաստանը հարկադրված է մտնելու այդ գործընթացների մեջ, քանի որ աշխարհի քաղաքական քարտեզին մնալու այլ հնարավորություն չկա։

Երկկուսակցական համակարգը, որը ենթադրում է գործընկերություն համաշխարհային աշխարհաքաղաքականության երկու իրական բևեռների հետ, հնարավորություն կտա կատարելու էական արտքաղաքական խուսաքայլեր` ձեռք բերելով տարբեր գործընկերներ և ոչ միայն խոշորագույն տերությունների թվից, քաղաքական գործընթացից դուրս մղելու փոքր քաղաքական կուսակցությունները, որոնք խամաճիկների դեր են կատարում, ղեկավարվում են ներքին և արտաքին տերերի կողմից, հանդես են գալիս սադրիչ և ապակառուցողական նախաձեռնություններով, որոնցով շահագրգռված են լուսանցքային բնույթի որոշակի շրջանակներ, ուժեղացնելու երկու բևեռների պատասխանատվությունն արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցում, քաղաքական մրցակցության պայմաններում մշակելու ավելի որոշակի արտաքին քաղաքականություն, հաստատելու իշխանական վերնախավի փոխման, ինչպես նաև քաղաքական գաղափարների թարմացման պրակտիկա։ Հայաստանում ռազմաքաղաքական ճամբարի, մոբիլիզացիոն տնտեսության ու վարչարարության ձևավորման առումով ներկայացվող կոշտ արտաքին պահանջների պայմաններում երկկուսակցական համակարգը հնարավորություն կընձեռի պահպանելու առաջադրվող արտաքին և ներքին նախաձեռնությունների որոշակի ճկունությունն ու գործուն քննարկումը։

Իհարկե, չի կարելի հուսալ, որ Հայաստանի տնտեսությունն այս պարագայում կստանա ինչ-որ արտաքին խթան, ինչը հնարավորություն կտա սահմանափակելու շուկայական սկզբունքները, բայց բանն արտաքին աջակցությունը չէ, թեև «համերաշխության» որոշ պայմանների ընդունման շնորհիվ հնարավոր է որոշակի օգնություն և աջակցություն ստանալ։ Հարցն այն է, որ հայ հասարակությունը կարող է նոր խթաններ ստանալ տնտեսության այլ կառուցվածքի ու կառավարման եղանակների ձևավորման գործում։ Կեղծ ազատական սկզբունքները Հայաստանը կանգնեցրել են փակուղու առջև, քանի որ կառավարման շուկայական եղանակներին զուգընթաց, անհրաժեշտ էր զարգացնել շուկայական-հրամայական եղանակներն ու հնարքները։ Իհարկե, մտածողության ու կառավարման գործում ինքնաբավությունը գոյության և զարգացման կարևորագույն պայման է, սակայն առայժմ Հայաստանի զարգացման առավել շոշափելի արդյունքները մեզ ընձեռել են արտաքին մարտահրավերները։ Ի՞նչ վիճակում կլիներ հիմա Հայաստանը, եթե ռազմական շինարարության պատճառներ չունենար։ Հնարավորություն է առաջանում Հայաստանում ստեղծելու մոբիլիզացիոն տնտեսության տարրեր` արտաքին աջակցություն ստանալու դեպքում։ Ընդ որում, աշխարհաքաղաքական հետաքրքրությունն այն է, որ տարածաշրջանում երեք առաջատար հեղինակները, այսինքն` ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Իրանը, ավելի ու ավելի են շահերի ընդհանրություն ի հայտ բերում, նկատի ունենալով ռազմավարական հեռանկարները։ Սա մտացածին հանգամանք չէ։

Հայ հասարակությունը կարիք ունի ուժեղ շարժառիթի, ընդ որում, նա պետք է զգա հեռանկարը և այն համադրի սեփական ուժերի ու հնարավորությունների հետ։ Վաղուց ժամանակն է հրաժարվելու ազգային գաղափարախոսության մասին տիրացուական պատկերացումներից, որը գավառական մտավորականության (ավելի ճիշտ, շատից-քչից կրթված մարդկանց) մեջ թյուր պատկերացում ստեղծեց «ազատության» ու «ժողովրդավարության» մասին, և նախադրյալներ ստեղծեց «տոտալ կապիտուլյացիայի» մակաբուծական գաղափարախոսության ձևավորման համար։ Հայ ազգային գաղափարը համընդհանուր աշխարհաքաղաքականության մեջ տեղ որոնելն ու գտնելն է, մի խնդիր, որ պետք է լուծել անգամ ներկա մանրբուրժուական ճահճի պայմաններում։

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 880

Մեկնաբանություններ