Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

ԱՎԱՆԴՈՒՅԹԸ ԺԱՌԱՆԳԱԲԱՐ ՀՈՐԻՑ ԱՆՑՆՈՒՄ Է ՈՐԴՈՒՆ

ԱՎԱՆԴՈՒՅԹԸ ԺԱՌԱՆԳԱԲԱՐ ՀՈՐԻՑ ԱՆՑՆՈՒՄ Է ՈՐԴՈՒՆ
16.09.2011 | 00:00

Կգա՞ արդյոք մի ժամանակ, երբ հայի աչքերն այլևս թախիծ չեն արտահայտի: Բազմիցս եմ լսել, թե Հայաստանում մարդիկ` հարուստ, թե աղքատ, երջանիկ, թե դժբախտ, անհոգ, թե հոգսերով լի, շատ մռայլ ու տխուր են: Բոլորը սիրում են քննադատել, վատաբանել, բայց ոչ ոք չի ցանկանում, անգամ փորձում հասկանալ պատճառը. իսկ ինչո՞ւ է հայը տխուր, ինչո՞ւ է անգամ նորածնի աչքերում թախիծ նկատվում: Գուցե դա ժառանգաբար եկող մեր նախնիների մորմո՞քն է, որ նոր սերնդի մոտ գնալով թեև կարծրանում, շատերի կողմից անգամ մոռացվում և անտեսվում է, սակայն չի վերանում: Չէ՞ որ մի ամբողջ ազգ է դաժանաբար կոտորվել, և այդ ցավը, որքան էլ ժամանակ անցնի, միևնույն է, գուցե անգիտակցաբար, սակայն հավետ մնալու է յուրաքանչյուր հայի աչքերի խորխորատում:

«Սո՛ւրբ և ճշմարի՛տ Տեր, մինչև ե՞րբ պիտի չդատես և մեր արյան վրեժը չլուծես երկրի բնակիչներից»
(Հայտնություն 6. 10):

1915 թվականը փոխել է ոչ միայն ժամանակակիցների, այլև համայն հայության ճակատագիրը: Երբ հիմա, բազում տարիներ անց, տեսնում, լսում կամ որևէ տեղ կարդում ես այդ սոսկալի դեպքերի մասին, արյունդ սառչում է, լցվում ես անսահման ցասումով և ցավով: Բայց միևնույն ժամանակ հպարտանում ես հայոց քաջերի կամքի տոկունությամբ և հոգու արիությամբ լի հայոց պատմության այն փառահեղ էջերով, որոնցից է, օրինակ, Մուսա լեռան հերոսական ինքնապաշտպանությունը:
Միջերկրական ծովի հյուսիս-արևելյան ափին վեր խոյացող Կիլիկիայի հարավային մասում ձգվող Ամանոսի լեռնաշղթայի գագաթներից մեկը` Մուսա լեռը, պատմության մեջ հավետ մնացել է որպես հայոց քաջ ոգու անկոտրում խորհրդանիշ: Լեռան հարավային փեշերին գտնվող Սուետիան, որն ընդգրկում էր հայաբնակ վեց գյուղ` Բիթիաս, Յողուն Օլուք, Հաջի Հաբիբլի, Խդրբեկ, Վագըֆ և Քաբուսիե, ուներ ավելի քան 6000 բնակիչ, ովքեր հիմնականում զբաղվում էին երկրագործությամբ, արհեստներով ու շերամապահությամբ: ՈՒներ իր դպրոցներն ու եկեղեցիները, և թեև կտրված էր Օսմանյան կայսրության հայաշատ կենտրոններից, այնուամենայնիվ, դիմացել էր դարերի դաժան փորձություններին, սրբությամբ պահպանել իր մայրենի լեզուն` բարբառը, նախնիների հավատը, ապրելակերպն ու ավանդույթները:
Թուրք իշխանությունների դավերից հեռու մնալու համար նրանք բարեխղճորեն կատարում էին իրենց քաղաքացիական ծանր պարտքը: Սակայն Oսմանյան կայսրությունում կյանքի, պատվի, հավատքի և ունեցվածքի նկատմամբ տևականորեն թագավորող անապահովությունն այս խաղաղ ու աշխատասեր ժողովրդին ստիպում էր ժամանակ առ ժամանակ ապավինել նաև զենքին: Օրինակ` 1895-ին Սուետիան խիզախաբար մարտնչել է հարձակվող թուրքական զորքերի դեմ և նույնիսկ ժամանակավորապես (3 տարով) ձեռք բերել որոշ ինքնավարություն, իսկ 1909-ին Ադանայի կոտորածի ժամանակ, երբ թուրք խուժանը փորձել է ջարդեր կազմակերպել նաև Մուսա լեռան շրջանում, հայերը ոտքի են կանգնել և Հաջի-Հաբիբլի գյուղի մոտ խուճապի մատնել թուրք հրոսակախմբերին: Թուրքական կառավարության վաղօրոք մշակած աքսորի ու կոտորածների ծրագրի համաձայն` 1915 թ. հուլիսի 26-ին, երբ տրվում է Քեսաբի մերձակա հայության տեղահանության հրամանը, Սուետիայի հայ բնակչության մեծ մասը որոշում է չենթարկվել, այլ դիմել ինքնապաշտպանության` կյանքն ապավինելով հայի հերոսական արյան ոգուն, ապառաժ լեռան բարձունքներին և Աստծուն: Օգոստոսի 1-ին Յողուն Օլուքում տեղի է ունենում վեց հայկական գյուղերի ներկայացուցիչների խորհրդակցություն, որտեղ որոշվում է բարձրանալ մոտակա Մուսա լեռը` հաշվի առնելով նրա անառիկ դիրքը, և դիմել ինքնապաշտպանության: Բնակիչների մի մասը, հավատալով թուրքերի խոստումներին, բռնում է կործանարար գաղթի ուղին, իսկ մեծամասնությունը` մոտ 4500 մարդ, չնայած զենքի պակասին, ելնում է անձնազոհ պայքարի: Ընտրվում է զինվորական խորհուրդ, իսկ առավել քաջարիներից ստեղծվում է երեք զինվորական տասնյակ (հրամանատարներ` Եսայի Յաղուբյան, Պետրոս Տմլաքյան և Պետրոս Թութագլյան): Մարտական ջոկատներն ամրանում են լեռան պաշտպանության չորս ճակատներում: Հատուկ ուշադրություն է դարձվում պաշտպանական դիրքերի ու պատնեշների կառուցմանը, սահմանվում են հատուկ դիտակետեր:
Թուրքական կանոնավոր բանակը, զինված թնդանոթներով, երեք անգամ տարբեր ուղղություններով անցնում է հարձակման, սակայն կրելով հսկայական կորուստներ` խուճապահար նահանջում է: Հայ ինքնապաշտպանները 53 օր շարունակ կատաղի դիմակայում են թուրքական ջոկատների անդադրում հարձակումներին: Մուսա լեռան վրա իսկական միասնական հերոսամարտ է մղվում. մարտիկների հետ դիրք են գրավում նաև ծերերը, կանայք և պատանիները: Արդյունքում ո՛չ թշնամին և ոչ էլ սովը, ծարավը և անդադար տեղացող անձրևները չեն կոտրում հայոց ոգին. մարտիկները պար էին բռնում զուռնայի և դհոլի հնչյունների ներքո, որպեսզի չսառչեն և բարձր պահեն հոգու արիությունը: Չկարողանալով ընկճել մուսալեռցիների դիմադրությունը` թուրքերը միառժամանակ դադարեցնում են հարձակումը և 15 հազար զինվորով պաշարում են լեռը, որպեսզի սովամահ անեն անկոտրում հայերին: Մուսալեռցիների դրությունը խիստ ծանրանում է. սպառվում էին պարենն ու ռազմամթերքը: Փրկության միակ ուղին մնում էր Միջերկրական ծովը, որի ժայռոտ ափը թշնամին չէր կարողացել պաշարել: Եվ քանի որ միայն այդտեղից կարելի էր ակնկալել հնարավոր օգնություն, անցնող նավերի ուշադրությունը գրավելու համար լեռան ծովահայաց եզրին մուսալեռցիները բարձրացնում են երկու մեծ դրոշ, որոնցից մեկի վրա ասեղնագործված էր «կարմիր խաչ», իսկ մյուսի վրա անգլերեն գրված էր. «Քրիստոնյաները վտանգի մեջ են, փրկեցեք»:
Սեպտեմբերի 5-ին ֆրանսիական «Կիշեն» ռազմանավը, նկատելով մուսալեռցիների ծածանվող դրոշները, մոտենում և խարիսխ է գցում ափից ոչ հեռու: Ռազմանավի հրամանատարությունը, ծանոթանալով ստեղծված իրավիճակին, հրանոթային կրակ է բացում թուրքերի դիրքերի վրա և հեռանում է` խոստանալով օգնել մուսալեռցիներին: Գազազած թուրքերը ձեռնարկում են թվով չորրորդ, առավել կատաղի հարձակումը: Յոթ ժամ տևած համառ մարտերի ընթացքում հայերը ոչ միայն կարողանում են հետ մղել թուրքերի բոլոր գրոհները, այլև անցնում են հակահարձակման` հալածելով խուճապահար նահանջող թշնամուն: Վերջապես, սեպտեմբերի 10-ին ֆրանսիական և անգլիական ռազմանավերը թվով 4058 հերոս մուսալեռցիների սկսում են փոխադրել Պորտ Սաիդ (Եգիպտոս): Առաջին հերթին նավ են բարձրանում կանայք, երեխաները և ծերունիները, իսկ տղամարդիկ շարունակում են մնալ իրենց դիրքերում` յուրայինների անվտանգ տեղափոխումն ապահովելու համար:
Եգիպտոսում նրանք ստանում են եգիպտահայ գաղութի անմիջական օգնությունը: Ցավն ամենքինն էր. բազմաթիվ հայրենասեր երիտասարդներ սատար են կանգնում փրկվածներին, օգնում ինչով հնարավոր է: Անգամ շատերն ամուսնանում են այրիացած ու որբացած կանանց ու աղջիկների հետ, որոնցից ծնված նոր սերնդին մայրերը մեծացնում են մուսալեռցու ոգով` զենքը ձեռքին, ինչպես պատկերված է նկարում: Իսկ փրկված մուսալեռցիների քաջ երիտասարդները մտնում են Արևելյան լեգեոնի մեջ և դաշնակիցների զորքերի կազմում 1918-ի սեպտեմբերին Արարայի ճակատամարտում մի նոր հարված հասցնում թուրքական բանակին: Ավելի ուշ` Արցախյան պատերազմի ժամանակ, առաջին իսկ օրերից մուսալեռցի երիտասարդները ստեղծում են «Մուսալեռ» ջոկատը և անձնազոհ նվիրումով մասնակցում Արցախի ազատագրման պայքարին:
Մուսա լեռան ավելի քան 40-օրյա հերոսամարտի ժամանակ իրենց քաջագործություններով աչքի են ընկնում շատերը, այդ թվում` Հակոբ Կարագյոզյանը, Մարտիրոս Ջանսզյանը, Եսայի Յաղուբյանը, Պետրոս Թութագլյանը, Ճապան Խայոյանը, Պետրոս Գալստյանը, ինչպես նաև Շուշան Գաբաղյանը, Վարդիթեր Զեթլյանը, Մանուշակ Մանուկյանը, Սիմա Ղարիբյանը և այլք:
Առաջին համաշխարհային պատերազմից հետո հայերին թույլ է տրվում վերադառնալ հայրենիք, սակայն 1939-ին, այդ տարածքը Թուրքիային կցվելուց հետո, նրանք երկրորդ և վերջին անգամ են ստիպված լինում հեռանալ հայրենի վայրերից: Շատերը բնակություն են հաստատում Լիբանանում` Այնճար գյուղում, որտեղ կարճ ժամանակ անց հիմնում են Սուետիայի վեց գյուղերի անունները կրող վեց թաղամաս: Նոր տեղում մուսալեռցիները զբաղվում են հացահատիկի մշակությամբ և այգեգործությամբ: Այսօր Այնճարը համարվում է Լիբանանի ամենագեղեցիկ անկյուններից մեկը: Ավանում գործում են մի քանի ազգային, կրոնական, բարեգործական, մշակութային և մարզական կազմակերպություններ, երեք դպրոց, որոնց գործունեությունը նպաստում է գաղթօջախի ազգային ոգու պահպանմանը: Իսկ 1947 թ. մուսալեռցիների մի ստվար զանգված ապաստան է գտնում Սովետական Հայաստանում: 1972 թ. Էջմիածնի շրջանի Գինեվետ ավանը վերանվանվում է Մուսալեռ, իսկ 1976 թ. սեպտեմբերի 16-ին ավանի մոտ, բարձր բլրի վրա տեղի է ունենում հերոսամարտին նվիրված հուշակոթողի բացումը (հեղինակներ` ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյան և նկարիչ-քանդակագործ Արա Հարությունյան), որը կառուցվել է հայրենիքի և սփյուռքի մուսալեռցիների նյութական միջոցներով և անմիջական մասնակցությամբ: Այն խորհրդանշում է Մուսա լեռան հերոսամարտի մասնակիցների համառ ու անկոտրում կամքը, ազատագրական ոգին, առնականությունն ու արիությունը:
Մուսալեռցիները, որտեղ էլ լինեն, չեն մոռանում իրենց պատմությունը, անդավաճան են իրենց մշակույթին և լեզվին: Ամեն տարի, սեպտեմբերի երկրորդ կեսին` հերոսական ճակատամարտի տարեդարձի օրը, մուսալեռցիների երախտապարտ սերունդները հավաքվում են այս հուշակոթողի մոտ և հարգանքի տուրք մատուցում նահատակների հիշատակին: Տարին մեկ անգամ այստեղ կարելի է տեսնել 40 կաթսա` լի հարիսայով, որը պատրաստվում է ողջ գիշեր` ցորենից և գառան մսից, ազգային երգերի հնչյունների ներքո: Հարիսան պատմական անցյալ ունի. այն պատրաստում էին թե՛ ուրախ տոնակատարությունների, թե՛ տխուր արարողությունների ժամանակ: Այդ պատճառով էլ այն եփում էին քահանայի կողմից օրհնված և այնուհետև զոհաբերված գառան մսից: Մուսալեռից 14 ընտանիք միայն հարիսա եփելու պատիվ ունի, և այդ ավանդույթը ժառանգաբար հորից անցնում է որդուն: Ազգային ուտեստի պատրաստության ժամանակ բոլոր մուսալեռցիները հավաքվում են խարույկի շուրջ, դհոլ խփում, ժողովրդական երգեր երգում ու պարում: Եվ նույնիսկ ալեհեր ծերունիները մի կողմ են նետում իրենց ձեռնափայտերը, ուղղում մեջքները և ինքնամոռաց սկսում պարել:
Մուսալեռցիների հաղթանակը հայրենասիրության, սխրանքի, անձնազոհության ու ժողովրդի միասնության ցայտուն դրսևորում է: Պատմական այս իրադարձությունը հետագայում ոգեշնչել է ավստրիացի նշանավոր գրող Ֆրանց Վերֆելին, որը գրել է բոլոր ժամանակների համար արդիական «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը:
Լյուսյա ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 9506

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ