Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«ԱՄԵՆ ԻՆՉ ԾԱՆՐԱՑԱԾ Է ՄԱՐԶԻՉՆԵՐԻ ՈՒՍԵՐԻՆ»

«ԱՄԵՆ ԻՆՉ ԾԱՆՐԱՑԱԾ Է ՄԱՐԶԻՉՆԵՐԻ ՈՒՍԵՐԻՆ»
08.07.2011 | 00:00

Վաղը Ռուսաստանի Դաշնությունում կմեկնարկի բռնցքամարտի դեռահասների (13-14 տարեկաններ) Եվրոպայի առաջնությունը: Գրոզնի մեկնած Հայաստանի ընտրանին (ավագ մարզիչ` ՀՀ վաստակավոր մարզիչ ԱՐՄԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ) տասնութ քաշային կարգերից ներկայացուցիչ ունի տասներկուսում, ինչն ինքնին քիչ բան չէ: Իսկ թե հանկարծ մեր տղաներին հաջողվի նաև լավ հանդես գալ, վերադառնալ մեդալներով, պարզապես հրաշալի կլինի: ՌԴ մեկնելուց առաջ զրուցեցինք հավաքականի ավագ մարզչի հետ։
-Պարոն Հարությունյան, ի՞նչ սկզբունքով է ձևավորվել հավաքականը, ինչպիսի՞ն է թիմի պատրաստվածության մակարդակը:
-Տղաներին ընտրել ենք` հիմք ընդունելով Հայաստանի առաջնությունում ունեցած մասնակցությունը, ցույց տված արդյունքները: Առաջնությանը հաջորդել է երկու ուսումնամարզական հավաք, որոնցից ծաղկաձորյանը հետապնդել է ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության բարելավման հարցեր, իսկ այս վերջինը, որ կայացավ Աբովյանում, հատուկ նախապատրաստական փուլ էր, որի ժամանակ սևեռվել էինք մարզիկների տեխնիկատակտիկական հմտությունների զարգացման, մարտական հնարավորությունների, բարոյակամային հատկանիշների բարձրացման վրա: Մեզ հետաքրքրող հարցերին վերջնական պատասխան տվեց օրերս անցկացված բուժզննումը: Բարեբախտաբար, ամեն ինչ ցանկալիի շրջանակներում է, և կարող եմ ասել, որ թիմի ֆունկցիոնալ պատրաստվածությունը մեզ բավարարում է:
-Դուք չհիշատակեցիք հավաքականի կողմից միջազգային և ոչ մի մրցաշարի մեր հավաքականի մասնակցության մասին:
-Չենք ունեցել դրա հնարավորությունը:
-Ֆինանսների բացակայությա՞ն պատճառով:
-Ոչ, պարզապես մրցաշարեր չեն եղել: Մի մոռացեք, որ սա բավականին յուրօրինակ տարիքային խումբ է, և մրցաշարերն այնքան էլ հաճախակի չեն:
-Առանց լուրջ մրցակցային փորձի, առանց մեծ ռինգի համն ու հոտն առնելու մեր դեռահաս բռնցքամարտիկներն ի՞նչ են անելու:
-Անելիքներս, անշուշտ, գիտենք` պայքարելու ենք: Ինչ խոսք, մի փոքր տագնապ ունեմ մրցակցական փորձի պակասի առնչությամբ, սակայն դա էլ հաղթահարելի է, որովհետև բացն ուսումնամարզական հավաքների ժամանակ աշխատում ենք լրացնել փորձամրցումներով, հատուկ նշանակության այլ աշխատանքներով: Միանշանակ է, որ միջազգային մրցաշարերին մասնակցելը ոչ միայն ցանկալի է, այլև անհրաժեշտություն: Դրանք կնպաստեին և՛ փորձի ու բարոյակամային որակների ձեռքբերմանը, և՛ հոգեբանական պատրաստվածության բարելավմանը։ Շատ բաների կնպաստեին, բայց այսօրվա իրողությունն է այսպիսին:
-Դատապարտվածություն չկա՞ Ձեր ասածի մեջ:
-Ես բնավորությամբ լավատես եմ: Այս օրերն էլ կանցնեն, կգան ավելի լավ ժամանակներ, ու մենք նման բարձրակարգ առաջնությունների մեկնելուց առաջ Ձեր ասած համն ու հոտն առած կլինենք:
-Տխուր է: Պահի համար տխուր է:
-Ե՛վ այո, և՛ ոչ այնքան: Տասներկու մարզիկ ենք տանում Եվրոպայի առաջնություն: Քիչ բան չէ: Սա բավականին ներկայացուցչական կազմ է:
-Ի դեպ, ո՞վ է պատվիրակության ղեկավարը:
-Ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Գասպարյանը: Տեխնիկական պատվիրակն է ՀԱՕԿ-ի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը:
-Հավաքականում ունե՞նք ակնհայտ առաջատարներ:
-Ամեն մեկն էլ իր քաշային կարգի լիդերն է: ՈՒրիշ բան, որ ոմանցից շատ ավելին եմ սպասում:
-Օրինա՞կ:
-Օրինակ` վանաձորցիներ Գառնիկ Պապիկյանից ու Հրայր Շահվերդյանից (38,5 և 41,5 կգ քաշային կարգեր), աբովյանցի Ռազմիկ Անտոնյանից (40 կգ), սևանցի Արարատ Սիմոնյանից (46 կգ), գյումրեցի Վիկտոր Յուզիխովիչից (62 կգ), Էջմիածինը ներկայացնող գերծանր քաշային Գնել Մուրադյանից:
-Նորից դառնանք հավաքականի հետ տարվող աշխատանքներին: ՈՒնե՞ք հոգեբանի ծառայություն:
-Ո՛չ: Մեզանում այսօր ամեն ինչ ծանրացած է մարզիչների ուսերին` ինչպես տեղերում, այնպես էլ հավաքականում, և, ի պատիվ նրանց, լուծ քաշող են:
-Ինչ-որ չափազանց ընտանեվարի չի՞ ստացվում: Հարցիս առնչությամբ Ձեզնից չեմ ակնկալում պատասխան, որովհետև խնդիրը լուծում ունի այլ հարթությունում: Աստված տա, որ վերադառնաք ձեռքբերումներով։
-Չկասկածեք:
-Չեմ էլ կասկածում: Պարզապես ուզում եմ, որ հաղթական հաշվետվությունների պահին մարզաձևի ղեկավարները հիշեն` ոլորտում լուրջ հիմնախնդիրներ կան և կարոտ են լուծման: Այլապես նորից կգործի փակ շրջանակի էֆեկտը, և մեր հույսը կմնան մարզիչների չարքաշ աշխատանքն ու մեր երեխաների բնատուր օժտվածությունը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1579

Մեկնաբանություններ