ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

«ՄԵՐ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՇԽԱՏԵՑ ԹԻՄԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՈԳՈՎ»

«ՄԵՐ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՇԽԱՏԵՑ ԹԻՄԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՈԳՈՎ»
19.07.2011 | 00:00

Կիրակի երեկոյան Ռուսաստանի Դաշնությունից հաղթանակով վերադարձավ բռնցքամարտի դեռահասների (13-14 տարեկաններ) Հայաստանի ընտրանին, որը Գրոզնի քաղաքում մասնակցեց Եվրոպայի առաջնությանն ու Հայաստան բերեց ընդհանուր թվով ինը մեդալ: ՀՀ վաստակավոր մարզիչ Արման Հարությունյանի գլխավորած թիմը, որն ուներ տասներկու ներկայացուցիչ, ունեցավ երկու չեմպիոն, չորս փոխչեմպիոն, երեք երրորդ մրցանակակիր: Սա մեր պատանեկան բռնցքամարտի պատմության մեջ աննախադեպ երևույթ է, մեր հրաշք հավաքականի ընդունելությունն էլ հավուր պատշաճի էր և այլ կերպ չէր էլ կարող լինել: Այս ուրախալի առիթով էլ զրուցում ենք ԱՐՄԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ։
-Պարոն Հարությունյան, շնորհակալ եմ ինչպես հաղթանակի, այնպես էլ պայմանավորվածությունը հարգելու` վերադառնալուց հետո անմիջապես հանդիպելու համար:
-Ես շնորհակալ եմ թերթին` նախապատրաստական ողջ փուլում մեր կողքին լինելու, աշխատանքները լուսաբանելու համար, և չէի կարող պայմանավորվածությունը չպահել, որովհետև մեր հաղթանակի մեջ Ձեր ակտիվ միջամտությունն էլ կա: Երեխաները կարդում էին հրապարակումներն ու ոգևորվում: Ի դեպ, նրանք անհամբեր սպասում են նաև այս տպագրվելիք զրույցին:
-Մեր բոլորի ողջույններն ու շնորհավորանքները կրկին Ձեզ ու նրանց: Անցնենք մեր հերոսներին:
-Ինչպես և սպասում էի, իրենց բարձրության վրա գտնվեցին վանաձորցիներ Գառնիկ Պապիկյանն ու Հրայր Շահվերդյանը (38,5 և 41,5 կգ քաշային կարգեր)։ Հաստատելով իրենց բարձր կարգը` նրանք հռչակվեցին աշխարհամասի հաղթողներ: Նրանց համապատասխանաբար մարզում են Ազատ Հայրապետյանն ու Արկադի Կոստանյանը:
Արծաթե ելույթներ ունեցան աբովյանցի Ռազմիկ Անտոնյանը (40 կգ, մարզիչ` Աշոտ Գրիգորյան. նա նաև հավաքականի երկրորդ մարզիչն է), գյումրեցի Վիկտոր Յուզիխովիչը (62 կգ, մարզիչ` Գարիկ Բաղդասարյան), Վարդան Իգրարյանի սան, երևանցի Ալյոշա Ստամբոլցյանը (72 կգ) և Էջմիածինը ներկայացնող գերծանրքաշային Գնել Մուրադյանը (մարզիչ` Պավել Ղարսլյան):
Բրոնզե մեդալներով վերադարձան Գևորգ Կոստանյանի սան, վանաձորցի Սպարտակ Թամարյանը (44,5 կգ), սևանցի Արարատ Սիմոնյանը (46 կգ), գյումրեցի Զաքար Խաչատրյանը (48 կգ): Վերջին երկուսին համապատասխանաբար մարզում են Հովհաննես Վարդանյանն ու Գարիկ Բաղդասարյանը:
Թիմային հաշվարկով մեր հավաքականը գրավեց երկրորդ տեղը: Առաջինը Ռուսաստանի հավաքականն էր, որը, ի դեպ, ներկայացել էր ամբողջ կազմով: ՈՒզում եմ իմ շնորհակալությունը հայտնել պատվիրակության ղեկավար, ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Գասպարյանին, տեխնիկական պատվիրակ, ՀԱՕԿ-ի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանին` իրենց աշխատանքի համար: Մեր պատվիրակությունն իսկապես աշխատեց թիմային միասնական ոգով, արդյունքն էլ եղավ այս աննախադեպ հաջողությունը:
-Կարո՞ղ էինք ունենալ ավելին:
-Միանշանակ, եթե Վիկտոր Յուզիխովիչին ու Գնել Մուրադյանին չխանգարեր փորձի պակասը: Մեր չեմպիոնների պես այս երկուսն էլ խիստ հեռանկարային մարզիկներ են և, նպատակասլաց աշխատելու դեպքում, մենք նրանց մասին դեռ շատ կլսենք:
-Փաստորեն, հայկական բռնցքամարտի թիկունքն ամուր է:
-Անվիճելիորեն:
-Դե ինչ, մեզ մնում է բեղմնավոր աշխատանք մաղթել Ձեզ և հուսալ, որ Դուք մեզ կուրախացնեք նորանոր նվաճումներով:
-Դա եղել և մնում է մեր գործունեության գլխավոր նախապայմանը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1661

Մեկնաբանություններ