Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Արմատական ընդդիմության վիճակը վրացական իրադարձություններից հետո բարդացել է»

«Արմատական ընդդիմության վիճակը վրացական իրադարձություններից հետո բարդացել է»
22.08.2008 | 00:00

ԵՌԱԿՈՂՄ ՊԱՅՔԱՐԻ ՔԱՌՈՒՂԻՆԵՐՈՒՄ
Աշնանն սպասվող քաղաքական ակտիվությունը, ամենայն հավանականությամբ, կդրսևորվի երեք ուղղություններով։ Արդեն այսօր ակնհայտ է, որ իշխանության օրակարգում առկա է երկու առանցքային խնդիր. շարունակել հայտարարված «բարեշրջումների» քաղաքականությունը և, որոշակի արդյունքներ ամրագրելու դեպքում, արմատական ընդդիմությանը զրկել հասարակական լայն հենարանից։ Բայց, միաժամանակ, իշխանությունն ակնհայտորեն անհրաժեշտություն ունի ջլատելու վերջին շրջանի արտաքին քաղաքական զարգացումներից ոգևորված Ռոբերտ Քոչարյանի և նրա հովանավորությունը վայելող շրջանակի ռեսուրսները՝ նախկին նախագահի հնարավոր քաղաքական հավակնությունները սահմանափակելու նպատակով։
Հենց այս համատեքստում պետք է դիտարկել մաքսային պետական կոմիտեի և հարկային տեսչության միավորումը պետական եկամուտների կոմիտեի կազմում։ Մաքսայինի ղեկավար Գագիկ Խաչատրյանին միավորված կառույցի ղեկավար նշանակելը և հարկայինի արդեն նախկին պետ Վահրամ Բարսեղյանի «կրճատումը» Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան քողարկված պայքարի դրսևորումներից մեկն է միայն։ Ամենայն հավանականությամբ, անհիմն չեն այն լուրերը, թե տարածաշրջանային վերջին իրադարձությունների արդյունքում Ռուսաստանի ակտիվությունը Հարավային Կովկասում նախկին նախագահին և նրա մերձակա շրջանակին հույսեր է ներշնչել, թե հնարավոր է, որ Կրեմլի ազդեցությամբ տեղի ունենա Քոչարյանի քաղաքական ռեաբիլիտացիան՝ վարչապետի պաշտոնի ստանձնմամբ։ Միաժամանակ Վահրամ Բարսեղյանի հեռացումը, ըստ էության, մի քայլ է, որով գործող իշխանությունը բավական լայն շրջանակի գործարարների, ովքեր սերտ կապեր ունեն նախկին նախագահի հետ, զրկում է անձեռնմխելիի կարգավիճակից, քանզի, ըստ շրջանառվող լուրերի, քանի դեռ Բարսեղյանը հարկայինի պետի պաշտոնում էր, ոչ մի տեսուչ չէր մտնում Քոչարյանին կամ նրա մերձավորներին պատկանող հաստատությունները։ Նախկին նախագահի ազդեցությունը կառավարման համակարգում չեզոքացնելու ներկա իշխանության գործողությունները, ամենայն հավանականությամբ, կրելու են շարունակական բնույթ առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ գործող նախագահն ու վարչապետը վստահություն չեն ունենա, որ կառավարման համակարգում և տնտեսական դաշտում լիովին տիրապետում են իրավիճակին։
Իշխանության համար պայքարի հաջորդ ուղղությունն արմատական ընդդիմությանը հենարաններից զրկելն է, որը գործնականում հնարավոր է միայն խոստացված բարեփոխումների դինամիկ իրականացմամբ։ Մինչ այժմ ձեռնարկած մասնակի քայլերը թեկուզ և չեն բերել խորքային փոփոխությունների, սակայն որոշակի դրական սպասումներ առաջացրել են հասարակության մեջ։ Այդ սպասումը «վստահության կրեդիտի» վերածելը, սակայն, բավականին բարդ խնդիր է, որն աշնան ընթացքում իշխանական համակարգի առաջին դեմքերից քիչ ջանքեր և կտրուկ որոշումներ չի պահանջելու։
Ներկա ներքաղաքական գործընթացներում գոյության համար պայքար մղող Քոչարյանի բևեռը, այսինքն՝ նրան համախոհ քաղաքական ուժերն ու չինովնիկները իշխանության կողմից հասցված վերջին հարվածը (Վահրամ Բարսեղյանի ազատումը) հազիվ թե հանգիստ ընդունեն։ Ամենայն հավանականությամբ, երրորդ բևեռ կամ «հայրենասիրական ընդդիմություն» ձևավորելու ջանքերն ու դրսևորումներն աշնանը կընդունեն ավելի կոնկրետ բնույթ, ինչը որոշակի առումով սրացում և հետաքրքրություն կմտցնի քաղաքական պայքարում՝ արմատական ընդդիմությանը ևս կանգնեցնելով երկու ճակատով գործելու անհրաժեշտության առջև։
Ընդհանուր առմամբ, հարկ է արձանագրել, որ արմատական ընդդիմության վիճակը վրացական իրադարձություններից հետո զգալիորեն բարդացել է։ Տեր-Պետրոսյանի բևեռին արտաքին դաշտից աջակցություն ցուցաբերող հիմնական ուժը ԱՄՆ-ն էր (թեև ռուսաստանյան իշխանական վերնախավի ազդեցիկ հատվածներից մեկն էլ փորձում է կապեր պահպանել տերպետրոսյանական ընդդիմության հետ), որն այսօր վրացական թնջուկով զբաղված լինելով, հազիվ թե ժամանակ ունենա վերադառնալու ներհայաստանյան խնդիրներին և աջակցելու աշնանն ընդդիմության խոստացած «գունավոր հեղափոխությանը»։ Ռուսական դիրքերի աննախադեպ ամրապնդումը տարածաշրջանում, ընդհանուր առմամբ, թվում է, թե ընդդիմության օգտին չէ, քանզի դրանով ավելի քան բարդանում է արդեն մի քանի ամիս օրակարգում քննարկվող և հանրահավաքներում հնչեցվող արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների իրագործման հնարավորությունը։ Ընդդիմությունը վերոհիշյալ իրողությունից հետևություններ չանել չի կարող, ուստի միանգամայն հավանական է, որ աշնանային քաղաքական գործընթացը սկսելով՝ արմատական ընդդիմության պահանջներն իրականում կսահմանափակվեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների հասնելու ռազմավարությամբ։ Այլ հարց է, որ արտահերթ նախագահական ընտրությունների խնդիրը, որպես այդպիսին, կշարունակի հնչեցվել, բայց առարկայական գործընթաց այս ուղղությամբ հազիվ թե հնարավոր լինի սկսել։ Ինչևէ, արձանագրենք նաև, որ տարածաշրջանային նոր իրողություններն իրենց ազդեցությունն են թողնելու հայաստանյան ընդդիմության աշխարհաքաղաքական նախապատվությունների վրա։ Պատահական չէ, որ Լ. Տեր-Պետրոսյանի՝ «Ա1+»-ին տված ծավալուն հարցազրույցում մինչ օրս չտեսնված ռևերանսներ էին հնչում Հարավային Օսիայում և Վրաստանում ռուսաստանյան ղեկավարության իրականացրած գործողությունների հասցեին, իսկ ամերիկա-վրացական ալյանսի նկատմամբ քննադատությունն աննախադեպ կոշտ էր։
Ընդդիմության ակտիվացմանը կարող է նպաստել մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրությամբ զբաղվող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը։ Այդ փաստաթուղթը կամ առնվազն դրա միջանկյալ տարբերակը հանձնաժողովը հանրության դատին պետք է հանձնի այս տարվա աշնանը։ Եվ կախված նրանից, թե ինչպիսի շեշտադրումներ կպարունակի այդ զեկույցը, դրան համապատասխան էլ ընդդիմությունը հնարավորություն կունենա հանձնաժողովի պնդումները կամ պարզաբանումները վիճարկելու և դրա շուրջ հանրային դժգոհության ալիք բարձրացնելու։ Թեպետ չի բացառվում, որ հենց այդ հանգամանքը նկատի ունենալով` խորհրդարանական մեծամասնությունն առայժմ հետաձգի զեկույցի ներկայացումն այն պատճառաբանությամբ, թե հանձնաժողովը չի ավարտել ուսումնասիրությունը, ուստի և վաղաժամ է կոնկրետ գնահատականներ հնչեցնել մարտի 1-ի դեպքերին հանգեցրած հիմնական պատճառների և մեղավորների վերաբերյալ։ Ի դեպ, խորհրդարանական մեծամասնությունն այդպիսի մարտավարություն կարող է որդեգրել թեկուզ ինքնապահպանման բնազդից ելնելով, քանի որ եթե սպասվելիք զեկույցը չբավարարի հանրային ակնկալիքները, չմատնանշվեն կոնկրետ մեղավորներ, և չդրվի պատասխանատվության խնդիր, ընդդիմության հրահրած հանրային ալիքը կարող է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման նախապայման դառնալ։ Իսկ պատգամավորական մանդատից զրկվելու ցանկություն խորհրդարանի պատգամավորական կազմի բացարձակ մեծամասնությունը, բնականաբար, չունի։
Միևնույն ժամանակ չի բացառվում, որ աշնան ընթացքում «երրորդ ուժի» կամ բևեռի ձևավորման գործընթացը խրախուսվի հենց իշխանության կողմից։ Իշխանությունը սկզբունքորեն լավ գիտակցում է, որ այդպիսի իրական բևեռի ձևավորումը Քոչարյանի և նրա մերձավոր շրջանակի կողմից քիչ հավանական է, եթե նրանց իշխանության կոնկրետ լծակներից զրկելու գործընթացը շարունակվի ներկա տեմպերով։ Բայց երրորդ ձևական բևեռը կարող է վերածվել յուրատեսակ բանավիճային ֆորմատի արմատական ընդդիմության հետ։ Այսինքն, ձևավորվելով` այդ բևեռն իրեն հակառակորդ է դիտարկելու ոչ այնքան գործող իշխանությանը (որի հետ, ի դեպ, ինչ-որ բաներ պայմանավորվելու հնարավորություն ունի), որքան առաջին հերթին, արմատական ընդդիմությանը, որի հետ ոչինչ պայմանավորվել չի կարող։ Քանզի հենց այդ արմատական ընդդիմությունն է հավանական երրորդ բևեռի թիկունքում կանգնած նախկին նախագահին մեղադրում մարտի 1-ը կազմակերպելու համար։ Այսպիսով, արմատական ընդդիմության և ձևական երրորդ ուժի պայքարն ինչ-որ իմաստով շատ նպաստավոր կարող է լինել իշխանության համար, որը հնարավորություն կստանա ժամանակ շահելու մինչև ԵԽԽՎ-ի հունվարյան նստաշրջանը։ Եվ եթե Հայաստանի ներքին իրավիճակի կարգավորման քայլերը, այնուհանդերձ, համարվեն բավարար, անդամակցության կասեցում կամ կոշտ պատժամիջոցներ չկիրառվեն, իշխանության համար հիմնական վտանգն արդեն անցած կլինի։ Իսկ հետո կգա ձմեռը, և ընդդիմության քաղաքական ակտիվությունը կրկին կհետաձգվի մինչև գարուն։
Վ. ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 3316

Մեկնաբանություններ