Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ո՞րն է օրվա հարցը, և ո՞րն է պատասխանը

Ո՞րն է օրվա հարցը,  և ո՞րն է պատասխանը
17.04.2012 | 00:00

Խելամիտ մարդիկ այդ ընթացքի մեջ արդյունքներ չեն որոնում, իսկ ավելի խելամիտ մարդիկ այդ արդյունքներով ծրագրում են հետագա քայլերը:

Փորձենք խելամիտ լինելով` ավելի խելամիտ էլ լինել:

Արդեն նախընտրական միֆերն են մարմին առնում Լեհաստանում տպագրված 300000 նոր անձնագրերի մասին, որոնք, հայտնի է, թե ինչ կիրառություն են ունենալու: Ընտրությունների արդյունքների մասին. համամասնականով` 35 տոկոս` ՀՀԿ, 25 տոկոս` ԲՀԿ, իսկ մնացած 40 տոկոսը` մնացածները, բայց հայտնի է, որ Հայաստանում միշտ չէ, որ 100 տոկոսը հավասար է 100 տոկոսի: Գյումրիում նշանադրության օրը սպանվում է քաղաքապետի փեսացուն, հետո էլ նրա մահվան գործը հետաքննող քննիչն է ոստիկանության շենքի առաջ վրաերթի ենթարկվում ու վախճանվում, և, իհարկե, բոլոր դժբախտություններն առնչվում են ընտրություններին, որովհետև այդպես է ենթադրում ժամանակը:

Իսկ ժամանակն իրականում ոչ ենթադրում է, ոչ պահանջում, ոչ էլ ակնկալում: Ժամանակը մենք ենք հագեցնում մեզ նպատակահարմար բովանդակությամբ:

ՈՒ ԵՐԲ ԼՌԵՑ ԶՈՒՌՆԱՆ

Այո, հենց այդ պահին, երբ լռում է քամին գետի այն ափին, երբ Րաֆֆի Հովհաննիսյանի արծվենի հայացքի տակ լռում են նաև մեզ սպասող լեռները, հնչում է Ռուբեն Հակոբյանի ձայնը: Իսկ նա, որ խիզախորեն անցել է մի քանի կուսակցությունների բովով, նայում է ավելի հեռուն, քան այն միամիտները, որ կարծեցին, թե չորս ուժեր շտաբ են ստեղծել, ուրեմն նպատակ ունեն ընտրությունների արդարությանը նպաստելու: Երբ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը և «Ժառանգությունը» ձևավորեցին ԱԺ ընտրությունների հանրային վերահսկողության շտաբ, դժվար էր ենթադրել, որ շտաբի առաջին քայլն ուղղվելու է ոչ թե բուն նպատակին, այլ հետընտրական իրավիճակին: Եթե «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը պահանջում է, որ շտաբի ստեղծման հայտարարությունը ստորագրեն կուսակցությունների առաջնորդները, չի նշանակում, թե նա չի վստահում այդ կուսակցությունների մյուս անդամներին, չի նշանակում, թե Ռուբեն Հակոբյանն ուզում է` Գագիկ Ծառուկյանը ձեռամբ հավաստիացնի, որ ընտրակաշառք չի լինելու, չի նշանակում, որ «Ժառանգության» մի քայլ առաջ, մի քայլ հետ նորահայտ տանգոն պատվիրել է գործընթացին չմասնակցող ուժ, ընդամենը նշանակում է, որ մայիսի 6-ից կարևոր են մայիսյան այն իրադարձությունները, որոնք հիմք են դառնալու 2013-ի նախագահական իրադարձությունների ընթացքի կանխորոշմանը: Այդ իրադարձությունները գործնականում շատ ավելի ազդեցիկ են խորհրդարանական ընտրություններից: ՈՒ դա գիտի ոչ միայն Ռուբեն Հակոբյանը, որ, խորհրդարանական ասելով, նախագահական է հասկանում` դեմ հանդիման նրանց, որ նույնպես հասկանում են, բայց գերադասում են խելամտորեն միամիտ մնալ:

ԿԵՑՑԵ ԵՐԿԻՐՆ ԱՐԱՏՏԱ

Երկրորդ շաբաթն է` անխախտ հիացնում է «Միավորված հայերը», որ միանգամայն ապարդյուն իր կարգախոսը չի դարձրել «Գիտությունը ուժ է» հայտնի ասույթը: Իսկապես աննկարագրելի հաճույք է, երբ խոսում են իսկական գիտնականները, ակադեմիկոսները, խոսում են դիրքին վայել դանդաղ ու անհասկանալի: Նրանք չեն ուզում ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ ու համանման նպատակ ունեցող որևէ շտաբի աշխատանքի չեն միանա, որովհետև, նրանց պատկերացմամբ, ընտրությունները հենց ազատ, արդար, թափանցիկ պիտի լինեն, այլապես «նշանակում» կկոչվեին: Նրանք չեն խոսում այլ քաղաքական ուժերի, անցյալի ու ապագայի մասին, նրանք ասում են այն, ինչ մտածում են: Իսկ մտածում են Հայաստանի մասին և մտածում են այնքան խորքով ու գիտականորեն, որ կյանքն Արատտա-Հայաստանից են սկսում: Ցավալի կլինի, եթե չհասցնեն մեր օրերին հասնել:

ՄԵՆՔ ՄԱՐԴԿԱՆՑ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ, ԵՎ ՆՐԱՆՔ ԳԱԼԻՍ ԵՆ

Խիստ մրցակցային են այս ընտրություններն ու անկանխատեսելի: ՀԴԿ-ն ևս խոսում է գիտությունից ու գաղափարից, բայց այնքան հոգնած ու համարյա ցրված, որ խոսքի ինչ-որ պահից խոսողն էլ, լսողն էլ մոռանում են ընտրությունները: Չէ, իհարկե, հասկանում ես, որ ընտրություններ են, տարատեսակ ուժեր տարատեսակ տեսակետներ են հնչեցնելու, բայց մարդ ես, երբեմն էլ ուզում ես լսել` ինչ չգիտես: Իսկ մինչ այդ նրանց կարգախոսն է` «Ազատություն, արդարություն, համերաշխություն», և, ինչպես Արամ Սարգսյանն է ասում. «Մենք մարդկանց հրավիրում ենք, և նրանք գալիս են»: Իսկ ընտրության կգա՞ն: Եվ եթե ազատ, արդար եկան, ո՞ւմ հետ համերաշխ կլինեն:

Ի՞ՆՉ ՍՏԱՆՁՆԵՑԻՆ ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ 1920 ԹՎԱԿԱՆԻՆ ԵՎ Ի՞ՆՉ ՀԱՆՁՆԵՑԻՆ 70 ՏԱՐԻ ԱՆՑ

ՀԿԿ-ն Ռուբեն Թովմասյանի շուրթերով անցած շաբաթ էլ հարցնում էր` ի՞նչ ստանձնեցին կոմունիստները 1920 թվականին: Հարցին, հարկավ, հետևում էր տպավորիչ թվարկում` արտագաղթ, եղեռն, մազապուրծ, համաճարակ... Իսկ հետո, եթե ուզում եք հրաշքներ տեսնել, գնացեք Սովետական Հայաստան: Հրաշքներն ավարտվեցին, իսկ կոմունիստների երազները` ոչ: Որովհետև նրանց հիշողությունը շատ ընտրական է` բոլորովին չեն հիշում, թե ինչ ու ինչպես հանձնեցին: Թեպետ Ռուբեն Թովմասյանը նույնիսկ պատրաստվում է հանրահավաքներ հրավիրելու ընտրությունների առիթով:

ՆԱՅՈՒՄ ԵՆՔ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԻՆՈՆԵՐ

Միամիտ քաղաքականություն է որդեգրել «Օրինաց երկիրը»: Նրա բոլոր անդամները խոսում ու խոսում են օրենքների մասին, որ անցած հնգամյակում, որոշ դեպքերում դրանից էլ առաջ, ընդունվել են շնորհիվ իրենց: Խոսում են կրքով, համոզված, իսկ երբ օրենքների պաշարը սպառվում է, խոսում են առողջապահության համակարգը առողջապահությանը ծառայեցնելու, փող վաճառող բանկերում փողերն էժանացնելու, վարկերի ու կրթության մատչելիության, աշխատանքային գաղութների արմատական բարեփոխումների ու արդարադատության տների կառուցման մասին: Եվ գիտե՞ք ինչու: Որովհետև նրանք ի սկզբանե դուրս են այն քաղաքական դաշտից, որտեղ միս ու արյուն է առնում փոխադարձ պայմանավորվածությունների ու դրանց խարդավանքային խախտման հիման վրա կառուցվող բուն հայկական քաղաքականությունը (հայերեն` մուտիլովկաները)։ Հայկական քաղաքական դաշտի այս այլմոլորակայինները նայում են եվրոպական «կինոներ» և հավատում, որ մի օր այդ «կինոները» մեր կյանքն են ցույց տալու: Երանի՜ հավատացելոց:

ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ Է ՁԳՏՈՒՄ

ՀՅԴ-ն արդեն իսկ բացառում է ՀՀԿ-ի հետ հետընտրական կոալիցիան` «նախորդ դառը փորձը հաշվի առնելով». «Մենք խնդիրը դրել ենք շատ հստակ. գործող իշխանությունների հեռացում, նաև համակարգի փոփոխություն, որ ծնել են այս իշխանությունները»` ըստ Արմեն Ռուստամյանի: Իսկ ամբողջական իշխանափոխությունը նշանակում է «գործող վարչախմբի, և որ ամենակարևորն է, նրան սպասարկող համակարգի լիակատար փոփոխություն»: Փոփոխությունն էլ իր հերթին նշանակում է չքավորության վերացում, բարեկեցիկ կյանք, միջին խավի ձևավորում, պետական բյուջեի եռապատկում, կենսաթոշակի կրկնապատկում, գազի, էլեկտրաէներգիայի, ջրի սակագների զսպում, ավանդների վերադարձ կտրոններով, որոնցով տեղական արտադրանք կարելի է գնել կամ վճարել ծառայությունների դիմաց: ՀՅԴ-ն առաջարկում է նախագահականից անցնել խորհրդարանական կառավարման, 100 տոկոս համամասնական ընտրակարգի, կրճատել պատգամավորների թիվը, սահմանափակել նրանց անձեռնմխելիությունը: Ամբողջական իշխանափոխության չհասնելով` ՀՅԴ-ն պատրաստ է կոալիցիա կազմելու այն ուժի հետ, որը կմիանա իր քաղաքական ծրագրին: Եթե այդպիսի ուժ չգտնվի, ՀՅԴ-ն կլինի հպարտ ընդդիմություն ու համարյա միայնակ, որովհետև ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը մեր երկրում չեն կարողանում միասնական լինել: Փորձն է վկայում: Բազմամյա: Փորձը, որ հակված է ավանդույթ դառնալու:

ՄԵՆՔ ՁԳՏՈՒՄ ԵՆՔ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՎԵՐԱԾԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ

«Եթե այս հրապարակում կա մեկ մարդ, որը կասի, թե Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի 4-5 տարիների իշխանության օրոք իր կյանքը լավացել է, ես բոլորին կոչ կանեմ քվեարկել ՀՀԿ-ի օգտին»,- ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը Տավուշում և անմիջապես հիշեցրեց ՀԱԿ-ի կարգախոսը` «Ոչ մի ձայն հանցավոր ռեժիմին»: Նա շարունակում է պնդել, որ իշխանական կոալիցիան պառակտված է` ԲՀԿ-ն դադարել է կոալիցիայի կցորդը լինելուց, «ինչը չափազանց մեծ դեր է խաղալու խորհրդարանի ձևավորման գործում»: Նա դեռ համոզված է, որ «ԲՀԿ-ն ձգտում է ինքնուրույնության և լուրջ քայլեր է կատարել այդ ուղղությամբ»` միացել է 100 տոկոս համամասնական ընտրակարգի օրենսդրական նախաձեռնությանը, ընտրությունների վերահսկման միասնական շտաբին: Առաջին նախագահն ուզում է խորհրդարանը տեսնել քաղաքական մարմին և գործադիր իշխանության հակակշիռ: Իսկ Աբովյանում Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակեց ՀԱԿ-ի 5 կանոնները. 1. ակտիվորեն մասնակցել ընտրությունների վերահսկողության և օրինականության ապահովման բոլոր անկեղծ նախաձեռնություններին, 2. քննադատության թիրախ դարձնել «վարչախմբի երկու գլխավոր հենասյուները` ՀՀԿ-ն և նրա կույր աղիքը հանդիսացող ՕԵԿ-ը», 3. հակաքարոզչությամբ չզբաղվել քաղաքական մյուս ուժերի նկատմամբ, 4. միևնույն ընտրատարածքում ՀԱԿ-ի և շտաբի գործընկերների մրցակցության դեպքում առաջնորդվել փոխադարձ հարգանքով, 5. գործընկերները կխախտեն, թե կպահեն այս կանոնները, ՀԱԿ-ը հաստատակամ է` չշեղվել իր ինքնապատվիրաններից:

ՄԵՆՔ ՏԵՐ ԵՆՔ ԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԵՐ ՁԱՅՆԵՐԻՆ

Իսկ Գագիկ Ծառուկյանը շարունակում է միաժամանակ երկու լարի վրա մնալ` գուցե Վարդան Օսկանյանի հանրահայտ կոմպլեմենտարիզմի ազդեցությամբ: Գուցե, իրոք, անկեղծ: Նա և՛ իշխանության հետ է, և՛ ընդդիմության: Ոչ, նա ինքն իր հետ է, և նրա բոլոր քայլերն իշխանական լծակներն ու ընդդիմության հնարավորությունները օգտագործելով` իր խաղն առաջ տանելուն են ծառայում: Նա ընդդիմադիր շտաբի անդամ է, և անդամ է ԱԺ-ում ստեղծված իշխանական նույնանպատակ կառույցի, նա պնդում է, որ գործող կոալիցիան ձևական չի եղել («Կարո՞ղ է Ծառուկյանը ձևական մարդ է») և չի բացառում ընտրություններից հետո այլ քաղաքական ուժերի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը, ճիշտ է, չի մանրամասնում` ո՛ր ուժերի: Սողոմոն Իմաստունը գլուխը կկոտրեր, իսկ Գագիկ Ծառուկյանը` ոչ: Եվ այնուամենայնիվ` երկու լարի վրա լարախաղացությունը չի կարող տևական հաջողություն բերել. եթե այսօր դեռ ընդունվում է, որովհետև իրավիճակն է այդպիսին, վաղը երկու լարերն էլ կարող են կտրվել, իրավիճակն այդպիսին կարող է դառնալ:

ՄԵՆՔ ՀԱՅՐԵՆԻՔ ԵՆՔ ԿԱՌՈՒՑՈՒՄ

«ՀՀԿ-ն ժողովրդական կուսակցություն է, որ քարոզում է այն արժեքները, որոնցով մենք բոլորս դաստիարակում ենք մեր զավակներին դեռ մանուկ հասակից: Մենք հայրենիք ենք կառուցում, ամուր ընտանիք, աշխատասիրություն, հավատարմություն, մենք հավատարիմ ենք բոլորիս համար շատ կարևոր գաղափարներին` ազատությանը, համերաշխությանը, պատասխանատվությանը,- ասաց ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Արարատում։- Մենք հավատում ենք մեր ժողովրդի իմաստնությանը և ունակություններին և բոլորիդ էլ նույն հավատն ենք փոխանցում` հավատանք, որ փոխենք»: Իբրև համերաշխության դրսևորում, նա աննախադեպ քայլ արեց` մեծամասնական ընտրակարգով կոչ անելով քվեարկել ՀՅԴ-ի թեկնածու Արայիկ Գրիգորյանի օգտին: Ակնհայտ է, որ թեև տիրոջ անունից խոսում է Րաֆֆի Հովհաննիսյանը, բայց տիրոջ դիրքերից ՀՀԿ-ն է հանդես գալիս` հանգիստ, հաստատուն, անխուճապ ու անտես ձեռքով ուղղորդելով նախընտրական բրոունյան շարժումը: Հասկանալի է` բոլորը կարող են իշխանությունից բողոքել, բացի իշխանությունից:

ՕՐՎԱ ՀԱ՞ՐՑԸ

ՈՒ թեև Արամ Աբրահամյանը օրվա հարցը համարում է ընտրել սրտո՞վ, մտքո՞վ, թե՞ փողով, նա մի քիչ շտապում է, որովհետև օրվա հարցը միայն առաջին հայացքից է ինչպես ընտրելը, ավելին` օրվա հարցը անգամ ո՞ւմ ընտրելը չէ: Օրվա հարցը` ի՞նչ է լինելու հետո: ՈՒ այդ հարցի պատասխանը տրվում է հենց հիմա: Տրվում է 2013-ի նախագահական ընտրությունների համատեքստում: ՈՒ օրվա հարցի մեխը մեկն է` ո՞ւմ հետ է հիմա, ո՞ւմ հետ է լինելու հետո, ո՞ւմ հետ է իրականում ԲՀԿ-ն: Երեք նախագահների եռանկյունում պտտվող այս հարցի պատասխանը պատասխանելու է տասնյակ այլ հարցերի, որոնց շրջագծում ոչ միայն Հայաստանն է, այլև այն կենտրոնները, որտեղ Հայաստանին վերաբերող որոշումներ են ընդունվում, որովհետև մեր երկիրն իրենց ավանդական ու ոչ ավանդական շահերի խաչմերուկում է: ՈՒ տասնյակ այդ հարցերից ամենակարևորը, որքան էլ տարօրինակ է, քաղաքական չէ, այլ ֆինանսական (թեպետ դժվար է ասել` որտեղ է սկսվում քաղաքականությունը, որտեղ են վերջանում ֆինանսները). ընտրությունները` ընտրություններ, բայց կյանքը շարունակվում է, աշխարհում դեռ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամ կա, որը, ընդունենք-չընդունենք, կա նաև Հայաստանում, ուրեմն` ինչպե՞ս է ապրելու երկիրը, ինչպե՞ս է ապրելու մեզնից յուրաքանչյուրը: Վերջապես` ո՞վ է լինելու վարչապետը, և ի՞նչ սկզբունքով է ձևավորվելու կառավարությունը: Թեպետ այդ հարցն ընտրողի համար գուցե ամենաանհետաքրքիրն է, որովհետև վարչապետը, ով էլ լինի, լինելու է անցած 20 տարում ձևավորված քաղաքական էլիտայի ներկայացուցիչ, իսկ դա նշանակում է, որ շարունակվելու է հայտնի քաղաքականությունը: Այսինքն, համարյա գերտերություն ենք դարձել, որը վարում է անփոփոխ ներքին ու արտաքին քաղաքականություն` փոփոխվող նախագահների պարագայում: Նրանցից ժողովրդավարական ու սոցիալ-տնտեսական տարբերություններ ունենալով, իհարկե: Բայց դա, ինչպես խոստանում են բոլոր կուսակցությունները, խիստ ժամանակավոր երևույթ է: Ընդամենը մի կես դար, կամ, քարը տրաքի, մի 100 տարի: Իսկ որպեսզի այդ ժամանակը արագ անցնի` բոլորդ դեպի ընտրություններ, նույնիսկ եթե սոցիոլոգներն ագռավանում են, որ հասարակությունը 50 տոկոսով անտարբեր է, մի 40 տոկոսով էլ կողմնորոշված չէ, 10 տոկոսն էլ ով գիտի` ինչ կանի: ՈՒրեմն` Արամ Աբրահամյանը, իրոք, սխալվում է, և օրվա հարցը սրտով, մտքով, թե փողով քվեարկելը չէ, ոչ էլ` քվեարկել, թե չքվեարկելը, օրվա հարցը հետոն է` հետո ի՞նչ է լինելու: Եվ չասեք, թե հետոն հետո կերևա, որովհետև դա հենց հայի հետին խելքն է, որ... Ինքներդ լավ գիտեք:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 939

Մեկնաբանություններ