Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՁևԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼԸ ՓՈՔՐ-ԻՆՉ ՎԱՂԱԺԱՄ Է

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՁևԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼԸ ՓՈՔՐ-ԻՆՉ ՎԱՂԱԺԱՄ Է
11.10.2011 | 00:00

Այս օրերին, քաղաքական և տնտեսական առումով, բուռն քննարկումների առարկա է դարձել ՌԴ վարչապետի ծրագիրը ԱՊՀ-ում միասնական տնտեսական տարածքի ստեղծման ուղղությամբ: Մինչ նման ծրագրի իրագործումը, բնականաբար, անհրաժեշտ է ներդաշնակեցնել ոչ միայն անդամ երկրների տնտեսական քաղաքականության գրեթե բոլոր ուղղությունները, այլև արտաքին տնտեսական ռազմավարությունն ու միևնույն մեթոդներով կարգավորել երկրների վճարային հաշվեկշիռները: Այս առումով կարևոր է ուսումնասիրել ԱՊՀ անդամ երկրների անցած ուղին և իրատեսորեն գնահատել առաջարկի իրագործման հեռանկարները:
Չնայած վճարային հաշվեկշռի կարգավորման միջազգային ուսանելի հարուստ փորձին, մի շարք հետխորհրդային երկրներ, այդ թվում` Հայաստանը, որոշակի դժվարություններ ունեն նման փորձի տեղայնացման և արդյունավետ կիրառման առումով: Մեր ուսումնասիրությունները վկայում են, որ առկա խնդիրները պայմանավորված են, մի կողմից, միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից տարիներ շարունակ առաջարկվող տնտեսական ծրագրերով (ներառյալ` ինստիտուցիոնալ, կառուցվածքային, բարեփոխումների, կայունացման և այլ ծրագրեր), որոնց արդյունավետությունը, ընդհանուր առմամբ, ակնկալվածից ցածր է եղել, իսկ մյուս կողմից` զարգացած երկրների տնտեսական մոդելների անհաջող նմանակումներով, նվազագույն չափով հաշվի առնելով առկա միտումներն ու զարգացման առանձնահատկությունները: Հետևաբար, վճարային հաշվեկշռի արդյունավետ կարգավորման նպատակով, մեր կողմից ուսումնասիրության և համեմատական վերլուծության առարկա ենք ընտրել Հայաստանի հետ համադրելի մակարդակներում գտնվող տնտեսությունների վճարային հաշվեկշիռները` իրենց կարգավորման տարբեր մեթոդներով:
Մասնավորապես, վերլուծության առարկա են պլանային համակարգից տարբեր ուղիներով և մոդելներով (շոկային թերապիա, գրադուալիզմ) դեպի ազգային մրցակցային տնտեսություն անցում կատարող այնպիսի երկրներ, ինչպիսիք են, օրինակ, համաշխարհային տնտեսությունում շոշափելի առաջընթաց արձանագրած Չինաստանը, Սինգապուրը, նախկին սոցիալիստական համակարգից առավել արագ տնտեսությունը բարեփոխած և ԵՄ-ում իր տնտեսական և քաղաքական ձեռքբերումներով դրականորեն առանձնացող Լեհաստանն ու Հայաստանի առևտրատնտեսական և ռազմավարական դաշնակից Ռուսաստանը:
Հատկանշական է, օրինակ, որ Ռուսաստանում անցումային շրջանը պայմանականորեն բաժանվում է երկու փուլի. առաջին փուլն առավել բնութագրվում էր արտաքին առևտրի որակական առաջընթացի և դինամիկայի որոշակի դանդաղեցմամբ: Ակնհայտորեն, այս ամենը պայմանավորված է նախկին խորհրդային համակարգին բնորոշ արտաքին առևտրի կարգավորման մեթոդներից և հին համակարգից նոր, ազատական համակարգին անցման որոշակի դժվարություններով, որն իրականում տևեց 1991-ից մինչև 1998 թ. և ավելի խորացավ Ռուսաստանի ֆինանսական համակարգի աննախադեպ ճգնաժամով: Նախկին խորհրդային համակարգին և անցման առաջին փուլին բնորոշ ներմուծման փոխարինման քաղաքականությունն իր տեղը սկսեց զիջել ներմուծման հանդեպ իրական պահանջարկով ձևավորված արտահանում-ներմուծում հարաբերակցության ձևավորմանը, որը տեղի ունեցավ անցման երկրորդ շրջանում: Մասնավորապես, արտահանման աճի տեմպերը գերազանցեցին ներմուծումը մոտ 135 %-ով: Կարևոր է նկատել, որ առևտրային հաշվեկշռի նման կառուցվածքը բնորոշ էր Ռուսաստանին ինչպես խորհրդային, այնպես էլ նախահեղափոխական շրջաններում: Ինչ վերաբերում է 1999-ից մինչ օրս շարունակվող բարեփոխումների փուլին, ապա դրանց հիմքում պետությունը փորձում է դնել ժողովրդի բարեկեցության և տնտեսության մրցունակության բարձրացման խնդիրները: Հետևաբար, նման նպատակների իրագործումը հնարավոր է պատկերացնել բազմաբնույթ և ծավալուն ներդրումային ծրագրերով, իսկ ավելի հստակ` երկարաժամկետ կայուն զարգացման ապահովման նպատակով պահանջվում են ինքնածախսածածկման երկար ժամկետով հիմնականում արտադրական ներդրումային ծրագրեր: Եվ քանի որ Ռուսաստանն ընտրել է ազատ շուկայական տնտեսության ուղին, ապա ձեռնարկատերերի համար հնարավորություն է ընձեռված նաև ֆինանսական ռեսուրսների օգտագործման ընտրության առումով:
Քանի որ Ռուսաստանն այսօր էլ կարելի է բնութագրել որպես հիմնականում հումք արտահանող երկիր, որը կազմում է արտահանման կեսից ավելին, գործնականորեն անհնար է դառնում կանխատեսել արժույթի կայուն ներհոսք, հետևաբար նաև` ազգային արժույթի փոխարժեքի կայունության քիչ թե շատ հուսալի հիմքեր: Լավագույն դեպքում կանխատեսումները կարելի է կառուցել մինչև տասը տարվա կտրվածքով` կախված կուտակվող ոսկու և արժութային միջոցների ծավալներից: Իր հերթին, ազգային արժույթի անկայունությունն իր հետ բերում է տոկոսադրույքի բարձրացում, որը բացասաբար է անդրադառնում գործարար միջավայրի, իրականացվող ծրագրերի շահութաբերության վրա: Իսկ այս ամենը, բնականաբար, «թանկացնում է» ներդրումային ծրագրերը և երկարացնում դրանց ծախսածածկման ժամկետները` երբեմն նախընտրելի դարձնելով կապիտալի արտահոսքը երկրից: Մյուս կողմից, որքան բարձր են արտահանումից ստացվող եկամուտները, այնքան շատ է արտարժույթի ներհոսքը, որը ստեղծում է բարեկեցության բարձրացման հնարավորություններ այն դեպքում, երբ այդ եկամուտները ներդրվում են երկրում: Սակայն քիչ չեն դեպքերը, երբ արտահանումից ստացված շահույթները ներդրվում են արտերկրում:
Նման իրավիճակը նպաստում է արտաքին ներդրումների և համաշխարհային ֆինանսական շուկաներում ակտիվորեն շրջանառվող «տաք փողերի» ներհոսքի աճին: Արդյունքում ամրապնդվում է ազգային արժույթը, որը մեկնաբանվում է որպես երկարատև միտում: Գործարար հանրության մի որոշակի զանգվածը կարող է իր ռեսուրսների մի մասն ուղղել տեղական ներդրումային ծրագրերի ֆինանսավորմանը: Միաժամանակ հարկ է նկատել, որ վճարային հաշվեկշռի կարգավորման տեսանկյունից արտաքին ներդրումների հոսքն ավելացնում է երկրի արտաքին պարտքը, մասնավորապես, կորպորատիվ պարտքը: Եվ որքան տևական է արտաքին բարենպաստ միջավայրն ու կապիտալի նման ցիկլը, այնքան տնտեսության ներսում ավելի շատ են կուտակվում բացասական գործոններ, որոնք կապված են վճարային հաշվեկշռի կառուցվածքի հետ:
Հատկանշական է, որ որոշակի ժամանակահատվածում ընթացիկ գործառնությունների հաշիվը կտրուկ նվազում է և ազգային արժույթի կայունության ապահովման խնդիրը դառնում է արդիական: Տնտեսական գործունեությամբ զբաղվող ամենաաչալուրջ գործարարները, ի մտի ունենալով նման իրավիճակներում պետության կողմից սովորաբար ձեռք առնվող քայլերը, ամեն դեպքում փորձում են սահմանափակել տեղական արժույթով իրականացվող ներդրումային ծրագրերը և, սեփական գործն ապահովագրելու համար, ներդրումային միջոցների մի մասը տեղափոխում են երկրից դուրս: Նույն պատճառներով, երբ նվազում է ընթացիկ գործառնությունների հաշիվը, «տաք փողերը» կարող են փոխել իրենց շարժի ուղղությունը, ընդհանուր ցածր ռիսկ պարունակող շահույթը կտրուկ կնվազի, իսկ կապիտալը կսկսի արտահոսել երկրից: Հետագայում իրավիճակը լիովին կախված կարող է լինել կուտակված ոսկու և արժութային միջոցների հանդեպ պետության դիրքորոշումից: Նման դեպքերում մի քանի լուծումներ կարող են լինել. ՌԴ կենտրոնական բանկը կարող է կամ աստիճանաբար իջեցնել կուտակված միջոցների ծավալները, կամ չծախսել արտարժույթը, կամ արտարժույթն իջեցնել երկրից կապիտալն արտահանող ներդրողների համար ընդունելի պահանջարկի բավարարման մակարդակի: Հնարավոր է նաև ընտրել ազգային արժույթի արժեզրկման որոշակի նվազագույն մակարդակ, որը չի վնասի տնտեսության զարգացմանը: Սակայն, անկախ պետության ձեռնարկած քայլերից, ազգային արժույթի վրա ճնշումները կտրուկ կաճեն, և միայն ժամանակի հարց կարող է լինել ռուբլու հետագա արժեզրկումը:
Արտահանումից ստացվող շահույթը շարունակել է աճել, և մյուս տնտեսական ցուցանիշների աճի գրեթե նույն տեմպերի պայմաններում առևտրային հաշվեկշիռը բացասական էր 2010 թ., իսկ ընթացիկ գործառնությունների հաշիվը` 2009 թ.: Հետևաբար, 2009-2010 թթ. դարձան վճարային հաշվեկշռի վատթարացման տարիներ:
Այս պայմաններում միասնական տնտեսական տարածքի ձևավորման մասին խոսելը, մեր համոզմամբ, փոքր-ինչ վաղաժամ է: Միաժամանակ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այն ասպարեզներին, որոնք համադրված գործողությունների և կարգավորման կարիք ունեն:
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Պրոֆեսոր

Դիտվել է՝ 2549

Մեկնաբանություններ