«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

ԿԵՑՑԵ՜ ԱՐՄԱՎԻՐԻ ԿԱՂԱՄԲԸ (շառաչ և բառաչ)

ԿԵՑՑԵ՜ ԱՐՄԱՎԻՐԻ ԿԱՂԱՄԲԸ (շառաչ և բառաչ)
16.12.2011 | 00:00

«Անորոշ-անորոշ մի՛ խոսիր։ Էդ խեղճ անասունները, երբ մերկ-մերկ ծնվել էին, շա՞տ գիտեին, որ դառնալու են թալանչի նախարար, յալանչի նախագահ, չարի սպասավոր։ Զարմանալու էին, թե ինչպես է, որ դարերի ընթացքում վայրի ցեղերը, սմբակավորները եկել ու չեն կարողացել ոչնչացնել մեր ժողովրդին։ Ժողովրդի պարապ ստամոքսներում, տռահան քամակներում հիմար ու իշխող անուններ են տռտռում...»։
«Նույնն է կյանքը», Հրաչօ, 2007 թ.

2011-Ի ՆԱԽԱՎԵՐՋԻՆ ԳՈՒՆԱԳԵՂ ԶԿՌՏՈՑԸ
(բոլորս դեպի ամանորյան բաստիլներ)

Չէ՜, վստահաբար XXI դարի հայ ցեղատեսակը... միջուկային բացիլակիր է։ Ինչո՞ւ։ Բայց մի՞թե պարզ չէ։ Մի՞թե յուրաքանչյուրիս ներսում, նախարարի, նախրապանի, ճանապարհային ոստիկանի, ոստիկանական լրտուի, լրատվական քիլլերի, քստմնելի քծնողի, ուղղամիտ անմիտի, բարոյական «տիկնակլոնձի» մեջ ներքաշված հարկայինի, հարգարժան հավաքարարի, քարակերտ միջնաբերդի պահապանի, պահպանակներ վերավաճառողի, ճառագուն սոփեստի, սփռոցամերձ մտավորականի, մոտավոր պետծառայողի, ծառայակամ կամազուրկի, զրկյալ ողբասացի... հոգում միջուկային-տոնական մի բացիլ չի ննջում։ Հենց Ամանորի նախօրեին է մեր ազնվազարմ փորոտիք-ոգի-սիրտ եռապետությունը թալկանում, ինչպես թլպատված-թուլամիտները մեծասեղանավորի դռանը։
Իսկ թալկացման հենքում հիմնավորապես հևում են ստամոքսահյութի մեր ծփուն ավազանները, որոնցից խողովակաշարով սնուցվում են մեր բանականությունն ու բարոյականությունը։
Ահա ջիպավորը։ Գյուղական շրջաններում սրանք քիչ ամոթխած են։ Բանն այն է, որ խոշոր եղջերավոր-սմբակավորները, զորօրինակ, ցուլն ու ցլիկները, կովն ու հորթուկները սևամոխրափայլ այս կենդանատեսակին` «Ջիպ»-ին, վերաբերվում են անմռունչ արհամարհանքով։ Զի դրանք պլպլում են, գարշահոտում ու ոչ մի հանրօգուտ դրսևորույթ։ Հատկապես տիար Եզն է արմատական յուր արգահատանքում։ ՈՒ ահա վերջերս հայտնի-անհայտ ծածկագրված սարահարթերից մեկում կայացավ ՀԵԶ համազգային շարժման «Շառաչ և բառաչ» համաժողովը (ՀԵԶ նշանակում է` Հայոց եզանք, ծանոթությունը` «ԼԼ»-ի)։ Յոթ հարյուր պատվիրակ միակարծիք էին` այսուհետև ԵԶ կոչել այն ջիպակիրներին, ովքեր ղեկը սանձելուն պես հայտնվում են հոգեվերլուծական կոլապսում։ Այսինքն` լիցքավորվում են գերմարդու (գերեզի) բացիլներով ու նրանց մնում է անպատճառ խաչմերուկը «խաչակնքել» կարմիր լույսի ներքո (չմոռանանք կարմիր գույնի կախարդանքը որոշ կենդանատեսակի վրա), կառանվել անպատճառ բանուկ մայթին, երբ մետր անց կայանատեղն է, գանգատուփերը թաքցնել մթնդած ապակիների հետևում և այլն։ Ընդ որում, այս ցեղատեսակ-ցեխատեսակը յուր հարկային պարտավորություններից սարսափում է ինչպես, զորօրինակ, օլիգոպոլիկի ներանձնական կատվի անձնական բժիշկը տրոլեյբուսից։
Միով բանիվ` կանաչ ճանապարհ ՀԵԶ համաժողովին։

Առհասարակ քիչ թե շատ շքեղ ապրելակերպը բացիլային լիցքավորման ազդանշան է։ Նաև հանրային (հակահանրային) քիչ թե շատ նշանակալից դիրքը։ Նաև խնամիադրկիցային մերձավորությունը ոմն երևելու հետ։ Անշուշտ, կան բացառություններ։ Զորօրինակ, ո՛չ բացիլակիր համեստ ու գործունյա մեծահարուստներ, մեջքն ու պարանոցը երբևէ պորտապարի ռիթմով չխաղարկող մտավորականներ և այլն։ Հանդիպում են պետծառայողներ, ովքեր ներքուստ-արտաքուստ լծված են պետության կայացման վեհաշունչ գործին։ Կեցցե՛ք։ Հավերժորեն սպասված հյուր եք «ԼԼ» վարդագույն ծովախորշերում և կանաչազով կղզյակներում (հերթագրման համար ներկայացնել հետևյալ հույժ անհրաժեշտ կտրոնները. համատիրությունից` սոցիալ-կենցաղային պարտավորությունների կատարման և թաղայինից` երբևէ մականուն չունենալու հավաստման վերաբերյալ)։
Առհասարակ մեր հանրային բացիլները ոչ միայն նախաամանորյան-տոնական են։ Սրան դեռ կանդրադառնանք։ Սակայն մինչ այդ փորձենք ըմբռնել, ինչու ենք հետևանքների հետքերի վրա շարունակ սայթաքում (ներողագրեր բյուր-բազում` լալահառաչ բառաչում), երբ ընդամենը պետք է արմատախիլ անել պտղակալած պատճառը, հիմնահատակ ավերել չարի բույնը և այլն։ Ստահակների խումբը գրոհում է բանակային զորամասի դարպասների վրա։ Սա անգամ հայկական սերիալային մղձավանջներում է անհնար պատկերացնել։ ՈՒր, ինչպես գիտեք, ի մի են բերված համաշխարհային հեռուստասերիալային մշակույթի ողջ բորբոսն ու քոսը։ Եվ ի՞նչ, մի՞թե ստահակների հարբած գրոհի ակունքներում հենց «Բանակում» հանրահռչակ բոշայապատման արձագանքները չհնչեցին։ Վստահաբար` այո։ Զի անվերջ ու անսկիզբ այս խեղկատակության մեջ դավում են, դավը քանդում, ներում են ու վրեժ լուծում, սեռաբորբոքվում են և սիրամորմոքվում հետնախորշային ճաշակն ու կրքերը բավարարելու գերնպատակով։ Եվ հօդս են ցնդում հանրային սպասելիքները, թե ահա գեղեցիկ մի օր ՀՀ ՊՆ-ն իր ողջ պատկառելի զորությամբ հաշիվ կպահանջի հեռուստաընկերությունից։

Ոչ պակաս ահարկու-անհեթեթ է իրանական կողմին «սանձահարելու» մեր հանրային արշավը։ 1996-ին վաճառվում է Հայաստանի նկարիչների միության սեփականությունը հանդիսացող հանրահայտ նորակառույցը։ Վաճառվում է մթության քողի տակ։ Միությանն ու նկարիչներին չի մնում ոչինչ, դառն ափսոսանքից բացի։ Սակայն մինչ այդ, սկսած անկախացումից, վաճառվում են նկարիչների միության սեփականությունը հանդիսացող ոչ պակաս հանրահայտ կերպարվեստի սալոնները, ի դեպ, հռչակված ողջ Խորհրդային Միությունում, գեղարվեստի կոմբինատները և այլն։ Այս ամենը նույնպես մթության քողով վարագուրված։ Եվ ի՞նչ, դատապարտվե՞ց որևէ մեկը «դարի մշակութային հանցագործության համար»։ Ամենևին։
Եվ ահավասիկ, իրանական «Դիյաս ինտերնեյշնլ» ընկերության տնօրեն Փեյման Շայեգան Ռադը օրերս հայկական լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցում բնավ չի թաքցնում մտադրությունը 25-հարկանի շենք կառուցելու շնչահեղձ այս հատվածում։ Այնուհետև հոխորտում է։ Չլինենք մերկապարանոց և ունկնդրենք Ռադին. «Այստեղ մի կողմում «Մոսկվա» կինոթատրոնն է, մյուս կողմում` «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցը։ Այնտեղ է նաև նկարիչների միության շենքը, որը ճարտարապետական նշանակություն չունի։ Հնարավոր է` ինչ-որ այլ նշանակություն ունի. ես մեծ հարգանքով եմ վերաբերվում դրան»։ Ըստ պրն Ռադի, մայրաքաղաքի ամենաուշագրավ շինություններից մեկը ճարտարապետական նշանակություն չունի։ «ԼԼ»-ում վաղուց է գաղտնազերծվել` անճաշակությունն ու ամբարտավանությունը ոչ ընկեր ունեն, ոչ էլ ընկերուհի։ Սակայն նկարիչների միության նշանակությունը տիար Ռադին այսօր էլ անհայտ է (մարդը քաջատեղյակ է միայն 50-հարկանի շինությունը հինգհարկանի շենքի նպատակային տարածքում խորճկելու մեքենայություններին), այնուամենայնիվ, նա «մեծ հարգանքով է վերաբերվում դրան»։ Այսինքն` իրեն անհայտ ինչ-որ նշանակությանը։ Բայց Ռադը գլխառադ է անում շատ կարևոր մի հանգամանք։ Դիցուք, նրա մուրազը փորում չի մնում, և 25-հարկանի մղձավանջը բռնաբարում է Երևանի այս հատվածը։ Բայց, տիար Ռադ, մեքենաներդ այդ ո՞ր ճանապարհներով են հյուրանոցիդ մոտենալու։ Չէ՞ որ Թումանյան-Աբովյան-Նալբանդյան փողոցները վաղուց ի վեր տառացիորեն շնչահեղձ են։

Միջանկյալ երազանք։ ՀՀ բարեգութ իշխանությունները թևքերը քշտած ձեռնամուխ են լինում Ազնավուրի հրապարակի փրկմանը։ Ինչպե՞ս։
ա) Խիստ անհեռանկարային գործարքի հեղինակ նկարչական «խմբակցությունը» ի ցույց է դրվում Ազնավուրի հրապարակի լողավազանում և շաբաթը երեք օր ենթարկվում հարկադիր աշխատանքի։ Զորօրինակ, մաքրում է հանրապետության աղտոտված արձանները։
բ) Գայթակղության ժայռ տարածքը հետ է գնվում իրանական կողմից, և վերականգնվում է ՀՆՄ նորակառույցը։
գ) Տիար Ռադին, որպես բարոյական փոխհատուցում, տարածք է տրամադրվում Երևանյան լճի ափին։

ՀԻՎԱՆԴԱՍԵՆՅԱԿ N 6
(երբ արշալույսներն այստեղ խաղաղ չեն)

Քեզ նվազագույնը հոգեկան անհավասարակշիռ մարդու տեղ են դնում։ Չարաբաստիկ այս եղելությունը չարանենգորեն թլսորվում է պաշտոնատարների ձեռամբ։ Եվ այսպես, եղելության եղկելի համառոտագրությունը։ Նպատակ ունենալով մայրաքաղաքն ու երկիրն իսպառ ազատագրել դիվային խրախճանքից` հրթիռների և պայթուցիկ ռումբերի հրավառությունից արդեն երրորդ տարին է կանխարգելող գործողություններ եմ ծավալում։ Ի մասնավորի նամակ եմ ուղղում ՀՀ նախագահի աշխատակազմ։ 2010-ին նամակիս պատասխանը ոգեշունչ թևեց ՀՀ ոստիկանություն։ Պատասխանն ինձ սփոփեց ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետ, գնդապետ Ա. Կիրակոսյանի խրոխտ ստորագրությամբ։ Այն է` խիստ վերահսկողություն է սահմանվել պայթուցիկների ապօրինի վաճառքի և գործածման վրա։ Բայց և այնպես դրանք սկսեցին որոտալ դեկտեմբերի վերջերից և դադար առան հունվարի կեսերին։ Ի՜նչ օրեր էին, ի՜նչ բազմասերիալ կրքեր։ Զանգահարում եմ Աջափնյակի ոստիկանություն։ Պարզվում է` գնդապետ Կիրակոսյանի խիստ հրահանգը բաժանմունքում «սեղանի գիրք» է։ ՈՒրախ-զվարթ տեղեկացնում եմ, որ այսուհանդերձ Բաշինջաղյան-Շիրազի փողոցներով շրջափակված գերբնակեցված հատվածում պայթուցիկների ազատ ու անկաշկանդ վաճառք է և նույնքան անկաշկանդ-ոգեշունչ ռմբահարումներ։ Օրվա հերթապահները խրոխտ արձագանքում են` հիմա հասնում ենք և դրանց ականջները քոքահան անում։ Պատուհանիցս լայնարձակ երևում էր, որ երկու շաբաթ շարունակ, չնայած իմ բորբոքուն ահազանգերին և օրվա հերթապահների խանդավառ խոստումներին, այդպես էլ ոստիկանի ստվերն անգամ չթափառեց «պատերազմի դաշտում»։ Այսինքն` շարունակվեցին ազատ-ապօրինի վաճառքը և գործածումը։ Սակայն այս տարվա գործընթացները համոզեցին վերջնականապես` մեր պատկան մարմինները կարծես թե լծված են հրթիռների և պայթուցիկների ներկրման, իրացման և հանրային կարծիքը ու ոտան կոխան դարձնելու «վեհ գործին»։
Այս տարի հոկտեմբերի վերջերին դիմեցի ՀՀ նախագահի աշխատակազմ։ Յոթ օր անց երկու գրավիչ ծրար դրվեց գրասեղանիս։ Մեկը` ՀՀ ֆինանսների փոխնախարար տիար Արամյանի, մյուսը` ինձ արդեն հարազատ դարձած գնդապետ Կիրակոսյանի հոգեթով ստորագրություններով։ Տիար Արամյանի պատասխանը (որ թոզափչման գլուխգործոց է) լայնորեն լուսաբանվել է «Իրատես de facto»-ի թիվ 70-ում (համացանցում այն առկա է։ Կարդացեք և անդամագրվեք «Հիվանդասենյակ N 6» ակումբին)։
Սակայն աչալուրջ գնդապետ տիար Կիրակոսյանի պատասխանն արժանի է թեթև հիշատակման։ Ի մասնավորի պարզ է դառնում, որ «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության գլխավորությամբ և բոլոր շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ»։ Հասկանալի է, խնդիրը արմատականորեն լուծելու գերհուզիչ գերնպատակով։ Սակայն նոյեմբերի առաջին օրերից սկսվում են որոտն ու թնդյունը... այո՜, այո՜ Բաշինջաղյան-Շիրազի փողոցների միջակայքում։ Այս մասին ահազանգում եմ «Իրատես de facto»-ի թիվ 69-ում («Աշխատանքային խմբի սխրանքը»)։ Ի պատասխան` որոտն ու թնդյունը բազմապատկվում են։ Նոյեմբերի վերջին նամակներ եմ հղում նորընծա քաղաքապետ տիար Մարգարյանին և ԱԻՆ նախարար տիար Երիցյանին։ Պատասխաններ չի՛ք։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. Գ.- Եվ այդ ո՞ր թուլամիտն է մորմոքվում, թե Ամանորին մեր գները վեր են թևում։ Իսկ Արմավիրի 25-դրամանոց անուշ կաղա՞մբը։ ՈՒրեմն էսպես. քանի որ վերջին տվյալներով 3 մլն բնակչություն ունեցող Հայաստանում 13 մլն կուսակցական կա, նրանք այծաշարուկ են բռնում Արմավիրից Երևան, և կաղամբը ձեռքից ձեռք փոխանցվելով ներգրավվում է մեր տոնական կերակրացանկում։ Միևնույն ձևով կարելի է Երևան հասցնել Նոյեմբերյանի դեղձը, Արցախի ընկույզն ու լոբին։ Եվ ամենաէժան Ամանորը կլինի Արարատի շուքին ներքո։

Դիտվել է՝ 1161

Մեկնաբանություններ