Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

ՊԱՐԱՊԻ ԵՎ ԱՐՔԱՅՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ

ՊԱՐԱՊԻ ԵՎ ԱՐՔԱՅՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ
24.02.2012 | 00:00

Դենի դը ՌՈՒԺՄՈՆ

Գիտենք, որ տիեզերքի ամբողջ նյութը կարելի է տեղավորել զառի մեջ, որ այս փոքրիկ երկիրը կախված է պարապի մեջ, որ մենք քայլում ենք պարապի վրա և դեպի պարապը, իսկ ինքներս ժողովրդագրական չնչին հորձանքների գաղտագողի սարքված չնչին ագրեգատներ ենք, որ, համաձայն գիտական ճշմարտության, տիեզերական չափումներով (միլիոն լուսային տարիների տարածության մեջ, երկրային միլիարդ տարիների ընթացքում) ամեն ինչ կլինի դատարկ, և որ հաշվարկված իրականի խորքում կլինի Պարապը, բայց այդ հատիկի, մեր Երկրի պատմության մեկ վայրկյանի շողշողումի տակ անցյալի քաղաքակրթությունները մեզ թվում են մեծ և փառահեղ. ավելին, որ անտառային արահետի դարձին մեզ սպասում է մաքուր երջանկության հայտնությունը, որ բավական է ձայնի մի ելևէջ, որպեսզի վաղվա այդ հանդիպումը դառնա մեկնարկի կետ, որ կան պահեր, երբ մենք համոզված ենք, որ «ամեն ինչ» կախված է մեր ընդունելիք որոշումից, որ գունագեղ, ընդարձակ, թանձրախիտ և կայուն մի աշխարհ է փռվել մեր շուրջը, ժամանակի մեջ, որ, ուրեմն, կա այս ամենը, բայց պարապը, այս ամենը պարապի մեջ է, բաղկացած է պարապից, փոխթափանցված ու ներծծված դատարկությամբ, այս գլխապտույտը լռության մեջ ուղեկցում է այսօրվա մարդկանց մտքերն ու գործողությունները:
Հրաշքն այն է, որ կան կերպեր: Որ կան պնդություն, բնանկարներ, դեմքեր, բնություն` մեր շուրջը, որն այսուհետ թվում է աստվածահրաշ շնորհ և պարգև, և որ դատարկությունը ծնունդ է տվել մարմինների բազմազանությանը, որ այդ լույսը դառնում է տեսողություն, հուզական եռանդ, առասպելի կառույց և ցանկության ձգողություն:
Այն, ինչ խռովում և վերջապես գայթակղում է արևելյան միստիկայի ոգին, հենց դա է, որ դառնում է իմ ուրախությունը, և դա միլիարդավոր բաժանելի կույտերի հորձանուտի անցումն է կենսալիր մարմինների ցանկության, միակ կերպին` կարճ ժամանակով ազատագրված անգույն թափանցիկությունից, որը նախնական անեծքն է և տիեզերական դժոխքը:
Ներկա մարմնավորումը մեր շնորհն է. նա միայնակ միանգամից ստեղծել է գույնը, շոշափելիքը, հեռավոր տեսողությունը և երաժշտությունը, մարմնի հլու դիմադրությունը և ցանկությունը, որն այլևս չի ընդհատի իր սլացքը լիությունից դեպի անդինը, դեպի Պլերոմը:
Չէ՞ որ հրաշագեղ թվացող այս բնությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ Պարապի վրա ցոլացված խաբկանք, եթե, իհարկե, հավերժության այլաբանությունը չէ: Նրա կերպերն ակնարկող են, այս մարմինները տառապում են ու մեռնում, այս զգացմունքները մոլորվում են, այս ցանկությունը պահանջում է մի Այլուր, որտեղ տիրապետումը լինի ամբողջական:
Ճիշտ է, գիտությունն արդեն իսկ մեզ տալիս է այդ «այլուրները», որոնք վերջին դարերը կարծում էին, թե վտարել են վերջնականորեն. գիտությունը ճշգրտությամբ հաշվում է դրանք: Արդյոք ի՞նչ են դրանք մեր ցանկության համար: Ամեն ինչ ծրարող այս Պարա՞պը: Հականյո՞ւթը: Զուգահեռ ուրիշ աշխարհնե՞ր, որոնք կարող էին մերը լինել: Բայց մենք ուզում ենք հեռուն, և ոչ թե մեր տագնապների և ուրախությունների հակառակը, հեռուն, որը կերպարանափոխում է, ոչ թե արտացոլում:
Այս ժամանակների խորաթափանց և կատարյալ մի բանաստեղծ օրերից մի օր զարմանքով հայտնագործեց.
«Մեկ ուրիշ աշխարհ կա, բայց այս մեկի մեջ»:
Ի՞նչ էր սպասում նա, ի՞նչ էր տեսել: ՈՒրիշ ի՞նչ աշխարհ: Եվ ինչո՞ւ ընդամենը մեկը:
Պարապի աշխարհը կա, գիտության մյուս աշխարհը: Նա այստեղ է, մեր մեջ և մեր շուրջը, այստեղ և հիմա, և մենք դա չենք տեսնում, չնայած համոզված ենք նրա ստիպողական ներկայությանը: Դա մենք չենք:
Բայց Արքայությունը կա մեր մեջ: Արքայություն, որն «այս աշխարհից չէ», որը սակայն «մեր ներսում է», քանի որ նա ավելին է, քան մենք ինքներս մեզնից, որովհետև նա ամեն մեկի մեջ է, ով ընդունում է «Աստծո Որդուն», երկնային ծնունդը, Հրեշտակի երաշխավորը, որ «մեր պատկերը» կլինի Դանթեի տեսած կրակե օղակում: Եվ ինչպիսի՞ այլաբանությամբ դա կներկայացնենք. «Այն նման է մանանեխի հատիկին, որը, երբ սերմանվում է հողի մեջ, ավելի մանր է լինում, քան երկրի վրա եղող բոլոր սերմերը, իսկ երբ սերմանում է, լինում է ավելի մեծ, քան ամեն տունկ և արձակում է մեծ ճյուղեր, այնքան, որ երկնքի թռչունները (հրեշտակները) նրա հովանու տակ կարող են բնակվել»: Նա տարածության և ժամանակի մեջ է, որ սփռել են տիեզերական չափերի Պարապը, նա հեռու չէ այստեղից և ներկայից, կերպերի աշխարհից, որ բնությունն է, Այլաբանությունը, այլ այստեղ է, հիմա, քո մեջ: Երկնային արքայությունը մի կետ է, հավերժության կետը` դրված քո մեջ, ապա Պլերոմի հունդը, «այս աշխարհի կերպարանքը կանցնի», և այն, ինչ աներևույթ էր, կդառնա տեսանելի: Երբ իմանաս այդ մասին, սերը կսկսվի, սերն արդեն սկսվել է, քանզի նա է, որն այդ մասին գիտի քո մեջ:
Պարապի տված հիմնական հարցին (իսկ ինչո՞ւ ոչ ոչինչ), եթե միտքը պատասխան գտնի, նա անձնատուր է լինում պարապին և լուծարվում: Ոչնչի եզրին նրան կարող է պահել միայն սիրո ուղղակի ինտուիցիան:
Սիրո շնորհիվ է, որ ինչ-որ բան կա դեռևս, որ պարապը կյանք է առնում և փոփոխվում, որ իրար ձգող և վանող, ուրեմն, բաղադրվող ուժեր կան, հետևաբար, կա կերպ և շարժում, մոտիկը և հեռուն` ժամանակի և տարածության մեջ, աշխարհ և անձնավորություն, ցանկություն, տառապանք և հրճվանք: Եվ մենք կարող ենք սիրել այդ կերպերը, որովհետև սերն է դրանք կերպավորել. մենք այդ կերպերը ճանաչում ենք նրա մեջ, ինչպես որ նա կյանքի է կոչել դրանք մեր մեջ:
Սերն է միայն բացատրում ամեն ինչ, և գոյությունն-ինքն-իր-մեջ լոկ մի բառ է, որ նշում է անհղանալին. այն, ինչ կլիներ առանց սիրո, այն, ինչ նվազ սեր է (երբ միայն սիրո շնորհիվ կա ինչ-որ բան): ՈՒրեմն, միայն սերը կարող է ասել` ես եմ: Առանց սիրո նույնիսկ պարապը չի լինի: Սերն ստեղծող պարապը` ծավալելով գրավչություն, որը, ըստ մարմնական կամ հոգեկան կարգի, անվանում են եռանդ կամ ցանկություն: Եվ միայն դա է իմաստ հաղորդում ամեն ինչին. տիեզերական պարապին, որտեղ աջից ու ձախից փոխառնված էլեկտրոնների մշուշի մեջ (որը կարող է հանկարծ ասել ինձ, ասել քեզ, երբ ինձ է տեսնում ուրիշի մեջ) կարող է ասել` ես եմ. բայց և կորած արահետի այս անկյունն անտառում, ապրիլին, փոքրիկ աշխարհը` բարդ և պատահական, հողը և քարերը, թաց խոտը, ճյուղերի արանքից երևացող անամպ երկինքը, ալոճենին, ծմակուտը, այստեղ, ոչ մի տեղ, և ինչո՞ւ եմ ես դա սիրել: Եվ ինչո՞ւ եմ ես դա սիրել: Իսկ ինչո՞ւ ոչ: Որովհետև արահետի այս անկյունը նշան է անում ինձ, և նշան արեց ինձ համար այս պահին, որ գոյություն ունի իմ վերագիտակցության մեջ, և որ յուրաքանչյուր նշան կամ նշանակություն ցուցադրում են սերը, և արդարև, աշխարհում ուրիշ ոչինչ ավելի կարևոր չէ. ուրիշ ոչինչ աշխարհում ինձ չի կանչում:
Ես կարողացա կասկածել գոյությանը, լինելությանը և «Աստծուն» վերաբերող մեր բոլոր գաղափարներին, բայց չեմ կասկածել սիրո գոյությանը: Գլխապտույտ ապրելու չափ կարող էի կասկածել արևմտյան բարոյականության և մշակույթի բոլոր ճշմարտություններին, մինչև որ, ոգու Արևելքից վերադառնալով, ավելի լավ հասկանալուց հետո, դրանցում կգտնեի մի քանիսը: Ես կասկածել եմ ճշմարտություններից մի քանիսին, որ հաջորդաբար ապացուցել են մեր գիտությունները և ես չեմ դադարում կասկածել աշխարհի մեր պատկերին և անըմբռնելի տարածություններին, որ հաշվարկված են` ելնելով մեր կերպերից (ես գուշակում եմ բազմաթիվ կարճ ուղիներ, որոնք գտնվելու են): Բայց ես կարծում եմ, որ այս ամենին կասկածել եմ միայն Սիրո զորությամբ և հանուն նրա: Նա անտարակուսելի շնորհ է: Ես ուրիշ ստույգ հավատ, ուրիշ հույս չունեմ և դրանից դուրս իմաստ չեմ տեսնում, ոչ էլ կասկածելու ուրիշ պատճառներ, ուզում եմ ասել` մինչև վերջ փնտրել, երբ մի օր մենք կկարողանանք սիրել մեր ողջ էությունը` վերջապես դիտված Ամբողջի մեջ: Երբ Սերը կլինի ամեն ինչ բոլորի մեջ, ամեն ինչի նորոգման ժամանակ:
Ֆրանսերենից թարգմանեց Ալեքսանդր ԹՈՓՉՅԱՆԸ

Դիտվել է՝ 976

Մեկնաբանություններ