Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Պոպուլիզմի կամ դեմագոգիայի մեջ «Ժառանգությանը» չեն կարող մեղադրել»

«Պոպուլիզմի կամ դեմագոգիայի մեջ «Ժառանգությանը» չեն կարող մեղադրել»
16.01.2009 | 00:00

«ԿՈՆԳՐԵՍԻՆ ՄԻԱՆԱԼ-ՉՄԻԱՆԱԼԸ ԿԱՊՎԱԾ ՉԷ ՄԱՆԴԱՏՆԵՐԸ ՎԱՅՐ ԴՆԵԼՈՒ ՀԵՏ»
Օրերս ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը հայտարարեց, որ մինչև հունվարի վերջը կուսակցությունը քննարկելու է իրենց պատգամավորների մանդատները վայր դնելու նպատակահարմարության հարցը։ Արդյո՞ք սկզբից ևեթ կուսակցության համար ակնհայտ չէր, որ պատգամավորների քիչ քանակով դժվար է էական հաջողություններ արձանագրել, թե՞ այս որոշումն այլ ենթատեքստեր ունի։ Այս հարցով էլ սկսեցինք մեր զրույցը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ։
-Մասնակցության ձևաչափի որոշումն ընդունվել է դեռևս հունիսյան համագումարում, որի ժամանակ վարչությունը լիազորվել է հունվարի վերջին այդ հարցը քննարկելու։ Մասնակցության ձևաչափը շատ տարբեր է լինում, այդ թվում նաև` մանդատները վայր դնելը, ինչը տեսականորեն բացառված չէ։ Այդուհանդերձ, մենք հայտարարել ենք, որ մասնակցային գործընթացին կողմնակից ուժ ենք և, ըստ դրա էլ, աշխատել ենք։ Հարկ է նշել, որ «Ժառանգություն» խմբակցությունը բավականին ակտիվ աշխատել է նույնիսկ փոքր թվակազմով։ Բովանդակային առումով էլ միշտ կարողացել է այլընտրանք ներկայացնել։ Բնականաբար, ցանկացած պարագայում մեծամասնությունն է որոշումներ կայացնում, և դրա վրա չես կարող ազդել, եթե անգամ ունենաս երեսուն մանդատ։ Այդպես էր նաև նախորդ խորհրդարանում «Արդարություն» դաշինքի և «Ազգային միաբանության» դեպքում, թեև վերջիններս ունեին ավելի շատ մանդատներ։ Այնպես որ, թվակազմի հետ կապված խնդիրն այդքան էլ մեծ նշանակություն չունի։ Իրականում կարևորն այն է, որ մենք կարողացել ենք հասարակության ձայնը, մտահոգություններն արտահայտել խորհրդարանում` փորձելով արժեքային համակարգով և գաղափարապես հակակշիռ լինել իշխանությանը։
-Այսօրինակ որոշումը հեռահար նպատակ չի՞ հետապնդում, այսինքն` մասնակցություն Երևանի քաղաքապետի ընտրությանը։
-«Ժառանգությունը» շատ ակտիվորեն կմասնակցի քաղաքապետի, ավելի ճիշտ, ավագանու ընտրություններին, բայց սա, ընդհանրապես, շփման եզրեր չունի մանդատները վայր դնելու հետ։ Մենք դեռևս հունիսին ենք հայտարարել այս մասին, երբ նույնիսկ Երևանի մասին օրենքն ընդունված չէր։ Մեկը մյուսի հետ կապելը սխալ է։ Այս որոշումն ավելի շատ պայմանավորված է նախագահական ընտրություններով, մարտիմեկյան իրադարձություններով, տասն անմեղ զոհերի չբացահայտված գործերով ու նմանատիպ քաղաքական հարցերով։
-Այս որոշման առնչությամբ ներկուսակցական տարաձայնություններ ևս առկա են. ոմանք կողմ են մանդատներից հրաժարվելուն, մյուսները` ոչ։ Անձամբ Դուք, որպես խմբակցության ղեկավար, կարծում եք` այսօր արժե՞ վայր դնել մանդատները։
-Այս պահին ես իմ կարծիքը չեմ արտահայտի, քանի որ վարչության անդամ եմ ու իմ որոշումը կհայտնեմ վարչության նիստում։ Իսկ ինչ վերաբերում է կարծիքների բազմազանությանը, ապա, կարծում եմ, շատ լավ է, որ բազմազան են տեսակետները, քանի որ «Ժառանգությունը» դինամիկ զարգացող և աշխատող կուսակցություն է։ Մեզ մոտ ողջունվում է ցանկացած, նույնիսկ ծայրահեղ տեսակետ։ Մենք, իսկապես, պետք է խոր վերլուծենք, քննարկենք, հաշվի առնենք հասարակության մեջ առկա տրամադրությունները, որից հետո էլ որոշում կայացնենք։ Այնպես որ շատ նորմալ եմ համարում, որ նմանատիպ կարծիքներ կան։
-Այսօրվա խորհրդարանի տխուր պատկերը հաշվի առնելով` ինչպե՞ս եք պատկերացնում այդ կառույցն առանց ընդդիմության։
-Հետաքրքիր հարց եք տալիս։ Կարծում եմ, դուք` լրագրողներդ, շատ ավելի լավ եք պատկերացնում, թե ինչպիսին կլինի խորհրդարանն առանց ընդդիմության։
-Չե՞ն փորձի ձեր տեղը, գոնե ձևականորեն, զբաղեցնել։
-Իհարկե, կփորձեն։ Բայց բոլորի համար էլ հասկանալի է, որ դա ընդամենն իմիտացիա կլինի, ինչպես այսօր ԱԺ-ում շատ երևույթներ` օրենքների ընդունում, օրենսդրական աշխատանքներ և այլն։ Նախագահական ընտրությունների ժամանակ, այնուամենայնիվ, շատ կարևոր քայլ արձանագրվեց, հստակեցվեց, թե քաղաքական ուժերի մեջ որն է իշխանությունը, որը` ընդդիմությունը։ Եվ ձևական մի քաղաքական ուժի հրել դեպի ընդդիմություն, բնականաբար, հասարակության մեջ որևէ արձագանք չի կարող ունենալ, որովհետև իր արժեքային համակարգով այդ ուժն ընդդիմություն չի կարող լինել։
-Պատգամավորի աթոռից հրաժարվելու հանգամանքը հակադիր ճամբարից խիստ քննադատության արժանացավ` է՛լ պոպուլիստ, է՛լ դեմագոգ։ Ինչո՞ւ այդքան սուր ընդունեցին այդ փաստը։
-Պոպուլիզմի կամ դեմագոգիայի մեջ «Ժառանգությանը» չեն կարող մեղադրել, քանի որ մենք արել ենք այն, ինչ գրված է եղել մեր կուսակցության նախընտրական ծրագրում։ Ծրագրային դրույթները դրսևորվել են նաև կուսակցության կատարած աշխատանքներում և՛ պատգամավորների, և՛ կուսակցականների կողմից։ Այնպես որ, որևէ մեկը չի կարող դրանում մեզ մեղադրել։ Պոպուլիզմն ու դեմագոգիան այն են, երբ ինչ-որ արժեքներ ես թղթի վրա գրում կոալիցիոն հուշագրի տեսքով, կամ` երբ քաղաքական ուժը նախագահի մի թեկնածուի է պաշտպանում, ում ծրագրում գեղեցիկ արտահայտություններ կան ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, մամուլի ազատության մասին, դեկլարատիվ մտքեր կան, և այս ամենին զուգահեռ խորհրդարան են բերվում ագրեսիվ, սահմանափակող օրինագծեր, որոնք շատ արագ քվեարկվում են։ Ահա սա պոպուլիզմի ու դեմագոգիայի դասական օրինակ է։ Չնայած որոշ քաղաքական գործիչներ, ելնելով իրենց սեփական շահերից, կփորձեն ստվեր նետել «Ժառանգության» գործունեության վրա, սակայն հասարակությունը շատ լավ տեսնում ու գնահատում է մեր գործունեությունը։
-Հնարավո՞ր է, որ մանդատներից հրաժարվելով` Հայ ազգային կոնգրեսին միանալու որոշում կայացնեք։
-Շատ հեռուն գնացող հարց եք տալիս, որը նույնիսկ չի քննարկվել։
-«Մոտեցնեմ» հարցը. մանդատների հարցի հետ կքննարկվի՞ նաև կոնգրեսին միանալու հարցը։
-Կոնգրեսին միանալ-չմիանալը կապված չէ մանդատները վայր դնելու հետ։ Առայժմ կուսակցությունը նպատակահարմար չի գտնում կոնգրեսին միանալը։ «Ժառանգությունում» միշտ դեմ են այնպիսի քայլերին, որոնք ինքնանպատակ կլինեն, ինչի արդյունքում պետական կառավարման, ժողովրդավարության զարգացման նոր մակարդակ չենք ունենա։ Իսկ ինչ վերաբերում է միանալ-չմիանալուն, դա ժամանակի հարց է և կախված է քաղաքական իրավիճակից։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1804

Մեկնաբանություններ