Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ» ԽԱՂ` ՄԻ ՔԱՆԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

«ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ» ԽԱՂ` ՄԻ ՔԱՆԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
29.04.2011 | 00:00

Ներկայումս Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իրանի միջև դիվանագիտական հակամարտություն է ընթանում Իրանը շրջափակելու առնչությամբ, ինչը, ԱՄՆ-ի մտահղացմամբ, պետք է կրի փոխադրական, տնտեսական ու գործառական բնույթ։ Այդ խնդիրներն ուսումնասիրելու նպատակով ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը եղել է Քուվեյթում, Սաուդյան Արաբիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Աֆղանստանում և այդ երկրների ղեկավարների հետ առարկայնորեն քննարկել Իրանի շրջափակմանն առնչվող հարցեր։ Միաժամանակ, Իրանը ձգտում է արագացնել հարևան պետությունների հետ եղած վիճելի հարցերի լուծումը, նպատակ ունենալով կանխել այդ շրջափակումը։ Օրինակ, Քուվեյթի, Կատարի ու Բահրեյնի հետ Իրանը համաձայնագիր է կնքել երրորդ երկրների հարձակման ժամանակ այդ պետությունների տարածքը չօգտագործելու վերաբերյալ։ Իրանը ձգտում է հնարավորինս շուտ լուծել Կասպից ծովի խնդիրը` մերձկասպյան պետությունների հետ համաձայնության գալով չլուծված հարցերի շուրջ։ Կենտրոնական Ասիայում Թեհրանը ձգտում է շահագրգռել Թուրքմենստանին ու Ղազախստանին` հարաբերությունների զարգացման, նոր հաղորդուղիների կառուցման գործում` նպատակ ունենալով կանխել նրանց մասնակցությունը հնարավոր շրջափակմանը։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Իրանը հասել է առևտրի ոլորտում մաքսատուրքերի վերացման կանոններ սահմանելու մասին համաձայնագրի կնքմանը։ Բացի այդ, Իրանը Հայաստանի հետ ունի միմյանց նկատմամբ շրջափակումներին մասնակցություն չցուցաբերելու մասին հատուկ պայմանագիր։ Այդ գործընթացների համատեքստում հարկ է առանձնացնել Թեհրանի հետաքրքրությունը շրջափակման դեպքում Ռուսաստանի մասնակցության հնարավորության նկատմամբ։ Վերջին ժամանակներս Իրանն առանձնապես մտահոգված է Հարավային Կովկասում ինչ-որ «այլընտրանքային» խաղ նախաձեռնելու Թուրքիայի ու Ռուսաստանի փորձերի կապակցությամբ, որը կոչված է դիմակայելու ԱՄՆ-ի ջանքերին` հսկողության տակ առնելու տարբեր կողմերի առավել կարևոր մտադրությունները, ընդ որում, առանց բացահայտ ակտիվություն ցուցաբերելու։ Որքան էլ տարօրինակ լինի, Թուրքիայի և Ռուսաստանի հենց այդ հակաամերիկյան խաղն էլ մեծ մտահոգություն է պատճառում Իրանին, որը վախենում է տարածաշրջանում Թուրքիայի ուժեղանալուց, ինչպես նաև ղարաբաղյան խնդրի լուծման գործում իրավիճակի հնարավոր փոփոխությունից` ներառյալ հակամարտության գոտում, այսպես կոչված, խաղաղարարների տեղաբաշխումը։ Երկար ժամանակ Իրանը զսպվածություն էր հանդես բերում Հայաստանի հետ ռազմավարական բնույթի հարաբերությունների զարգացման գործում, ինչը կարող էր, իբր, խախտել Հայաստանի ու Ադրբեջանի հետ Իրանի հարաբերություններում եղած հավասարակշռությունը։ Կասկած չկա, Իրանի քաղաքականության մեջ փորձարկումների ժամանակաշրջանն անցել է, և Թեհրանում հետևության են հանգել, որ անհրաժեշտ է Հայաստանի հետ կառուցել ավելի սերտ հարաբերություններ, և այդ հիմքի վրա որոշ կարևոր քաղաքական և աշխարհատնտեսական հեռանկարներ ուրվագծել Վրաստանի առնչությամբ։
ՈՒշագրավ է, որ վերջին երկու տարիներին Երևանում և Բաքվում Իրանի դիվանագետները ջանում են հայ ու ադրբեջանցի քաղաքական գործիչներին ու փորձագետներին ապացուցել ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում Իրանի մասնակցության անհրաժեշտությունը։ Ընդ որում, հիմնականում այսպիսի փաստարկ է բերվում. ղարաբաղյան խնդրի կարգավորման հանգուցալուծման փուլում Իրանը, չմասնակցելով բանակցություններին, չի կարողանա հանդես գալ Հայաստանի շահերի պաշտպանությամբ։ Իրոք, Իրանի մասնակցությունն այդ գործընթացին խիստ ցանկալի կլիներ Հայաստանի համար, հաշվի առնելով, որ Թուրքիան, ԱՄՆ-ի և Ռուսաստանի որոշակի համաձայնությամբ, փաստորեն, դարձել է ղարաբաղյան խնդրի քննարկման մասնակից ու պատասխանատու դերակատար։ Ժամանակի ընթացքում Հայաստանն ավելի շատ շահագրգռված կլինի այդ հարցում Իրանի մասնակցությամբ, քանի որ Հարավային Կովկասում Թուրքիայի դիրքերի ամրապնդումն անհնար է կանխել անգամ ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Եվրամիության համատեղ ջանքերով։ Իրանը շահագրգռված է ղարաբաղյան հակամարտությունում ստատուս քվոյի պահպանմամբ և կցանկանար նվազագույն երաշխիքներ ստանալ, որ Հայաստանի քաղաքականությունը կարող է համընկնել Դաշտային Ղարաբաղի հողերի նկատմամբ վերահսկողությունը պահպանելու հարցում Իրանի դիրքորոշման հետ։ Այդ հողերը ծայրաստիճան կարևոր են Իրանի համար և համարվում են կովկաս-կասպյան ուղղության ռազմավարական նշանակություն ունեցող տարածքներ, քանի որ սահմանազատ գոտի (բուֆեր) են ապահովում Իրանի հյուսիսարևմտյան նահանգների թրքախոս բնակչության և Ադրբեջանի միջև։ Իրանը համարում է, որ ինքը քիչ չի նպաստել Հայաստանի դիրքերի ամրապնդմանը, նրա տրանսպորտային հաղորդակցության, վառելիքի, հումքի, պարենամթերքի ներմուծման ապահովմանը և իրավունք ունի խոսելու գործընկերոջ նման։ Ղարաբաղյան խնդրի կարգավորմանն Իրանի մասնակցության վերաբերյալ առաջարկություններ արդեն արվել են Հայաստանի արտգործնախարարությանը, և պետք է ենթադրել, որ այդ առաջարկությունները մասամբ ընդունվել են։ Միաժամանակ հարց է ծագում. Իրանի այդ ձգտումները որքանո՞վ են ուղղված Ռուսաստանի շահերի դեմ։ Այս կապակցությամբ անհրաժեշտ է մեջբերել իրանցի դիվանագետների խոսքերն այն մասին, որ իրավիճակը Հարավային Կովկասում փոխվել է, տեղի է ունենում դիրքերի որոշակի համաձայնեցում Մոսկվայի և Անկարայի միջև, և Ռուսաստանը սկզբունքորեն կողմ է Դաշտային Ղարաբաղի հողերը Ադրբեջանին վերադարձնելուն։ Ընդ որում, առայժմ հասկանալի չէ, թե ինչ կերպ է Ռուսաստանը դիտարկում խաղաղարար զորքերի մուտքը ղարաբաղյան հակամարտության գոտի։ Իրանի համար ղարաբաղյան կարգավորման կապակցությամբ առավել մեծ սպառնալիքը խաղաղարար զորքերի մուտքն է Իրանի հյուսիսային սահմանամերձ գոտի, առավել ևս, եթե այդ տարածքները վերահսկելու է Ադրբեջանը։ Ակնհայտ է, որ Իրանը նպատակ ունի թույլ չտալ տարածաշրջանում ուժերի դասավորության փոփոխություն, սակայն ղարաբաղյան խնդրի կարգավորման օրինական մասնակից դառնալու ձգտումը կարող է նշանակել նաև, որ Թեհրանն ուզում է նոր դիրքեր ձեռք բերել Ռուսաստանի հետ երկխոսությունում, ընդ որում, միանգամայն այլ քաղաքական ոճով։ Ադրբեջանը Թեհրանում համարվում է թշնամական պետություն, և ներկայումս Իրանի այդ դիրքորոշումը նոր բովանդակություն է ստանում։ Թեհրանն ունի հյուսիսային հարևանի կողմից իր շահերին սպառնացող վտանգների չեզոքացման բազմաթիվ մշակումներ, որտեղ հաշվի են առնված նաև Թուրքիայի հավակնությունները։ Նախկին շատ մշակումներ, որոնք երկար տարիներ գտնվել են քաղաքական պահեստում, այժմ վերակենդանացել են և կիրագործվեն։ Իրանը պատրաստ է համարժեք արձագանքելու Ադրբեջանի հնարավոր քայլերին։ Դեռ երբեք տարաձայնություններն Իրանի և Ադրբեջանի միջև այդքան լուրջ ու թշնամական չեն եղել։ Հարկ է նշել, որ դա չի կարող այս կամ այն չափով չանդրադառնալ իրանա-թուրքական հարաբերությունների զարգացման վրա։ Հնարավոր է, որ հենց այդ նպատակն էլ հետապնդում են Իրանի հետ Ադրբեջանի հարաբերությունների սրման նախաձեռնողները։
Ներկայումս Իրանի ղեկավարները փորձում են այնպիսի նոր քաղաքականություն ձևավորել Ռուսաստանի նկատմամբ, որը կներառի երկրի պրոբլեմների լուծման այլընտրանքային հնարավորություններ, պրոբլեմներ, որոնք նախկինում լուծվում էին Ռուսաստանի մասնակցությամբ ու աջակցությամբ։ Օրինակ, տեղեկություններ կան, որ Իրանի քաղաքական ղեկավարությունը մտադիր է առաջիկա երկու-երեք տարում «Փեթրիոտ» հրթիռների նմանակ ստեղծել, ջանքեր են գործադրվում նաև ներքին ավիագծերում փոխադրումներ իրականացնելու համար երկրորդ-երրորդ կարգի մարդատար ինքնաթիռներ ստեղծելու ուղղությամբ։ Այս օրինակները վկայում են Ռուսաստանից կախումը նվազեցնելու Իրանի ձգտման մասին։ Իրանի ղեկավարությունը չէր կարող ուշադրություն չդարձնել այն բանին, որ Ռուսաստանը, Հարավային Կովկասի խնդիրների առնչությամբ այնքան համառորեն սահմանափակելով հարաբերությունների զարգացումն Իրանի հետ, շտապեց ցուցադրել իր հակումը Թուրքիայի նկատմամբ, երբ Անկարան «մատով մոտ կանչեց» Մոսկվային։ Իրականում Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններն այնքան էլ անամպ չեն, և իրանցիները չեն կարող դրա հաստատման շատ փաստեր ունենալ, բայց Թեհրանում միշտ խանդոտ են վերաբերվել թուրք-ռուսական հարաբերությունների զարգացմանը, համարելով, որ Ռուսաստանի և Իրանի միջև պետք է շատ ավելի սերտ հարաբերություններ լինեն, որոնք կարող էին հանգեցնել «Հյուսիս-Հարավ» փոքր-ինչ մոռացության մատնված դոկտրինի վերակենդանացմանը։
Իրանի քաղաքական գործիչներն ու փորձագետները միշտ էլ հետաքրքրություն են ցուցաբերել Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների և այնտեղ տիրող իրավիճակի նկատմամբ և մանրամասնորեն մշակել են Վրաստանի տարբեր քաղաքական գործիչների ու քաղաքական խմբերի վարքագծի տրամաբանական սխեմաներ, հավաքել են քաղաքական գործիչների ու պաշտոնատար անձանց վերաբերյալ վարկաբեկիչ նյութեր։ Ժամանակին նրանք որևէ բանի չհասան Աջարիայի ղեկավար Ասլան Աբաշիձեի հետ տարված աշխատանքում, փաստորեն, ոչնչի չհանգեցրին Քվեմո Քարթլիի մահմեդական (շիական) բնակչության շրջանում «աջակցության բազա» ստեղծելու փորձերը։ Իրանի առաջարկություններին ու նախաձեռնություններին բավականին զուսպ վերաբերվեցին Վրաստանի այն քաղաքական գործիչները, որոնք հիմնականում սպասարկում էին ամերիկացիների ու իսրայելցիների շահերը։ Հարավային Օսիայում պատերազմական գործողություններից ոչ շատ առաջ իրանցիները մեծ հետաքրքրություն էին ցուցաբերում Հարավային Օսիայում և Աբխազիայում իրենց ներկայությունը ցուցադրելու հնարավորության նկատմամբ, ինչպես իրենք են բացատրում` ցանկանալով ծառայություն մատուցել Ռուսաստանին։ Հայ փորձագետների օգնությամբ իրանցի դիվանագետները շարադրեցին այդ երկու հանրապետություններում իրենց ներկայության գաղափարախոսությունն ու հետևողականությունը, ուշադրության առնելով, որ օսերն ազգային պատկանելությամբ իրանցիներ են, խոսում են հյուսիսային իրանցիների լեզվով։ Հատկանշական է, որ մեծանում է վրացական ղեկավարության ու հանրության հետաքրքրությունն Իրանի նկատմամբ, ընդ որում, կասկած չկա, որ դա տեղի է ունենում հակառուսական տրամադրությունների հիմքի վրա։ Վրաստանում Իրանի դեսպանության մշակութային կենտրոնում կանոնավոր կերպով տեղի են ունենում հանդիպումներ վրաց պատգամավորների, քաղաքական գործիչների, փորձագետների ու լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Փաստորեն, այդ հիմնարկությունը վերածվել է մի տեսակ քաղաքական ակումբի, որտեղ ակտիվորեն քննարկվում են վրաց-իրանական և վրաց-ռուսական հարաբերությունների թեմաները։ Եթե նախկինում իրանա-հայկական սահմանից մինչև վրացական նավահանգիստներ ձգվող ավտոմայրուղու կառուցման պլանների իրականացումը Թեհրանը բացահայտորեն կապում էր Մ. Սաակաշվիլու տապալման հետ, ապա այժմ այդ պլաններն իրագործվում են Ասիական բանկի մասնակցությամբ։ Իրանի աշխարհատնտեսական ակտիվությունը մեծացնելու տեսանկյունից քննարկվում են Հայաստանի և Ադրբեջանի տարածքով իրանական գազը Վրաստան մղելու հնարավորության հարցերը։ Թբիլիսիում հասկանում են, որ առանց Իրանի հետ հարաբերությունները լայնորեն զարգացնելու հազիվ թե հնարավոր լինի իրականացնել Վրաստանը տարանցիկ երկիր դարձնելու պլանները։ Չնայած ԱՄՆ-ը հիացած չէ նման հեռանկարով, այդուամենայնիվ, ունի իր նկատառումներն այդ առնչությամբ և համոզված է, որ կկարողանա վերահսկել Վրաստանով անցնող և Իրանը Եվրոպայի հետ կապող հաղորդուղիները։ Բացի այդ, Իրանի հետ Վրաստանի գործակցությունը հնարավորություն կընձեռի նվազեցնելու Վրաստանին Միացյալ Նահանգների ներկա օգնության անհրաժեշտությունը, ինչպես նաև ինչ-որ չափով ապագայում կմեծացնի Վրաստանի անկախությունը Ռուսաստանից ու Թուրքիայից, ինչը թույլ կտա ապագայում բարձրացնել ԱՄՆ-ի հնարավոր նախագծերի ճկունության աստիճանը։
Դրա հետ մեկտեղ Հայաստանը մնում է Հարավային Կովկասում Իրանի միակ հուսալի գործընկերը։ Հատկանշական է այն փաստը, որ եթե առաջ իրանցիները Հայաստանում օգտվում էին ռուսամետ կողմնորոշման փորձագետների ծառայություններից, ապա ներկայումս ձգտում են մերձենալ նաև այլ ուղղվածություն ունեցող փորձագետների հետ, թեև այդ խնդիրը լուծվում է դժվարությամբ, որովհետև նեղ է այն փորձագետների շրջանակը, որոնք ընդունակ են առաջարկելու, առավել ևս մշակելու իրանցիներին հետաքրքրող առարկայական նախագծեր։ Իրանցիները երկար ժամանակ հայ փորձագետների ծառայություններից օգտվել են ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում, հատկապես Կովկասի, Կենտրոնական Ասիայի, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի խնդիրների կապակցությամբ, ներկայումս նրանք պատրաստ են ֆինանսավորելու հայ երիտասարդ փորձագետների որակավորման ծախսերը։ Հայաստանը շարունակում է իրանցիների կողմից դիտարկվել որպես մի վայր, որտեղ կենտրոնանում են քաղաքական պրոբլեմների վերաբերյալ տեղեկություններն ու առաջարկությունները, Իրանի համար այդպիսի մյուս երկիրը Լիբիան էր։ Օրինակ, հայերի օգնությամբ Իրանը ֆինանսավորել է Երևանում աշխարհի կարևորագույն իրանագիտական գիտահետազոտական կենտրոններից մեկի զարգացումը, որը միանգամայն անկախ է եվրոպական վերահսկողության ներքո աշխարհում գործող մյուս բոլոր կենտրոններից։ Ներկայումս իրանցիները ձգտում են մշակել Մոսկվայում իրենց շահերը բազմատարբերակ եղանակով «առաջ տանելու» սխեմա, ինչը, ըստ էության, նշանակում է ոչ միայն առաջ տանել, այլև տեղեկություններ հավաքել։ Ներկայումս իրանցի դիվանագետները, գործարարները, լրագրողները, թարգմանիչները, բոլոր նրանք, ովքեր շփվում են ռուսական ընկերությունների, ինստիտուտների, ստեղծագործական տարատեսակ միավորումների հետ, հանձնարարություն են ստացել հավաքելու այդ ներկայացուցիչների կարծիքները Իրանի շրջափակմանը Ռուսաստանի մասնակցության վերաբերյալ, որ ձգտում է կազմակերպել ԱՄՆ-ը։ Այդ աշխատանքի շնորհիվ իրանցիները ձգտում են նախանշել Ռուսաստանում լոբբիստական գործունեություն ծավալելու ունակ Հայաստանի քաղաքացիների հնարավորությունները։ Հետաքրքրություն է ներկայացնում այն, որ Իրանի, Հայաստանի և Ռուսաստանի եռակողմ գործակցության զարգացմանը զուգահեռ հայկական ցանցային կառույցները մեծ ինքնուրույնություն են ձեռք բերում և ավելի մեծ չափով են ձգտում հանդես գալ որպես շատ հետաքրքիր գործընկեր քաղաքական նախագծերի ստեղծման և իրականացման գործում։ Հատկանշական է նաև այն, որ հայկական ցանցային կառույցներն այդ հարաբերությունների ձևաչափում Իրանի շահերը չեն ստորադասում Ռուսաստանի շահերին, այլ աշխատում են կառուցել հավասարարժեք հարաբերություններ։ Հնարավոր է, որ այդ գործակցության հաջորդ փուլը դառնա հայկական ցանցային կառույցների մասնակցությունն Իրանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների զարգացմանը։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 997

Մեկնաբանություններ