Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԲԱՌԱՑԻՈՐԵՆ ԸՆԹԱՆՈՒՄ Է ԿԵՆԱՑ ՈՒ ՄԱՀՈՒ ՊԱՅՔԱՐ

ԲԱՌԱՑԻՈՐԵՆ ԸՆԹԱՆՈՒՄ Է ԿԵՆԱՑ ՈՒ ՄԱՀՈՒ ՊԱՅՔԱՐ
11.11.2011 | 00:00

Փարիզի Դիսնեյլենդ արվարձանում ծանրամարտի աշխարհի առաջնությունը մոտենում է եզրագծին: Առանց բացառության` մրցակցությունը թեժ է յուրաքանչյուր քաշային կարգում: Բառացիորեն ընթանում է կենաց ու մահու պայքար ոչ միայն մեդալների, համաշխարհային ծանրամարտում սեփական երկրի գերակա դիրքերի պահպանման, այլև յուրաքանչյուր հաշվարկային մեդալի համար: Եվ սա միանգամայն հասկանալի է: Չէ՞ որ նաև Փարիզով է անցնում Լոնդոնի օլիմպիական խաղեր տանող ճամփան:
«ՆԵՂ ԱՐԱ` ՏԵՂ ԱՐԱ»
Մրցումների երրորդ օրը ծերուկ Եվրոպան Ասիա աշխարհամասին վերջապես ասաց. «Հո՛պ, մենք էլ կանք: Տեղ տուր»: Եվ դա ասաց ու արեց Եվրոպայի գործող չեմպիոն Նաստասյա Նովիկովայի միջոցով: Ճիշտ է, ի դեմս չինուհի Քսյուեինգ Լիի, այդ զիջումը դժվարությամբ արվեց (չինուհիներն արդեն իսկ ունեն երկու ոսկե մեդալ), սակայն ընդհանուր հաղթանակի համար պահանջվող 137 կիլոգրամ կշռող ծանրաձողը բելառուս ծանրորդուհին կարողացավ պահել գլխավերևում ու երկամարտում (237 կգ) մեկ կիլոգրամով շրջանցել իր հիմնական մրցակցին (236=103+133): 58 կիլոգրամ քաշային կարգում երրորդը ճանաչվեց թաիլանդուհի Պիմսիրի Սիրիկաևը (230=99+131):

«ՈՒՍՏԱ՛, ՀԱՄՈՆ ՓՈՂԸ ՉԻ ՏՎԵԼ»
Կանանց 63 կգ քաշային կարգում մրցապայքարն ուշագրավ էր նրանով, որ, ըստ նախնական հայտերի, միանգամից երեք մարզիկ էր պատրաստ ոսկու համար հավասար մարտի: Ընդ որում, եթե Ղազախստանի ու Չինաստանի հավաքականներն իրենց ակտիվում արդեն իսկ ունեին ոսկե մեդալներ, ապա Ռուսաստանը նոր-նոր պիտի անցներ այդ ճանապարհը:
Առաջին վարժությունից հետո մրցակիցները դասավորվեցին հետևյալ հերթականությամբ` Սվետլանա Ցառուկաևա` 117 (սա աշխարհի նոր ռեկորդ է), Քսիաոֆանգ Օույանգ` 113, Մայա Մանեզա` 109 կիլոգրամ (ղազախ ու չին ծանրորդուհիների «համեստ» արդյունքը պայմանավորված էր մեկական մոտեցման ձախողմամբ), սակայն սա բնավ էլ չէր նշանակում, թե ամեն ինչ կանխավ որոշված էր: Առաջինը տեղի տվեցին Օույանգի նյարդերը, ով երրորդ մոտեցումով միայն կարողացավ բարձրացնել նախնական 133-ն ու «կանգնեց» այդ օրն իր համար սահմանային 246 կիլոգրամի վրա: Արդեն այդ պահից նա երկրորդն էր, որովհետև ռուս մարզուհին հասցրել էր առաջին մոտեցմամբ ֆիքսել 130-ն ու 247-ով դառնալ առաջատար:
Բացառապես ոսկու համար Փարիզ եկած Մանեզան բաց թողեց առաջին մոտեցման համար պատվիրած 135-ը` հարկադրելով այդ բանն անել Ցառուկաևային, ինչն էլ հաջողությամբ վերջինս արեց: Ղազախ մարզուհին երկրորդ անգամ բանեցրեց նույն հնարքը` ստիպելով իր գլխավոր մրցակցին մինչև վերջ «պարպել փամփուշտները»: Գրոհ 138-ի վրա, և երկամարտում ռուս ծանրորդուհին ապահովեց գրոսմայստերական արդյունք` 255 կիլոգրամ:
Մանեզան սկսեց 139-ից ու քաշը կարողացավ սանձահարել լոկ երկրորդ մոտեցումով: Ապահովելով երկամարտի մեծ արծաթը` ծանրորդուհին երրորդ մոտեցմամբ` 147 կգ, գնաց ոսկու հետևից ու հենց այստեղ պատահեց այն, որ գոնե նման բարձրակարգ մրցաշարի համար նվազագույնն անհեթեթություն է: 147 կիլոգրամն արդեն մարզուհու գլխավերևում էր, երբ պարզվեց, որ... ծանրաձողի վրա սխալ քաշ է դրված։ Անիմաստ վատնված էներգիայի դիմաց ընդամենը ներողություն հայցվեց ծանրորդուհուց ու «մեծահոգաբար» թույլատրվեց կրկնել մոտեցումը: Չէինք ասի, թե մարզուհին կատարելապես մաքուր ֆիքսեց քաշը, սակայն որ իրենց սխալի դիմաց մրցավարները կարող էին լինել մեծահոգի (նմա՞ն վրիպումներով ֆիքսումներ են հաշվվել), ավելի արդարամիտ կլիներ, բայց երևի ճիշտ էր «Եռանկյունու» մեր հերոսը, որ թռիչքից առաջ հասցրեց ասել. «ՈՒստա, Համոն փողը չի տվել»:
Դառնալով չին մարզուհուն` ասենք, որ նա առանց լրացուցիչ նյարդեր քայքայելու բարձրացավ պատվո պատվանդանի երրորդ հարթակ: Երեք մարզիկ, 140 կգ կշռող ծանրաձողը բարձրացնելով, ջանաց նրան զրկել անգամ բրոնզե մեդալից, սակայն ճակատագիրը հարմար գտավ լրացուցիչ փորձությունների չենթարկել չինուհուն, ու երևի թե այդպես ավելի ճիշտ էր: Ահա այսպիսի լարված մրցակցություն նախորդեց մեր Սամվել Գրիգորյանի ու Վանիկ Ավետիսյանի ելույթներին, որոնք ներկայացնելու էին 69 կիլոգրամ քաշային կարգը:

ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ` ՆԵՐԿԱՅԱՑՐԻՆ, ԲԱՅՑ ԴԱ ՆԵՐԿԱՅԱՑՆԵ՞Լ ԷՐ
Առաջնության նախաշեմին արած մեր վերլուծականում ընթերցողին հնարավորինս նախապատրաստել էինք մեդալների առումով ավելորդ հույսեր չփայփայելուն, որովհետև քաշային այս կարգում, ցավոք, երաժշտություն պատվիրողները մենք չենք, ինչը, սակայն, ամենևին էլ չէր նշանակում, թե Լոնդոնին ընդառաջ տղաները թիմի համար անելիք չունեին:
Վանիկ Ավետիսյանը սկսեց արյուն պղտորելով: Երեք մոտեցում` երեքն էլ անհաջող, և թիմի համար օդի պես անհրաժեշտ միավորների կորուստ, մինչդեռ մեկտեղված ջանքերի արդյունքում այստեղ հույս ունեինք նվազագույնը երեսուն-երեսուներկու միավոր ունենալու: Համենայն դեպս այս մասին էին վկայում մեր ունեցած նախնական պատվերները: Բարեբախտաբար, երկրորդ մոտեցման ժամանակ Սամվել Գրիգորյանն ուղղեց առաջին մոտեցման սխալն ու գլխավերևում պահեց 140, ապա և 145 կիլոգրամը:
Պոկում վարժությունում Սամվել Գրիգորյանից երկու մոտեցում պահանջվեց նախնական 171-ը սանձահարելու համար: Երկամարտում նրա բարձրացրածն ի վերջո կշռեց 316 կիլոգրամ, ինչն աղյուսակում ապահովեց ընդամենը տասնմեկերորդ հորիզոնական, իսկ միավորների օլիմպիական հաշվարկով` տասնյոթ միավոր (ի դեպ, նույն այս հաշվարկով Իզաբելա Յայլյանը մեր թիմին բերել է ինը միավոր): Ինչ վերաբերում է մրցանակային եռյակին, 341 կիլոգրամով (155+186) չեմպիոն հռչակվեց Դեշանգ Տանգը (Չինաստան), արծաթն ու բրոնզը բաժին հասան Ռուսաստանի ներկայացուցիչ Օլեգ Չենին (336=156+180) և չինացի Չաո Վունին (336=150+185):

Է՜, ՎԵՐՋԻՑ ԵԿՈՂԻ ՎԵՐՋՆ ԷԼ ԷՍ ՊԻՏԻ ԼԻՆԵՐ
Կանանց 69-կիլոգրամայինների պայքարից մեր սպասումներն առանձնակի էին, և դա միանգամայն բնական էր: Չէ՞ որ մրցասպարեզ էր ելնելու Մելինե Դալուզյանը` մեր բազմափորձ ծանրորդուհին, ով մեկ անգամ չէ, որ իր բարձր կարգը հաստատել է աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում:
Որ նվազագույնը նա պիտի պայքարեր արծաթե մեդալի համար, ուղղակի վկայում էր նաև ծանրորդուհու համար պատվիրված նախնական քաշը։ Որ Օքսանա Սլիվենկո ունեցող Ռուսաստանի ընտրանին ապագա ոսկու մասին որոշակի վերապահումով էր խոսում, սրա մասին էլ անուղղակի ակնարկվում էր ռուս անվանի մասնագետների կարծիքներում: Մի խոսքով` երկու կողմից էլ սպասվում էր իսկական ճակատամարտ:
Ռուս Տատյանա Մատվեևայի երկրորդ մոտեցումից հետո հստակ գծագրվեց վարժության մեդալների համար (ասենք` ինչո՞ւ միայն վարժության) պայքարող առաջատար քառյակը, որից մեկը պիտի լիներ ավելորդ: Ցավոք, ավելորդը եղավ մեր ծանրորդուհին, ու դա ոչ այն պատճառով, որ պատրաստ չէր պայքարին: Պատճառը մեր մարզչական կորպուսի մեջ պիտի փնտրել, որ ցուցաբերեց տակտիկական պայքար վարելու բացարձակ ապաշնորհություն ու անկարողություն: Ինքնահավան կեցվածքով Դալուզյանի նախնական 112-ը նախ դարձվեց 115, ապա` 116 ու… եղավ այն, ինչ եղավ:
Ընթերցողի մոտ, կարծում եմ, դեռ թարմ է ծանրամարտի չգրված օրենքի մասին մեր հիշատակումը: Ստացվում է, որ մեր մարզիչները գալիս են միանգամից վերջից: ՈՒ քանի որ նրանք «վերջն» են (բառի` մեր օրերում կյանք մտած իմաստով), մենք էլ ասում ենք` է, վերջից եկողի վերջն էլ էս պիտի լիներ: ՈՒ երբ Մելինեն եղածից հետո գլուխն է բռնում, ես հասկանում եմ մարզուհուն, բայց որ հավաքականի գլխավոր մարզիչն է մրցաբեմի հետևում գլուխը բռնում, կներեք, արդեն այնպիսի զգացողություն է, որ անհաջող դերակատարության ակամա ականատեսն ես դարձել, որովհետև, որքան ես եմ հասկանում, գլուխը մինչև որոշումը կայացնելն է ափերի մեջ առնվում: Գուցե թե ընթերցողի մոտ տպավորություն ստեղծվի, որ այս պահին գրում եմ զգացմունքների հորձանքի տակ, բայց այդ դեպքում շատ ավելի դառն իրողությունների մասին պիտի գրեի:
Ինչ վերաբերում է քաշային այս կարգում մեդալների արժանացածներին, ոսկին նվաճեց Օքսանա Սլիվենկոն (ընդ որում, ռուս մարզիչները պոկում վարժության երրորդ մոտեցումով նրան 148-ի վրա գրոհի տանելով, չվախեցան, որ չինուհին 151-ը բարձրացնելու դեպքում կարող է ոչ միայն վարժության, այլև երկամարտի մեծ ոսկին խլել նրա ձեռքից. ասենք, ռուս մարզիչներին որտեղի՞ց այդքան խելք, իհարկե, մերոնց տրամաբանությամբ), արծաթը` Յանմեյ Քսյանգը, բրոնզը` Տատյանա Մատվեևան: Նրանք հաղթողներ դարձան 266 (118+148), 264 (116+148) և 253 (110+143) արդյունքով:

ՉԱՓԱԲԵՐՎԱԾ ԱԽՈՐԺԱԿ
Առաջնության նախաշեմին պարզ դարձավ, որ 77 կգ քաշային կարգում Առաքել Միրզոյանի համար նախապես պատվիրված 370-ն իջեցվել, դարձել էր 340 (ուշադիր ընթերցողն անշուշտ կհիշի, որ Առաքելի համար պատվիրված 370-ի առնչությամբ մենք մեր վերապահումն արել էինք, որքան էլ հավատայինք կամ չհավատայինք Հոկսեն Միրզոյան մարզչի կարողություններին): Ասել է թե` մարզիչները դուրս էին եկել ցանկալին իրականի հետ շփոթելու էյֆորիայից ու ավելի ռեալ դարձել ներկա փուլում այս մարզիկի հնարավորությունների գնահատման հարցում: Ասենք միայն, որ, հանդես գալով B ենթախմբում, Առաքելը կարողացավ լավագույնս դրսևորել իրեն: Երկամարտում ցույց տալով 338 (155+183) կգ արդյունք` նա գրավեց չորրորդ տեղը` թիմին բերելով վարկանիշային միավորներ:
Երեկոյան մրցահարթակ բարձրացավ նույն քաշային կարգը ներկայացնող Տիգրան Գ. Մարտիրոսյանը: Պոկում վարժությունում գլխավերևում պահելով 166-կիլոգրամանոց ծանրաձողը` մեր մարզիկը նվաճեց փոքր բրոնզե մեդալ, իսկ երկամարտի 356 կգ արդյունքը բավարարեց ընդամենը 4-րդ տեղն զբաղեցնելու համար (մանրամասները` թերթի հաջորդ համարում):
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1367

Մեկնաբանություններ