Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՉԻՆՈՎՆԻԿԻ «ՄԱՀԸ»

ՉԻՆՈՎՆԻԿԻ «ՄԱՀԸ»
05.02.2010 | 00:00

1991-ին նորանկախ հանրապետության նորաթուխ բյուջեն վարչական ապարատի պահպանման համար առանձնացրեց իր նվազ միջոցների 3,1 տոկոսը։ 1992 թ. ազատականացվեցին առաջին անհրաժեշտության ապրանքների գները, հատկապես հանապազօր հացի։
Պատերազմի մեջ ներքաշված, խեղդամահ անող շրջափակմանը դիմակայող և աղետի գոտու ահռելի բեռը պարանոցին ագուցված հանրապետությունն իր փրկությունը «կապեց» մեծահարուստ, ձեռներեց և ապահով խավի ձևավորման հետ։ Թող ների ընթերցողը հանրահայտ իրողությունները հիշեցնելու համար, սակայն նախաբանն իր տրամաբանական վախճանը կունենա շարադրանքի վերջաբանում։ Այնպես որ, մի փոքր համբերություն։
1991-ից տնտեսությունն ազատականացվեց ոտն ի գլուխ, սկիզբ դրվեց տնտեսական բարեփոխումների գործընթացին։ Տարիներ հետո գլխիվայր շրջվեցին շուկայական տնտեսության հիմնարար սկզբունքները, համաձայն որոնց` ազատական տնտեսության բարեփոխումները պահանջում են վարչական ապարատի էական կրճատում, արտոնությունների առավելագույն սահմանափակում։ Հարգարժան ընթերցողների ավագ սերունդը, անկասկած, լավ է հիշում խորհրդային հայ հասարակության «այլախոհական երազանքը»` ազատ ձեռներեցություն, մասնավոր սեփականություն, արևմտյան կապիտալի ձեռակերտ հրաշքներ։ Այս մասին թաքուն և բացահայտ երազում էին պաղպաղակավաճառներն ու ակադեմիկոսները, նախրապաններն ու նախարարները։
Անկախության շեփորականչով նիրհից արթնացան ազգային ձեռներեցական մղումները, թվում էր, թե Հայաստանը, պատերազմի, շրջափակման, աղետի գոտու առկայության պայմաններում անգամ, ի զորու է դառնալու իրական տնտեսական բարեփոխումների դրոշակակիրը հետխորհրդային տարածքում։ Մի՞թե խորհրդային ստվերային կայսրությունը հենց հայերիս ձեռքում չէր։ Հիշենք «ցեխավիկային» շարժումը, առաջընթաց տնտեսական գործընթացը, որի արդյունքում Արևմուտքից ներկրված բարձրորակ ապրանքատեսականուն հայրենական շուկայում մրցակից տեսականի էր առաջարկվում` առավել նպաստավոր գնով։
Յուրաքանչյուր առավոտ, ինչպես ասում են, Հայաստանում 3 միլիոն գեներալ էր արթնանում։ Նաև` ձեռներեցության գեներալներ։ Սակայն անկախությունը ոտն ի գլուխ վերաիմաստավորեց ազգային տեսակը։ Գեներալներն ու նապոլեոնները փոխարինվեցին բրեժնևյան բյուրոկրատիայի նորհայկական-փայլաշող բրածոներով։
2001-ի տվյալներով` մեկ չինովնիկի վրա պետությունը ծախսում էր 5 հազար ամերիկյան դոլարին համարժեք դրամ (չինովնիկական աշխատավարձ, անհաշիվ գործուղումներ, ծառայողական շարժակազմ, օգնական, ուղեգորգ, հեռուստացույց, անպատճառ գերարդիական կահույք, «եվրառեմոնտ»)։
Խորհրդային Հայաստանի վարչահրամայական համակարգի համեմատությամբ` ազատական Հայաստանի վարչական ապարատի թվակազմն աճել էր 2,5 անգամ։
Եթե Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը 17-18 ծառայողից է բաղկացած (ներառյալ նախարարը), ՀՀ մշակույթի նախարարությունը 170-180-հոգանոց աշխատակազմով մի կերպ «էշը հանում է ցեխից»։ Փառք ու պատիվ տարածաշրջանի ամենահզոր, ազգային-ազատագրական գաղափարահենքի վրա ծնված մեր բանակի գեներալիտետին, սակայն գեներալները հայոց արտոնյալ-դասային սելեկցիայի արդյունքում դարձան պետական բյուջեի առաջապահներ` այն «կեղեքելու» տեսանկյունից։
Գեներալական կազմի համար, պաթոլոգիկ ճողվածքով տառապող բյուջեի հաշվին, կառուցվեցին շքեղ առանձնատներ։ Նրանցից յուրաքանչյուրի մերձավոր շրջապատը բավականին «յուղալի» բիզնեսում է ներգրավված։ ՈՒ սա` հաշմված և կյանքի հետնախորշը մղված ազատամարտիկների հոգևոր ու մարմնական ցավի ու տառապանքի համապատկերում։
Չինովնիկական վերնակույտի և միջին դասի նորհայկական արտոնությունները պարզապես տրագիֆարսի ժանրին կարելի է դասել։ Նրանց բջջային հեռախոսներն ու խոսելավարձը, գրիչն ու սրիչը, սուրճն ու շոկոլադը, օճառն ու զուգարանի թուղթը դարձյալ բյուջեի հաշվին են ձեռք բերվում։ Բնականաբար, նրանցից յուրաքանչյուրը որոշակի բիզնեսի տեր է, ինչը, բնականաբար, զոքանչի, քենու կամ որևէ «եզան պոզի ազգականի» անձնական հաշվեկշռում է գրանցված։ Բարձր պաշտոնատար անձանց սեփականության դեկլարացիան ոչ այլ ինչ էր, եթե ոչ հասարակության աչքին թոզ փչելու համակարգված գործընթաց։ Ահա բարձր վերնակույտի ներկայացուցիչները հրապարակում են իրենց սեփականությունը համարվող գույքն ու կայքը, ինչից պարզորոշվում է, որ մարդն ունի երեքսենյականոց համեստ մի կացարան, խորհրդային արտադրության ավտոմեքենա և ափաչափ մի կառույց` հասարակական սննդի առևտուրը կազմակերպելու նպատակով։ Այսինքն` սրճարան։ Սակայն վերնակույտի և նրանց շքախմբի անդամները, նույն հանրության աչքի առջև, առոք-փառոք բնակվում են իրենց շքեղաշուք դղյակներում, ծնունդ-կնունքների ժամանակ ահռելի գումարներ ծախսում և շրջագայում գերթանկարժեք շարժակազմերի շարասյուներով։ Հավանաբար, ափաչափ սրճարանի կամ չորս գլուխ խոշոր եղջերավոր ունեցող անասնագոմի հաշվին։
Պետությունից ու հասարակությունից լիովին օտարված չինովնիկական այս խավն ապրում է միանգամայն այլ հարթությունում` գերապահով ու գերսնուցված։
Երկրում քաղաքական անդորր է, թե խռովություն, իշխանության գլուխ ձախ ազատականներն են, թե աջ արմատականները, երկրի տնտեսությունը գարնանային հեղեղումների մեջ է, թե աշնան փաղաքուշ արևի տակ, չինովնիկական կոստյում-փողկապներն աշխարհահռչակ ֆիրմաների քաղաքակիրթ բույրն են շողարձակում, ուղեգորգերն ամենուր հարդարուն-արքունական են, քարտուղարուհիներն ու օգնականները նոր-նոր են դուրս սպրդել նորաձևության էլիտար ամսագրերից։
Ի դեպ, ճանապարհ բռնենք առաջին պատահած արքունական ուղեգորգով և աջ ու ձախ կարդանք ցուցանակները. «Նախարար», «Նախարարի խորհրդական», «Նախարարի խորհրդականի օգնական», «Աշխատակազմի ղեկավար», «Աշխատակազմի ղեկավարի տեղակալ»... հետո, անշուշտ, ղեկավարի տեղակալի խորհրդական, նաև... վերջինիս օգնական։ Սա կաստա է, հակոտնյա ամենայն բանականի, բարոյականի, առաջընթացի և տրամաբանության։ Հանրապետությունում բարեփոխումներ են։ «Ցավագին»` ոմանց համար։ Եվ տնտեսական ճգնաժամը բավականին ուշագրավ դրսևորումներ է արձանագրում կաստայի հենց այն օղակներում, որոնք ի պաշտոնե պարտավորված են կարգ ու կանոն սահմանել ֆինանսական ծախսերի թղթապանակներում։ Ավելին` օրինակ հանդիսանալ այլոց համար։ Եվ հանդիսացան` Ամանորի շեմին անգամ բարգավաճ տնտեսություն ունեցող պետության համար անբարո ֆինանսական շռայլումներ թույլ տալով իրենց։ Կաստայի խրախճանքն անվախճան է, շուրջպարը` ինքնաբավ ու հոխորտուն։
Մի դեպքում են կաստայականները կենդանանում և մաղձոտում. երբ, այնուամենայնիվ, պարտադրված են որոշակի մասհանումներ հատկացնել պետգանձարանին։ Սա ամենաանցանկալի պահն է չինովնիկի կյանքում։ Ընդամենը պահ, տհաճ, սակայն անցողիկ։ Իսկ մնայունը գերթանկարժեք ծառայողական ավտոմեքենայի օրինակարգված գործածումն է անձնական նպատակներով, արտոնյալ վարկերի ծառայեցումն ընտանեկան և արտաընտանեկան «կարիքներին», պատվավոր, սպասված ու թանկագին հյուրի կարգավիճակը էլիտար գիշերային ակումբներում և խաղատներում...
Այնուամենայնիվ, երկրում բարեփոխումներ են։ Վկան` Վերահսկիչ պալատի հետևողական բացահայտումները։ Վկան` երկրի նախագահի հրապարակավ սատարումը վերահսկիչին։ Եվ, սակայն, կաստան առայժմ անձեռնմխելի է, անձեռնմխելի խոչընդոտ։ Իր անբարո շահերով և սեփական թաքնախորհուրդ օրհներգով. «Կեր, խմիր, քեֆ արա շարունակ, աշխարհը խալի է ոտիդ տակ»։ Բայց գուցե ժամանա՞կն է հողմացրիվ անելու կաստան` ի բարօրություն երկրի ու հանրության։ Ի վերջո, չինովնիկ-վարչարարները ստիպված կլինեն իսկապես հանրօգուտ աշխատանքով զբաղվելու, ի սպաս հանրային և պետական շահի կներդնեն գիտելիքների ու փորձի անտերության մատնված փշրանքները և ստվերից դուրս կբերեն օրավուր բարգավաճող բիզնես-կառույցները։ Ի դեպ, կշահենք մեծապես։ Պետական ճոճաթոռները լքած 10-15 հազար վարչարարներն ակնթարթորեն կձևավորեն միջին խավ, որը հասարակական առաջընթացի հիմնաքարն է, պետության կայունության պատվարը։
Խնայված միջոցներով առնվազն կեռապատկվեն ուսուցիչների և գիտնականների, դերասանների և հրշեջների աշխատավարձերը։ Առավել ևս` սպասվող թանկացումներից առաջ։
Թե չէ մարդն իրեն կամա-ակամա զգում է ինչ-որ վիրտուալ չինովնիկապետությունում։
Վրեժ Ա. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1623

Մեկնաբանություններ