Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

«ԿՈՌՈՒՊՑԻԱ ԿԱ ՈՉ ՄԻԱՅՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ»

«ԿՈՌՈՒՊՑԻԱ ԿԱ ՈՉ ՄԻԱՅՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ»
11.11.2011 | 00:00

Նոյեմբերի 4-6-ին Աղվերանում անցկացվեց «Հրապարակայնությունը և հաշվետվողականությունը` Բոլոնիայի գործընթացի կարևոր սկզբունք» թեմայով սեմինար-քննարկում հանրապետության ավելի քան 30 ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար: Նախաձեռնությունը ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությանն էր` նախարար Արմեն Աշոտյանի գլխավորությամբ։
Սեմինարի ընթացակարգում ներառվել էին ՀՀ ԿԳՆ տարբեր վարչությունների և կրթության, գիտության ոլորտը ներկայացնող այլ կառույցների աշխատանքներին առնչվող զեկուցումներ, որոնց հետևում էին քննարկումները` լրագրողների բարձրացրած հարցերի շրջանակներում: Եռօրյա աշխատանքի ընթացքում անդրադարձ եղավ կրթության զարգացման պետական ծրագրին, հանրակրթության բարեփոխումներին, կրթության ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների գործածմանը, դպրոցական դասագրքերին, գնահատման և թեստավորման համակարգին, նախնական և միջին մասնագիտական, բուհական, հետբուհական, լրացուցիչ և շարունակական կրթության խնդիրներին, կրթության ոլորտի արտաքին կապերին և միջազգային համագործակցությանը, ՀՀ ԿԳՆ հակակոռուպցիոն ծրագրերին, գիտական և գիտատեխնիկական բնագավառի բարեփոխումներին, ԾԻԳ-ի, ԲՈՀ-ի և լեզվի տեսչության գործունեությանը:
«Իրատես de facto»-ին հետաքրքրող տարաբնույթ հարցերին տրվեցին սպառիչ և ոչ բավականաչափ սպառիչ պատասխաններ, որոնց ամփոփ պատկերը կփորձենք տալ ստորև:
ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանը հավաստիացրեց, որ առաջիկա հինգ տարիներին ավագ դպրոցը կկայանա այնքան, որ կբացառվի ավարտական դասարաններում կրկնուսույցների մոտ պարապելու անհրաժեշտությունը, և հայ ընտանիքներն իրենց ուսերից կթոթափեն ֆինանսական գրեթե անհաղթահարելի դարձած այդ բեռը: Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Ա. Պողոսյանը խոստացավ, որ անհրաժեշտության դեպքում տեղեկատվական տեխնոլոգիաները կհամապատասխանեցվեն և կկիրառվեն նաև ներառական կրթության դաշտի շահառուների համար:
Փոխնախարար Մանուկ Մկրտչյանը մեկնաբանեց բուհական ընդունելության թեստերի արտահոսքի հանգամանքներն ու դրանց կանխման հնարավորությունները: Նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Ռ. Աբրահամյանը պարզաբանումներ տվեց կայացման փուլում գտնվող ավագ դպրոցների և ՄԿՈՒ հաստատությունների իրականացրած կրթության բովանդակության տարբերությունների վերաբերյալ:
Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը նախանշեց գիտական դաշտի երիտասարդացմանն ուղղված քայլերը:
ԲՈՀ-ի նախագահ Ա. Ղուկասյանը տեղեկացրեց, որ գիտական աստիճան ստացածների մեջ չափազանց փոքր տոկոս են ոչ պետական բուհերի շրջանավարտները, թեև խոստովանեց, որ ինքը խորապես իրազեկված չէ այս հարցում:
Լեզվի տեսչության պետ Սերգո Երիցյանը նկատեց, որ գեղարվեստական գրականության մեջ հաղթարշավող հայհոյախոսության փաստը պետք է դիտարկել առավելապես բարոյականության և ոչ թե լեզվաբանության համատեքստում:
Եռօրյայի ամենաթեժ քննարկումը ծավալվեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի` ՀՀ ԿԳՆ հակակոռուպցիոն ծրագրին վերաբերող զեկուցման շրջանակներում:
«Կոռուպցիա կրթական համակարգում կա՛: Կոռուպցիա կա ոչ միայն կրթական համակարգում»,- հայտարարեց նախարարը: Ըստ նրա` կրթական համակարգում կոռուպցիոն երևույթների թեման առավելապես դրսևորվում է ասեկոսեների տեսքով և չի ստանում փաստական հիմնավորում: Իսկ կոռուպցիայի թեման հիմնականում ընդգրկում է երկու խնդիր` դրամահավաք և աշխատանքից կամայական ազատում: Ի պատասխան մեր հարցի, թե ինչ ճակատագիր է վիճակված բուհերի այն դասախոսներին, ովքեր լիովին կամ մասամբ զրկվել են դասաժամերից այս տարի դպրոցներում շրջանավարտների բացակայության պատճառով, նախարարը պատասխանեց. «Եթե չկա ուսանող, ամբիոնի աշխատողները պիտի կրճատվեն: Բուհերին մեր հանձնարարականը եղել է` օպտիմալացնել բյուջեն, խուսափել զանգվածային կրճատումներից: Կրճատվել են հիմնականում համատեղողները, թոշակառուները, և պակասել են որոշ դասախոսների դրույքաչափերը: Իսկ այն, որ մի շարք դասախոսներ աշխատանքի են անցել ավագ դպրոցներում, ես համարում եմ ամենալավ լուծումը: Մենք այս սեմինարի ընթացքում քննարկել ենք ավագ դպրոցի և բուհի միջև կապերի սերտացման անհրաժեշտությունը, և դասախոսի` ավագ դպրոց գնալը այդ խնդրի լուծումներից մեկն է: Վաստակաշատ դասախոսն ավագ դպրոցում դասավանդում է պոտենցիալ դիմորդներին»:
ՀՀ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը նկատեց, թե վերջին երկու տարվա աշխատանքները վկայում են, որ կա կամք և ձգտում կրթության ոլորտում արմատական փոփոխություններ անելու, որ տարիներ շարունակ որևէ առաջընթաց չարձանագրած այդ համակարգն այսօր սկսել է կենդանության որոշակի նշաններ ցույց տալ (մեր ընթերցողներին տեղեկացնենք, որ «Եվ ոչ միայն մշակույթի մասին» խորագրի ներքո կներկայացնենք հարցազրույց Անահիտ Բախշյանի հետ` անդրադառնալով նաև սեմինարի աշխատանքներին):
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1582

Մեկնաբանություններ