Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«ՎԱՏ Է ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ, ԻՍԿ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՎԱՏ` ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ»

«ՎԱՏ Է ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ, ԻՍԿ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՎԱՏ` ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ»
16.12.2011 | 00:00

…և ոչ միայն մշակույթի մասին
«Իրատես de facto»-ն զրույցի է հրավիրել արտակարգ և լիազոր դեսպան, քաղաքական մեկնաբան, հրապարակախոս ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻՆ: Զրույցը հիմնականում ներառում է նրա «Հերմեսից մինչև մեր օրերը» գրքում բարձրացված խնդիրները:

«ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹ Է, ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՔ»

-Պարոն Նավասարդյան, Դերենիկ Դեմիրճյանը «Հայը» էսսեում այսպես է բնորոշել հայի դիվանագիտությունը. «Դիպլոմատիայի մեջ մի բանումն է շատ հոգածու - անկեղծ լինել: Այնքան անկեղծ է և միամիտ, որ անկասկածելի խորամանկի և կեղծավորի տպավորություն է անում»: Համաձա՞յն եք Դեմիրճյանի հետ:
-Ընդհանրապես հայ դիվանագիտության վերաբերյալ ոչինչ չկա գրված: Ոչ թե այն պատճառով, որ արժանի չեն եղել, այլ որովհետև դիվանագիտությունը պետական երևույթ է, պետական գործիք է: Եվ քանի որ մենք պետականություն ունեցել ենք ժամանակ առ ժամանակ, այդ պատճառով էլ դժվար է ասել, թե ինչպիսին է մեր դիվանագիտությունը, ինչ են տվել աշխարհին հայ դիվանագետները: Թեև այդ հարցը հիմա ինձ հետաքրքրում է զուտ հոգեբանական առումով: Եվ ես այն կարծիքին չեմ, թե հայերը դիվանագետ չեն: Եթե դիվանագետ լինելը բացատրվում է մարդու բարոյակամային հատկանիշներով, հոգեկերտվածքով, ապա կարող եմ վստահեցնել, որ մենք մեր տաքարյունության, հուզականության պարագայում ունեցել ենք հայ մեծ դիվանագետներ ոչ հայկական իրականության մեջ: Իսկ փոխարենը կան այլ ազգերի ներկայացուցիչներ, որոնք զուրկ են իմ նշած հատկանիշներից և, լինելով դիվանագետներ, դիվանագիտությունից շատ հեռու մարդիկ են: Պարզապես ինչպես շատ ուրիշ բնագավառներում, այնպես էլ այստեղ, մեր դիվանագետները ծառայել են օտարին: Հայաստանի անկախացումից հետո, երբ ես հրավիրվեցի Մոսկվայից` աշխատելու Հայաստանում, բերեցի ԽՍՀՄ արտաքին դիվանագիտության ասպարեզում աշխատող 308 հայերի ցուցակ: Նրանք բոլորը բարձր մակարդակներում աշխատող դիվանագետներ էին, իսկ տասից ավելին` արտակարգ և լիազոր դեսպան: Թե ինչու այդ մարդիկ չհրավիրվեցին աշխատելու Հայաստանում, սա արդեն ուրիշ քաղաքական հարց է: Այնպես որ, հայերս կարող ենք լավ դիվանագետներ լինել, և ես այդ հարցին անդրադարձել եմ իմ «Դիվանագիտություն» գրքում: Դեմիրճյանը, իհարկե, շատ հետաքրքիր դիտարկում է արել: Բայց մեր դիվանագիտական հատկանիշների պակասը ոչ թե մեր մեղքով է, այլ հանգամանքների: Տրդատ Ա արքան 65 թվին գնաց Հռոմ` թագադրվելու Ներոնի կողմից: Դա Հռոմի պատմության մեջ երևույթ էր: 3000 մարդ էր ուղեկցում Տրդատին, ճամփորդությունը տևեց ամիսներ, պատվիրակության վրա Սենատը ծախսեց մեծ գումարներ: Եվ պատրիկները զարմացած էին այդ ընդունելությունից: Դրան հաջորդեց Արշակունիների թագավորության շրջանը, Հայաստանը ծաղկում ապրեց, հռոմեական զորքերը հանվեցին, և Հայաստանը կարողացավ հավասարակշռություն պահել Պարսկաստանի ու Հռոմի միջև: Եթե չլիներ դիվանագիտական մտածողությունը, այդպիսի բան չէր լինի: Ընդունված է Տիգրան Մեծին համարել վատ դիվանագետ: Բայց եթե նա դիվանագետ չլիներ, իր երկրում (աշխարհի երրորդ կայսրությունում) ապրող տասնհինգլեզվյա ազգությունները կկարողանա՞ր կառավարել: Ես կասկածում եմ: Ամբողջ խնդիրն այն է, որ վատ է ուսումնասիրված հայոց պատմությունը, իսկ շատ ավելի վատ` դիվանագիտական պատմությունը: Ես մի լուրջ բան պիտի գրեմ հայերի էթնոհոգեբանական կառուցվածքի մասին` դիվանագիտական առումով:
-Համաձայն հին հունական առասպելաբանության` դիվանագիտության նախահայր համարվող Հերմեսին վերագրել եք հակասական հատկանիշներ: Դիվանագետի համար պարտադի՞ր պայման է փոխել նկարագիրը` ըստ պարագաների:
-Դիվանագիտության արվեստի կարևոր խնդիրների մեկնաբանումը մինչև հիմա վիճահարույց է: Շատ խոշոր տեսաբաններ, ինչպես, օրինակ, դը Կալյերը, կտրականապես ժխտում են որևէ կեղծիք, որևէ սուտ, որևէ ապատեղեկատվություն դիվանագիտության մեջ: Բայց կյանքը երբեմն իր պահանջներն է դնում: Միանշանակ դժվար է պատասխանել այս հարցին:
-Անտիկ ժամանակների պատմությանն անդրադառնալով` փաստում եք, որ հայրենիքից հեռանալը մահացու մեղք էր համարվում, ապա հորդորում եք անսալ այդ դրվածքին մեր օրերում: Առհասարակ, անցում եք կատարում դասական օրինակներից դեպի ժամանակակից հայկական երևույթները (Դոմինգոյի երևանյան համերգ` իր քաղաքական հետևանքներով, բեյրութահայ համայնքում ճաշկերույթի ժամանակ «պատվավոր» նստատեղերի կռիվ և այլն): Ձեր գիրքը նախազգուշական ազդակի դե՞ր է կատարում մեզ համար, Դուք փորձում եք հե՞տ պահել մեզ նորօրյա սխալներից:
-Այո՛: Իմ կարծիքով` մենք շատ բան ունենք սովորելու, ընդօրինակելու հունական դիվանագիտական դպրոցից: Նրանց դիվանագիտությանը բնորոշ էին թափանցիկությունը, վերահսկողությունը հասարակության կողմից: Կարո՞ղ եք մտածել անգամ, թե մեր Ազգային ժողովը, մեր օլիգարխներն ընդունակ են լսելու որևէ դեսպանի քաղաքական հաշվետվությունը և հայտնելու իրենց կարծիքը: Դա ծիծաղելի կլինի: Իսկ Հին Հունաստանում այդպես էր արվում:

«ԱՌԱՆՑ ՀՈՒՄՈՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԴԱՌՆԱ ՏԱՂՏԿԱԼԻ»
-Գրում եք, թե 17-րդ դարում Ֆրանսիան Ֆրանսիա դարձրեց կարդինալ Ռիշելյեն: Վերջերս մեր տարածաշրջանի հոգևոր հայրերը ևս փորձ արեցին քաղաքական կեցվածք ընդունելու և Հայաստանի, Ռուսաստանի ու անդրկովկասյան մահմեդականների հոգևոր առաջնորդների` Երևանում կայացած հավաքի ժամանակ հանդես եկան ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հայտարարություններով: Իբրև պրոֆեսիոնալ դիվանագետ` ինչպե՞ս եք գնահատում այս փաստը:
-Գոյություն ունեն քաղաքականության, պրոպագանդիստական գործունեության արտաքին ֆասադ և շատ կշռադատված, մտածված խորքային մոտեցումներ: Ինչո՞ւ եք խոսում հոգևորականների մասին: Հիշեք մեր նախագահի այցը Վրաստան: Երկու կողմի ղեկավարներն էլ հրապարակավ հավաստիացրին, թե մեր երկրներն օրինակելի հարաբերություններ ունեն, թե մեր միջև չլուծվող խնդիրներ չկան, այնինչ մենք շատ լավ գիտենք, թե ինչ վիճակում են հայ-վրացական հարաբերություններն իրականում. դա շատ լուրջ ուսումնասիրություն պահանջող թեմա է:
-Դիվանագետի համար օգնական ուժ եք համարում հումորը և հորդորում. «Մի՛ անտեսեք հումորը: Հիշե՛ք, որ տեղին ասված սուր, դիպուկ և տարողունակ խոսքը կարող է հասարակ թղթի մեջ փաթաթված թանկարժեք զարդ լինել»: Մերօրյա դիվանագետներից ո՞վ է փայլում հումորով:
-Հայատանից` չգիտեմ: Բայց հումորով փայլում էր Շուստովը: Նա հայ էր: Դա մի դերասանի թատրոն էր` լայն իմաստով, էրուդիցիայի ամենաբարձր թռիչքով: Նա կարող էր ամերիկացու մոտ Մարկ Տվենից խոսել, ֆրանսիացու մոտ` Մոլիերից, անգլիացու մոտ` Շեքսպիրից, և մարդիկ, բերանները բաց, լսում էին: ՈՒ այս էրուդիցիային գումարվում էր հումորը: Իհարկե, հումորը չի կարող վճռական դեր խաղալ, բայց կարող է օգնել, էմպաթիա (ապրումակցում) առաջացնել` անգամ քաղաքական հակառակորդի կողմից: Բացի այդ, հումորն ունի երկու դրական հատկություն. նախ` հումորով ասված խոսքից միշտ կարելի է հրաժարվել` փաստելով, թե դա կատակ է եղել, ապա` հումորը կարելի է կիրառել իբրև շանթարգել` դրությունը լիցքաթափելու նպատակով: Հումորը դիվանագետի պարտադիր հատկանիշներից է: Այլապես դիվանագիտությունը կդառնա տաղտկալի (Պրուստի բնորոշմամբ` «Տաղտկալի, ինչպես անձրևը»), որովհետև այն, վերջին հաշվով, չինովնիկի աշխատանք է: Իհարկե, հումորն էլ պիտի լինի չափի մեջ. երբեք չի կարելի գլխից բարձր թռչել: Մենք հիմա ունենք շատ երիտասարդ կադրեր, ովքեր երբեք էլ դիվանագետ չեն դառնա, որովհետև չեն հաղթահարի վերևների հետ փոխզիջման գնալու պահանջը: Բոլոր ասպարեզներում է այսպես: Ձեր գործում այդպես չէ՞. անհատականություններին, տաղանդավորներին, խելոք մարդկանց սիրո՞ւմ են: Ո՛չ: Որովհետև նրանք ստեղծում են թերարժեքության բարդույթ մյուսների մեջ: Ստեղծում են անհարմարություն շրջապատողների համար: Այսպիսի բաներ կան ընդհանրապես, և դիվանագիտության մեջ` մասնավորապես:

«ՆՐԱ ՈՏՔԻ ՏԱԿ ԱՆՎԵՐՋ ՓՈՐԵԼ ԵՆ, ԳՐՈՄԻԿՈՆ ԱՆԸՆԴՀԱՏ ԽՈՉԸՆԴՈՏԵԼ Է ՆՐԱ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ»
-Ձեր գրքում խոսում եք հայ դիվանագիտական տանդեմի մասին` Համազասպ Հարությունյան և Անաստաս Միկոյան: Նրանք դիվանագիտորեն կանխում են չեզոքություն խաղացող Շվեյցարիայի միջուկային զենք ձեռք բերելու նկրտումները: Սա, փաստորեն, ապացո՞ւյցն է հայի մեջ դիվանագիտական բարձր որակների առկայության:
-Նրանք երկուսն էլ, իրոք, համարվում են 1960-70-ականների սովետական դիվանագիտության խոշորագույն դեմքերը: Համազասպ Հարությունյանը կարող էր լինել առաջին մեծության աստղ, բայց նրա ոտքի տակ անվերջ փորել են, Գրոմիկոն անընդհատ խոչընդոտել է նրա աշխատանքին: Դա պաշտոնյայի կյանքին բնորոշ տխուր պատմություն էր: Եվ հատկապես 1965 թվականից, երբ նա սրտի թելադրանքով մղվեց դեպի հայկական, ազգայնական գաղափարները, սկիզբ առան նրան ճնշելու, չեզոքացնելու մեքենայությունները:
-Կարևորում եք թարգմանչի դերը, լեզվի իմացության հանգամանքը դիվանագիտական պրակտիկայում: Այսօր մեր կրթական համակարգում առաջնային նպատակ է դարձել օտար լեզվի ուսուցումը: Սա հիմք տալի՞ս է ակնկալելու, որ վաղը մենք կունենանք ձեռքբերումներ դիվանագիտության ասպարեզում:
-Օտար լեզու իմանալը և թարգմանել կարողանալը տարբեր բաներ են: Տարբեր բաներ են նաև գրավոր և բանավոր թարգմանությունները: Սինխրոն թարգմանությունը բոլորովին այլ հատկանիշներ է ենթադրում, գրավոր տեքստի թարգմանությունը` այլ: Հազվագյուտ մասնագետներ կարող են լինել միաժամանակ և՛ լավ դիվանագետ, և՛ օտար լեզվի լավ գիտակ: Ես չեմ կարծում, որ մեզ մոտ հիմա կան օտար լեզվի այնպիսի գիտակներ (թեև լեզվի ուսուցման տեխնիկական հնարավորություններն այսօր շատ են զարգացած), ովքեր կարող են իրենց լավագույնս դրսևորել դիվանագիտության ասպարեզում: Ընդհանրապես, իմ ժպիտն է շարժվում, երբ որևէ մեկի մասին ասում են, թե կատարելապես տիրապետում է մի քանի լեզվի: Այդպիսի բան չկա: Նույնիսկ մեկ լեզվի դժվար է կատարելապես տիրապետել: Շվեյցարիայում կա ինստիտուտ, որը հատուկ մասնագետներ է պատրաստում` դիվանագիտության ոլորտում սինխրոն թարգմանություն կատարելու համար: Այս հարցով պետք է զբաղվեն արտաքին գործերի նախարարությունը, լեզվաբանական բուհերը: Հատուկ է պետք սրանով զբաղվել: Պարզապես օտար լեզու սովորեցնելը դեռ բավական չէ:
-Ի՞նչ նշանակություն ունի դիվանագետի համար արտաքինը:
-Հետաքրքիր հարցեր եք տալիս: Ես այդ խնդրով զբաղվում եմ գրեթե տասը տարի: Գոյություն ունի, այսպես կոչված, առաջին տպավորության էֆեկտ: Հանդիպում են մարդիկ, ովքեր իրար բոլորովին չեն ճանաչում: Եթե մարդն ունի գեղեցիկ արտաքին, իսկույն նվաճում է համակրանքդ, առաջանում է ձգողականություն` ատրակցիա: Դա առաջին տպավորությունն է, որը, մասնագետների կարծիքով, առաջին երեք րոպեում ստեղծում է ընդհանուր տպավորության երեք քառորդը: Ասում են, թե առաջին տպավորությունը շատ դժվար է փոխվում: Իրոք, այդպես է: Որովհետև նոր ինֆորմացիան արդեն եղածի մեջ ներմուծելը շատ դժվար է: Հետո ստացած ինֆորմացիան չի կարողանում դուրս մղել առաջինը: Պետք է ունենալ շատ մեծ մտահորիզոն, լինել շատ փորձված, ճկուն` զոհ չգնալու համար առաջին տպավորությանը: Անձամբ ինձ հետ պատահել են դեպքեր, երբ առաջին տպավորությամբ ինձ վանած մարդը հետո դարձել է շատ համակրելի: Եղել է նաև հակառակը: Թե ով ով է, բացահայտվում է հաղորդակցության հետագա ընթացքում, ոչ թե առաջին հանդիպման ժամանակ: Կա էմպաթիայի խնդիր, որով այսօր խորությամբ զբաղվում են ամերիկացի մասնագետները: Մարդաբանությունից մինչև ժողովրդագրություն ձգվող այս ուսումնասիրության արդյունքներին տիրապետելով է միայն, որ դիվանագետը կարող է լինել լավ դիվանագետ: Մարդիկ, ազգությունները միմյանց լիովին հասկանալուն դեռևս պատրաստ չեն: Որովհետև բոլորովին տարբեր հետաքրքրությունների դաշտում են: Երբ մարդը հայտնվում է անծանոթ երկրում, Ձեր նշած արտաքին տպավորության խաբկանքով կարող է իր պետականությանը վնասող սխալներ գործել: Սրանք շատ հետաքրքիր նրբություններ են:
Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1270

Մեկնաբանություններ