Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է պատրաստում Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի դեմ՝ Ռուսաստանի հետ կապերի ամրապնդման գործում նրա դերի և ժողովրդավարական ճանապարհից երկրի հեռանալու հետ կապված: ԱՄՆ-ի վարչակազմի աղբյուրները նշում են, որ Իվանիշվիլիի գործողությունները նպաստում են ռուսական շահերին և խաթարում են Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումները:               
 

ՍՈՒՐԲ ՈՒԱՐԻ ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՒՐԲ ՈՒԱՐԻ ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅՈՒՆԸ
11.11.2011 | 00:00

Քանի որ Աստծո սրբերը համատիեզերական են, իսկ Քրիստոսի եկեղեցին ընդհանրական և մեկ է, ու Ինքն էլ այդ եկեղեցու գլուխն է, ապա հարկ է, երբեմն-երբեմն այդ ընդհանրական եկեղեցու գանձերից մենք էլ օգտվենք, քանզի դրանք նաև մեր հոգևոր հարստությունն են։ Հիմա ընթերցողը կկարդա մի սրբի և նրան պատվող քրիստոնյա կնոջ մասին, որի շուրջ արժե խորհել և հոգեշահ դաս առնել։
Սուրբ ՈՒարը (307 թ.) ապրում էր Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում և զինվորական էր: Նա հավատում էր Աստծուն, բայց, վախենալով անօրեն կռապաշտներից, թաքցնում էր իր հավատը: Քրիստոնյաների հալածանքների ժամանակ նա գիշերները գաղտնաբար բանտերն էր այցելում, որտեղ հավատի համար շղթայված էին քրիստոնյաները, և ուժերի հնարավորության սահմաններում օգնում էր նրանց: ՈՒ տեսնելով նրանց անվախ վճռականությունը մահվան ու տանջանքների հանդեպ, մի անգամ էլ այցելելով այն բանտը, որտեղ յոթ հոգևոր ուսուցիչներ էին շղթայված, նրանց խնդրեց, որ իր համար աղոթեն, որ ազատվի, Քրիստոսի համար նահատակվելու վախից:
Հոգևոր հայրերից մեկը նրան պատասխանեց. «Եթե վախենում ես ժամանակավոր տանջանքներից, ապա չես փրկվի և հավիտենական տանջանքներից: Եթե վախենում ես երկրի վրա վկայել Քրիստոսին, ապա չես արժանանա տեսնելու Նրան երկնքում»:
Այդ լսելով ՈՒարն իր սրտում Քրիստոս Տիրոջ հանդեպ այնպիսի սեր զգաց, որ վճռեց Նրա անվան համար տառապել ու կամավոր մնաց բանտում:
Առավոտյան յոթից մեկը վերքերի արյունահոսությունից մահացավ: Ներկայանալով բանտապետին, ՈՒարը համարձակաբար ասաց, որ ուզում է այն յոթերորդի տեղը բանտում շղթայվել: Նրան սկսեցին փայտերով ծեծել, երկաթե ճանկերով կողերը քերել, հետո գլխիվայր ծառից կախելով, կաշին քերթեցին, մինչև որ աղիքները գետնին թափվեցին: Սրբի համար աղոթում էին մյուս քրիստոնյաներն ու հորդորում հաղթական սխրանքի: Երբ բանտապետը նրան քարշ էր տալիս դեպի զնդանը, ՈՒարը աղաղակեց հոգևոր հայրերին. «Իմ ուսուցիչներ, վերջին անգամ աղոթե՛ք ինձ համար Քրիստոսին, որովհետև արդեն բաժանվում եմ մարմնիցս, իսկ ձեզ շնորհակալ եմ, որ ինձ օգնեցիք հավիտենական կյանքին հասնեմ»: ՈՒ մի քանի ժամ անց սուրբ ՈՒարն ավանդեց հոգին: Դահիճները նրա մարմինը գցեցին շներին հոշոտելու:
Այդ քաղաքում մի բարեպաշտ որբևայրի կին կար՝ երանելի Կլեոպատրան, որը մի փոքր տղա ուներ: Նա վշտով լի սրտով հետևում էր սուրբ ՈՒարի տանջանքներին: Իսկ երբ նա տեսավ, որ մեռնելուց հետո սրբի մարմինը գցեցին քաղաքից դուրս, շներին որպես կեր, գիշերով թաքուն գնաց այնտեղ ու մարմնից մնացած մասունքները բերեց իր տուն ու թաղեց իր ննջասենյակի տակ: Նա ամեն գիշեր ճրագ էր վառում սուրբ ՈՒարի մասունքների վրա, պատվում իր աղոթքներով և նրա բարեխոսությունը խնդրում:
Երբ հալածանքները դադարեցին, երանելի Կլեոպատրան վերադարձավ Պաղեստին՝ իր հայրենի տուն, և հետը, որպես թե ամուսնու ոսկորներն է տանում, տեղափոխեց սուրբ ՈՒարի մասունքները և դրեց իր նախնիների դամբարանում:
Նա ամեն օր այնտեղ էր գնում, մոմ ու խունկ էր տանում և պատվում սրբին: Նրա օրինակով շատերն էին գալիս ու սրբի բարեխոսությունը խնդրում, և ոմանք բժշկվեցին իրենց հիվանդություններից:
Հետագայում երանելի Կլեոպատրան սրբի պատվին մի եկեղեցի սարքեց:
Այդ ժամանակ որբևայրու զավակը մեծացել ու 17 տարեկան էր դարձել: Մայրը որդու համար իր երկրի իշխանավորին զինվորական պատվավոր ծառայության համար խնդրանք ներկայացրեց: Նույն ժամանակ նա քահանաներ ու եպիսկոպոսներ հրավիրեց, ու սուրբ ՈՒարի մասունքները աղոթքներով ու խնկարկություններով նորակառույց եկեղեցի տեղափոխեցին և զետեղեցին մեծարժեք տուփի մեջ: Որբևայրին, որ հավատում էր սրբի մեծ բարեխոսությանը, այդ տուփի վրա դրեց որդու զինվորական գոտին, թիկնոցը և խնդրեց, որ նա բարեխոսի Տիրոջ մոտ ու որդու համար խնդրի այն, ինչ Աստծո կամքն է և օգտակար որդուն:
Եկեղեցին օծելուց հետո սրբի մասունքները դրեցին խորանի տակ, որտեղ սուրբ պատարագ մատուցվեց: Որից հետո բարեպաշտ որբևայրին բոլորի համար հյուրասիրություն կազմակերպեց:
Բայց անսպասելի նրա տղան բարձր ջերմությամբ անկողին ընկավ ու շուտով մահացավ, մորը թողնելով մեծ վշտի մեջ:
Լաց լինելով, նա դեպի եկեղեցի վազեց ու սրբի մասունքների առաջ կանգնած խստությամբ հանդիմանեց նրան, ասելով. «Այդպե՞ս վճարեցիր այն ամենի համար, որ ես քեզ համար արեցի: Հանուն քեզ ես ամուսնուս ոսկորներն օտար հողում թողեցի, ու մեծ ջանքերով քեզ այստեղ բերեցի և եկեղեցի կառուցեցի քո անունով: Ես քեզ վրա էի դրել իմ ողջ հույսը, և ահա պատասխանը: Ավելի լավ էր ես մեռնեի, քան որդուս մեռած տեսնեի: Տո՛ւր որդուս, կամ ինձ իսկույն վերցրու այստեղից, քանի որ իմ դառը վշտի մեջ կյանքս անարժեք դարձավ»:
Հոգնությունից ուժասպառ ու անտանելի վշտից թուլացած, նա գլուխը դրեց խորանին և քնեց հենց սրբի մասունքների առաջ: Երազում տեսավ սուրբ ՈՒարին՝ որդու ձեռքից բռնած: Նրանք լուսակերպ էին, ինչպես արևը, իսկ հագուստները ձյան նման ճերմակ, գոտիները ոսկեգույն, իսկ գլխներին` հիասքանչ պսակներ:
Կլեոպատրան տեսնելով այդ, նետվեց նրանց ոտքերի առաջ, բայց սուրբ ՈՒարը կանգնեցրեց նրան, ասելով. «Օ՜, կին, ինչու ես դու բողոքում իմ դեմ, մի՞թե դու կարծում ես, որ ես մոռացել եմ քո բոլոր բարերարությունները, որ դու արել ես ինձ համար: Մի՞թե ես չեմ լսում քո աղոթքներն ու խնդրանքները, և բարեխոսում քեզ համար Աստծուն: Առաջին հերթին ես խնդրեցի քո հարազատների համար, որտեղ դու սկզբում դրեցիր իմ մասունքները, որ նրանց մեղքերին թողություն լինի: Հետո ես խնդրեցի որդուդ համար, որ ծառայի Երկնային թագավորին: Չէ՞ որ ինքդ խնդրեցիր, որ ես բարեխոսեմ, որ ինչ օգտակար է որդուդ, այդ խնդրեմ Աստծուց: Քո որդին այժմ Երկնավոր Թագավորի մոտ է ծառայում, բայց եթե ուզում ես, որ ժամանակավոր երկրային թագավորին ծառայի, ահա որդիդ, վերցրո՛ւ նրան»: Բայց տղան գրկեց սուրբ ՈՒարին ու ասաց. «Ո՛չ, իմ բարեխոս, մի՛ լսիր մորս, մի՛ զրկիր ինձ սրբերի հետ հարաբերվելուց»: ՈՒ մորը դիմելով, նա ասաց. «Ինչո՞ւ ես լաց լինում, մայր իմ, ես երկնային զորքերի ցուցակում եմ գրվել, ու Քրիստոս Տիրոջն եմ պատկանում»: Երանելի Կլեոպատրան ասաց. «Ինձ էլ վերցրեք ձեզ հետ, որպեսզի միասին լինենք»: Բայց սուրբ ՈՒարը պատասխանեց. «Դու այդտեղ՝ երկրի վրա լինելով, միևնույն է, մեզ հետ ես, գնա՛ խաղաղությամբ, երբ Տերը հրամայի, կգանք քո հետևից քեզ վերցնելու»:
Դրանից հետո երկուսն էլ աներևույթ դարձան:
Վշտացած մայրն անասելի ուրախություն զգաց իր սրտում, գնաց ու քահանաներին պատմեց իր տեսիլքի մասին: Հետո միասին թաղեցին իր տղային սուրբ ՈՒարի մասունքների մոտ: Դրանից հետո նա բաժանեց իր ունեցվածքը և ապրում էր եկեղեցու մոտ, պահքով ու աղոթքով, ամեն օր անհամբեր սպասելով, թե երբ սուրբ ՈՒարը կգա իր որդու հետ, որ իրեն էլ տանի երանության թագավորությունը: Որպես մխիթարություն, ամեն կիրակի սուրբը նրա որդու ձեռքը բռնած, երևում էր մորը, իսկ յոթ տարի անց՝ 327 թ. երանելի Կլեոպատրան գնաց ներկայանալու Աստծուն:
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հ. Գ. -Այս վկայությունը թարգմանվել է ուղղափառյան գրականությունից, քանզի նրանք սիրում են այս սրբին և խնդրում են իրենց երեխաների բարօրության համար: Հատկապես հարազատներն այս սրբին դիմում են այն մահացածների համար, որոնք չեն հասցրել եկեղեցու սուրբ մկրտությամբ մկրտվել, ինչպես նաև այն երեխաների համար, որոնք մայրական որովայնում են մահացել:
ՈՒղղափառ եկեղեցում սուրբ ՈՒարի հիշատակման օրը կատարվում է նոյեմբերի 1-ին։

Դիտվել է՝ 1074

Մեկնաբանություններ