Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Քո խաչին երկրպագենք...»

«Քո խաչին երկրպագենք...»
05.09.2008 | 00:00

ՀԻՆԳԵՐՈՐԴ ՏԱՂԱՎԱՐ. ԽԱՉՎԵՐԱՑ
Այլադավաններին անհասկանալի է, բայց քրիստոնյաներս կարող ենք վկայել, որ խաչի նշանը մեր ենթագիտակցության մեջ, մեր հոգևոր աշխարհում է ներգործում, տալով մեզ ներքին խաղաղություն և հանգստություն, մեր մեջ ծագեցնում է հույս, վստահություն և առաջնորդում է հաղթանակների: Ասել է՝ հավատացողին Քրիստոսը հովանի է լինում իր խաչելությամբ մահին հաղթելու նշանով: Իսկ խաչի նշանը մեզ այլ բան չի հուշում, քան խաչելությամբ աշխարհի ու մահվան պարտությունը Քրիստոսից:
Եվ պատահական չէ, որ մարդկությունն այն խաչափայտը, որի վրա զոհագործվեց Աստծո որդին, դիտեր որպես հաղթության դուռ, պահեր այն անգամ պատերազմով:
Նախ` ասենք, որ խաչի խորհրդի նշանը եկեղեցում առաջին անգամ բարձրացրել է Տիրոջ եղբայրը՝ Հակոբոսը, Հակոբոս արդարը, որի մասին Խորենացին գրում է. «Սուրբ Կույսին սպասավորում էր Հակոբ արդարը, որ Հովսեփից էր սպասավորելու հանձնարարություն ստացել: Որովհետև Հովսեփի ժամանակ էլ նա նույն հեզն ու արդարն էր, որ ծառայաբար հոգ էր տանում սրբուհու համար, մինչև որ Քրիստոսի կողմից Հովհաննեսին հանձնվեց»: Այս Հակոբոս արդարն էր, որը եղավ Երուսաղեմի առաջին եպիսկոպոսը և «Քո խաչին երկրպագենք...» խոսքով մեծարեց մեր Տիրոջ Խաչի խորհուրդը:
Իսկ Խաչվերացի տոնը վերաբերում է Փրկչի խաչափայտին: Խաչափայտը որոնելու ելավ Հեղինե թագուհին՝ մայրը մեծ հավատացյալ Կոնստանդինոս արքայի: Թագուհին Երուսաղեմում գտավ Հուդա անունով մի հրեայի, որը ցույց տվեց այն տեղը, որտեղ երեք խաչափայտերն էին թաղված: Մեկն էր մեր Փրկչինը, երկուսը երկու ավազակներինն էին: Երեք խաչափայտերից, սակայն, ո՞րն էր մեր Փրկչինը, ինչպե՞ս գտնել այն: Այդ պահին կողքից թաղման փոքրիկ մի թափոր էր անցնում. մահացածը մի երիտասարդ էր: Հեղինե թագուհու հրամանով երիտասարդի աճյունը հերթով դրեցին երեք խաչափայտերին էլ: Եվ երբ մեռելին դրեցին Տիրոջ խաչափայտին, նա հարություն առավ և ոտքի ելավ: Այդպես գտնվեց մեր Տիրոջ խաչափայտը:
Մ. թ. 610-ին, երբ պարսիկները գրավեցին Երուսաղեմը, Փրկչի խաչափայտը որպես ավար տարան իրենց հետ: 627 թվականին Հերակլես կայսրը, հաղթելով պարսիկներին, խաչափայտը հետ վերադարձրեց: Խաչափայտի հետգրավմանը հայերը ևս մասնակցեցին՝ նախարար Մժեժ Գնունու հրամանատարությամբ: Եվ խաչափայտը հետ բերելիս հանգրվանեցին Կարնո լեռներում: Եվ հանգրվանի տեղում, վկայվում է, որ բժշկող մի աղբյուր բխեց: Այդտեղ կառուցվեց եկեղեցի, և այդ տեղն ուխտավայր դարձավ: Խաչափայտը կրկին իր տեղը՝ Երուսաղեմ հասցվեց սեպտեմբեր ամսի տասնչորսին: Եվ ըստ այդմ էլ Խաչվերացի տոնը մայր եկեղեցին տոնում է սեպտեմբերի տասնչորսի ամենամոտ կիրակի օրը:
Մեր ժողովրդի մեջ Խաչվերացը, որ նշանակում է Խաչի վերադարձնելը, հաճախ անվանում են` Սրբխեչ կամ Սուրբ Խաչ։
Ճիշտ է, բոլոր տաղավար տոների հաջորդ օրը, որ Մեռելոց է, մեր հավատացյալ ժողովուրդը գերեզմաններ է այցելում, սակայն հատկապես Խաչվերացի ժամանակ հավատացյալների այցելությունը գերեզմաններ գրեթե համաժողովրդական նվիրյալ շարժ է հիշեցնում: Ասես այս տոնը բուն հայկական տոն լինի, և ամենքիս մեջ նման հարազատություն է առաջացնում: Պատճառը, կարծում եմ, հետևյալն է. Խաչյալի նման ճակատագիր ապրած ազգ լինելով, մենք նախանձախնդիր ենք մեր ննջած մերձավորների այնկողմնային կյանքի համար: Եվ այդ օրն ազգովին առավել ենք աղոթում, որ Քրիստոսի Խաչելության կենդանարար ճառագայթը նրանց էլ լուսավորի Տիրոջ հարության խոստման հույսով:
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3120

Մեկնաբանություններ