Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ

ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ
25.12.2009 | 00:00

Այս թեման այնքան հիմնավոր է և ընդգրկուն, որ ծիծաղելի կլիներ փորձել բացահայտել այն մեկ հոդվածով։ Այնուհանդերձ, միշտ էլ հնարավոր է փորձել պարզեցնել դասական քաղաքականությունը, բարդ թեման ներկայացնել դիպուկ արտահայտությունների բրիտանական հնարքներով, ինչպես, օրինակ. «Չկան մշտական թշնամիներ, կան միայն մշտական շահեր»։
Սկսած 1950-ականներից Մեծ Բրիտանիան գտնվում է համաշխարհային քաղաքականության մեջ իր տեղի ու դերի որոնումներում, փորձելով որոշակիացնել իր առաջնահերթությունները և ռազմավարությունը Եվրոպայում ու այլ տարածաշրջաններում։ Սառը պատերազմի ավարտը հանգեցրեց նույն արդյունքին, ինչ ժամանակին Բրիտանական կայսրության փլուզումը։ Այսինքն` դադարեցին գոյություն ունենալուց արդիական խնդիրները, առաջացավ դեֆիցիտ արտաքին քաղաքական նպատակներին հասնելու համար մեթոդների և հնարքների կիրառման ամբողջական պատկերացման առումով։ Հարկ է նշել, որ ժամանակակից բրիտանական քաղաքական էլիտան շատ կողմերով շփոթվածության մեջ է, քանի որ ավանդական ուղղություններով քաղաքականության իրագործումը դառնում է անհնարին։ Մեծ Բրիտանիան դրա համար չունի ո՛չ տնտեսական, ո՛չ քաղաքական, ո՛չ էլ ռազմական ռեսուրսներ, և իր աշխարհաքաղաքական ու գեոտնտեսական շահերը պաշտպանելու առավել հաճելի կամ ընդունելի ձևը դարձրել է ԱՄՆ-ի հետ սերտ համագործակցությունը։ Երբեմն նույնիսկ հակասելով անվտանգության և նպատակահարմարության մասին բրիտանական ավանդական պատկերացումներին։
Ֆրանսիայի հետ ռազմածովային ոլորտում բազմադարյա մրցակցությունից հետո Մեծ Բրիտանիան հարկադրված էր առաջնությունը զիջել իր հին մրցակցին։ Երկար մտորումներից հետո Լոնդոնը հրաժարվեց ռազմածովային նավատորմի զարգացման հավակնոտ ծրագրերից, նրա ռազմական վերնախավը չգիտի, թե ինչ անի բրիտանական միջուկային զենք ունեցող սուզանավերի և, առհասարակ, միջուկային ուժերի հետ։ Մի շարք միջազգային արդյունաբերական ցուցահանդեսներում կարելի էր նկատել, որ գերմանական ու ֆրանսիական ցուցասրահների հարստագույն ու բազմազան ցուցանմուշների կողքին Մեծ Բրիտանիան ներկայացված է համեստ կրպակներով, որոնք ավելի վայել են երրորդ աշխարհի ոչ մեծ երկրներին։ Մեծ Բրիտանիան վերջին 3-4 տասնամյակներին հետևողականորեն ապաարդյունաբերականացվել է. այսօր ընդհանուր ՀՆԱ-ի մեջ արդյունաբերության բաժինը 7 տոկոս է, ինչը, այսպես թե այնպես, չի կարող չհանգեցնել բրիտանական ֆունտի դիրքերի թուլացմանն աշխարհում։ Երկրի ավանդական արդյունաբերական տարածաշրջանները հայտնվել են խորագույն տնտեսական անկման մեջ, դարձել դոտացիոն ու տնտեսական իմաստով քրոնիկ դեպրեսիվ։ Թեկուզ և Լոնդոնը պահպանում է աշխարհի ֆինանսական կենտրոնի իր դերը, այնուհանդերձ, գնալով ավելի է զիջում Եվրամիության և Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի այլ ֆինանսական կենտրոններին։
Շատ փոփոխություններ են եղել նաև բրիտանական քաղաքական հոգեկերտվածքում։ Բրիտանական հասարակությունը կտրուկ դեպի «ձախ» է թեքվել, ավանդական աջ և պահպանողական շերտերը զգալի չափով ընկալել են ձախ լիբերալ գաղափարներն ու տրամադրությունները։ Մեծ Բրիտանիայում, ինչպես և ԱՄՆ-ում, տեղի են ունենում գաղափարաքաղաքական տրանսֆորմացիա, հրաժարում «արիստոկրատիզմի» ավանդույթներից, էլիտար շրջանակների գիտակցության մեջ ներդրվում են Եվրոպայից և նույնիսկ Լատինական Ամերիկայից ներմուծված տարբեր գաղափարներ։ Այդ միտումներին զուգահեռ թուլանում են անգլիական եկեղեցու և, առհասարակ, բողոքական բարոյականության դիրքերը, ուժեղանում կաթոլիկականությունը։ Դա կարելի է համարել իբրև պատասխան բազմաթիվ սոցիալական ու քաղաքական մարտահրավերներին։ Գտնվելով որոշակի եվրոպական պարադիգմի շրջանակներում, ուր առաջատար գաղափարախոսական տարրերը ֆրանսիական ու գերմանական էկզիստենցիալիզմի և նույնիսկ տրոցկիզմի խառնուրդ են, բրիտանացիները, որոշակիորեն բարդույթավորվելով, փորձում են կողմ քաշվել Եվրոպայում ընդունված գաղափարաքաղաքական բանավեճից։ Չի կարելի պնդել, թե նրանք ընդհանրապես կորցրել են ինքնապահպանման զգացողությունը և դիմել կապիտուլյացիայի եվրոպական էքսպանսիայի առջև։ Բրիտանացիները վերջին ճիգով դիմադրում են` չցանկանալով եվրոպական սահմանադրության ընդունումը, ՆԱՏՕ-ի թուլացումը և դրանց արդյունքում տարաբաժանումն ԱՄՆ-ից։ Բրիտանական քաղաքականության կարևոր ուղղությունն է Եվրոպայի զինված ուժերի, այսինքն` Եվրոպական արագ արձագանքման կորպուսի զարգացումը կանխելը, որը Ֆրանսիան ու Գերմանիան նախագծել են իբրև ՆԱՏՕ-ի այլընտրանք։ Բրիտանական դիրքորոշումը եվրոպական զինված ուժերի հետ կապված ԱՄՆ-ի քաղաքականությանն աջակցելն է։ Որովհետև Վաշինգտոնը թեկուզ առերես ողջունել է այդ նախաձեռնությունը, սակայն իրականում շարունակում է դիմադրել այդ նախագծին` մշտական «մշակման» ենթարկելով տարբեր եվրոպական պետությունների։
Թոնի Բլերի քաղաքականությունն ուղղված էր ոչ միայն Լոնդոնի ու Վաշինգտոնի ռազմավարական համագործակցության խորացմանը, այլև բրիտանական շահերի իրագործմանը Եվրասիայում, Ասիական-Խաղաղօվկիանոսյան և Մերձավոր Արևելքի տարածաշրջաններում։ Թոնի Բլերը, լինելով փայլուն վերլուծաբան և քաղաքական ծրագրավորող, հասկանում էր, որ Ջորջ Բուշի քաղաքականությունը Մեծ Բրիտանիայի համար շանս է Ֆրանսիայի ու Գերմանիայի հետ նույն շարքում չհայտնվելու, այսինքն` մոտ հեռանկարում Եվրամիությունից կախվածության մեջ չընկնելու առումով։ Լեյբորիստական կուսակցությունը ներկայացնող Անգլիայի այս վարչապետը դիմում էր մեծ ռիսկի, հասկանալով, թե որքան խոցելի է ԱՄՆ-ի քաղաքականությունն այդ պատմական փուլում։ 1965-ից հետո, երբ Հարոլդ Վիլսոնը հայտարարեց, թե Մեծ Բրիտանիան հանում է իր վրայից պատասխանատվությունը Պարսից ծոցում ու Մերձավոր Արևելքում, Լոնդոնն աստիճանաբար, բայց անշեղորեն կորցրել է իր դիրքերը տարածաշրջանների մեծ մասում։ Գտնվելով արդյունաբերական երկրի կարգավիճակը վերջնականապես կորցնելու վտանգի առջև, Մեծ Բրիտանիան կարող է իր տնտեսական դիրքերը պահպանել միայն տիրապետելով ունիվերսալ ու մեծ պահանջարկ ունեցող հանքահումքային ու էներգետիկ ռեսուրսների ձեռքբերման հուսալի հնարավորությունների։ Այդ ռեսուրսների վերահսկողությունը, ներառյալ թանկարժեք, գունավոր, լեգիրացնող մետաղները, հազվագյուտ և ռադիոակտիվ տարրերը, նավթն ու գազը, թույլ կտան Մեծ Բրիտանիային ստանալ գերշահույթներ ֆինանսական և տնտեսական խոր ճգնաժամի պայմաններում։ Իսկ այդ խնդրի լուծումը, առանց ԱՄՆ-ի հետ համագործակցության, անհնարին է։ Մերձավոր Արևելքի, Հարավային ու Կենտրոնական Ասիայի, Լատինական Ամերիկայի պետությունների բացարձակ մեծամասնությունն ուղղակի անտեսում է Բրիտանիայի շահերը, նախընտրելով ավելի դինամիկ գործընկերներին։ Համաշխարհային տնտեսական ճգնաժամն անգլո-սաքսոնական լիբերալ-տնտեսական մոդելի փլուզման սկիզբը դարձավ, թեպետ Մեծ Բրիտանիան այն առաջ էր մղել տասնամյակներ շարունակ։ Գորդոն Բրաունի ներկա կառավարությունը հայտնվել է շատ բարդ իրավիճակում, բայց, բրիտանական «Economist»-ի պնդմամբ, երկրում գոյություն չունի ոչ մի այլ քաղաքական խմբավորում, որն ընդունակ լիներ իր վրա վերցնելու առաջացած խնդիրների լուծումը։
Այնուհանդերձ, Մեծ Բրիտանիան խորհրդային համակարգի փլուզումից հետո Արևելյան Եվրոպայում և Եվրասիայում էքսպանսիայի իրագործման նոր փորձ ձեռք բերեց։ Անշուշտ, գլխավոր նպատակներն այդպես էլ չիրագործվեցին Ռուսաստանի էական դիմադրության պատճառով։ Միաժամանակ Մեծ Բրիտանիան չկարողացավ լուծել ավելի կարևոր խնդիրը` թույլ չտալ բացառապես Գերմանիայի տնտեսական ազդեցության գոտու ստեղծումը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում։ Քիչ թե շատ հաջողությամբ իրագործվեցին Մեծ Բրիտանիայի «բալթյան», «ուկրաինական» և «կովկասյան» նախագծերը, որոնք նպատակ ունեին Ռուսաստանին սկզբունքային զիջումներ պարտադրել և ապահովել եվրասիական ռեսուրսների հասանելիությունը Մեծ Բրիտանիայի համար։ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան բաց թողեցին պատմականորեն թանկ ժամանակահատվածը, երբ Ռուսաստանը փորձում էր վերականգնել իր քաղաքական և աշխարհաքաղաքական դիրքերը։ Սակայն, այնուհանդերձ, հասցրին ամրանալ Եվրասիայում և այժմ վերահսկում են Կովկասյան-Կասպիական-Կենտրոնասիական լայն տարածաշրջանի նավթի ու գազի ռեսուրսների մեծ մասը։ Արևելաեվրոպական և եվրասիական ուղղությունները հետագա տասնամյակներում էլ առաջնային կմնան բրիտանական արտաքին քաղաքականության մեջ։
Ամերիկյան և հատկապես բրիտանական քաղաքականության տապալումը Մերձավոր Արևելքում իրաքյան պատերազմի հետևանքով իրականում միամտացված քաղաքական շրջանակների ու մեկնաբանների պատրանքներն են։ Իրաքյան պատերազմը շարունակությունն էր իրանա-իրաքյան պատերազմի և «Փոթորիկ անապատում» օպերացիայի, ու միայն այդ համատեքստում պետք է դիտարկել այն։ Այդ պատերազմների արդյունքում ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան ձեռք բերեցին առայժմ գերակա վերահսկողություն Իրաքի նավթային ռեսուրսների վրա, ինչն էլ պատերազմի գլխավոր նպատակն էր։ Իրաքյան «նավթային տակառը», որը, ի դեպ, չեն շտապում դատարկել, դառնալու է համաշխարհային շուկա նավթի հուսալի մատակարարման երաշխիքը դեռևս երկար տասնամյակներ։ Սակայն նավթի «ռեզերվների» ապահովման խնդիրներով չեն սահմանափակվում ամերիկյան ու բրիտանական նպատակները, ըստ էության, Մերձավոր Արևելքում հաստատված է նոր կարգ և տարածաշրջանի երկրների բացարձակ մեծամասնությունն արդեն ենթակայացված է անգլո-սաքսոնական բլոկին։ Ըստ էության, ոչ միայն Իրաքը, այլև ամբողջ տարածաշրջանն է «օկուպացված» ամերիկացիների ու բրիտանացիների կողմից։
Բրիտանիան վաղուց ունի մեկ այլ ցանկալի նպատակ` Իրանի ներգրավումն իր ռազմավարական խնդիրների շրջանակում։ Հույս չունենալով արաբական աշխարհում, Թուրքիայում ու Պակիստանում իր դիրքերի ուժեղացման, Լոնդոնը փորձում է «ձիով քայլ» կատարել և Իրանի միջոցով ապահովել իր համար երկարաժամկետ ազդեցություն մի շարք տարածաշրջաններում, ամենից առաջ Կասպից ծովի ավազանում, Կովկասում ու Կենտրոնական Ասիայում։ 1990-ականների և 2000-ականների սահմանագծին շատ բրիտանական քաղաքական գործիչներ ու ծրագրավորողներ կասկած չունեին, որ արագ հաջողության կհասնեն իրանական ուղղությամբ։ Հաշվարկը ելնում էր Իրանի բարդ դրությունից և որ նրա ղեկավարությանն անհրաժեշտ կլինի հարաբերությունների վերականգնման ուղիներ փնտրել ԱՄՆ-ի ու Եվրոպայի հետ, ու այդ ժամանակ Բրիտանիան կարող էր հանդես գալ իբրև միջնորդ։ Այժմ, երբ արևմտյան ԶԼՄ-ները տիրաժավորում են Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի խոսքերը, թե Մեծ Բրիտանիան հենց սատանան է, չհիշատակելով ԱՄՆ-ին, հարկ է, թերևս, հիշել հանգուցյալ Իմամ Խոմեյնիի հայտնի արտահայտությունը. «ԱՄՆ-ն մեծ շեյթանն է, ԽՍՀՄ-ը` փոքր շեյթանը, բայց Անգլիան ավելի վատն է, քան մյուս երկուսը»։ Իրանը, իսկապես, պինդ ընկույզ դուրս եկավ, սակայն հազիվ թե Լոնդոնում հրաժարվել են իրանական ռեժիմն ապամոնտաժելու իրենց ծրագրերից և, իհարկե, իրանական ուղղությունը միշտ առաջնայիններից մեկը կլինի բրիտանական արտաքին քաղաքականության մեջ։
Մեկ այլ կարևոր ուղղություն է Թուրքիան, և բացառված չէ, որ բրիտանացիները որոշակի դերակատարություն են ունեցել Թուրքիայի հետ հարաբերությունները «վերականգնելու» Բարաք Օբամայի փորձերում։ Չնայած ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի` Թուրքիան կրկին վերահսկողության տակ վերցնելու ակնհայտ ձգտմանը, ինչն արտահայտվում է նաև Թուրքիային զսպելու համար համակարգային սահմանափակումներ ստեղծելու քայլերով, այդ պետությունը միաժամանակ բրիտանացիների կողմից միշտ դիտարկվել է իբրև ռուսական էքսպանսիան զսպելու հակակշիռ և ռուսական հավակնություններն այդ կարևոր տարածաշրջանում զսպելու լծակ։ Դատելով բրիտանական քաղաքագետների հրապարակումներից, Լոնդոնում այնքան էլ չեն հասկանում, թե ինչպիսի հնարքներ ու մոտեցումներ կարելի է կիրառել Թուրքիայի նկատմամբ։ Բրիտանական քաղաքագետները չեն թաքցնում, որ բախվել են թուրքական նոր էլիտայի հետ, որը դարձել է նոր մարտահրավերների աղբյուր։ Բրիտանական քաղաքականության անցյալի փորձն ակնհայտորեն անբավարար է ժամանակակից Թուրքիայի նկատմամբ արդյունավետ քաղաքականություն վարելու համար։ Բրիտանացիներին մտահոգում է ռուս-գերմանական դաշինքի ստեղծմանը զուգահեռ ռուս-թուրքական հավանական դաշինքի ձևավորումը։ Բրիտանական փորձագետների գնահատմամբ, այդ երկու դաշինքներն էլ առայժմ վիրտուալ են և հեռու իրական բովանդակությունից։ Բայց Լոնդոնում քնած չեն և պատրաստ են ամենաանսպասելի շրջադարձերի ու մարտահրավերների։ Կան ոչ քիչ նախանշաններ, որ չնայած Մեծ Բրիտանիայի շահագրգռվածությանը ռուս-թուրքական էներգետիկ ծրագրերի տապալման առումով, բրիտանացիներն ամեն կերպ տորպեդահարում են նաև բոլոր այն էներգետիկ նախագծերը, որոնք պայմանավորված են Թուրքիայի դերի մեծացմամբ, իբրև նավթի ու գազի տարանցման երկրի։
Մեծ Բրիտանիան ակտիվորեն ներգրավված է Չինաստանին զսպելու ամերիկյան ռազմավարության մեջ։ Ընդ որում, ոչ միայն տարածաշրջանային ուղղություններով, այլև ֆունկցիոնալ իմաստով` տնտեսական ու ֆինանսական ոլորտներում։ Հոնկոնգը Չինաստանին հանձնելուց հետո բրիտանացիների ձեռքերն ազատվեցին, և նրանք ձգտում են բազմաթիվ խնդիրներ ստեղծել Պեկինի համար։ Լոնդոնում հատուկ ուշադրություն է դարձվում Չինաստանում սեպարատիզմի զարգացմանը։ Մեծ Բրիտանիան ակնհայտ ազդեցություն ունի Թայվանի քաղաքական ու տնտեսական էլիտայի վրա և աջակցում է անջատական շարժմանը Տիբեթում։ Լոնդոնում մեծ հետաքրքրություն են տածում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) նկատմամբ, որովհետև եթե այս դաշինքը հաջող զարգանա, օվկիանոսյան տերությունները կկորցնեն Եվրասիայում իրենց ներկայության ամրապնդման շանսերը։ ՇՀԿ-ի հետ կապված բրիտանացիները որոշակի քաղաքականություն են վարում կենտրոնասիական պետությունների ու Պակիստանի հետ, աշխատելով ՇՀԿ-ին հակադրել այլ շահեր ու ռազմավարություն։ Միևնույն ժամանակ Մեծ Բրիտանիայի բոլոր ջանքերը Չինաստանի ուղղությամբ նույնիսկ հարյուրերորդական մասը չեն այն քայլերի, որ ձեռնարկում է ԱՄՆ-ը։ Ներկայումս բրիտանական քաղաքական գործիչներն ու դիվանագետները մանրամասն ծրագրեր են մշակում ԱՄՆ-ի հետ Աֆրիկայի նոր «յուրացման» ուղղությամբ։ Ամերիկացիների ու բրիտանացիների մտայնությամբ` Աֆրիկան գործնականում վերջին հումքային և էներգառեսուրսների շտեմարանն է, որ պետք է ապահովի արևմտյան հանրությանը անհրաժեշտ հումքով 21-րդ դարում։ Չինաստանն ու Ռուսաստանն արդեն իսկ սկսել են իրենց նախագծերի իրագործումը Աֆրիկայի «յուրացման» ուղղությամբ և չեն պատրաստվում որևէ մեկին զիջել իրենց դիրքերը։ Ակտիվ է հատկապես Չինաստանը, և ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի հակաչինական ռազմավարությունն ամենից առաջ ընդգծվում է Աֆրիկայում։
Բրիտանական շահերի հաջորդ ոլորտն Արկտիկան է։ Եվ թեկուզ բրիտանական ջանքերն այս ուղղությամբ անմիջականորեն ընդգծված չեն, միանգամայն պարզ է, որ Կանադայի կողմից դրսևորվող հավակնությունների թիկունքում բրիտանական քաղաքականությունն է։ Արկտիկայի ռեսուրսների համար պայքարում Կանադան, հավանաբար, դիտարկվում է որպես հիմնական մասնակից Բրիտանական Համագործակցության երկրների կողմից։ Ընդհանուր առմամբ կարելի է նշել, որ Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ի հետ որոշ համատեղ նախագծերին հարկադրված է մասնակցում, հուսալով դրանով ամրապնդել Վաշինգտոնի հետ համագործակցությունն ընդհանուր առմամբ։ Բայց ինչպես նախկինում, բրիտանացիների գլխավոր փաստարկը ամերիկացիներին համոզելու գործում Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայության հնարավորություններն են։ Օրինակ, Իրանի միջուկային ծրագրի կապակցությամբ հենց բրիտանական արտաքին հետախուզական ծառայությունը համոզեց ԱՄՆ-ին, որ Իրանը դեռևս հեռու է միջուկային զենքի ստեղծումից։ 2008-ին Ջորջ Բուշի հայտնի հայտարարությունն այդ թեմայով արդյունք էր բրիտանական հետախուզության մատուցած ծառայության։
Հարկավոր է արժանին մատուցել բրիտանական քաղաքականությանը, որը պատրաստ է ընդունելու նոր մարտահրավերները, համարժեք արձագանքելու սպառնալիքներին, որոնք ի հայտ են գալիս Եվրոպայում և աշխարհում Մեծ Բրիտանիայի ազդեցության թուլացման առումով։ Որքան էլ էքսպանսիվ ծրագրեր լինեն Մեծ Բրիտանիայում, հատկապես մի շարք տարածաշրջանների ուղղությամբ, նրա արտաքին քաղաքականությունը, ի վերջո, դառնում է կարևոր հակակշիռ այլ տերությունների քաղաքականությանը, այդպիսով հավասարակշռում իրավիճակը և հնարավորություն տալիս փոքր տարածաշրջաններին ու պետություններին քիչ թե շատ ինքնուրույն որոշումներ կայացնելու իրենց արտաքին քաղաքականության մեջ։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1458

Մեկնաբանություններ