Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՍՈՒՆՆԻԱԿԱՆ ԱՍՏՎԱԾԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՍՈՒՆՆԻԱԿԱՆ ԱՍՏՎԱԾԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
18.02.2011 | 00:00

Թվում է` երեք շաբաթ տևած զանգվածային ցույցերի նպատակն իրականություն է դարձել. Հոսնի Մուբարաքը, կամ ինչպես նրան դեռ վերջերս էին անվանում` «Եգիպտական առյուծը», տապալված է, և ամեն ինչ պետք է իր տեղն ընկնի։ Բայց ոչ։ Եվ այսօր ամբողջ տեղի ունեցածը, ինչպես և միջազգային արձագանքը, որ հաճախ խեղկատակության է նմանվում, ավելի շատ հարցեր է առաջադրում, քան պատասխաններ տալիս։ Եվ առայժմ, ամենայն հավանականությամբ, ոչ մեկի համար պարզ չէ, թե այս ամենը, վերջին հաշվով, ինչով կավարտվի Եգիպտոսի, տարածաշրջանի, աշխարհի համար։ Ի դեպ, կան որոշ հանգամանքներ, որոնք լիովին տեղավորվում են տրամաբանության ու օրինաչափության շրջանակներում։ Չհավակնելով բացարձակ ճշմարտության, այդուամենայնիվ, կցանկանայինք փորձել գլուխ հանել այն դասերից, որոնք մարդկությանն արդեն մատուցել է եգիպտական հեղափոխությունը։ Եվ դրանք, կարծում եմ, պետք է յուրացնել։
ԴԱՍ ԱՌԱՋԻՆ։ Այսօր ակնհայտ է դառնում այն փաստը, որ «համընդհանուր ժողովրդավարության» գաղափարը պակաս ուտոպիական չէ, քան ամբողջ մոլորակում կոմունիզմի հաղթանակի գաղափարը։ Ճիշտ է, եթե վերջինը ջանում էին իրացնել «կրեմլյան երազողները», իսկ նրա հեղափոխությունն անցած դարասկզբին ֆինանսավորում էին գերմանական գլխավոր շտաբի ստրատեգները, ապա այսօր նոր պատրանքներ են գրգռում «Վաշինգտոնի երազողների» ուղեղները։ Իսկ «համաշխարհային հեղափոխության» համար փողերը հոսում են «համընդհանուր մեկենասի»` Ջորջ Սորոսի ֆոնդերից։ Ընդ որում, այս բոլոր վայ-ստրատեգներին, կարծես, ամենևին չի հուզում, որ «ժողովրդավարությունը»` ժողովրդի իշխանությունը, տարբեր երկրներում և տարբեր մշակույթներում միանգամայն տարբեր կերպ է ընկալվում։ Այսպես, արդեն պետք է համաշխարհային վերնախավի անգամ ամենապնդաճակատ ներկայացուցիչներին հասկանալի լիներ, որ ժողովրդավարությունն իսլամական երկրներում ամենևին էլ ժողովրդական իշխանություն չէ` եգիպտական նմուշով։ Ավելին, թեև նախագահ Օբամայի մամուլի քարտուղար Ռոբերտ Գիբսը հայտարարել է` «Մենք չպետք է վախենանք ժողովրդավարությունից», միանգամայն հասկանալի է, որ մահմեդական երկրներում ժողովրդական զանգվածների ապստամբությունը սովորաբար վերածվում է «իսլամական ժողովրդավարության» և շարիաթի։ Այնպես որ, թեև ժողովրդավարներն ամերիկյան Կոնգրեսում ուրախությունից շնչահեղձ լինելով պնդում են, թե «Եգիպտոսի ժողովուրդն այդ փառապանծ, խաղաղ հեղափոխությունը նրա համար չի իրականացրել, որ Մուբարաքի դաժան վարչակարգը փոխարինի բռնատիրական կրոնական վարչակարգով և տարածաշրջանային անկայունությամբ», տարածաշրջանի մի շարք լուրջ գիտակներ հասկանում են, թե արևմտյան քաղաքակրթության համար ինչպիսի արմատական բարդություններով է հղի Եգիպտոսում սուննիական աստվածապետության հիմնումը։ Ընդ որում, այդ «պահակախմբի փոփոխությունը» կարող է լինել միանգամայն խաղաղ և օրինական` ազնիվ ու արդարացի ընտրությունների միջոցով, ինչպես արդեն եղել է Գազայում, ինչպես հիմա տեղի է ունենում Լիբանանում։ Այս կապակցությամբ ցանկալի կլիներ կանգ առնել Եգիպտոսի ամենակազմակերպված քաղաքական ուժի` «Մուսուլման եղբայրների» վրա։ Հեղափոխությունը ոչ միայն նրանց դուրս բերեց քաղաքական առաջաբեմ, այլև հնարավորություն տվեց ցույց տալու, որ միայն նրանք են անհանգստանում հասարակ մարդկանց ճակատագրով։ Նրանք էին կազմակերպում սննդի ու ջրի մատակարարումը հանրահավաքների մասնակիցների համար, նրանք էին հետևում մաքրությանն ու կարգուկանոնին։ Նկատենք, որ «եղբայրության» ղեկավարները մեծ մասամբ արդիական կրթություն ստացած մասնագետներ են` ինժեներներ, բժիշկներ, իրավաբաններ, գիտնականներ ու դասախոսներ։ Ի դեպ, կրթվածությունը նրանց չի խանգարում թշնամական վերաբերմունք ունենալու Իսրայելի ու ԱՄՆ-ի նկատմամբ։ Ավելին, նրանք ներկայացուցիչներն են այն մտավորական վերնախավի, որը տարածում է «գիտականորեն հիմնավորված» (ուստի և ստորին խավերում հեշտորեն յուրացվող) ատելությունն Իսրայելի ու հրեաների նկատմամբ։ Իսկ ինչ վերաբերում է շարքային անդամներին, ապա շատերը ներկայացնում են միջին դասակարգը։ «Մուսուլման եղբայրները», այդուամենայնիվ, արդեն հայտարարել են, որ թեկնածու չեն առաջադրելու նախագահական ընտրություններում (պարզ չէ, թե այդ դեպքում ինչպես կվարվի շարժման շարքերում դիրքավորված ՄԱԳԱՏԷ-ի նախկին ղեկավար Մուհամմեդ ալ Բարադեին)։ Բայց, փորձագետների կարծիքով, առաջիկա նախագահական ընտրություններում նրանց հաջողությունն ապահովված է, ընդ որում, մինչև 80 տոկոս արդյունքով։ Այսինքն, ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի այն նախազգուշացումը, թե չպետք է թույլ տալ «եղբայրությանը» վերածվելու «հզոր ուժի», կարող է սոսկ «բարի ցանկություն» մնալ։
ԴԱՍ ԵՐԿՐՈՐԴ։ Թեև շատերն աշխարհում, մասնավորապես իրանական իշխանությունները, ամեն ինչում «ամերիկյան ոտնձգություն են» տեսնում, Եգիպտոսի իրադարձությունները ցույց տվեցին, որ այսօր Սպիտակ տանը ոչ միշտ է հաջողվում ժամանակին ու համարժեք արձագանքել իրադարձություններին։ Դրա վկայությունն է նաև այն, որ Օբամայի վարչակազմը երկար ժամանակ հանդես էր գալիս իրարամերժ հայտարարություններով։ Նախագահ Օբամայի կողմից ցուցարարներին աջակցության հետևում անհայտություն է. ի՞նչ է լինելու հետո։ Ավելին, այդ հեղաշրջումից հետո Միացյալ Նահանգներին ծայրաստիճան անորոշ ու կասկածելի ապագա է սպասում Մերձավոր Արևելքում։ Չէ՞ որ հենց Կահիրեն է, ի դեմս Մուբարաքի, տասնամյակներ ի վեր նրա դաշնակիցը եղել այդ անհանգիստ տարածաշրջանում։ Իսկ հիմա ամենևին պարզ չէ` Օբամայի վարչակազմը նույնպիսի աջակցություն կգտնի՞ նոր (առայժմ անհայտ է, թե ինչպիսի) եգիպտական վարչակազմի կողմից։ ԱՄՆ-ին անհանգստացնում է նաև «դոմինոյի էֆեկտը»։ Չէ՞ որ, եթե վաղ թե ուշ այն տարածվի մերձավորարևելյան պետություններում, այդ թվում` նավթով հարուստ երկրներում, Ամերիկայի համար, ըստ երևույթին, հեշտ չի լինի։ Հենց այդ հանգամանքն է հանգեցրել նրան, որ առանց այն էլ Օբամայի ոչ այնքան ուժեղ դիրքերն է՛լ ավելի են սասանվել։ Ինչպես ցույց է տվել ԱՄՆ-ում անցկացված հարցախույզը, ամերիկացիների 88 տոկոսը կարծում է, որ Վաշինգտոնը պետք է մեծ զգուշություն հանդես բերի մերձավորարևելյան երկրների քաղաքականությանը միջամտելիս։ Մասնավորապես, անվերապահորեն պետք չէ աջակցել արաբական երկրներում ժողովրդավարական վարչակարգերի ստեղծմանը։ Ավելին, հանրապետականների հայտարարություններն էապես տարբերվում են Օբամային ուղղված դեմոկրատների հիացական հայտարարություններից։ Նրանք, մասնավորապես, հույս են հայտնում, որ Եգիպտոսի իրադարձություններն իսլամական հեղափոխություն չեն և նման չեն 1979 թվականին և նույնպես ԱՄՆ-ի մեկ այլ նախագահի` Ջիմի Քարտերի աջակցությամբ (ի դեպ, ամերիկացիների կարծիքով, ԱՄՆ-ի պատմության մեջ վատագույն նախագահի) Իրանում տեղի ունեցած իրադարձություններին։ Վարչակազմի դիրքորոշումից շատ դժգոհ են նաև Իսրայելում։ Թեև պաշտոնական Թել Ավիվն առայժմ զուսպ է իր գնահատականներում, բնակչությունն ու բլոգերները լիակատար ազատություն են տալիս զգացմունքներին և ԱՄՆ-ի նախագահին մեղադրում բոլոր մահացու մեղքերում, որոնցից փոքրագույնը, նրանց կարծիքով, Օբամայի ծագումն է։ Իսկ իսրայելական լրատվամիջոցները շատ նենգորեն նկատում են, որ միայն մեկ ժամ հետո Սպիտակ տան մամուլի քարտուղարն ուղղեց պետության ղեկավարի «վրիպումը» և հիշեցրեց այն, ինչը նեղություն չէր կրել հիշատակել Բարաք Օբաման. «Կարևոր է նաև,- հայտարարեց նա,- որ Եգիպտոսի նոր իշխանությունը հարգի այն համաձայնագրերը, որ ձեռք են բերվել հին իշխանության ու Իսրայելի միջև»։ Ցանկացած դեպքում, շատ փորձագետներ համակարծիք են, որ այսուհետ Ամերիկան չի կարողանա Եգիպտոսին թելադրել իր կամքը, ընդհակառակը, ստիպված կլինի ամեն կերպ սիրաշահել նոր վարչակազմին։ Իսկ եթե տապալվի Աբդալլա թագավորի վարչակազմը Հորդանանում, ապա այնտեղ էլ ԱՄՆ-ի դիրքերն ու Արևմուտքի ազդեցությունը կտրուկ կթուլանան։ Այս իրավիճակում Վաշինգտոնի միակ հույսը կարող է լինել Եգիպտոսի բանակը։ Պատահական չէ, որ քանի դեռ զինվորականները մտորում են այն մասին, թե երբ, ինչպես և ում փոխանցեն Եգիպտոսի կառավարումը, և ինչպիսին պետք է լինի նոր «ժողովրդավարական» վարչակազմը, ԱՄՆ-ի նախագահն սկսել է գովեստներ շռայլել նրանց հասցեին. «Ինչ վերաբերում է եգիպտական բանակին, ապա նա վերջին իրադարձությունների ժամանակ ցույց տվեց, որ կարող է գործել պատասխանատու կերպով»։ Թեև համարվում է, որ ֆելդմարշալ Հուսեյն Տանտաուին` զինված ուժերի գլխավոր հրամանատարը, պաշտպանության ու պաշտպանական արդյունաբերության նախարարն ու պատերազմների մասնակիցը, առանձնակի սեր չի տածում ո՛չ Իսրայելի, ո՛չ ԱՄՆ-ի նկատմամբ։ Այդ է վկայում նաև այն փաստը, որ տարածաշրջան այցելող ԱՄՆ-ի բանակի գլխավոր հրամանատար, ծովակալ Մուլլենը չի ծրագրում լինել Եգիպտոսում, որին ԱՄՆ-ը տարեկան 1,3 մլրդ դոլարի ռազմական օգնություն է ցուցաբերում, այլ ուղիղ մեկնում է Հորդանան` Աբդալլա թագավորի մոտ։
ԴԱՍ ԵՐՐՈՐԴ։ Եգիպտական փորձը մեկ անգամ ևս հաստատեց այն հին ճշմարտությունը, որ մահմեդական երկրներում իրադարձությունների ընթացքը կանխորոշում է բանակը։ Այն թևավոր խոսքը, թե «Արևելքում պետությունները գոյություն ունեն զինվորականների համար», լիովին հաստատվեց Կահիրեում։ Մի շարք, այդ թվում` արաբ փորձագետների ու քաղաքագետների հետևելով, չենք պնդի, թե Եգիպտոսում «խռովություն», «զինվորական հեղաշրջում» է տեղի ունեցել։ Առավել ևս, որ այս պահին երկրի առաջին դեմքը` Ժամանակավոր խորհրդի ղեկավար ֆելդմարշալ Տանտաուին, հայտարարել է, թե բանակն իր առջև նպատակ չի դնում իշխանությունն ավելի երկար պահելու, քան պահանջում է անցումային ժամանակահատվածը` երկրում կարգ ու կանոն հաստատելու և ժողովրդավարական հաստատություններ կազմավորելու համար։ Նշենք նաև, որ բանակը, իհարկե, կառավարություն չէ, իսկ ժամանակավոր խորհուրդը չի կարող արդյունավետ կառավարել երկիրը։ ՈՒ թեև «կիսով չափ ձերբակալված» նախարարներին առաջարկել են առայժմ շարունակել իրենց աշխատանքը, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ երկրի հետագա ուղին կանխորոշելու են գեներալները։ Ընդ որում, արաբական ամենամեծ երկրի խոշորագույն բանակը, որի բյուջեն կազմում է ՀՆԱ-ի 3,4 տոկոսը, նաև ամերիկյան ռազմական օգնության խոշորագույն հասցեատերերից մեկն է։ 2007-ին Վաշինգտոնը հաստատեց տասը տարվա համար նախատեսված ռազմական օգնության 13-միլիարդանոց ծրարը։ Եվ պատահական չէ, որ եգիպտացի զինվորականների բարոյական վիճակը լավ է, քանի որ նրանց կենսամակարդակը շատ ավելի բարձր է, քան ամբողջ Եգիպտոսի բնակչությանը։ Իսկ ամենաօրհասական պահին միայն հեղափոխությանը բանակի մասնակցության առնչությամբ կարելի է եզրակացնել, որ իրատեսությունը խորթ չէ և նրանց։
ՄԵԿ ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ ԵՎՍ։ Եգիպտոսը մեկ անգամ ևս հաստատեց, որ հեղափոխությունը, մեծ հաշվով, «խաժամուժի տոն է»։ Ինչպես հեղափոխական Փարիզում էին ավերում ու թալանում պալատները, ինչպես Ձմեռային պալատում էին «կարմիր» նավաստիներն անգին սկահակներն օգտագործում որպես զուգարանի կոնքեր, այդպես էլ Կահիրեում կորուստներ եղան, ընդ որում` համաշխարհային մակարդակի։ Օրերս Եգիպտոսի հնագիտության նախարար Զահի Հավասը հրապարակել է համաշխարհային նշանակության այն հուշարձանների ցանկը, որոնք, այնուամենայնիվ, Կահիրեի թանգարանից գողացել են անկարգությունների ընթացքում։ Կորուստների մեջ են հին եգիպտական արվեստի գլուխգործոցներ, որոնք ոչ միայն տեղ են գտել նշանավոր հավաքածուի ամենահայտնի ցուցանմուշների ֆոնդում, այլև քաջ հայտնի են բոլոր նրանց, ովքեր հետաքրքրվում են հին քաղաքակրթությամբ։ Նախ և առաջ, խոսքը Արքաների հովտում Թութանհամոն փարավոնի դամբարանի հուշարձանների նշանակալի կորուստների մասին է (փշրվել են, փչացվել, գողացվել)։ Ավելին, հեղափոխական զանգվածները, անմիտ ու կույր ատելությամբ, սև հովազին հեծած Թութանհամոնի արձանիկով պարզապես ջարդուփշուր են արել թանգարանի ցուցափեղկերը։ Այնպես որ, ժամանակն ու աշխարհագրությունը քիչ բան են փոխում ամբոխի ու դիակապտիչների հոգեբանության մեջ։
Վերջում ուզում եմ հիշատակել Վիկտոր Հյուգոյի խոսքերը. «Հեղափոխությունը տեղի է ունենում աղքատության հետևանքով, բայց հանգեցնում է է՛լ ավելի մեծ աղքատության»։ Ցավով եզրակացնենք, որ Եգիպտոսի 80-միլիոնանոց բնակչությունն ու ամեն տարի ծնվող երկու միլիոն երեխաները բացառություն չեն լինի։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1057

Մեկնաբանություններ