Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«ՖՐՈՒՆԶԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՁԻ ՇՈՒՐՋ ԿԱՆ ՁևԱՎՈՐՎԱԾ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐ, ՈՐՈՆՔ ՈՉ ՄԻ ԸՆԴՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ ՆՐԱ ԿԵՐՊԱՐԻ ՀԵՏ»

«ՖՐՈՒՆԶԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՁԻ ՇՈՒՐՋ ԿԱՆ ՁևԱՎՈՐՎԱԾ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐ, ՈՐՈՆՔ ՈՉ ՄԻ ԸՆԴՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ ՆՐԱ ԿԵՐՊԱՐԻ ՀԵՏ»
30.03.2012 | 00:00

«Լավ կոշիկ կկարեի, թե թատրոնի չափ սիրեի, լավ գյուտեր կհորինեի, թե թատրոնի չափ սիրեի, մսագործ էլ որ լինեի, ատաղձագործ էլ որ լինեի, հանցագործ էլ որ լինեի, պոեմներ կհորինեի, թատրոնի չափ թե սիրեի»:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ այս տողերով է սկսվում ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՊԻԿՅԱՆԻ և ՇՈՒՇԱՆԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԻ «Է՜ն ուրիշ Ֆրունզիկը» վավերագրական ֆիլմը: Վերջերս կայացած «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի և Webtv.am ինտերնետ հեռուստատեսության «WebԾիրան» համահայկական օնլայն կինոփառատոնում այն արժանացավ խրախուսական մրցանակի:
«Ֆիլմի հիմնական ասելիքը Ֆրունզիկ Մկրտչյանի խոսքն է` վերծանված տարբեր ժամանակներում և տարբեր առիթներով արված հարցազրույցներից, տպագիր նյութերից և եզակի ձայնագրություններից»,- ասում է Շուշանիկ Սահակյանը:
Ֆիլմի պատրաստման աշխատանքներն սկսվել են դեռևս 2010-ին: Ստեղծվել է 40-րոպեանոց ֆիլմ-էսսե, որը Մհեր Մկրտչյանի 80-ամյակի տարում ցուցադրվել է նրա հայրենի քաղաքում` Գյումրիում, «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում, այնուհետև Ստեփանակերտում: Վերամոնտաժման արդյունքում ստացվել է նոր, 50-րոպեանոց ֆիլմ:


-«Էն ուրիշ Ֆրունզիկը» հակակշիռն է Մհեր Մկրտչյանի մասին պատմող` ռուսական հեռուստատեսությամբ ցուցադրված ֆիլմի, որտեղ մեծ արտիստը ներկայացված էր իբրև դժբախտ տղամարդ, ձախողված ամուսին և հայր: Չեմ կարծում, թե սա մեծ արտիստին անդրադառնալու միակ շարժառիթն է, բայց, հավանաբար, կա նման շեշտադրում:
ՇՈՒՇԱՆԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ- Այո, մենք համաձայն չենք այդ մոտեցմանը: Ընտանեկան դժբախտությունները փորփրելը արտիստին ներկայացնելու լավագույն ձևը չէ: Արվեստագետին պետք է ներկայացնել ու մեծարել բացառապես իր ստեղծած արժեքներով: Ընդհանրապես, ըստ իս, Ֆրունզիկ Մկրտչյանի անձի շուրջ կան ձևավորված կարծրատիպեր, որոնք ոչ մի ընդհանրություն չունեն նրա կերպարի հետ: Ես այդ համոզմունքին հանգել եմ նրա ձայնագրությունները և տպագիր մեծ արխիվն ուսումնասիրելուց հետո: Ֆրունզիկ Մկրտչյանին պետք է ներկայացնել իրենով` իր խելոք դատողություններով, դերի պատրաստման իր կերպը ներկայացնելու ինքնատիպ մոտեցմամբ: Մենք միտումնավոր շրջանցել ենք արտիստի անձնական կյանքի մանրամասները` գերադասելով ներկայացնել բացառապես նրա բեմական ու մարդկային որակները, քանզի Ֆրունզիկ Մկրտչյանն իր մտերիմների հետ, ընկերական շրջապատում չի սիրել խոսել ընտանեկան խնդիրներից, նույնիսկ ուղիղ տրված հարցին խուսափողական պատասխան է տվել և կատակով շրջանցել: Եթե նա չի ցանկացել այդ թեման արծարծել, իրավունք ունե՞նք մենք այսօր, իրենից հետո խոսելու այդ մասին: Դա բարոյական չէ, իմ կարծիքով: Այսինքն, մենք մեր ֆիլմը կառուցել ենք այնպես, որ իր սրտով լինի:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՊԻԿՅԱՆ- Մենք ներկայացնում ենք խելացի, դատող, մտածող արտիստին` հեռու մնալով նրա կենցաղի մանրամասներից. դա ճակատագրով իրեն բաժին հասածի ա՛յն մասն էր, որ ինքն էլ երբևէ չէր բարձրաձայնում` լռությամբ կրում էր որպես իր բաժին խաչ: Մենք ուզել ենք սերունդներին ներկայացնել ա՛յն Մհեր Մկրտչյանին, ով ոչ միայն կատարյալ կերպավորեց իր հերոսներին, այլև իր բանավոր զրույցներում դերի պատրաստման իր անկրկնելի կերպը ներկայացրեց: Եթե ծիծաղ է` տեղը տեղին հումոր է ու սրամիտ պատմություն, եթե լուրջ ասելիք է` իմաստուն դատողությունների անսպառ հորդացում է, որ խրատական է, մտապահելի ու սերտելի: Եվ ներկայանում է խորագետ, իմաստասեր արտիստը: Երիտասարդ սերունդը նրան պիտի ճանաչի ա՛յս կերպարով, որովհետև շատ քիչ է նրան ճանաչել` միայն նրա ֆիլմերը դիտելով:
-Ինքը` Ֆրուզիկ Մկրտչյանը խոստովանում է, որ չկա կոմիկ դերասան, դա միայն մի կողմն է մարդու, մարդը թախիծ ունի, բովանդակություն ունի: Ինչպիսի՞ն է ձեր բացահայտած «էն ուրիշ Ֆրունզիկը»:
ՇՈՒՇԱՆԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ- Մեր պատկերացմամբ` Ֆրունզիկն ամենևին կատակերգու չէր, նա մեծ ողբերգակ էր: Մինչև իսկ կատակերգական իրավիճակներում նա խաղում էր ողբերգություն: Դա Ֆրունզիկի կյանքն էր, այն, ինչ ինքն անում էր` դա ինքն էր, իր էությունն էր, և այս ֆիլմում ուզել ենք դա ընդգծել: Իր մասնակցությամբ ֆիլմերից հատվածներն ընտրելիս ջանացել ենք Ֆրունզիկ Մկրտչյան արտիստին ներկայացնել և՛ որպես կոմիկ դերասան, և՛ որպես տրագիկ դերասան, քանի որ երկուսն էլ հավասարապես հոգեհարազատ էին իրեն, և երկու դեպքում էլ նրա կերպարները ստացվում էին համոզիչ, տիպական, հյութեղ ու կատարյալ: Նա խորապես գիտակցում էր դերասանի երկվությունը, ասում էր` թերություն է, երբ մեկը միայն կոմիկ է, նման բան չկա, ինչպես չկա տրագիկ դերասան: Մեծ կարևորություն ենք տվել և հատկապես շեշտել ենք դերի պատրաստման նրա կերպը, որը համարում ենք արտիստի հաջողությունների բանալին: Իմ պատկերացմամբ` Ֆրունզիկ Մկրտչյան արտիստն իր կենդանության օրոք չկարողացավ սպառել այն, ինչն ուներ, ինչն ուզում էր և կարող էր: Այս ֆիլմով, որն իր մենախոսությունն է, Ֆրունզիկը շարունակում է սպառել իր ներսում կուտակվածը: Այսպիսով փորձել ենք բացել նրա բազմաշերտ տաղանդի ծալքերը, նրա ներքին երկվությունը, փորձել ենք էկրանին պահ տալ էն Ֆրունզիկ Մկրտչյանին, որ փիլիսոփայության, մտածողության մեկ ուրիշ ֆորմուլա ունի: Օգտագործելով իր լուսանկարը որպես լայտմոտիվ` փորձել ենք լուսանկարի վրա իր մտքերը ներկայացնել` նպատակ ունենալով բացել Ֆրունզիկ Մկրտչյան անհատին:
-Ֆիլմում կա՞ն նյութեր, ձայնագրություններ, որոնք երբևէ չեն շրջանառվել կամ քիչ են հայտնի հանրությանը:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՊԻԿՅԱՆ- Մհեր Մկրտչյանի մասին, այսպես ասած, կենդանի կադրեր, ի տարբերություն ռուսական կինոաստղերի, կենդանության օրոք շատ քիչ են նկարահանվել: Մենք կադրերի պակաս ունեինք և աշխատել ենք ֆիլմը կառուցել իր բանավոր խոսքի վրա, իսկ այն կատարյալ է և հայտնի չէ ոչ միայն նոր սերնդին, այլև իր ժամանակակիցներին: Մեր ֆիլմի ամենամեծ արժանիքը նրա բանավոր խոսքը փրկելն է: Չեք պատկերացնում, թե ի՜նչ հաճույք է` լսել, գրառել ու վերստին ընթերցել նրա կենդանի խոսքը, խոսք ու դատողություն, որ իբրև դասախոսություն կարող է ծառայել ցանկացած բուհի ուսանողների համար: Շուշանիկը ճիշտ նկատեց. այս ֆիլմում Մհեր Մկրտչյանն ինքն իրենով է ներկայացվել, մեր միջամտությունը համարյա չկա:
-Ստեղծագործական ճանապարհին ի՞նչն էր ամենադժվարը:
ՇՈՒՇԱՆԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ- Ստեղծագործական պրպտումների մեջ ամենադժվարն իրեն հասկանալն էր: Զրուցել ենք նրա ժամանակակիցների, մտերիմ ընկերների, հարազատների հետ, փորձել ենք ամբողջացնել, հասկանալ նրա կերպարը, նրա փիլիսոփայությունը, նոր միայն համարձակություն ենք ունեցել ներկայացնելու հանրությանը:
-Ինչպես ֆիլմում է ասվում` արվեստը զվարճություն չէ, և մեծ դերասանին վիրավորում է այն, երբ առանց իմաստի ծիծաղում են: Կարծես խոսքը մեր օրերի մասին լինի: Նման արտիստների պակասը չէ՞, որ մենք այսօր հեռուստատեսությամբ ունենք այն, ինչ ունենք` անիմաստ ծիծաղ, զվարճանք ու նույնքան անիմաստ լացուկոծ:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՊԻԿՅԱՆ- Գոնե ես որոշ դատարկություն եմ զգում։ Այն բացը, որ մնաց Մհեր Մկրտչյանից, Խորեն Աբրահամյանից, ինչու չէ, նաև` հիմա բեմում համարյա չերևացող Սոս Սարգսյանից հետո, դեռ չի լրացված: Ֆիլմում մի դրվագ կա, որտեղ Մհեր Մկրտչյանը ներկայացնում է, թե ինչ ճանապարհ է անցնում դերը պատրաստելիս։ Սա, կրկնում եմ, կատարյալ դասախոսություն է նրանց համար, ովքեր ընտրում են դերասանի մասնագիտությունը: Մենք առաջարկել ենք որոշ բուհերի ղեկավարներին գոնե այդ կտորը ներկայացնել, սակայն ոչ մի արձագանք չի եղել նրանցից: Ինչպե՞ս էր Վահրամ Փափազյանը դերը մեկնաբանում, նույն կերպ անում է Մհեր Մկրտչյանը` իր փորձով, իր իմպրովիզացիոն կարողություններով: Նման դերասան, ցավոք, գոնե առայժմ չունենք: Չունենք նաև համարժեք վերաբերմունք: Երբ գնահատում ես ունեցածդ, սկսում ես մտածել, որ այդ վակուումը պետք է ինչ-որ կերպ լցնել:
ՇՈՒՇԱՆԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ- Տարածված տեսակետ կա, իբր չի կարելի հումոր անել գրագետ հայերենով, անպայման պետք է փողոցային ժարգոնի խառնուրդ լինի: Իսկ ինչպե՞ս էր Ֆրունզիկը ծիծաղեցնում, երբ նրա խոսքի մեջ ոչ հայերեն բառեր չկային: Ասելիքը պետք է հումոր պարունակի, ոչ թե ասելու ձևը: Որքան լեզուն գրագետ է, մաքուր, այնքան ավելի լսելի է: Հիմա ոչ միայն ասելիք չկա, ասելու ձև էլ չկա, աղավաղված է ամեն ինչ: Այնպես որ, մերօրյա դերասանները դեռ շատ անելիքներ ունեն, թող աշխատեն իրենց վրա:
-Նրա համար թատրոնն աղոթքի տեղ էր: Իսկ ինչի՞ են վերածվել մեր մշակույթը, արվեստը, թատրոնը:
ՇՈՒՇԱՆԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ- Արժեհամակարգն է խաթարված, գնահատման չափանիշներն են փոփոխված, պահանջվածին ուշադրություն դարձնող չկա, մատուցում են այն, ինչ իրենք են հարմար գտնում` առանց հանդիսատեսի հանդեպ դույզն-ինչ պատասխանատվության զգացումի: Իսկ դերասանի վարպետությունը յուրաքանչյուր հանդիսատեսի համար առանձին խաղալն ու նրա արձագանքին ականջալուր լինելն է:
Մհեր Մկրտչյանն իրեն վիրահատող բժիշկ Համլետ Թամազյանին ասում է. «Դուք վիրահատում եք մարդու մարմինը, մենք վիրահատում ենք մարդու հոգին, և, եթե մարդը մեզնից գնում է հոգեպես մի փոքր զգացված, ազնվացած, բարիացած, ուրեմն մենք արել ենք մեր գործը»: Ես շատ կուզեի թատրոնից գնալ հոգեպես մի փոքր զգացված, ազնվացած, բարիացած:
Ցավոք, այսօր մեր երկրում թատրոնը կորցրել է իր երբեմնի խորհուրդը, դադարել է մի վայր լինելուց, ուր արտիստն ու հանդիսատեսը հաղորդվում են, երկուսն էլ նույնն են դառնում: Դրանից ավելի գեղեցիկ բան չկա:
Ֆրունզիկի համար, այո՛, թատրոնն աղոթքի տեղ էր, ինքը որպես սրբավայր էր մտնում թատրոն, ես եղել եմ նրա ներկայացումներին և կարող եմ ասել, որ ամեն անգամ նույն ներկայացման մեջ նա նույն դերը խաղում էր նորովի: Իմպրովիզների միջոցով անընդհատ կատարելագործում էր կերպարը, անցած անգամվա խաղացածն իրեն թվում էր թերի: Այդպիսին պետք է լինի իսկական դերասանը: Չի կարելի անընդհատ նույն բանը նույն կերպ մատուցել ու ձանձրացնել հանդիսատեսին:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՊԻԿՅԱՆ -Այսօր չկա թատրոնի առաջնորդ ասվածը: Նախկինում ասում էին` գնանք Վահրամ Փափազյանի ներկայացումը դիտենք: Մի այսպիսի օրինակ. երկու գյումրեցի խոսում են, մեկն ասում է` այսօր գնանք «Շիրակի» խաղին, մյուսի հարցին, թե ինչո՞ւ հենց այսօր, պատասխանում է` որովհետև այսօր Ֆրունզիկն է գալու մարզադաշտ: Ինչո՞ւ եմ գնահատում մեր աշխատանքը. մի քիչ պաթետիկ է հնչում, բայց այս ֆիլմով մենք հուշում ենք, որ այսպիսի առաջնորդ, այսպիսի մեծություն ենք ունեցել: Մանավանդ որ այսօր տարօրինակ ձևով մոռանում ենք գոնե հոբելյանները պատշաճ նշել: Մհեր Մկրտչյանի կենդանության օրոք նրա հետ հանդիպումներում ցանկացած դահլիճի պատերը նեղ էին թվում մարդկանց, ովքեր իրենց սիրելի արտիստի լեցուն ու տարածուն ներկայության բերկրանքն էին ապրում: Ի՞նչ պատահեց, ինչո՞ւ Արտիստի թեկուզ վիրտուալ ներկայությունը չապրենք գոնե հոբելյանական օրերին:
-Ֆիլմում խոսվում է Ֆրունզիկ Մկրտչյանի ազգային ինքնագիտակցության մասին, շեշտվում, որ համընդհանուր ճանաչում արտիստը ձեռք է բերել` չթողնելով իր բեմը, չընդօրինակելով ուրիշներին: Ինչպես ինքն է ասում` «Իմ ինտուիցիան ինձ թելադրում է խաղալ հա-յե-րեն, որ տանում է դեպի ինքնաճանաչում, որը ամենադժվար բանն է»: Կուզեի խոսեիք այս «ամենադժվար»-ի մասին:
ՇՈՒՇԱՆԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ- Ինքնատիպ էր, առեղծվածային, անկանխատեսելի ու անվերծանելի: Երբեք չէր ուզում նմանվել ուրիշին և հաճախ էր կրկնում` եթե նման չես ուրիշին, արդեն լավ է: Գաղտնիք չէ, որ Ֆրունզիկ Մկրտչյանին սիրում ու գնահատում էր նաև օտար հանդիսատեսը, և հրավիրում էին նկարահանվելու օտար ստուդիաներում: Նա ասում էր` ինձ սիրում են որպես «ազգային ջերմ խարակտեր, բայց ո՛չ «Մոսֆիլմը», ո՛չ «Վրացֆիլմը», ո՛չ «ՈՒզբեկֆիլմը» ինձ չեն կանչի, եթե ես մի օր չմտածեմ: Մի հատ կնկարեն և կվերջանա»:
Ֆրունզիկը եղել է և շարունակում է մնալ հայի կատարյալ տեսակ: Նա իր մեջ ամբողջացնում էր, ներկայացնում էր հայ մարդու միջազգային տիպը: Եթե մարդն իր ազգային հավաքական հիշողության մեջ է ապրում ու խաղում, ապա տեղ ունի համաշխարհային էկրանին: Ֆրունզիկ Մկրտչյանը խաղում էր այնպես, կարծես չէր խաղում, որովհետև նրա մեջ պոռթկում էր այդ խաղը, և այդ խաղը զսպելու ծանրությունն էր կրում ինքը: Նա շարունակում էր խաղն այնպես, կարծես կերպարներից դուրս ինքն էլի ասելիք ուներ: Հրաշակերտում էր հայ դերասանի խաղը առանց որևէ ճիգ ու ջանքի: Ֆրունզիկի խաղի մեջ տարրալուծվում են մաշտոցյան այբուբենի էլեմենտները, որովհետև նա հայ էթնոսի, հայ գիտակցության ամբողջական ամփոփումն ուներ իր մեջ: Նա սովորական դերասանի կեցվածքի մեջ անգամ խաղում էր հայ միֆական դերասանին, ինքն իր կերպարն էր խաղում, որն անհաս էր, որն անմատույց էր: Այս ֆիլմով Ֆրունզիկը գալիս է մեզ ներկայացնելու հայ կինոյի ողջ փիլիսոփայությունը և ճանապարհ ցույց տալու գալիք սերունդներին: Նրա ցույց տված ճանապարհը ազգի հավաքական հիշողությունն է, որը թանձր է նրա արվեստի մեջ, ինչպես նրա պատգամը:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՊԻԿՅԱՆ- Երբ նա ուրիշ կինոստուդիաներից հրավեր է ստանում որպես «ազգային ջերմ խարակտեր», իր ազգին է ներկայացնում, ազգը մեծարում, չի փոխվում: Սա իր մտորումն է: Ռուսական սյուժեների մեջ անգամ նրան ճանաչում են որպես հայ դերասանի: Սա մեծ արժանիք է:
-Լավ ֆիլմ նկարելը անպայման մեծ ֆինանսներ և ծախսեր չի պահանջում: Շատ կարևոր են գաղափարն ու հետաքրքիր մտահղացումները: Բայց մեծ փառատոներին ներկայացնելու համար, կարծում եմ, կարևորվում է նաև տեխնիկական կողմը:
ՇՈՒՇԱՆԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ- Ֆիլմում օգտագործվող ձայնագրություններն արվել են մասսայական տեսարաններում: Սրանով է պայմանավորված որակի խնդիրը: Ազգային կինոկենտրոնի հետ ձայնը հնարավորինս մաքրել ենք, ավելին հնարավոր չեղավ:
Որոշ մտքեր ֆիլմում կարդում է Անդրանիկ Հարությունյանը, բայց այն, ինչ հնարավոր է իր շուրթերով հնչեցնել, աշխատել ենք ներկայացնել հենց այդպես, որ ավելի համոզիչ լինի: Այդ մարդու հմայքն այնքան մեծ է, նրա խոսքն այնքան կարևոր է, որ ցանկացած փառատոնի հանձնախումբ ավելի շատ կարևորությունը կտա ասելիքին: Չնայած հասկանում եմ, որ այսօր, տեխնիկայի զարգացման պայմաններում, բոլորը ստուդիական բարձրորակ ձայնագրություններով և բարձրորակ տեխնիկայով նկարահանած ֆիլմեր են պահանջում: Բայց մեր ձեռքի տակ ունենք այսքանը: Դա պետք է ժամանակին արվեր:
-Ֆիլմը ե՞րբ է հասնելու հեռուստադիտողին:
-Մենք չենք համարում, թե ֆիլմն ավարտված է: Երբեմն շարժական կադրեր, ձայնագրություններ են մեզ տրամադրում, փորձում ենք դրանք օգտագործել ֆիլմում, համալրել ու ամբողջացնել Ֆրունզիկ Մկրտչյանի կերպարը: Չշտապելու պատճառներից մեկն էլ այն է, որ մեր սեփական միջոցներով ենք ֆիլմը նկարահանում:
-Սեփական միջոցներով հրատարակել եք նաև Մհեր Մկրտչյանի հոբելյանին նվիրված «Ո՞Ւմ համար ես վառվում, լույս...» գիրք-օրացույցը, ինչպես նաև «Լույս» գիրքը` հայերեն և ռուսերեն:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՊԻԿՅԱՆ -Գրքի ռուսերեն հրատարակության (1000 օրինակ) խորագիրն իր բառերն են «Միմինո» ֆիլմից` «Я вам один умный вещь скажу»։ Այն հովանավորել է արտիստի մտերիմ ընկեր, ակադեմիկոս Կառլեն Ադամյանը: Նա հոգաց հրատարակչական ու տպագրական ծախսը` 500 օրինակ, որպես հոնորար, թողնելով մեզ: Բայց, դե, մեզնից վաճառող դուրս չի գա` գրքերը մնացել են մեզ մոտ: Այդուհանդերձ, այդ 500 օրինակը, որ հովանավորը պիտի ուղարկի Մոսկվա, շատ լավ նվեր է ռուս ընթերցողին, որը լավ գիտի ու շատ է սիրում կինոյի մեծ դերասան Ֆրունզիկ Մկրտչյանին:
-Ի՞նչ տպաքանակով է լույս տեսել հայերեն տարբերակը, և հնարավո՞ր է ձեռք բերել գրքերը գրախանութներից:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՊԻԿՅԱՆ- Հայերեն հրատարակությունը 1000 օրինակ է, մեր միջոցներով և ՀՀ մշակույթի նախարարության մասնակի աջակցությամբ ենք տպագրել: Գրախանութներին տալն անիմաստ է` բարձր տոկոս են դնում: Մեզ մոտ են գրքերը, մեծ մասամբ նվիրում ենք, թե մեր մոտից առնողներ լինեն, ուրախ կլինենք, որովհետև տպարանի հետ դեռ խնդիրներ ունենք: Թե չէ, այստեղ-այնտեղ նվիրելով, անկեղծ ասած, մեր խնդիրները չեն լուծվում:
Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 2632

Մեկնաբանություններ