Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ «ՋՈՒՐՆ» ԻՐ ԱԿՈՒՆՔԻՑ ԻՍԿ ՊՂՏՈՐՎԱԾ Է»

«ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ «ՋՈՒՐՆ» ԻՐ ԱԿՈՒՆՔԻՑ ԻՍԿ ՊՂՏՈՐՎԱԾ Է»
24.02.2012 | 00:00

Մեծ պահքը սկսվել է բարեկենդանի կիրակիով ու ավարտվելու է Զատկական հարության կիրակիով, բայց դրանց միջև ընկած հինգ կիրակիները նույնպես իրենց հոգևոր խորհուրդներն ունեն, այսինքն, ինչպես հասնենք հավիտենական կյանքին, որ Հիսուս Քրիստոսի հարությամբ սկսվեց։ Այդ պատճառով էլ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին պահքի բոլոր կիրակիները որպես հոգու փրկության նախապատրաստական շրջան համարելով, յուրաքանչյուր կիրակին իր հոգևոր խորհրդի անունով է կոչել և Մեծ պահքի հաջորդ կիրակին կոչել Արտաքսման կիրակի, որն իր իմաստը ստացել է առաջին կիրակիով հիշատակված մարդկային երջանիկ վիճակի ողբերգական վախճանից` դրախտից արտաքսվելու ու ներկայիս վիճակում հայտնվելու: ՈՒ Եկեղեցու այդ օրվա շարականն այդ ցավագին դրվագի եղերերգությունն է:
Դու, ով Տեր, նախ դրախտում հաստատեցիր
Պահքի սուրբ օրենքը,
Որը մեր նախածնողները չպահեցին
Եվ արգելված պտուղն ուտելով`
Ճաշակեցին մեղքի և մահվան դառնությունը:
ՈՒստի շնորհի՛ր մեզ, Տեր, որ ճաշակենք
Քո պատվիրանների քաղցրությունը:
Թշնամին զանազան մեղքի վերքեր
Բացեց մեր հոգիների մեջ.
Բազմաթիվ հիվանդությունների
մեջ ընկանք.
Եվ կարոտ մնացինք Մարդասերիդ,
Որ մեր ցավերը վերցնես:
ՈՒստի բժշկի՛ր մեզ, Քրիստո՛ս,
Իբրև մարդասեր:


Իսկ այդ ամենն սկսվեց Աստծո խոսքի հանդեպ մեր նախաստեղծ ծնողների անհնազանդությունից. «Դրախտում գտնվող բոլոր ծառերի պտուղներից կուտես, բայց բարու և չարի գիտության ծառից չպետք է ուտես, որովհետև այն օրը, երբ նրանից ուտես, անկասկած կմեռնես...»։
Եվ օձն Աստծո ստեղծած կենդանիներից ամենախորամանկն էր: Օձը մոտեցավ կնոջը և ասաց.
-Իրա՞վ է, որ Աստված ասաց, թե դրախտում գտնվող բոլոր ծառերի պտուղներից չպետք է ուտեք:
-Դրախտի բոլոր ծառերի պտուղներից կարող ենք ուտել,- պատասխանեց կինը,- բայց Աստված ասաց, որ դրախտի մեջտեղում գտնվող ծառի պտուղից չուտենք և նրան չմոտենանք, որպեսզի չմեռնենք:
-Վստահ եղեք, որ չեք մեռնի,- ասաց օձը կնոջը,- Աստված այդ պատվերը ձեզ տվեց, որովհետև գիտեր, որ այն օրը, երբ նրանից ուտեք, ձեր աչքերը կբացվեն, և աստվածների նման կլինեք` ճանաչելով բարին ու չարը:
Եվ կինը տեսավ, որ ծառի պտուղն ախորժաբեր ու աչքին շատ հաճելի է և ցանկալի` մարդուն իմաստուն դարձնելու համար, առավ նրա պտուղից և կերավ, տվեց նաև իր ամուսնուն, և նա էլ կերավ: Այն ժամանակ երկուսի աչքերն էլ բացվեցին, և հասկացան, որ մերկ են: ՈՒստի թզենու տերևները միմյանց կապեցին և իրենց համար ծածկույթ սարքեցին:
Եվ Տեր Աստծո ձայնը լսեցին, որ երեկոյան դեմ դրախտում քայլում էր, և Ադամն ու Եվան Աստծո ներկայությունից պահվեցին դրախտի ծառերի մեջ: Տեր Աստված Ադամին կանչեց.
-Ո՞Ւր ես:
Եվ նա ասաց.
-Քո ձայնը դրախտում լսեցի և վախեցա, քանզի մերկ էի և ծածկվեցի:
-Ո՞վ ասաց քեզ, որ մերկ ես,- հարցրեց Աստված:- Արդյոք այն ծառի՞ց կերար, որից պատվիրեցի, որ չուտես:
-Կինը, ում ինձ տվեցիր, կերավ այդ պտուղից,- ասաց Ադամը:
-Այս ի՞նչ արեցիր,- կնոջն ասաց Աստված:
-Օձն ինձ խաբեց, և կերա,- ասաց կինը:
Եվ Աստված անիծեց օձին, անիծեց կնոջն ու անիծեց տղամարդուն: Բանական և անբան կենդանական աշխարհների միջև թշնամություն մտավ. մարդը` գազաններին և գազանները մարդուն թշնամի դարձան: Բնության ամենից հրաշալի երևույթը, այսինքն` կնոջ որդեծնության աստվածադիր օրենքը, վերածվեց ցավագին երկունքի, մարդու ամենից բնական և ամենից հաճելի զբաղմունքը` աշխատանքը, վերածվեց տանջանքի: Եվ բոլոր այս դժբախտություններն իրենց լրումին հասան, երբ «Տեր Աստված եդեմական դրախտից դուրս հանեց ու արտաքսեց մարդուն` մշակելու հողը, որից նա ստեղծված էր...»:
ՈՒ չկարծենք, թե Ադամ-Եվայի պատմությունը միայն նրանց է վերաբերում, քանզի վեց հազար տարի առաջ կատարված այդ իրողությունը չնայած հեռավոր, բայց և ցայսօր յուրաքանչյուրիս պատմությունն է, դժբախտաբար, հավերժորեն կրկնվող և մահվան կնիքով ավարտվող: Ո՞վ չի զգացել մեռած մարդու դեմքի վրա դրոշմված, դրախտից արտաքսված ադամորդիներիս վրա իշխող մահվան իրողության կնիքի սարսափը... Սրանք արդեն Աստվածաշնչի էջերից վերցված պատմություններ չեն մարդու նախածնողների մասին, այլ այժմեական և ամենօրյա երևույթներ են, որոնց դերակատարներն ամեն օր և ամենուրեք ապրող, շրջող ու շնչող մարդիկ են. ե՛ս եմ, դո՛ւ ես, նա՛ է, ամենքս ենք: ՈՒ ամենքիս է վերաբերում սաղմոսի այս խոսքը. «Ամենեքեան խոտորեցան ի միասին և անպիտանացան...»: Իսկ Պողոս առաքյալն ասում է. «Մեկ մարդով մեղքը աշխարհ մտավ, և մեղքով էլ` մահը» (Հռոմ. 5. 12)։
Բայց շատերը, ցավոք, մեր նախածնողների մեղքի հետևանքը իրենց վրա չընդունելով, շարունակում են նույն անհնազանդության ճանապարհը բռնած ապրել, կարծելով, թե մահը մեզ վրա իշխանություն պիտի չբանեցնի։ Քանի՞ հոգու ենք տեսել, մենք էլ նրանց մեջ, որ կարող են քաջություն ունենալ իրենց անկումի մեջ պատասխանատվության իրենց բաժինը տեսնելու. չէ՞ որ մարդու սովորությունն է իր վրիպումներին իբրև պատասխանատու միշտ ուրիշին մատնանշելը, այս խոսքերն ամենքս էլ չե՞նք ասել. «Սատանան ինձ խաբեց, կանայք անկումիս պատճառը եղան, կամ` տղամարդիկ ինձ այս վատ ճանապարհով առաջնորդեցին», և նման հազար ու մի պատճառներ` ինքներս մեզ արդարացնելու համար: ՈՒրեմն, ինչպես Շնորհք պատրիարքն է ասում. «Մարդկության «ջուրն» իր ակունքից իսկ պղտորված է»: Իսկ դրախտում սկսված պատմությունը շարունակվել է, շարունակվում է մեր ժամանակներում, պետք է կրկնվի մինչև այն օրը, երբ վերջին մարդը դառնա հող, որից վերցվել էր։
Այսինքն` Մեծ պահքի երկրորդ կիրակին նախածնողների ողբերգության օրինակից մեզ հիշեցնում է, որ մեղք ասվածը Աստծո կամքի և օրենքի անտեսումն է, որը մեզ բաժանում է մեր երջանկության աղբյուրից` մեր Արարչից:

Դառը պտուղի մեր ճաշակումը,
Որով կորցրինք արդարությունը,
Քո քառասնօրյա պահքով փոխեցիր
Քո օրենքի ավելի քաղցր ճաշակումին:
Խմեցրու մեզ, Տե՛ր, Քո սիրո ուրախարար բաժակը:
Մարիա՛մ, Մա՛յր Աստծո, որ անապական ծնունդովդ
Նախամոր երկունքը մեղմեցիր, բարեխոսի՛ր Միածին Որդուդ,
Որ քանդի մեր մեղքի կապանքները,
Եվ աղաչի՛ր, որ փրկի մեզ փորձությունից (Շարական)։
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1218

Մեկնաբանություններ