Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԲԱՐՁՐ ԳՆԱՃԻ ԻՐԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

ԲԱՐՁՐ ԳՆԱՃԻ ԻՐԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
22.03.2011 | 00:00

Գնաճի իրական պատճառները կարելի է պայմանականորեն դասակարգել`
ա) առարկայական (օբյեկտիվ) պատճառների,
բ) ենթակայական (սուբյեկտիվ) պատճառների, ինչպես նաև
գ) արտաքին պատճառների և
դ) ներքին պատճառների:

Ըստ որում, առարկայական պատճառները, իրենց հերթին, կարող են ունենալ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ազդակներ: Նույնը ճիշտ է նաև ենթակայական պատճառների պարագայում: Վերլուծելով գնաճի աննախադեպ բարձր մակարդակը, կարելի է հանգել այն կարծիքին, որ, անշուշտ, բարձր գնաճի պատճառները չի կարելի փնտրել միայն Հայաստանում: Այլ կերպ ասած, կան առարկայական գործոններ, որոնք ակամայից հարկադրում են ընդունել տնտեսավարման խաղի կանոնները դրսից: Այս պարագայում, որպես բաց շուկայական երկիր, Հայաստանը, հատկապես ապրանքներ ներկրելիս, ընդունում է այն գները, որոնք ձևավորվում են համաշխարհային շուկայում: Միաժամանակ, ոմանց համար այս օրինաչափ կապը շահարկման առարկա է հատկապես միջազգային գների բարձրացման պարագայում: Ինչ վերաբերում է դրանց նվազման միտմանը, ապա այն, որպես կանոն, այդպես էլ Հայաստան չի հասնում: Այսպիսով, բնական, առարկայական պատճառներից մեկը, եթե ոչ որոշիչը, ապրանքների միջազգային գների աճն է: Իհարկե, կան երկրներ, որոնք դիմակայում են արտաքին ճնշումներին` փորձելով պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող սուբսիդավորմամբ բնակչության սոցիալապես խոցելի խավերի համար մատչելի դարձնել գոնե առաջին անհրաժեշտության ապրանքները: ԱՄՆ-ում, օրինակ, սննդամթերքի գների աճից ապահովագրված են անգամ դեռևս օրինական բնակության կարգավիճակ չունեցող գաղթականները, որոնք պետությունից ստանում են սննդի ձեռքբերման ամսական անվճար կտրոններ` ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար: Տնտեսական ռեֆորմների դժվարին շրջանում` 1990-ական թվականների սկզբին, արտաքին ճնշումներից սեփական քաղաքացիներին սննդամթերքի գնաճից պաշտպանելու նման միջոցների դիմեցին Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ մի շարք երկրներ, ներառյալ Հայաստանը: Սակայն երկարատև ժամանակահատվածում նման քայլերն արմատական լուծում չեն կարող խոստանալ. պետության կարևորագույն մտահոգություններից է սոցիալական խնդիրները ոչ թե արհեստական պատնեշներով, այլ կայուն զարգացման համապատասխան մեխանիզմների ձևավորմամբ լուծելը: Եվ բնավ էլ գոհունակություն չի կարող պատճառել այն հանգամանքը, որ գնաճի ալիքը համեմատաբար ավելի ուժեղ հարված է հասցրել, ասենք, հարևան երկրներին, և Հայաստանն այդ առումով ամենավատ վիճակում չի հայտնվել: Արտաքին-առարկայական պատճառներից կարևորագույնը թերևս այն է, որ կրճատվել է սննդամթերքի արտադրության որոշ հատվածը` բնակլիմայական անբարենպաստ պատճառների և աղետների պատճառով: Որոշ առումով, որպես առարկայական գործոն, կարևոր են նաև համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի անբարենպաստ ազդեցությունը և աշխարհի տարբեր երկրներում սպառողների գնողունակության նկատելի անկումը, որը բազմիցս հիմնավորվել է վիճակագրական տվյալներով:
Ի վերջո, արտաքին-առարկայական գործոնների շարքում հարկ է հիշատակել ԱՄՆ-ի դոլարի զգալի արժեզրկումը: 2010 թ. ոչնչով չապահովված ամերիկյան արժույթի նոր խմբաքանակի շրջանառության մեջ մտցնելը, իհարկե, հանգեցրեց դրա արժեզրկմանը Forex շուկայում: Ակտիվորեն սկսեց աճել եվրոյի փոխարժեքը, թեև դրանից ընդամենը մի քանի ամիս առաջ եվրոյի համար արվել էին անգամ կործանման կանխատեսումներ: 2010 թ. ամռանն արձանագրված նվազագույն` $1,187 մեկ եվրոյի դիմաց փոխարժեքն արդեն նոյեմբերին հասավ $1,423:
Հաշվի առնելով ներկա միտումները, դժվար չէ կանխատեսել, որ եվրոյի փոխարժեքը 2011 թ. կարող է տատանվել 1,20-1,40 ԱՄՆ դոլարի սահմաններում։ Ըստ որում, հնարավոր է, որ փոխարժեքի վերին սահմանը գրանցվի տարվա վերջին ամիսներին, մինչդեռ առաջին երկու եռամսյակներին կարելի է ակնկալել եվրոյի դիրքերի որոշ թուլացում:
Սակայն սրանով, թերևս, կարելի է ավարտել արտաքին - առարկայական պատճառների ոչ հարուստ ցանկը: Արտաքին-ենթակայական պատճառները, մեր կարծիքով, գերակշռում են նախորդներին, ի զորու են ավելի մեծ ու երկարատև վնասներ պատճառելու մարդկությանը, և ներկայիս գնաճի համաճարակը միգուցե առաջին լուրջ նախազգուշական հարվածն է: Խոսքը զարգացած երկրների կողմից տնտեսագիտական ոչ մի հիմնավորում չունեցող պետական խոշորամասշտաբ սուբսիդավորման քաղաքականության մասին է: Սուբսիդավորմամբ պայմանավորված գների արհեստական իջեցումը, այլ խոսքով` ապրանքների մրցունակության արհեստական բարձրացումը, մեր համոզմամբ, կարելի է դասել համաշխարհային կարևորագույն տնտեսական հիմնախնդիրների շարքը: Այն լրջագույն վնաս է հասցնում ոչ միայն զարգացող երկրներին, ուր աշխատավարձի և արտադրության ինքնարժեքի այլ բաղկացուցիչների համեմատաբար ցածր մակարդակն ինքնին կանխորոշում է մի շարք ապրանքների, մասնավորապես գյուղատատնտեսական մթերքների բարձր մրցունակությունը, այլև, ընդհանուր առմամբ, համաշխարհային տնտեսության զարգացմանը: Ավելին, այն ուղղակի հակասության մեջ է մտնում Արևմուտքի զարգացած երկրների կողմից զարգացող աշխարհին հորդորվող ազատական գաղափարախոսության սկզբունքների հետ: Արդյունքում, ֆերմերների համար շահավետ է դառնում ոչ միայն գյուղմթերքների արտադրությամբ զբաղվելը, այլև դրա ժամանակավոր դադարեցումը, եթե վերջինս թելադրված է տվյալ երկրի գնաճի նպատակադրման քաղաքականությամբ: Ի վերջո, հատկապես գյուղմթերքների արտադրության սուբսիդավորումը անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում տնտեսական զարգացման տարբեր մակարդակներում գտնվող երկրներում նույն մթերքն արտադրողների համար նաև այն պատճառով, որ պետական բյուջեից գյուղատնտեսության սուբսիդավորման համար առկա են անհավասար հնարավորություններ (ֆինանսական միջոցներ):
Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հաշվարկների համաձայն, հարուստ երկրներում սպառողներն ու կառավարություններն ամեն տարի վճարում են մոտ 350 մլրդ ԱՄՆ դոլար` գյուղատնտեսությունը սուբսիդավորելու համար: Մի գումար, որը բավարար է, օրինակ, որ այդ երկրներում բուծվող 41 միլիոն կովերը մեկ և կես անգամ երկրագնդի շուրջ ինքնաթիռով առնվազն ութ պտույտ կատարեն բիզնես կարգով: Մեկ այլ ուսումնասիրության համաձայն` մեկ կովի հաշվարկով Եվրամիության երկրներն ավելի շատ ֆինանսական միջոցներ են ծախսում, քան, ասենք, Ռուսաստանի Դաշնության գյուղական բնակավայրերում մեկ շնչին ընկնող եկամուտն է:
Իհարկե, տնտեսական և սոցիալական վնասները սրանով չեն ավարտվում: Իրականում սպառողին մրցակցային գներով մատուցվող մի շարք ապրանքների արտադրությունը դառնում է խիստ ծախսատար և ուղիղ համեմատական կախվածության մեջ է հայտնվում տվյալ երկրի պետական բյուջեի սուբսիդավորման համար նախատեսված աղբյուրների ծավալից: Եվ եթե դրանք, հատկապես, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում պակասում են, ապա, բնականաբար և համապատասխանաբար, պակասում է նաև այդ ապրանքների արտադրությունը: Միջազգային ապրանքային բորսաներում առաջանում է դեֆիցիտ, որն էլ, անշուշտ, հանգեցնում է դրանց գների կտրուկ աճին:

Դիտվել է՝ 3179

Մեկնաբանություններ