Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«ԵՐԿՈՒ ԼԱՐԱԽԱՂԱՑ ՄԵԿ ԼԱՐԻ ՎՐԱ ՉԵՆ ՊԱՐԻ»

«ԵՐԿՈՒ ԼԱՐԱԽԱՂԱՑ ՄԵԿ ԼԱՐԻ ՎՐԱ ՉԵՆ ՊԱՐԻ»
03.05.2011 | 00:00

Արաբական առածն ասում է. «Բանականության ճակատամարտերի մեծ մասը տեղի է ունենում կրքերի շանթի ուղեկցությամբ»։ Ինչպես վկայում են արաբական աշխարհում տեղի ունեցող վերջին իրադարձությունները, այնտեղ ամենուրեք, հատկապես «ոսկեբեր» Պարսից ծոցի մերձակայքում (ի դեպ, շատ արաբներ այդ ծովածոցն անվանում են Արաբական), կատաղի կրքեր են բորբոքվում։ Եվ դրանք միարժեքորեն խեղդում են բանականությունը։ Մերձավոր Արևելքում սպասում են լարվածության նոր օջախի առաջացման և, վերլուծաբանների կարծիքով, այդ օջախը կարող է դառնալ Սաուդյան Արաբիայի ու Իրանի զինված հակամարտությունը։ Ավելին, մարտին գերմանական «Շպիգել» հանդեսը հրապարակեց մի հոդված, որտեղ ասվում էր, թե Էր-Ռիադն այնքան հեռու է գնացել Թեհրանի նկատմամբ իր հավակնություններում, որ անգամ բանակցություններ է վարել ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ` Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների շուրջ։ Հանդեսը մեջբերում է նաև արևմտյան հետախուզության ներկայացուցիչների խոսքերը, որոնք համոզված են, որ Էր-Ռիադը պատրաստ է իր օդային տարածությունը բացելու Իսրայելի ռազմական ինքնաթիռների համար։ Պերճախոս են նաև նորությունների թողարկումները։ Դրանք մեկ անգամ ևս հավաստում են, որ հատկապես հիմա, Բահրեյնում ու Սիրիայում ծայր առած աղմկալի հուզումների պարագայում, սաուդա-իրանական ռազմաճակատի «բռնկման» հավանականությունը շատ մեծ է։
Այսպես, օրերս ԱՄՆ-ը հայտարարեց, որ տվյալներ ունի այն մասին, թե Իրանը Սիրիայի իշխանություններին օգնություն է ցուցաբերում հակակառավարական ցույցերի ճնշման գործում։ Թե ինչով է արտահայտվում իրանական օգնությունը Սիրիային, չի պարզաբանել, սակայն Վաշինգտոնի այդ հայտարարությունը Թեհրանին հետ պահեց այլ պետությունների ներքին գործերին միջամտելու փորձերից։ Դրանից ոչ շատ առաջ Թեհրանը մեղադրվեց Քուվեյթում և Բահրեյնում լրտեսական ցանցի ստեղծման գործում։ Մարտին Քուվեյթում լրտեսության մեղադրանքով մահապատժի դատապարտվեցին Իրանի երկու քաղաքացի և մեկ քուվեյթցի։ Համաձայն մեղադրանքի` նրանք տեղեկություններ են հավաքել Քուվեյթի և Միացյալ Նահանգների ռազմական օբյեկտների մասին, որոնք նախատեսված են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի համար։ Այս կապակցությամբ, քիչ ավելի ուշ, երկրից արտաքսվել էին իրանցի դիվանագետներ, որոնց այդպես էլ լրտեսության մեղադրանք չներկայացվեց։ Իր հերթին, ինչպես սովորաբար լինում է, Իրանն արտաքսեց քուվեյթցի երեք դիվանագետների։ Դրանից հետո Եգիպտոսում սաուդցի դեսպանը սպառնացել էր. «Չարժե, որ Իրանը փորձարկի մեր ուժերը, քանի որ մենք ի վիճակի ենք ռազմական առումով դիմակայելու նրան», և ավելացրել, որ, ցավոք, Ծոցի երկրներում երբեք իրանական խառնակչությունները չեն դադարում, իսկ Թեհրանում «մինչ օրս էլ Պարսից կայսրության պատրանքներով են ապրում»։ Այս կապակցությամբ հիշեցնենք, որ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը Սաուդյան Արաբիայի հետ պայմանագիր է կնքել ամենաարդիական ռազմական տեխնիկայի (60 մլրդ դոլարի) մատակարարման վերաբերյալ, և պաշտոնապես հայտարարվել է, որ գործարքի նպատակն Իրանի հնարավոր ագրեսիայից ինքնուրույն պաշտպանվելու Սաուդյան Արաբիայի ունակության բարձրացումն է։
Սակայն առայժմ Ծոցի երկրները զանգվածային ու համակարգային գրոհ են սկսել դիվանագիտական ճակատում։ Ապրիլին Էր-Ռիադում հրապարակվեց Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի հայտարարությունը, որը միավորում է վեց միապետություն` Սաուդյան Արաբիա, Քուվեյթ, Բահրեյն, Քաթար, Արաբական Միացյալ Էմիրություններ, Օման։ Անհանգստություն արտահայտվեց դավադրությունների միջոցով այլ երկրների ներքին գործերին Իրանի միջամտության առիթով։ Այնուհետև Բահրեյնը հատուկ հաշվետվություն հղեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին, որով Իրանի կողմից վերահսկվող «Հըզբոլլահը» մեղադրվում է երկրում հակակառավարական ապստամբություններ կազմակերպելու մեջ։ «Հըզբոլլահը» վարժեցնում է ընդդիմության ուժերին և շիա բնակչությանը դրդում ապստամբության»,- ասվում է ուղերձում։ Դրանից հետո Պարսից ծոցի երկրների խորհուրդը նամակով դիմեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, պահանջելով միջոցներ ձեռնարկել «այդ պետությունների ներքին գործերին Իրանի միջամտության խափանման» ուղղությամբ, կոչ արեց «կասեցնել Իրանի կոպիտ միջամտությունը և նրա ավերիչ սադրանքները հակամարտությունների բորբոքման նպատակով»։ Այս կապակցությամբ սաուդյան «Ալ-Ջազիրա» թերթը հրապարակել է մի հոդված, որում քննադատել է ՀԱՄԱՍ-ի դաշինքն Իրանի հետ։ Հոդվածում հայտարարվում է, որ Իրանն ու Իսրայելը շատ են նման իրար, քանի որ զավթում են արաբական տարածքները, թշնամաբար են տրամադրված արաբների հանդեպ և անկարգություններ են հրահրում արաբական երկրներում։ Չեն մոռացել սաուդցիները նաև Սիրիան։ Նրանք դիմել են Ասադին, առաջարկելով իրենց օգնությունը, պայմանով, որ լիովին խզվեն հարաբերություններն Իրանի «Հըզբոլլահի» և ՀԱՄԱՍ-ի հետ։ Պետք է ընդգծել, որ արաբական երկրների շարքում Իրանի միակ նվիրված դաշնակիցը Սիրիան է, որը յուրօրինակ կամուրջ է դարձել Թեհրանի ու պաղեստինյան խմբավորումների միջև, և նրա վերաբերմունքն Իրանի նկատմամբ սկզբունքային է մյուս արաբների համար։ Սա է Կահիրեի ու Դամասկոսի հարաբերությունների լարվածության գլխավոր պատճառը վերջին մի քանի տարում։ Եգիպտոսում համարում են, որ Իրանի հետ Սիրիայի սերտ դաշինքը «վնաս է պատճառում արաբների շահերին», ուստի «իսրայելական միջուկային սպառնալիքի» ահագնացման դեպքում Իրանի հետ երկխոսություն սկսելու արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ամրա Մուսայի կոչին Սաուդյան Արաբիայի դրդմամբ արաբական երկրների խումբը հպարտորեն «ոչ» պատասխանեց։ Նրանք հայտարարեցին, որ իրենց հայտնի չէ, թե ինչի մասին է խոսում Թեհրանը։ «Ինչի՞ մասին։ Այն մասին, որ Իրանը չմիջամտի՞ Լիբանանի, Իրաքի ու Գազայի ներքին գործերին»,- հռետորական ոճով հետաքրքրվեցին արաբ դիվանագետները։ Իրոք, իրանական ներկայությունն այժմ առանձնապես ուժեղ է զգացվում արաբական աշխարհի ամենացավոտ կետերում, և դա շատ է անհանգստացնում արաբներին։
Լեզվակռվից անմասն չմնաց նաև Թեհրանը։ Նախագահ Ահմադինեժադը հայտարարեց, որ չի հանդուրժի ռազմական ուժի կուտակումն Իրանի սահմանագլխին` նավթահանքերի մոտակայքում։ Դա կդիտվի որպես մարտական գործողությունների սկիզբ և համարժեք պատասխան կստանա։ Բացի այդ, օրերս նա հայտարարեց, որ արաբական որոշ պետություններ վճռել են իրանական միջուկային ծրագրի հարցում Արևմուտքի կողմը բռնել, մոռանալով, որ «արաբական աշխարհի գլխավոր թշնամին Իսրայելի սիոնիստական վարչակարգն է»։ Իսկ Թեհրանում այս օրերին վերստին խիստ ռազմաշունչ հռետորաբանություն է հնչում։ Իրանի խորհրդարանի նախագահական խմբակցության նախագահ Ռուհոլլա Հուսեյնիանը հայտարարել է. «Իրանը պետք է անպայման լուրջ դիրքորոշում ներկայացնի Սաուդյան Արաբիայի Բահրեյն ներխուժման առիթով, և մենք պետք է մեր բանակը նախապատրաստենք Սաուդյան Արաբիայի դեմ պայքարին»։ Արդեն սկսվել է մահապարտ կամավորականների հաշվառումը, որոնք պատրաստ են մարտնչելու սաուդյան բանակի դեմ հանուն Բահրեյնի շիաների ազատության։ Իրանում կանոնավորապես հանրահավաքներ են տեղի ունենում ի պաշտպանություն Բահրեյնի և այլ երկրների շիաների, հնչում են կոշտ հայտարարություններ, և համարյա պատերազմ է հայտարարվում։ Իսկ օրերս Թեհրանում «Բասիջ» շարժման անդամները քարկոծել ու դյուրավառ հեղուկով լի շշեր են նետել Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա։ Ի դեպ, փորձագետներն ընդգծում են, որ բուն Իրանում փետրվարին հակակառավարական ելույթների բռնկումից հետո իշխանությունները շահագրգռված են ժողովրդական զանգվածների բորբոքվածությունն ուղղելու արտաքին սպառնալիքի դեմ։
Եվ այդուամենայնիվ, ո՞րն է իրանա-արաբական հարաբերությունների ներկա վիճակի առանձնահատկությունը։ Պետք է նշել, որ դրանք երբեք առանձին ջերմությամբ աչքի չեն ընկել։ Դրա պատճառը թե՛ շիա-սուննիական կրոնական տարաձայնություններն են, թե՛ պարսիկների ու արաբների ազգամիջյան բարդությունները, թե՛ տարածքային վեճերը, որոնց արմատները գալիս են դարերի խորքից։ Սաուդյան թագավորության լարված հարաբերությունները սկիզբ են առել Իրանում շիական հոգևորականության իշխանության գալուց ի վեր։ Մասնավորապես, իրանական հեղափոխությունից հետո բարդություններ են առաջացել իրանցիների կողմից դեպի Սաուդյան Արաբիայի իսլամական սրբավայրեր կատարվող ուխտագնացության ճանապարհին։ Եվ այժմ սաուդցիները հայտարարում են, թե «մենք հաջի վերջին մի քանի սեզոնների ընթացքում խիստ տուժել ենք իրանցիների երեսից, նրանք Սաուդյան Արաբիա են գալիս, որպեսզի անկարգություններ հրահրեն»։ Նրանց գժտեցնում են նաև տարածքային վեճերը։ Դա վերաբերում է Հորմուզի նեղուցի մոտ գտնվող երեք կարևոր ռազմավարական կղզիներին` Աբու Մուսային, Մեծ և Փոքր Թոմբերին։ Այս խնդիրները ծագել են անցած դարի 70-ականներից, երբ Իրանը վերահսկողություն հաստատեց վերոհիշյալ կղզիների նկատմամբ։ Արաբական պետությունների լիգան Միացյալ Էմիրությունների և Իրանի տարածքային հակամարտությունը համարում է կղզիների օկուպացում, իսկ Իրանի մայրաքաղաքում չեն ուզում այդ կղզիները համարել «վիճելի տարածքներ» և բացասաբար են վերաբերվում հարցը Հաագայի միջազգային դատարան մտցնելու գաղափարին։ Կրակին յուղ ավելացրին Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի խորհրդական Նաթեգ Նուրիի խոսքերն այն մասին, որ «նախկինում Բահրեյնն Իրանի նահանգներից մեկն է եղել»։ Հասկանալի է, որ դա հերթական անգամ ցասում առաջացրեց Պարսից ծոցի արաբական երկրներում։ Ավելին, դրանք մեկ անգամ չէ, որ հայտնվել են պատերազմի շեմին։ Այսպես, 1986-ին Իրանը շարունակ խախտում էր Սաուդյան Արաբիայի օդային տարածքը, իսկ սաուդցիները ռմբակոծում էին Իրանի ռազմական ինքնաթիռները։ Բացի այդ, արաբները համարում են, որ Իրանը վարում է արաբական հանրության մեջ շիաների դիրքերի ուժեղացման քաղաքականություն (այնտեղ գերակշռում են սուննիները)։ Դա առաջին հերթին վերաբերում է Իրաքին, բայց ոչ միայն նրան։ Եմենում, որտեղ կառավարական զորքերը վերջերս ճնշեցին շիական զեյդիների աղանդի խռովությունը, այդ երկրի ղեկավարության կարծիքով, նկատելի է Թեհրանի ձեռքը։
Սակայն սա դեռ ամենը չէ։ Արդի աշխարհում ավելացել են նաև զուտ քաղաքական խնդիրները։ Իրանի Իսլամական Հանրապետությունը վերջին տարիներին հավակնում է առաջատար դիրք գրավելու մահմեդական աշխարհում, ինչը, բնականաբար, արաբական երկրների մեծ մասի սրտով չէ։ Բացի այդ, լարվածության հիմնական պատճառներից մեկը իրանական միջուկային ծրագիրն է։ Արաբները ենթադրում են, որ Իրանը միջուկային տեխնոլոգիաները զարգացնում է ոչ միայն խաղաղ նպատակով, այլև ռազմական խնդիրներ լուծելու համար և մտադիր է հեգեմոն դիրք գրավել տարածաշրջանում։ Այս ամենն Իրանը, նրանց կարծիքով, արդեն անում է իր ավանդական սպառազինությունների միջոցով։ «Իսկ ինչ կլինի, եթե Իրանը միջուկային զենքի տիրանա»,- հարց են տալիս արաբները։ Բնականաբար, միջուկային ծրագիր իրականացնելով, Իրանը տարածաշրջանի մյուս երկրներին, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրություններն ու Եգիպտոսը, հրահրում է ունենալու նույնպիսի տեխնոլոգիաներ և ատոմային էներգիա։ Անցած տարի Էր-Ռիադն արդեն հայտարարել էր ԱՄՆ-ի աջակցությամբ առաջին ատոմային էլեկտրակայանը կառուցելու մասին։ Իրանա-արաբական հարաբերությունների խնդիրներին է վերաբերում նաև բարդագույն պաղեստինյան խնդիրը։ Իրանը մերժում է խաղաղ կարգավորման` Արևմուտքի թելադրած պլանը, բայց գլխավոր իրադարձությունը, որին այժմ պատրաստվում են Թեհրանում, տեղի է ունենալու այս տարվա դեկտեմբերի 31-ին։ Այդ ժամանակ Իրաքից, որը չունի ո՛չ կայուն կառավարություն, ո՛չ մարտունակ բանակ և անվտանգության ուժեր, պետք է հեռանան ամերիկյան վերջին զինվորները։ Իրանցիները մտադիր են լցնել այդ վակուումը, որն անխուսափելիորեն կառաջանա Վաշինգտոնի հեռանալուց հետո։ Այսօր Իրանը տարածաշրջանային միակ ուժն է, որը կարող է ազդեցություն գործել Իրաքի բնակչության 60 տոկոսը կազմող իրանական շիաների վրա, և անգամ փորձել իր խնամակալության տակ առնել Իրաքի հարավի շիական պետությունը, եթե այն ստեղծվի։
Իսկ այժմ այդ բոլոր ծրագրերի իրականացման փորձադաշտ է Բահրեյնը, որտեղ նավթ չկա, բայց կան բանկեր և ԱՄՆ-ի 5-րդ նավատորմի բազա։ Ակնհայտ է, որ Բահրեյնի կառավարության տապալումն արիության հորձանք կառաջացնի սաուդյան շիաների շրջանում, խիստ կթուլացնի ԱՄՆ-ի ռազմական դիրքերը տարածաշրջանում և բոլորին կցուցադրի Իրանի հզորությունը։ Ամեն դեպքում, ինչպես պնդում է արաբական առածը` «Երկու սուր մեկ պատյան չեն մտնի, երկու լարախաղաց մեկ լարի վրա չեն պարի»։ Այսօր Ծոցի ափերին շատերը կցանկանան հաստատել ժողովրդական այս իմաստությունը։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 1122

Մեկնաբանություններ