Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«ԿԱՆԽԵ՛Լ ՊԱՏԵՐԱԶՄ ՀՐԱՀՐՈՂ ԻԼՀԱՄ ԱԼԻևԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

«ԿԱՆԽԵ՛Լ ՊԱՏԵՐԱԶՄ ՀՐԱՀՐՈՂ ԻԼՀԱՄ ԱԼԻևԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
06.05.2011 | 00:00

Ադրբեջանա-արցախյան սահմանի երկայնքով շարունակվում են ադրբեջանական դիպուկահարների անօրինական մարտական գործողությունները, ինչի հետևանքով պարբերաբար սպանվում են հայ զինվորներ: Օրերս գրանցվեց հերթական դեպքը. ադրբեջանցի դիպուկահարների արձակած կրակահերթի զոհ դարձավ երեք հայ զինծառայող, վիրավորվեց մեկը: Ադրբեջանի իշխանությունների ցինիզմը հասել է իր գագաթնակետին. նրանց կողմից նման մարտական գործողությունների հրահանգ հիմնականում տրվում է հայ-ադրբեջանական երկկողմ կամ բազմակողմ դիվանագիտական հանդիպումներին հաջորդող ժամանակահատվածներում:
Այս անգամ ևս դեպքը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ տարածաշրջանային այցով Հայաստանում էին գտնվում ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի տեղակալ Թինա Քեյդենաուն և ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Նույն ընթացքում Արցախի Հանրապետությունում էին գտնվում ՀՀ և Արցախ այցելած Սլովակիայի կառավարության ազգային փոքրամասնությունների գծով հատուկ ներկայացուցիչ Միրոսլավ Պոլլակն ու «Տիժդեն» շաբաթաթերթի հայտնի լրագրող և լուսանկարիչ Անդրեյ Բանը, որոնք էլ դարձան ադրբեջանցի վանդալների հերթական ռազմական գործողությունների ողբերգական հետևանքների ականատեսը:
Ադրբեջանի իրականացրած մարտական գործողություններով մտահոգ Եվրոպայի Հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը դիմում-բողոք է հղել Սլովակիայում հավատարմագրված և Բրատիսլավայում, Վիեննայում ու Պրահայում տեղակայված աշխարհի բոլոր երկրների դեսպանատներին:
ԵՀՄՖ նախագահը, տարակուսանք արտահայտելով Ադրբեջանի նախագահ Ալիևի վարած քաղաքականության նկատմամբ, դիմում-բողոքում, մասնավորապես, գրում է. «Անհասկանալի է, թե ի՛նչ նպատակ են հետապնդում սահմանային միջադեպերը. տարածաշրջանի «ստատուս քվոն» խախտելո՞ւ, թե՞ Ադրբեջանի ներքաղաքական լարված իրավիճակից ժողովրդի ուշադրությունը շեղելու»: ԵՀՄՖ-ի նախագահի համոզմամբ, երկրորդ տարբերակն առավել հավանական է: Նույն տրամաբանության մեջ դիտարկելով կրտսեր Ալիևի զառանցանք հիշեցնող բարբաջանքները հայկական հողերի` Արցախի, Զանգեզուրի, Նախիջևանի և նույնիսկ Երևանի ադրբեջանական լինելու մասին, Աշոտ Գրիգորյանը դեսպաններին հասցեագրված փաստաթղթում գրում է. «Մենք արդեն մի անգամ հայտարարել ենք, որ ծանոթ ենք Ադրբեջանի նախագահի ստացած կրթական մակարդակին (խորհրդային ղեկավարների երեխաները դիպլոմ ստանում էին առանց ջանքեր գործադրելու և հաճախ կիսագրագետ ավարտում խորհրդային բարձրագույն դպրոցը): Բայց չնայած դրան, կարծում ենք, որ Ալիևն ինքն էլ չի հավատում իր ասած ծիծաղելի, պատմական փաստերին հակասող և հիվանդագին երևակայության արգասիք այդ հայտարարություններին»:
Դիմելով արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ շահագրգիռ կողմերին` Մինսկի խմբի համանախագահող երկրներին, միջազգային կազմակերպություններին, ԵՀՄՖ-ի նախագահը նրանցից պահանջում է` կանխել արցախյան սահմանագծում միջադեպերի զարգացումը` կապված ադրբեջանցի դիպուկահարների մարտական գործողությունների ծավալման հետ, կասեցնել խաղաղության մասին հայտարարություններ անող, բայց իրականում հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև պատերազմ հրահրող Իլհամ Ալիևի գործողությունները: «Հակառակ դեպքում տարածաշրջանը կարող է դուրս գալ վերահսկողությունից, ինչը հղի է ողջ Մերձավոր Արևելքում պայթյունավտանգ իրավիճակի ստեղծմամբ»,- գրված է դիմում-բողոքում:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 910

Մեկնաբանություններ