Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ՀԱՅՐԵՆԱՍՏԵՂԾ ԿՅԱՆՔՈՎ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

ՀԱՅՐԵՆԱՍՏԵՂԾ ԿՅԱՆՔՈՎ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ
03.04.2012 | 00:00

Հայ ժողովուրդն իր բազմադարյան պատմության մի որոշակի հատվածում գոյատևելով սեփական երկիրը նվաճած օտար կայսրությունների հպատակության ներքո, մշտապես ենթակա է եղել ազգային ինքնության և որպես տեսակի ոչնչացման վտանգին։ Այս հանգամանքը հայկական ավանդականության մեջ ձևավորել են հակասական և իրար հակադրվող երկու բնական ստանդարտներ։ Մի կողմից` ձևավորվել է հանդուրժողականություն, սեփական երկիրը նվաճած օտար պետությունների հանդեպ հպատակություն ու համակերպում, որոնք հստակորեն արտացոլվել են հաճախ սեփական ժողովրդին կեղեքող և ստրկացնող դասակարգերի ցինիզմի դրսևորումներով։ Մյուս կողմից էլ` մշտապես առկա է եղել ազգային- ազատագրական պայքարը, անկախ ապրելու իրավունքի, ինքնիշխան պետականություն վերստեղծելու, ազգի բարեկեցության ու համաշխարհային քաղաքակրթությանը զուգահեռ հանդես գալու միտումը` որպես լիարժեք ազգի ձգտում, ինչը հաճախ ուղեկցվել է սեփական զոհաբերությունների դրսևորումներով։
Հայոց իրականության մեջ ազգային նկարագիրը կորցրած «հայերը», որոնք վերջին մի քանի հարյուրամյակում պատմականորեն արձանագրվել են որպես թրքացած, այլասերված և ազգային գենետիկ կոդը ոչնչացված նախկին հայերի սերունդ, էապես տարանջատվելով հայկական ինքնությունից, ձևավորվել և ձեռք են բերել ցինիզմի տարբեր որակական հատկանիշներ, պատմության մեջ վավերագրվելով որպես «չանդրներ»։ Դեռևս 1918-19 թթ., Կիլիկիայի ազատագրումից անմիջապես հետո, հայկական հաղթական լեգեոնի ազատամարտիկները վերադառնալով բնօրրան` Հաճնում հիմնովին բնաջնջեցին սեփական ազգի գլխին պատուհաս դարձած չանդրներին։ Չանդրներն այսօր էլ առկա են հայ ժողովրդի մշակութային, սոցիալական, կրթական, իրավական, քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում` սեփական ժողովրդին կեղեքող, ստրկացնող ու այլասերող դրսևորումներով։ Վերջիններս, որպես ազգային նկարագիրը կորցրած «հայեր», թեկուզ և ունիվերսալ ընդհանրացման ժամանակակից քաղաքակրթության մեջ նույնպես հնարավորություն չունեն ինքնաբավ հասարակարգ ստեղծելու։ Պահպանելով միայն հայկական միտումները` նրանք ոչնչացման են դատապարտում ինչպես հայ ժողովրդին, որպես ազգային տեսակ, այնպես էլ պետությունն ու պետականությունը որպես ինքնիշխան, անկախ կառավարման համակարգ։
Ներկայիս հայոց պետությունն ու պետականությունն իրենց բազմակուսակցական խորթ համակարգով, օտար մշակութային, գիտակրթական ու իրար հակասող կեղծ արժեհամակարգերի տարբեր դրսևորումներով և հատկապես քրեաքաղաքական և պլուտոկրատական ինստիտուտով երկրի զարգացման ճանապարհը փորձում են գտնել քաղաքակրթության ժամանակակից ստրկացման բանաձևումների մեջ` ադապտացվելով իրենց չարդարացված կեցությանն ու միջավայրին։ Այն ենթադրում է ներկա քաղաքակրթության և աշխարհակարգի արժեքային համակարգերի այս կամ այն ուժային բևեռների նախընտրություն և անհամատեղելի ինտեգրում գերակայող կառույցներին։ Մինչդեռ պետության, պետականության և ժողովրդի առջև ծառացած խնդիրներն իրենց տեսակով, բնույթով և որակական հատկանիշներով այլ են։
Նախ, որպես կանոն, պետության և ազգային ոչնչացման առաջին գործոնը նրանց անկախ ապրելու կամքի թուլությունն է։ Այն հակված է ձևավորելու հոգով ստրուկ և ինքնիշխան կամքից զուրկ մի հասարակություն, որն իր ստրկական կախվածությունն է ձեռք բերում աշխարհի հզոր տերերից։ Նման հասարակությունը, բարոյական և հոգևոր տկարության բերումով, փորձում է բավարարվել հնազանդության ու հավատարմության կեղծ ու անարժեք հավաստիացումներով և առաջնորդվում է իրեն ստրկացնող հզորների կամքը կատարելու և նրանց «բարյացակամությունն» ինչ-որ կերպ շահելու նպատակով։ Հայաստանի ինտեգրումը «եվրոպական ժողովուրդների ընտանիքին, որը նյութապաշտական, բարոյական ու ֆիզիկական ախտերով թաղված է իր իսկ սեփական կեղծաբարո չափանիշների պատրանքների մեջ, որևէ էական օժանդակություն չի կարող ապահովել Հայաստանի զարգացման համար։ Դեռ ավելին, սպառված կացութաձևն ու համակարգայնացման քաղաքակրթությունն արդեն իսկ բացարձակապես բարոյալքել են հայ ժողովրդի ներքին հոգևոր միջավայրն իրենց կեղծ մշակույթով, շահամոլությամբ ու նյութապաշտական կառույցներով։ Հայաստանը երբևէ չի կարող իրեն թույլ տալ ինտեգրվել սպառվող ու հոգևոր-բարոյական անգիտության մեջ մրափած քաղաքակրթության չափանիշներին, այլ այս պարագայում պարտավոր է իրականացնել բեկումնային փոփոխություն ինչպես մտավոր ներուժի, հասարակության, այնպես էլ պետականության գիտակցության մեջ։ Հայ ժողովուրդը, որպես զորավոր և հնամյա մի երկրի ժառանգորդ, ժամանակակից քաղաքակրթության բարոյական ախտերի և տնտեսական աղետների միջից կարող է և պարտավոր է վերածնել իր փրկության ճանապարհի ծրագիրը։ Հայոց պետականության հիմնական կրողները դեռևս անտեղյակ են քաղաքակրթության մոտալուտ քայքայման և կործանման ահեղ կատակլիզմի իրողությանը և անտեղյակ են լինելու, քանի դեռ, պասկալյան ժպիտները դեմքներին, իրենց հանձնել են ստրասբուրգյան եվրաշքեղությանը։
Ազգերի, ժողովուրդների և համայն մարդկության զարգացման հոգևոր օրենքներն ու օրինաչափություններն օտար և անծանոթ են ժամանակակից քաղտեխնոլոգների «ինտելեկտուալ» մտքին։ Ժամանակակից քաղաքակրթությունն ազգի զորեղությունն ու ուժը դիտարկում է նրա նյութական կապիտալի չափորոշիչով, ուստի և ազգի վերածնման նախապայմանը սահմանում է նրա նյութական կարողության մակարդակով։ Հայոց քաղաքական վերնախավը, վերարտադրված ինկուբատորային ընդդիմությունն ու պլուտոկրատիան այդպես էլ չփորձեցին ընդունել, որ հայ ժողովրդի բարոյական իրավունքը չի կարող սահմանվել եվրոպական ժողովուրդների ընտանիքի, առկա քաղաքակրթության և արժեհամակարգի չափորոշիչներով։ Այդ իրավունքը նրա ազգային ինքնության գիտակցումի պահպանումով է եզրագծվում, որն ի սկզբանե առկա է նրա ցեղային ոգու մեջ իրեն վերապահված անկախության համոզմունքով։
Անկախության նախապայմանը նախ և առաջ հայ ժողովրդի հոգեբանական անկախությունն է, որը բազմիցս փաստվել է ազգերի պատմությամբ, որպես ազատ ապրելու և ազատորեն ստեղծագործելու ներքին մղում։ Այն թելադրված է տիեզերական բնությամբ և կրում է ազգի հավաքական կամքի զորեղությունն ու մերժում երկրի և ժողովրդի ստրկական կախվածությունը աշխարհի տերերից։ Այն ինքնատիպ ու բացարձակ յուրատեսակ համակարգ է, որի եզրույթն անցնում է հայ ազգի հավիտենարժեք հասկացությունների և մշակութային փիլիսոփայության սահմանով։ Հարկ է նշել դրանցից յոթ կարևորագույն տարրերը.
l ազգի ծագումնաբանությունն ու նրա առաքելությունը ֆիզիկական և հոգևոր դաշտում, որպես ինքնության գիտակցումի տարր,
l ցեղային աշխարհընկալումն ու արտահայտումը ոգեղեն, առարկայական դրսևորումներով, որպես ազգի հոգևոր և ֆիզիկական ֆորմայի շարժման արտացոլանք,
l ազգային էթնոսի այն ինքնահոս «մարմինը», որը, իր մեջ խտացնելով էներգիան, մղում է մեր ազգին դեպի կյանք ու բազմացում (բնազդական ձգտում),
l ազգի ոգու արտահայտումն առարկայական և ոչ առարկայական արարումներով, որոնք արտացոլանք և արդյունք են ազգային հոգևոր ազդեցության, որպես էթնոմշակույթի.
l ազգի բարձրագույն ձգտումը, այնպես, ինչպես տրադիցիոնալ ձգտումն Աստծուն, որպես ազգի հոգևոր առաքելություն,
l տիեզերական ժամանակի ու երկրային իմաստության տարածությունների միջև հյուսված պատմության անխզելի կապը որպես պատմաժառանգականության գենետիկ կոդային տարր,
l միասնական ազգի հարատևման ու կենաց ծառի գաղափարը, արարչական բնօրրանի սրբացումն ու սեփական ակունքներում սինթեզվող հայոց վերածննդի մանրակերտը որպես ազգի սրբագույն ծրագիր։
Որքան հզոր ու ամբողջական է ժողովրդի հոգեբանական անկախությունը, այնքան իրական են պետության անկախությունն ու նրա զարգացման օրինաչափ ընթացքը։ Այս հավաքական ամբողջության պարագայում է, որ պետական ու ազգային շահերը կենտրոնանում են մեկ հորիզոնականի վրա` ստեղծելով մեր տեսակի առաքելությունն ու նրա անընդհատությունը դրսևորելու բացարձակ հնարավորություն։ Ազգային գիտակցության և նրա հոգևոր, բարոյական, աստվածային իռացիոնալի, հոգևոր-կիրառական լիցքերի արժեքային համակարգը թույլ է տալիս իրականացնել այն ֆիզիկական տարածքում, ոչ թե որպես միայն էթնոմշակութային, քաղաքական և կամ բարոյաքաղաքական շրջանակների սինթեզում, այլև ներկա քաղաքակրթության ու «նոր աշխարհակարգի» արժեքային համակարգից դուրս վերածնվող նոր քաղաքակրթություն։ Այս աշխարհայացքը վերածնման սկիզբն է նշանավորում` բացելով ազգային գիտակցության, ժողովուրդների և քաղաքակրթությունների ներդաշնակ համակեցության մի նոր որակի ակունքը։ Այն սինթեզվում է ազգի բնականոն էվոլյուցիայի ծրագրին զուգահեռ և գոյակցելով տիեզերքի բանական դաշտում, բնական կյանքով էջք է կատարում դեպի կիրառական իրականություն։ Եվ հակառակ նոր «Ռազմական հանրագիտարանում» հիմնավորված այն «թեորեմ»-ին, թե տարբեր քաղաքակրթությունների անհամատեղելիությունը հակված է համաշխարհային բախումների, բացարձակապես արդարացված չէ, քանի որ այն քաղաքակրթությունների փոխհարստացման, զուգահեռ զարգացման, մշակութային գիտատեխնիկական առաջընթացի նախապայման է` պահպանելով և զարգացնելով իր կենսական ուժերն ամբողջացման և փոխհաղորդակցման նոր որակների մեջ։
Հայկական լեռնաշխարհի վրա ազատ, անկախ ու ազգային պետության հիմնադրումը, համայն հայության մեկտեղումը հայոց բնօրրանում, որը պիտի լինի ոչ միայն իշխանությունների, սփյուռքահայերի և կամ ազգայնականների մենաշնորհը, այլև ողջ հայ ժողովրդի հիմնական նպատակը, կարող է իրականացվել միայն այդ գաղափարի արմատական վերաիմաստավորման շնորհիվ։ Պետությունը, հանուն իրավաբանորեն անկախության ձևակերպման մղած «պայքարով» երբևէ չի կարող ստեղծել անկախ պետություն, ընդհակառակը, այն միանշանակորեն դուրս է մղվելու պատմական զարգացման հիմնական ուղուց։ Հայաստանի պետականությունն ու անկախությունն առկա իրողությամբ ոչ միայն թերի են և դեռ չկայացած, այլև վերջնականապես սպառված։ Որպես ազգային անկախ պետություն, Հայաստանն ընդունակ չէ լիարժեք իր գործառույթը կատարելու։ ՈՒստի, պաշտոնապես օգտագործելով ազգային անկախ պետականության գաղափարախոսությունը որպես քողարկում, սրընթաց գնում է եվրոպական ու միջազգային կառույցներին ինտեգրվելու ճանապարհով։ Եվ հենց այստեղից է հայ ազատագրական պայքարի և ազգային հեղափոխության անավարտությունը և պարտադրումը դրանց շարունակելիության։ Վերջինս մի գոյամարտ է, որն իր բնույթով ունիվերսալ է, հարատև և անկախության ձգտող բոլոր լիարժեք ազգերին հարիր։
Հայկական բարձրավանդակում անկախ պետականության լիարժեք ստեղծումը մեր ազգային քաղաքական գլխավոր նպատակն է։ ՈՒստի ամեն մի հայ իր աստվածապարգև ինքնության մեջ կարիք ունի նախ մաքրվելու, հաստատվելու և զորանալու։ Այլապես, մեր գոյության այս ճակատագրական պահին, հայոց Կենաց գունդ ստեղծելու փոխարեն կանգ կառնենք արտագաղթողների մի աղետալի փաղանգի առջև, որը, հայրենաստեղծ կյանքով ապրելու իրավունքը կորցնելով, նախընտրեց օտար երկրներում մահանալ։
Արմենակ ՄՆՋՈՅԱՆ
«ՀՅԴ-Դրո» գործով մահվան դատապարտված

Դիտվել է՝ 862

Մեկնաբանություններ