Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Պատմական գրքերի ընդհանուր ներածությունը (Բ Օրինաց գրքի օրհնություններն ու անեծքները իբրև

Պատմական գրքերի ընդհանուր ներածությունը (Բ Օրինաց գրքի օրհնություններն ու անեծքները իբրև
11.08.2009 | 00:00

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ՄԱՏՅԱՆԸ
«Այսօր, ահա, քո առջևն եմ դնում կյանքն ու մահը, բարին ու չարը։ Եթե լսես մեր Տեր Աստծո պատվիրանները, որ ես այսօր պատգամում եմ քեզ, սիրես քո Տեր Աստծուն, ընթանաս նրա ճանապարհներով, պահես նրա օրենքները, Նրա պատվիրաններն ու Նրա կանոնները, կապրեք ու բազմամարդ կլինեք, և քո Տեր Աստվածը քեզ կօրհնի ամբողջ երկրում, ուր կմտնես` այն ժառանգելու համար։ Երդվում եմ ձեզ երկնքով ու երկրով, որ ձեր առջևն եմ դնում կյանքն ու մահը, օրհնություններն ու անեծքները։ Ընտրիր կյանքը, որպեսզի ապրեք դու և քո սերունդը»։ (Բ Օր. 30. 15,16,19)։
Սույն հոդվածով ձեր ուշադրությանն է ներկայացվելու Հին Կտակարանի երկրորդ բաժինը` իր մեջ ընդգրկված 18 պատմական մեծուփոքր գրքերով հանդերձ։ Ժամանակագրական առումով այս գրվածքները շարունակությունն են Հնգամատյանի և ներառում են մի մեծ ժամանակահատված` Մովսեսին հաջորդած Հեսու Նավեի առաջնորդությամբ Պաղեստինի գրավումից` Քրիստոսից առաջ 1200 թվից, մինչև մակաբայեցիների հերոսական պայքարը հանուն հավատի և հայրենիքի ընդդեմ սելևկյանների գիշատիչ պետության, այսինքն` Ք. ա. 2-րդ դարը։ Բոլոր 18 գրքերն էլ իրենց բնույթով պատմական են և զանազան տեղեկություններ են հայտնում Իսրայելի տարբեր ժամանակագրական շրջանների մասին` դատավորներից, թագավորության հիմնադրումից և պառակտումից մինչև յոթանասունամյա բաբելոնյան գերություն` ներառյալ հետգերութենական շրջանի մի հատվածը։ Եթե օրենսդրական գրքերի խնդրո առարկան օրենքն էր, Աստծո կոչն առ հնազանդություն և ի սրտե պատվիրանապահություն, ապա այս գրքերում հանդիպում ենք մարդկանց` թագավորների, իշխանների և առհասարակ ժողովրդի` այդ կոչի արձագանքին` պատվիրանապահության և օրինազանցության խորհրդով, ինչը և իր հերթին օրինաչափորեն պայմանավորում էր երկրի խռովահուզությունն ու փոթորկությունը, խաղաղությունն ու բարեկեցությունը։ Պատմական գրքերն ընթերցվում են մեծ հետաքրքրությամբ ու հափշտակությամբ, առինքնում անկեղծությամբ, քանզի ամեն մի տող դրոշմված է աստվածային կնիքով և դաս ու խրատ առնելու անսպառ աղբյուր է նրանց համար, ովքեր կամենում են տեսնել ՈՒխտի պայմանների իրականացումն Իսրայելի և առհասարակ մարդկության պատմության մեջ։
Սուրբ Գրքի ընդհանուր ներածությունները ներկայացնելիս մենք խոսել ենք պատմական գրքերի արժանահավատության և հավաստիության մասին, իսկ այս բաժնում արծարծելու ենք հնագիտության` Իսրայելի և դրացի ժողովուրդների պեղածո վիմագիր արձանագրությունների ու հնագիտական պեղումների նյութական հետքերի և պատմագիտության նվաճումների թեման, առարկայորեն բացահայտելու ենք սուրբգրային եղելությունների բացարձակ ճշմարտացիությունը։ Սակայն սրբազան հեղինակների պատմագիտական խորախորհուրդ ըմբռնումների համաձայն` կարևորը ոչ այնքան դեպքերի ու անցքերի անաչառ ու անըստգյուտ նկարագրությունն է, որքան դրանց ներքին` աստվածաբանական իմաստի, այսինքն, մերօրյա եզրաբանությամբ, պատմության փիլիսոփայության բացահայտումը։ Իբրև այդպիսիք, դրանք որքան էլ ազգային և տեղական գունավորում ունենան, սահմանափակված չեն տեղով ու ժամանակով, այլ խորհուրդ ունեն նաև մեր օրերի ու բոլոր ժողովուրդների անցյալի ու ապագայի համար, և պատմության իմաստն ըմբռնելու բանալին են։ Պողոս առաքյալը հանրագումարային իմաստ է հաղորդում հինկտակարանյան բոլոր եղելություններին` ասելով. «Որպես խրատ գրվեցին մեզ համար»։ Հետևաբար, նշանակալիցը պատմության մեջ Աստծո միջամտության ընկալումն ու գիտակցումն է, Ով, ինչպես վկայում է 33-րդ սաղմոսը, «արդարությամբ» է «դատում ժողովուրդներին» և «առաջնորդում երկրի ազգերին»։ Իսկ Բ Օրինաց գրքում հռչակված երկու ճանապարհների ընտրության իրողությունը մեծապես կօգնի հասկանալու ոչ միայն Իսրայելի, այլև մեր` հայոց պատմության վայրիվերումներն ու պարբերաբար կրկնվող խռովահույզ շրջանները։
Սինա լեռան վրա Աստծո և Իսրայելի միջև կնքված ՈՒխտի մյուս կարևորագույն կողմն օրհնությունների խոստումն էր հավատարմության և անեծքների խախտման դեպքում։ Մեզ` հայերիս, առավել քան երբևէ, առավել քան որևէ մեկ այլ ազգի և առհասարակ ամեն մի մարդու, ով «սիրում է կյանքը և ուզում է օրերը բարության մեջ տեսնել» (Սաղմ. 33.16), կարևոր է այս զորությունները հասկանալ, որոնք թեև տեսանելի չեն, բայց, անտարակույս, պատմության անիվը ղեկավարող ներգործություններ են` տեսանելի իրողությունների անտեսանելի մղիչ ուժեր։
Հաճախ կարելի է հանդիպել մեզանում հրեաների ու հայերի պատմության միջև զուգահեռներ անցկացնելու և նույնականացնելու իրողությանը, որը, ըստ իս, չափազանց ճիշտ է, բայց տարբեր են պատճառների ընկալումները։ Ժամանակակից հրեությունը սկսել է ձևավորվել բաբելոնյան գերությունից հետո իրենց նախնիների և իրենց իսկ գործած մեղքերի սուր և անկեղծ ապրումների ու ազգային աղետալի կացության մեջ, որպես դրանց անխուսափելի հետևանք, Երկրորդումն Օրինացի անեծքների հեղման և հատուցման խոր ըմբռնմամբ և գիտակցմամբ։
Անկախ մեր պատմիչների (Խորենացուց, Լաստիվերցուց մինչև Առաքել Դավրիժեցի) հոգևորով պատմության վայրիվերումները բացատրելու աներկբա իրողությունից, այսօր էլ, երբ թվում է, թե ակնհայտ է անարդարությամբ պայմանավորված մեր երկրի խոր քաղաքական, տնտեսական և բարոյահոգեբանական ճգնաժամը, հասարակական կարծիքը վայրիվերումների իրական պատճառները տեսնում է աշխարհագրական դիրքի, մեզ համար անբարենպաստ քաղաքակրթությունների խաչմերուկի, հզոր, գիշատիչ տերությունների հարևանության, կոնկրետ անձանց, ազգային քաղաքական գործիչների մեջ, բայց ոչ երբեք մարդու և Աստծո դեմ գործած մեղքերի, ոչ սեփական անձի մեջ։
Սինա լեռից` մարդկության ճշմարիտ բարոյականության և արժանապատվության օրրանից, իբրև հասարակության մեջ գործող Աստծո հաստատած անխախտ կարգ, բոլոր ժամանակների համար հնչեցին օրհնությունները` Աստծո շավիղներով ընթացողների, և անեծքները` օրինազանցների ու անօրենների համար։
Օրհնությունն Աստծո բարեհաճության հեղումն է մարդու, հասարակության, ազգի վրա` հոգևոր, նյութական, մտավոր բարգավաճման առհավատչյան։ Մովսես մարգարեն բացահայտում է օրհնությունների բուն պատճառը. «Եթե ենթարկվես այս բոլոր օրենքներին և պահես ու գործադրես դրանք, ապա քո Տեր Աստվածը կկատարի Իր արած ՈՒխտն ու ողորմածությունը» (Բ Օր. 7.12)։ Ինչը նշանակում է, որ առաջնայինը մարդու համար Աստծո ձայնին ի սրտե և ողջ էությամբ հնազանդվելն ու Նրա ՈՒխտի պայմանները կատարելն է` երբեք չմոռանալով, որ ինքը` մարդը, երկինքն ու երկիրը և ողջ լիությունն Աստծո ձեռքի արգասիքներն են և պատկանում են իրեն` Տիրոջը։ Եվ սա ոչ միայն Հին, այլև Նոր ՈՒխտի պայմանն է. «Իմ ոչխարներն Իմ ձայնը լսում են» (Հովհ. 10.37)։ Այս օրհնությունները կարելի է խմբավորել հետևյալ սուրբգրային հերթականությամբ` բարձրացում, առողջություն, արգասաբերություն (ընտանիքում, արտում, այգում և թե աշխատանքում), բարգավաճում, հաղթանակ և Աստծո բարեհաճություն։
«Հողն իր բերքը կտա, իսկ դաշտերի ծառերը կտան իրենց պտուղները։ Դուք կուշտ հաց կուտեք և ձեր երկրում անհոգ կապրեք։ Ձեր երկրին խաղաղություն կպարգևեմ, և ձեր երկրում պատերազմ չի լինի» (Ղև. 26. 4, 5, 6)։
«Փող փոխ կտաս շատ ազգերի, բայց ինքդ նրանցից փոխ չես առնի» (Բ Օր. 28.12)։ «Քո Տեր Աստվածը քեզ կդարձնի գլուխ, բայց ոչ պոչ, բարձր կլինես և ոչ թե ցած» (28. 13)։
«Նա կօրհնի քո որովայնի ծնունդները, քո երկրի բերքը` ցորենը, գինին ու յուղը, քո արջառների նախիրները, քո ոչխարների հոտերը» (Բ Օր. 7. 13)։
«Տերը քեզանից կվերացնի բոլոր հիվանդությունները» (7. 5)։
Անեծքը (նզովք) Աստծո անբարեհաճության և սրտմտության հեղումն է օրինազանց մարդու, հասարակության, ժողովրդի վրա, օրհնությունից զրկումը, տարաբնույթ աղետների և չարիքների դատապարտումը և կործանումը։ Չի կարելի շփոթել հայհոյանքի և բանադրության հետ. վերջինս կիրառվում է եկեղեցու և նրա հաստատած կարգերի դեմ օրինազանց գործողության պարագայում և զրկում զանցառուին հաղորդությունից ու վտարում համայնքից։
Չպետք է մոռանալ, որ Աստծո անհուն սերը և բարությունը բնավ չի բացառում Նրա արդարացի խստությունը (Հռոմ. 11.22), որն ինքնանպատակ չէ, ոչ էլ զայրույթի պոռթկում, այլ խրատելու, չարը մերժելու, ուրիշներին հասցրած ցավն ու կսկիծը վերապրելու, կամքը բարու մեջ հաստատելու միջոց. «Տերն իսպառ չի բարկանում և հավիտյան ոխ չի պահում։ Մեր մեղքերի համեմատ չվարվեց մեզ հետ, ոչ էլ մեր անօրենության համեմատ հատուցեց մեզ» (Սաղմ. 102. 9,10)։
Բ Օրինաց և Ղևտական գրքերում օրհնությունների և անեծքների մի քանի ցանկեր կան, որոնցից առաջինը` 12 անեծքները և 12 օրհնությունները, Իսրայելի 12 ցեղերից վեցը Հորդանանն անցնելուց պիտի բարձրագոչ արտասանեին Գարիզիմ, իսկ մյուս վեցը` Գեբաղ լեռների վրա։ Այս 12 անեծքները վերաբերում են կռապաշտության ցանկացած դրսևորմանը, հայր ու մայր անարգողներին, եկվորի, այրու, որբի իրավունքները խախտողներին, անբնական սեռական կապերին, մերձավորին նենգաբար սպանողին, անմեղ արյուն թափելու համար կաշառք վերցնողին և, առհասարակ, աստվածադիր օրենքները չպահողներին (Բ Օր. 27. 11-26)։
Մյուս ցուցակների (Ղև. 26, 14-26, Բ Օր. 28. 15-68) անեծքների հիմնական պատճառը Աստծո խոսքը, Նրա պատվիրանները կատարելու մերժումն է, որը հատկորոշվում է անհնազանդություն, ապստամբություն և ըմբոստություն հոմանիշներով և հոգևոր աշխարհի ամենասարսափելի երևույթն է, քանզի ոչ այլ ինչ է, եթե ոչ ընդվզում Արարչի դեմ։
«Իսկ եթե չլսես քո Տեր Աստծո ասածը` չպահես ու չկատարես Նրա բոլոր պատվիրանները, որ ես այսօր պատգամում եմ քեզ, ապա այս անեծքները կթափվեն քո գլխին, կհասնեն քեզ» (Բ Օր. 28. 15)։
Այս անեծքները, ինչպես օրհնությունների պարագայում էր, նույնպես կարելի է խմբավորել` ստորացում, ամլություն, հիվանդություններ, ընտանիքի քայքայում, աղքատություն, զանազան պատահականությունների ենթարկվել, պարտություն, ստրկություն, անկում և Աստծո անբարեհաճություն։
«Տերը քեզ աղքատ ու կարիքավոր կդարձնի և ձեռնարկած ու ձեռնարկելիք բոլոր գործերդ անհաջողության կմատնի» (Բ Օր. 28.20)։
«Տերը քեզ կհիվանդացնի եգիպտացիների խոցով, թութքով, սուր քոսով և բորոտությամբ, որպեսզի չկարողանաս բուժվել, Տերը քեզ կհիվանդացնի մտագարությամբ, կուրությամբ և ցնորամտությամբ» (28. 27,28)։
«Քեզ ու քո սերնդի վրա հավիտյան նշաններ ու զարմանահրաշ գործեր կլինեն ի դիմաց այն բանի, որ քո Տեր Աստծուն ուրախությամբ ու անկեղծ սրտով չպաշտեցիր, հակառակ ամեն ինչի շատության։ Դրա համար էլ ամեն տեսակի սովի, ծարավի, մերկության ու աղքատության մեջ կծառայես քո թշնամիներին, որ Տերը կուղարկի քո դեմ։ Նա երկաթե լուծ կդնի քո վզին» (28. 46-48)։
«Քո Տեր Աստվածը քեզ կցրի բոլոր ազգերի մեջ` երկրի մի ծայրից մինչև մյուս ծայրը... Այնտեղ նա քեզ կտա տխուր սիրտ, արտասվաթոր աչքեր ու հյուծված մարմին» (28.64,65)։
«Քո երկրի բերքն ու քո ամբողջ վաստակը կուտի քեզ անծանոթ մի ազգ, և դու մշտապես զրկված ու խորտակված կմնաս։ Քո տեսած արհավիրքներից կցնորվես» (28.33,34)։
«Տերը թշնամիներիդ առջև քեզ պարտության կմատնի. դու նրանց դեմ մեկ ճանապարհով կելնես, բայց յոթը ճանապարհով կփախչես նրանցից։ Ցրիվ կգաս երկրի բոլոր թագավորությունների մեջ» (28.25)։
«Զվարճաբանության, առակի և ծաղրուծանակի նյութ կդառնաս բոլոր ազգերի մեջ» (28.37)։
«Ես պիտի խորտակեմ ձեր ամբարտավան պարծենկոտությունը, երկինքը ձեզ վրա երկաթի պես պիտի ծանր դարձնեմ, իսկ ձեր հողը` պղնձի պես կարծր»։
Զանազան պատահականությունների ենթարկվելը. «Օրը ցերեկով կխարխափես այնպես, ինչպես կույրն է խարխափում խավարի մեջ, և քո ուղիղ ճանապարհը չես գտնի» (Բ Օր. 28.9)։
Առհասարակ, անեծքի է ենթակա նաև այն մարդը, ով «իր հույսը կդնի մարդու վրա» (Երեմ. 17.5)։
«Հույս մի դրեք իշխանների` մարդկանց որդիների վրա, որովհետև նրանցից փրկություն չկա։
Երբ դուրս գա նրանց հոգին, նրանք կրկին հող կդառնան, և նույն օրը նրանց բոլոր մտածումները կանհետանան» (Սաղմ. 145.3)։
«Բայց թող օրհնյալ լինի այն մարդը, որ հույսը Տիրոջ վրա կդնի, որ Տերը նրա հույսը կդառնա» (Երեմ. 17.7)։
Այլ կերպ ասած` այս գրքերը կօգնեն մեզ հասկանալ ոչ միայն անցյալը, այլև ներկան և կհամոզեն մեզ, որ մեղքը և անօրենությունը, սիրո և հարգանքի բացակայությունը մերձավորի և, մանավանդ, անպաշտպան խավի նկատմամբ, հոգևոր կյանքի անտեսումը կամ միայն նրա ծիսական կողմին մասնակցությունն անհետևանք չեն մնում։ Սակայն դառնությունն ու անձկությունը չեն Աստվածաշնչի պատմական գրքերի վերջին խոսքը։ Ամեն անգամ, երբ իսրայելացիները զղջում էին իրենց գործած մեղքերի համար, Աստված, հավատարիմ Իր ՈՒխտին, լսում էր նրանց աղաղակը, պաղատանքներն ու աղաչանքները և միջամտում, մտնում պատմության շրջանակի մեջ` անձանձրույթ ազատելով, պաշտպանելով, փրկելով և մխիթարելով։
Եթե «դառնաս դեպի քո Տեր Աստվածը քո ամբողջ հոգով և էությամբ, լսես Նրա խոսքն այն բոլոր գործերում,- ասում է Մովսես մարգարեն,- որ ես հաղորդում եմ քեզ այսօր, ապա Տերը կների քեզ և դարձյալ ի մի կհավաքի քեզ բոլոր այն ժողովուրդների միջից, որոնց մեջ ցրել էր քեզ... Այն ժամանակ քո Տեր Աստվածն այս նզովքները կթափի քեզ հալածող քո թշնամիների ու քեզ ատողների գլխին» (Բ. Օր. 30.2, 3, 7)։
«Եվ եթե իմ ժողովուրդը,- կարդում ենք Երկրորդ Մնացորդաց գրքում,- որի վրա Իմ անունն է դրված, զղջա, աղոթի և Իմ երեսը փնտրի ու հետ դառնա իր չար ճանապարհներից, Ես էլ երկնքից կլսեմ, կներեմ նրանց ու կբուժեմ նրանց երկիրը» (7. 14)։
Գրիգոր ԴԱՐԲԻՆՅԱՆ

ՄՈՎՍԵՍԻ ՕՐՀՆԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ
«Երկի՛նք, ակա՛նջ դիր, որ խոսեմ, և երկիրը թող լսի իմ բերանի պատգամները, իմ խոսքը թող ընկալվի իբրև անձրև, իմ պատգամներն իջնեն իբրև ցող, իբրև սեզի վրա տեղացող անձրև ու խոտի վրա տեղացող տեղատարափ, որովհետև Տիրոջ անունը տվեցի։ Օրհնություն առաքեցե՛ք մեր Տեր Աստծուն, Աստված, որի գործերը ճշմարիտ են, ու Նրա ուղիները` օրինավոր։ Աստված հավատարիմ է, և Նրա մեջ անիրավություն չկա, Տերն արդար է ու անարատ» (Բ. Օր. 32. 1-4):

Դիտվել է՝ 1630

Մեկնաբանություններ