Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«ՊԵՏԱԿԱՆ ՎԱՆԴԱԼԻԶՄ ՈՒ ՍՐԲԱՊՂԾՈՒԹՅՈ՞ՒՆ», ԹԵ՞ ԱՆՀԻՄՆ «ՀԻՍՏԵՐԻԱ»

«ՊԵՏԱԿԱՆ ՎԱՆԴԱԼԻԶՄ ՈՒ ՍՐԲԱՊՂԾՈՒԹՅՈ՞ՒՆ», ԹԵ՞ ԱՆՀԻՄՆ «ՀԻՍՏԵՐԻԱ»
25.12.2009 | 00:00

Ռուս-վրացական հարաբերություններում, երբեմն ցավագին, երբեմն էլ ծիծաղելի, ամեն ինչ զարգանում է մանկական հայտնի բանաստեղծության հանգով` «Տերտերը մի շուն ուներ...»։ Եվ թվում է, որ փոխադարձ վիրավորանքների, կասկածների ու մեղադրանքների փակ շրջանը երբևէ չի ավարտվի։
Ոչ շատ վաղուց Հայաստանում մարդիկ խոր շունչ քաշեցին` հույսով ու թեթևացած, երբ հայտնի դարձավ, որ Երևանի իրականացրած ակտիվ լոբբինգի արդյունքում կարծես հնարավոր է դառնում վրաց-ռուսական սահմանի վերաբացումը և քառամյա առևտրային բլոկադայի ավարտը։ Ռուսաստանի նախագահը հայտարարեց, որ «ոչ մի խոչընդոտ» չի տեսնում Վերին Լարսի անցակետը բացելու հարցում, ինչպես նաև Վրաստան-Ռուսաստան ուղղակի օդային կապի վերականգնման առումով։ Հաջորդ իսկ օրը նախաձեռնությունն արժանացավ Վրաստանի նախագահի ողջույնին, ամերիկացիները հանդես եկան հաշտեցման առաջին քայլերի օգտին և 2,4 մլն դոլար տրամադրեցին վրացական կողմին Վերին Լարսի անցակետի իր հատվածը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար։ Առաջին օդանավային չվերթը Թբիլիսիից Մոսկվա նախատեսված էր դեկտեմբերի 26-ին։ Մի խոսքով, սառուցը կարծես շարժվել էր։
Սակայն արդեն ոչ առաջին, ու երևի ոչ վերջին անգամ լավատեսությունը կրկին տեղի տվեց այլ զարգացումների։ Սաակաշվիլին, հերթական անգամ օգտագործելով միջազգային ամբիոնը, Կոպենհագենի գագաթաժողովում հայտարարեց, թե «ռուսական ագրեսիվ քաղաքականության արդյունքները մեծացնում են գլոբալ տաքացման վտանգը Վրաստանի նկատմամբ և սպառնալիք են ստեղծել նրա ողջ էկոլոգիայի համար»։ Ռուսաստանն իր հերթին իրագործեց հերթական «դիվանագիտական ճեղքումը», հասնելով նրան, որ Նաուրու կղզի-պետությունը ճանաչեց Հարավային Օսիայի ու Աբխազիայի անկախությունը։ Ասում են, որ այդ հաճույքն արժեցել է 50 մլն ԱՄՆ դոլար, ինչը Վենեսուելայի դեպքում կազմում էր 2 միլիարդ։ Վրացական արձագանքը կրկին սպասել չտվեց, և Վրաստանի ազգային անվտանգության խորհուրդը Հարավային Օսիայի և Աբխազիայի ղեկավարներ Էդուարդ Կոկոյտիի և Սերգեյ Բաղապշի նկատմամբ հայտարարեց միջազգային հետախուզում։ Ռուսաստանն իր հերթին մեծացրեց ռազմանավերի քանակը Սև ծովի հյուսիսային հատվածում։
Ռուս-վրացական նոր դիվանագիտական պատերազմի բարձրակետը, սակայն, դարձավ Քութայիսում Հայրենական մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշարձանի պայթեցումը (վրացական իշխանությունների մեկնաբանությամբ` ապամոնտաժումը)։ 46 մետր բարձրությամբ այդ բետոնե կառույցը ոչնչացվեց սխալ իրականացված պայթյունով, ինչի պատճառով զոհվեցին երկու հոգի` մայրն ու նրա 8 տարեկան աղջիկը։ Վրացական իշխանությունները նախաձեռնությունը բացատրում են հուշարձանի տեղում Վրաստանի խորհրդարանի նոր շենք կառուցելու անհրաժեշտությամբ։ Միաժամանակ նրանց հիմնավորմամբ, հուշարձանն ամբողջությամբ չի ոչնչացվել, և նրա բրոնզե հատվածները, հատկապես «Մզեչաբուկի» ձիավորը տեղափոխվելու և տեղադրվելու են այլ վայրում։ Բայց նախաձեռնությունը վրացական իշխանություններին մարսել չհաջողվեց։ Մանավանդ որ հաջորդ տարին հաղթանակի 65-ամյակն է։ ՈՒ թեպետ պաշտոնական Թբիլիսին հայտարարել է, թե մասնակցելու է խորհրդային բոլոր ժողովուրդների համար կարևոր այդ տոնակատարությանը, հուշարձանի պայթեցման հետ կապված Մոսկվայի արձագանքը գերազանցեց բոլոր հնարավոր սպասելիքները։
Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ վրացական կողմի քայլը գնահատվեց «պետական վանդալիզմ ու սրբապղծություն»։ Ի պատասխան, Թբիլիսին Մոսկվայի պահվածքը որակեց իբրև անհիմն «հիստերիա»։ Քաղաքական սկանդալը սկսեց թափ հավաքել այն պահից, երբ Ռուսաստանի վարչապետը հայտարարեց, թե հուշարձանի պայթեցումը «հերթական փորձն է ԽՍՀՄ ժողովուրդների պատմական հիշողությունից ջնջելու ընդհանուր հերոսական անցյալը»։ Միևնույն ժամանակ Պուտինն առաջարկեց վերականգնել հուշարձանն արդեն Մոսկվայում, որի համար խիստ օպերատիվ կողմնորոշված Մոսկվայի քաղաքապետ Լուժկովն առաջարկեց հուշարձանը տեղադրել, ոչ ավելի ոչ պակաս, Պոկլոննայա լեռան վրա։ Նախաձեռնությանը համապատասխանաբար արձագանքեց նաև Ռուսաստանի վրացական համայնքը` պատրաստակամություն հայտնելով միջոցներ հավաքել հուշարձանի վերաստեղծման համար։ Եվ ամբողջ այդ քաշքշուկի մեջ ոչ ոք ուշադրություն չդարձրեց պայթեցված հուշարձանի հեղինակի` քանդակագործ Մերաբ Բերձենիշվիլու հայտարարությանը, որ հուշարձանի վերականգնումը «տեխնիկապես և ստեղծագործական առումով այլևս անհնարին է, ես արխիվներում չունեմ դրա նախագիծը, իսկ կրկին այն վերաստեղծելու ո՛չ ուժ ունեմ, ո՛չ էլ ժամանակ»։ Սակայն սկանդալից թափ հավաքած անիվը կասեցնելն արդեն անհնարին էր։ Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Բորիս Գրիզլովը Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ առաջարկեց դատապարտել Վրաստանի գործողությունները, քանի որ Թբիլիսին «մարտահրավեր է նետել ողջ միջազգային հանրությանը»։
Ամենացավալին այս ողջ իրադրության մեջ այն է, որ խնդիրն ունի ոչ թե բարոյական, այլ բացարձակապես պրագմատիկ նշանակություն։ Եվ, ըստ այդմ, անիմաստ է սպասել հարաբերությունների իրական ջերմացում Թբիլիսիի ու Մոսկվայի միջև։ Ողջ զգացմունքային քարոզչության խորապատկերի վրա, մասնավորապես, ուշադրության է արժանի Ռուսաստանի ԱԴԾ-ի (Ղհը) վերջին հայտարարությունն այն մասին, որ Վրաստանից դիվերսիոն ահաբեկչական խմբեր են ուղարկվում Դաղստան այդ տարածաշրջանի էներգետիկ համալիրում և երկաթուղային ցանցում ահաբեկչություն իրականացնելու նպատակով։ Վրաստանի իշխանությունների որոշումը` 2010-ից սկսած Ռուսաստան հեռարձակել համապատասխան ուղղվածություն ունեցող «Առաջին կովկասյան հեռուստաալիքը», ևս մի շարժառիթ է հարաբերությունների է՛լ ավելի լարման համար։ Մոսկվայում լրացուցիչ գրգռվածություն են առաջացնում առանձին ռուսաստանցիների կողմից Վրաստանում «քաղաքական ապաստան» ստանալու դեպքերը։ Այն բանից հետո, երբ Թբիլիսի տեղափոխվեց հայտնի ռուսական լրագրողներից մեկը` էքստրեմալ լրագրության կենտրոնի տնօրեն Օլեգ Պանֆիլովը, հայտնի դարձավ, որ ևս մեկ ռուս զինծառայող էլ օրերս է անցել սահմանը և ապաստան ստացել վրացական կողմում։ ՈՒ այդ ամենը, բնականաբար, լայնորեն տիրաժավորում է Թբիլիսին։
Միաժամանակ ակնհայտ է, որ չնայած Արևմուտքից Վրաստանին շարունակ կոչեր են ուղղվում` «ռազմավարական համբերատարություն» ցուցաբերել և անհարկի չգրգռել Ռուսաստանին, այնուհանդերձ, ոչ ոք չի պատրաստվում Վրաստանը կամ էլ Հարավկովկասյան տարածաշրջանը ճանաչել իբրև «ռուսական առաջնային շահերի գոտի»։ Եվրամիությունը բոլորովին վերջերս սկսել է արբանյակային դիտման ենթարկել Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքը, և տվյալներն օպերատիվ կերպով ուղարկվելու են Բրյուսել` շեշտը դնելով հատկապես ռազմական օբյեկտների կառուցումը կամ զորքերի տեղաշարժն արձանագրելու վրա։ Միաժամանակ ԱՄՆ-ի ֆինանսավորմամբ երեք ռադարային կայաններից վերջինն էլ արդեն տեղադրվել է Սև ծովի վրացական ափում, և այդպիսով Վաշինգտոնը մտադիր է ավարտին հասցնել դաշնակից երկրին ցուցաբերվող աջակցությունը` ծովային սահմանի պահպանության ուղղությամբ։ Պակաս տհաճ չէին Կրեմլի համար ամերիկյան սենատոր Ռիչարդ Լուգարի վերջին հայտարարությունները, որը կարևոր դեմք է սպառազինությունների կրճատման ռուս-ամերիկյան ապագա պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններում։ Իր զեկույցում և բանավոր խոսքում Լուգարը նշում է, որ Վրաստանի անպաշտպանվածությունը, ռազմական առումով, կարող է հանգեցնել հետագա ապակայունացման ամբողջ Կովկասում։ Նա առաջարկում է Վրաստանի սպառազինման խնդիրը լրջորեն վերանայել։ Ամերիկյան մի քանի սենատորներ, նախագահի նախկին թեկնածու Ջոն Մաքքեյնի գլխավորությամբ, ֆրանսիական իշխանություններից պահանջել են վերանայել Ռուսաստանի հետ պայմանագիրը` «Միստրալ» ռազմանավերից մեկը ռուսներին տրամադրելու կամ դրանց արտադրության տեխնոլոգիան Մոսկվային հանձնելու վերաբերյալ։ Եվ թեկուզ այդ կապակցությամբ ֆրանսիացիների վերջնական դիրքորոշումը չի պարզաբանվել, Բեռնար Քուշներն արդեն հայտարարել է, որ այս հարցում զգուշություն ցուցաբերելը կարևոր է, նկատի ունենալով Վրաստանի պրոբլեմները։
Այսպիսով, չի բացառվում, որ աստիճանաբար մեծացող «ձնագունդը» կվերածվի ավելի կոշտ հակադրության Մոսկվայի ու Թբիլիսիի միջև։ Եվ այդ դեպքում բոլորովին բացառված չէ, որ Ռուսաստանը, մի կողմ դնելով Կովկասում «համակարգային քաղաքականություն իրականացնելու» և Հայաստանի շահերը պաշտպանելու իր նախկին հայտարարությունները, կրկին կկանգնի Թբիլիսիի հետ քաղաքական ու տնտեսական հակամարտության տրորված արահետին։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1311

Մեկնաբանություններ