Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԱՆՀԱՅՏ ԶԻՆՎՈՐ ՉԻ ԼԻՆՈՒՄ, ԿԱՄ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՏՈՆԱԿԱՆ ՕՐԸ

ԱՆՀԱՅՏ ԶԻՆՎՈՐ ՉԻ ԼԻՆՈՒՄ, ԿԱՄ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՏՈՆԱԿԱՆ ՕՐԸ
14.02.2012 | 00:00

Երբ 1988-ին եղան ղարաբաղյան շարժման առաջին ինքնաբուխ պոռթկումները, զարմանալիորեն անսպասելի հայտնվեցին համարձակ տղաներ, ովքեր կարողանում էին իրենց կրակոտ, անկաշկանդ, նույնիսկ ոչ զգուշավոր ելույթներով տասնյակ հազարավոր մարդկանց գիտակցությունից օր օրի հանել տասնամյակներով արմատավորված վախի զգացումը։ Հետո Սումգայիթից, Նախիջևանից, Արցախից ու Բաքվից սահմռկեցուցիչ լուրերի տարափ էր։ Ողջ Երևանը գիշեր ու ցերեկ օպերայի բակում էր` հերթափոխով։ Այդ ողբերգական լուրերը լսելիս շատ տղամարդիկ անօգնականության և անզորության զգացումից արտասվում էին։ Հայաստանն Ադրբեջանի հետ ունեցած բոլոր սահմաններից միաժամանակ սադրիչ հարձակման էր ենթարկվում։ Քաղաքացիական անհնազանդություն և դավադրություն ցուցաբերեցին նաև Հայաստանում ապրող ադրբեջանցիները։ Ակնհայտ էր, որ այդ գործողությունները ղեկավարվում էին միևնույն կենտրոնից, նույն «դիրիժորի» ձեռքի շարժումով։ Երբ տեսնում էի, թե ինչպես են լուռ ու մորմոքուն արտասվում մեր տղամարդիկ, ինքս ինձ մտածեցի, հետո նաև հարթակից բարձրաձայն ասացի, որ քանի դեռ հայ տղամարդն անզորությունից լաց լինի, մեզ կկոտորեն, և մենք մեզ չենք կարողանա պաշտպանել։ Ես առաջարկեցի զենք վերցնել, քանի ուշ չէ, միևնույն է, մենք զենք վերցնելու ենք, պարզապես` չուշանանք։ Ինձ հարթակից հեռացրին և անվանեցին ԿԳԲ-ի սադրիչ, իսկ ԿԳԲ-ի աշխատակիցները` օտարերկրյա գործակալ։ Բարեբախտաբար, զրույցի ժամանակ աշխատակիցն ինձ հավատաց, բաց թողեց, բայց և զգուշացրեց` նման անպատասխանատու հայտարարություններ չանեմ. մեզ ու մեր երկիրը պաշտպանում է հզոր խորհրդային պետությունը, և պետք չէ ազգամիջյան ընդհարումներ հրահրել, մանավանդ որ թուրքերի հետ մեր թշնամանքը գենետիկ հիշողություն ունի։ Թե ինչպես մեզ պաշտպանեց խորհրդային հզոր պետությունը, բոլորս գիտենք։ ՈՒ մենք զենք վերցրինք թեև ուշացումով, բարեբախտաբար` ոչ ուշացած։ Սկսվեցին ընդհարումները նախ Հայաստանի սահմաններում, ապա առավել լայնածավալ` բուն Արցախում։ Բազմաթիվ տղամարդիկ կռիվ էին գնում կամավոր` հոգու կանչով։ Բայց դա բավարար չէր. կռվող տղաների կարիք կար։ Եվ սկսվեց «զորակոչը»։ Շատերը պատրաստ չէին ոչ այնքան հոգեբանորեն, քանի որ օդը հագեցած էր ռազմական գործողությունների ծանր լուրերով, որքան ֆիզիկապես և մարտական հմտություններով։ Բայց վիճակը գցված էր, և հետդարձի ճանապարհ չունեինք։
1991-92 թթ. պետության կողմից սկսեցին նոր-նոր կազմավորվել ինքնապաշտպանական ջոկատները։ Կռիվը թեժանում էր` վերածվելով պատերազմի։ Օղակը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջը նեղանում էր։ Ամեն սահմանամերձ քաղաքի և գյուղի ինքնապաշտպանությունը հիմնականում տեղի բնակիչներն էին կազմակերպում։
Պատերազմը ծանր բան է։ Պատերազմը ժողովուրդների ճակատագրեր է կործանում։ Պատերազմը բացահայտում է մարդկային էության դաժան ու ստոր կողմերը։ Պատերազմը չունի արդարացում. պատերազմի միակ արդարացումը հերոսներ ծնելն է. խաղաղ պայմաններում նույն այդ մարդկանց ասես թմբիրն է պատած լինում։ Պատերազմի մեծ ու փոքր ճակատամարտերը հենց այդ խիզախ ու արի մարդիկ են ուղղորդում։ Բայց պատերազմի վերջնական ելքը որոշում է շարքային զինվորը, նա, ով թեև անհավանական սխրանքի չի գնում, սակայն, ամեն օր, ամեն ժամ մահվան աչքերին նայելով` մոտեցնում է հաղթանակը։ Պատերազմն ունի իր օրենքները` գրված ու չգրված։ Պատերազմում անխուսափելի է երեք բան` զինվորը վիրավորվում է, զոհվում է կամ գերի ընկնում։ Բոլոր ժամանակներում զինվորը մահը գերադասել է գերի ընկնելուց, քանի որ թշնամին իր մեծ ու փոքր պարտությունների և զոհերի վրեժը գերիներից է լուծում։ Գերի ընկած զինվորին յուրայիններն էլ դժվարությամբ են ներում։
Հա, զինվորի մի տեսակ էլ կա, որը կա՛մ սրբացվում է, կա՛մ անտեսվում։ Դա անհայտ զինվորն է. անհայտ է ոչ թե որ անուն-ազգանուն չունի, կամ մոռացվել է անունը, այլ որովհետև նա մեկն է հազարավոր զինվորներից, ովքեր կռվել են, ու նրանց կռվի շնորհիվ են հրամանատարները մարտը շահել։ Բայց հաճախ հաղթանակից հետո մոռացվում են այդ զինվորները։ Գուցե խաղաղ ժամանակների առանձնահատկությունն էլ հենց դա է։ Բայց երբ մոռանում են հաղթանակներ բերած, սակայն մարտի դաշտում վիրավորված, հաշմանդամ ու անդամալույծ դարձած զինվորին, որն իր կյանքով է հատուցել այդ հաղթանակի համար, աններելի է։ Կյանքով հատուցել` չի նշանակում միայն զոհվել։ Եթե 20 տարի հաշմանդամ կամ անդամալույծ դարձած նախկին զինվորը զրկված է լիարժեք ապրելու հնարավորությունից, մարմնական (երբեմն նաև հոգեկան) խեղվածության պատճառով անկարող է աշխատել, ամուսնանալ կամ ունեցած ընտանիքն արժանապատիվ և արժանավայել պահել. ի՞նչ է սա` կյա՞նք, թե՞ մահ։
Քանի՜-քանի այսպիսի ազատամարտիկներ ունենք, ովքեր ապրում են բարոյապես անտեսված և նյութապես անապահով։ Գոնե չարժեզրկենք «ազատամարտիկ» բառը և չվիրավորենք այդ մարդկանց. նրանք` հաճախ կամավորականներ, մարտնչել են երկրի ու ազգի ազատության համար, դարձել են ազատամարտիկ։ Դրանից ավելի մեծ երախտիք կարո՞ղ է լինել։
Հաղթում են զինվորները, փառքի դափնիներն իրար մեջ են բաժանում իշխանավորներն ու գեներալները։ Իհարկե, բոլոր պատերազմներն ու ճակատամարտերը հիշվում են թագավորների և զինվորների անունների հիշատակմամբ և ժամանակագրությամբ։ Բայց վա՜յ այն թագավորին, որը չի սիրում իր ժողովրդին, քանի որ այդ ժողովուրդն էլ չի սիրի նրա բանակը և չի դառնա նրա զինվորը, և վա՜յ այն զորավարին, որը չի սիրում իր զինվորին. այդ զինվորն ընդունակ չի լինի սխրանքի։
Մեկ մարդու մտորումները, եթե չեն հասնում ուրիշ մարդկանց, դառնում են սոսկ անպտուղ մտավարժանք։
Տոնական այս ոգևորության օրերին ընկա ծանր խոկումների մեջ, երբ կենտրոնական հոսպիտալում հանդիպեցի անդամալույծ, խեղված ճակատագրով մի ազատամարտիկի։ Մենք բոլորս պարտք ունենք տալու ազատամարտիկներից յուրաքանչյուրին, անկախ նրանից` վիրավորվել է նա, թե ոչ։ Պետությունն ու հասարակությունը պարտավոր են ապահովել նրանց աշխատանքով, բնակարանով, հոգալ նրանց առողջության համար, իրենց վրա վերցնել նրանց երեխաների բուժման ու կրթության հոգսը։
Տարիներ առաջ ներկայիս Ազգային ժողովի մի քանի նորընտիր պատգամավորների միջոցով փորձեցի օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկություն անել, այն է` եկամտահարկի տողերից մեկը դարձնել որպես հաշմանդամ ազատամարտիկների և զոհված ազատամարտիկների ընտանիքների օգնության կամ թոշակների հատկացման օրենսդրական լուծում։ Իմ նախաձեռնությունը մնաց անարձագանք։ Հիմա կրկին եմ բարձրացնում այդ հարցը. մայիսին ԱԺ-ի ընտրություններն են, խնդրում եմ` որևէ կուսակցության ներկայացուցիչ կամ մեծամասնական թեկնածու ներառի իր նախընտրական ծրագրում այս թեզը մի պայմանով, որ ընտրվելուց հետո այն կյանքի կոչի։
Որպեսզի այս երկարաշունչ «նախաբանն» իր նպատակին հասնի, ուզում եմ պատմել այն անդամալույծ ազատամարտիկի մասին, ում հանդիպեցի Հայոց բանակի 20-ամյա տոնակատարության նախօրեին։ Նա ԱՐՄԵՆ ԱՐԾՎԻԿԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆՆ է. ծնվել է 1969 թ. Կապանում։ Դեռևս խորհրդային բանակում ծառայելիս, մահանում է նրա մայրը։ 1991 թ. 22 տարեկան Արմենը գնում է պաշտպանելու իր հայրենի Կապան քաղաքը։ Ադրբեջանցի-թուրք հրոսակներն ընդհուպ մոտեցել էին Կապանին, ընդամենը 12 կմ էր հեռու պաշտպանական գիծը` Ճակատին գյուղը։ Ի պատիվ կապանցիների` պետք է ասել, որ, տևական ռմբակոծությունների տակ լինելով, սյունեցուն հատուկ արիությամբ և հայրենի հողի հանդեպ պաշտամունքի հասնող սիրո շնորհիվ, ոչ ոք քաղաքը չլքեց։ Ճակատին գյուղի պաշտպանական ջոկատները կռվում էին իրենց զավակների, ընտանիքների և ծնողների` բառացիորեն կյանքի համար։ Արմեն Համբարձումյանը «Կայարանի» գումարտակի կազմում կռվում էր Ճակատինի ինքնապաշտպանական գծում։ Բայց ինչպես ժողովուրդն է ասում, որբի բախտը դևի ճանկերում է։ 1992 թ. Արմենը ծանր վիրավորվում է գլխից, վերքը վտանգավոր էր. կաթվածահար են լինում աջ ձեռքն ու ոտքը, գանգոսկրի ձախակողմյան մի մեծ հատված ենթարկվում է պլաստիկ վիրահատության։ Գլխի հինգ վիրահատություն է տարել Արմենը։ Ամենաբարդ վիրահատություններից մեկը կատարել է հանրապետության լավագույն նեյրովիրաբույժ Զոհրաբյանը։ Կաթվածահար ոտքն Արմենին գամում է սայլակին, իսկ ձեռքը վերջնականապես կծկվում է և դառնում անաշխատունակ։ 1997-ից սկսվում է նրա հիվանդանոցային ոդիսականը. տարվա մեծ մասը նա անցկացնում էր հիվանդանոցում` զինվորական հոսպիտալում կամ վերականգնողական կենտրոններում։ Բժիշկների հոգատարության շնորհիվ Արմենը, բարեբախտաբար, թողնում է սայլակը։ Հիմա թեև քայլում է, բայց ոչ լիարժեք։ Երկարատև անշարժությունից ոտքերի վրա բազմաթիվ տրոֆիկ խոցեր էին առաջացել, որոնց բուժումը երկարատև ու ծանր է եղել։ Այսօր նրա բուժող բժիշկը` անոթաբան Արման Հակոբյանը, բավարարված է ներկա բուժման ընթացքից. երկու խոցերից մեկն ամբողջովին փակվել է, մյուսը բուժման մեջ է։ 15 տարի է` Արմենը կենտրոնական զինվորական հոսպիտալի մշտական հիվանդներից է. 4-5 ամիս բուժվում է և ապաքինվում։ Այստեղ նրան հարազատի պես են ընդունում. սանիտարները մայրական հոգատարությամբ լվանում են նրա հագուստը. բուժքույրերը ժամանակին ու սրտացավությամբ կատարում են բժիշկների նշանակումները։ Իսկ վիրաբուժության բաժանմունքի վարիչ, ազատամարտիկ Վահան Գևորգյանը, որ հայտնի է իր արտակարգ հոգատարությամբ վիրավոր ազատամարտիկների հանդեպ, Արմենի նկատմամբ հոգատարության նաև հատուկ պատճառ ունի. Արմենը ո՛չ տուն ունի, ո՛չ ընտանիք, ապրում է եղբոր ընտանիքի հետ, և երբ հոսպիտալից գնում է Կապան, բժիշկը գիտի, որ նրան խնամող, հոգատար ձեռք է պետք։
Արմենի հետ զրուցելիս ես ինձ մեղավոր էի զգում, որ մինչև հիմա չեմ իմացել նրան և օգտակար չեմ եղել։
23 տարեկան երիտասարդը հայրենիքի պաշտպանության զոհասեղանին է դրել իր առողջությունը, մեծ հաշվով` լիարժեք ապրելու հնարավորությունը, որը հավասարազոր է կյանքին։ Այսօր 43 տարեկան տղամարդը չունի տուն, չունի ընտանիք, ապրում է եղբոր տանը և եղբոր կնոջ խնամքով։
Արմենի հետ իմ զրույցը և՛ ծանր էր, և՛ հուսադրող, իսկ զարմանալին ու հոգեցունցն այն էր, որ Արմենն ափսոսում էր ոչ թե ընդհանրապես վիրավորվելու համար, թեև, իհարկե, գերադասում էր միայն ոտքից վիրավորվել, այլ որ շուտ վիրավորվեց և չկարողացավ մասնակցել հետագա մարտական գործողություններին։
«Դե, կռիվ գնացողը պիտի իմանա,- բարձրաձայն մտորում էր Արմենը,- վիրավորվել էլ կա, զոհվել էլ։ Տղաներ ունեինք, որ ոտքից կամ ձեռքից վիրավորվելուց հետո ապաքինվում էին ու կրկին վերադառնում մարտի դաշտ։ Իմ բախտը չբերեց, կռիվս կիսատ մնաց։ Բայց ես հիմա մտածում եմ մի ուրիշ կռվի մասին. ուշ չէ, եթե ամուսնանամ և զավակներ ունենամ, այ, էդ ժամանակ էլ իմ կիսատ մնացած կռիվը կշարունակեմ. իմ փոխարեն մի քանի զինվոր կպարգևեմ հայոց բանակին։ Բայց իղձս անկատար է մնում. տուն չունեմ, որ ամուսնանամ ու իմ հարկի տակ օջախ ստեղծեմ։ Անկեղծորեն ասեմ, իմ երազանքներից մեկն էլ զինվորական դառնալն էր, բայց էստեղ էլ բախտս չբերեց։ Մեր ազատամարտիկներից շատերը պատերազմից հետո մտան բանակ և իրենց ռազմական գործնական փորձն ու գիտելիքները հիմա փոխանցում են խաղաղ ժամանակների զինվորներին։
Մեր բանակի 20-ամյակին նվիրված տոնակատարություններն են. լավ է, ժողովրդին տոներ են պետք, ոգևորել է պետք, բայց ժողովուրդը մե՛ր ժողովուրդն է, և ամեն մեկն անապահով և հաշմանդամ ազատամարտիկ հարևան-բարեկամ ունի, չի ասի՞ էս ճոխ ու շքեղ տոնակատարությունների փոխարեն էդ մարդկանց արժանապատիվ ապրելու հնարավորություններ ստեղծենք, որ վաղը, Աստված չանի, պատերազմի դեպքում ոչ ոք մատնացույց չանի բարոյապես լքված ու անտեսված ազատամարտիկներին։ Դիմելու եմ պաշտպանության նախարարին` բնակարան հատկացնելու խնդրանքով։ ՈՒզում եմ հավատալ, որ չի մերժի»։
Ահա այսպիսի խորհրդածություններով ավարտեց իր խոսքն ազատամարտիկ Արմեն Համբարձումյանը։ Մեր զրույցի ժամանակ ես շատ ընկճված էի։ Արմենն ինձնից տոկուն ու լավատես էր, թեև նրա ապրած կյանքը կարծես թե բավարար հիմքեր չէր տալիս դրան։ Բայց հետո հասկացա գաղտնիքը. Արմենը մանկուց շնչել է Նժդեհի ոգով ներշնչված սյունյաց օդը, ամեն օր տեսել է հայոց հպարտ լեռները և չի կարող իրեն պարտված զգալ։
Մինչև այսօր մենք չէինք ճանաչում Արմեն Համբարձումյան ազատամարտիկին, եթե նա որևէ արտառոց սխրանք կատարած լիներ, գուցե նրա մասին էլ գրեին ու ֆիլմ նկարեին, բայց նա եղել է «անհայտ զինվորը», որն իր ընկերների հետ մոտեցրել է մեր հաղթանակը։ ՈՒ ես այդ օրը հասկացա, որ անհայտ զինվոր չի լինում։
Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ
Հ. Գ. -Եթե պաշտպանության նախարարությունը չգտնի համապատասխան միջոցներ Արմենին բնակարանով ապահովելու համար, գուցե գտնվեն գործարարներ, ովքեր, մեկ-երկու միլիոն դրամ տրամադրելով, Արմեն Համբարձումյանի համար բնակարան կգնեն Կապանում, որտեղ բնակարաններն այնքան էլ թանկ չեն։
Սա թող լինի նրանց հոգու պարտքը։ Աստված կտեսնի ու կգնահատի։

Դիտվել է՝ 1946

Մեկնաբանություններ