Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Կառավարող վարչակազմը պետք է խույս տա ընտրարշավի անցկացման առավել կոպիտ եղանակներից

Կառավարող վարչակազմը պետք է խույս տա  ընտրարշավի անցկացման առավել կոպիտ եղանակներից
13.04.2012 | 00:00

Արևելյան Եվրոպայի երկրների քաղաքական կյանքի և հասարակության էթիկական պատկերացումների մեջ ներմուծված եվրոպական և ազատական արժեքներն ու վարվեցողության կանոնները հանգեցրել են այնպիսի իրադրության, երբ Արևելյան ընկերակցությունը հարկադրված է հրաժարվելու այդ երկրների կեղծ ազատական քաղաքական խմբերի ծառայություններից և գործընկերային հարաբերություններ հաստատելու այդ արժեքներից շատ հեռու գտնվող քաղաքական խմբերի հետ։ Այդ երկրներում գործնական քաղաքական ուժեր են դարձել որոշակի քաղաքական կորպորացիաներ, որոնք ներկայացնում են նոր բյուրոկրատիայի և ձեռնարկատիրական շրջանակների շահերը։ Հասկանալի է, որ դրանք հեռու են ժողովրդավարության գերակայություններից և շատ յուրօրինակ պատկերացումներ ունեն սոցիալական օգտակարության և պատասխանատվության մասին։ Դրա հետ մեկտեղ, ԱՄՆ-ը, Եվրամիությունն ու Եվրոպայի առաջատար պետություններն ուզում են, որ Արևելյան Եվրոպայի երկրներում իշխանության գան ոչ թե «զգայուն» ժողովրդավարներ, որոնք այդպես էլ ի հայտ չեն գալիս, այլ Արևմուտքի համար ընդունելի քաղաքականություն վարող փոքրիշատե հուսալի գործընկերներ։ Հայաստանում քսանամյա փնտրտուքից հետո ուժի արևմտյան կենտրոնները համարում են, որ, ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի ու նրա գլխավորած հանրապետական կուսակցության, հաջողվել է գտնել այդպիսի գործընկերների։ Սերժ Սարգսյանը, երկար տարիներ զբաղեցնելով քաղաքական բարձր պաշտոններ, մշտապես աշխատել է Ռուսաստանի հետ, նախ և առաջ պաշտպանության ու անվտանգության ասպարեզում և քաջ ծանոթ է ռուս քաղաքական գործիչների ու պաշտոնատար անձանց հետ համագործակցության առավելություններին ու խոցելի կողմերին։ Երևում է, դեռ մինչև նախագահ ընտրվելը Սերժ Սարգսյանը ենթադրել է ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի ու Եվրամիության հետ համագործակցության ընդլայնմանը միտված «նոր կուրս» վարելու և միաժամանակ ՀԱՊԿ-ի ու Եվրասիական նախագծի շրջանակներում հարաբերությունների զարգացումը շարունակելու անհրաժեշտությունը։ Հայաստանը պետք է ցուցադրի այդ փորձի իրագործելիությունը և ապացուցի, որ փոքր երկրներն էլ են ի վիճակի վարելու բազմավեկտոր արտաքին քաղաքականություն։ Բայց Արևմուտքը գտնվում է վարքագծի որոշ պարտավորեցնող շրջանակներում և կարիք ունի միանգամայն օրինակարգ գործընկերոջ, իսկ դրա համար պետք է, այսպես կոչված, «մաքուր ընտրություններ» անցկացնել Հայաստանում։ Ամեն դեպքում, ընտրությունն արված է, և կառավարող վարչակազմը պետք է սոսկ խույս տա ընտրարշավի անցկացման առավել կոպիտ եղանակներից։

Այս կապակցությամբ անհրաժեշտ է լուծել որոշակի խնդիրներ, որոնք այնքան բարդ չեն, որքան թվում է դիտորդներին։ Դեռ մինչև վերջերս կառավարող թիմի հիմնական հակառակորդը Հայ ազգային կոնգրեսն էր, որը բաղկացած է լուսանցքային բնույթի բավականին խայտաբղետ խմբերից և ղեկավարվում է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից։ Իրականում Հայ ազգային կոնգրես անվանման նպատակն է քողարկել այդ խմբավորման իսկական էությունը, որը, ըստ էության, Հայոց համազգային շարժումն է։ Կառավարող վարչախումբը բավականին երկար ժամանակ վախենում էր ընդդիմադիր այդ խմբավորման ժողովրդականությունից, բայց ժամանակն առաջ է ընթանում, իրավիճակը փոխվում է, ու եթե ՀՀՇ-ին հաջողվի էլ մտնել խորհրդարան, այսինքն` հաղթահարել տոկոսային շեմը, ապա միայն իշխանությունների օգնությամբ։ Կառավարող շրջանակները կուզեին, մի տեսակ, քաղաքական կաշառք «մատուցել» Արևմուտքին և ՀՀՇ-ին «թողնել մտնել» խորհրդարան։ Մինչդեռ հազիվ թե Արևմուտքը ցանկանար իր քաղաքական մտադրությունները կապել Լևոն Տեր-Պետրոսյանի խմբավորման հետ։ Դա բացատրվում է ոչ միայն այդ խմբավորման գործիչների քաղաքական անհեռանկարայնությամբ, այլև նրա բացասական անցյալով։ Լևոն Տեր-Պետրոսյանի վարչակազմը, հիմնված լինելով դիմազուրկ խավերի և նախկին կոմունիստական ապարատի ներկայացուցիչների վրա, գցեց զեղծարարության, ազգային հարստության թալանի, արդյունաբերության ոչնչացման, ընտրություններում վարչական ռեսուրսի բացահայտ կիրառման հիմքերը։ Ներկայումս այդ ընդդիմադիր խմբավորումն արժանանում է բացառապես բնակչության այն խավերի պաշտպանությանը, որոնք երկրի կողոպտման շրջանում իրենց «պատառն» են կարողացել ձեռք գցել։ Այդ խավերն իրենցից ներկայացնում են ապադասակարգային տարրերի և մտավոր, պրոֆեսիոնալ, քաղաքական ու հոգևոր առումով իրենց վաղուց սպառած «երևանսկի ինծիլիգենցիայի» մի համախումբ։

Սակայն ՀՀՇ-ն, կամ, ինչպես հիմա են այն անվանում, Հայ ազգային կոնգրեսը, այլևս գլխավոր ընդդիմադիր խմբավորումը չէ, նա իր տեղը զիջել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։

Վերջին շրջանում նկատվեց, որ կառավարող հանրապետական կուսակցության և «Բարգավաճ Հայաստանի» միջև ավելի դրամատիկ հարաբերություններ են ձևավորվում, քան ենթադրվում էր առաջ։ ԲՀԿ-ի ղեկավարները, այդ թվում` արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը, որոշում ընդունեցին, որ իրենց կուսակցության համար ավելի նախընտրելի է ընթանալ իշխանությունների հետ առճակատման ուղիով։ Իհարկե, տվյալ դեպքում խոսքը նախընտրական խնդիրների լուծման և նախընտրական տեխնոլոգիաների կիրառման մասին է, և այդ կապակցությամբ «Բարգավաճ Հայաստանի» պարագլուխները կցանկանային ընդգծել իշխանությունների հանդեպ իրենց ընդդիմադիր կեցվածքը։ Բայց, միաժամանակ, խոսքը նաև արտքաղաքական կողմնորոշումների վերաբերյալ հայտի մասին է։ Այսպես թե այնպես, արևմտյան քաղաքական բևեռները «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ընդունեցին իբրև գործընկեր, ու դրանով իսկ կանխորոշեցին նրա տեղն ու դերը իբրև Ռուսաստանի գործընկերոջ։ Հայաստանում և լրատվամիջոցներում քննարկվում են Ռ. Քոչարյանի և Լ. Տեր-Պետրոսյանի հարաբերությունները, որոնց առնչությամբ քչերը որևէ բան գիտեն։ Բայց իրողությունն այն է, որ ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Եվրամիությունը, ո՛չ Ռուսաստանը Հայաստանում տեղի ունեցող ընտրությունների վրա մեծ ազդեցություն չեն գործում, եթե հաշվի չառնենք Արևմուտքի պահանջները «մաքուր ընտրությունների» առնչությամբ։ Արտաքին ազդեցությունը սոսկ ձանձրացուցիչ մի առասպել է, որ տարածում են իրենք` նախընտրական պայքարի մասնակիցները. իրականում բնակչության վարքագիծն ու վարվելակերպը պայմանավորված են միանգամայն այլ, զուտ տեղային գործոններով ու պայմաններով։ Ինչպես Արևելյան Եվրոպայի այլ երկրներում, Հայաստանի բնակչությունը խիստ «իրատեսորեն» է տրամադրված, ընտրությունների արդյունքներից ակնկալում է զուտ անձնական շահ. առանձին «առաջադեմ» ու «հեռանկարային» երիտասարդներ ընտրությունների հետ են կապում իրենց կարիերայի և բարեկեցության հարցերի լուծումը։ Բայց, այսպես թե այնպես, այս ամենը հեռու է քաղաքական-գաղափարախոսական ներկայություններից ու հայացքներից, հեռավոր առնչություն ունի արտքաղաքական կողմնորոշումների և նախապատվությունների հետ։ Հայաստանում քաղաքական գաղափարախոսությունը վերստին գտնվում է խոր ռեզերվում և գործի է դրվում սոսկ այն պահին, երբ հարկ է լինում լուծելու այնպիսի բախտորոշ հարցեր, ինչպիսիք են ղարաբաղյան խնդիրը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրը։ Շատ շուտով, հավանաբար խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո, օրախնդիր կդառնան այնպիսի հարցեր, ինչպիսիք են համագործակցությունը ՆԱՏՕ-ի ու Եվրամիության հետ։ Ընդ որում, բնական է, որ կուժեղանա ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ռուսաստանի ազդեցությունը հայ հանրության վրա, թեև ուժի այդ կենտրոնները չեն կարող մեծ դեր խաղալ ընտրարշավում։

Տպավորություն է ստեղծվում, որ ԱՄՆ-ը, Եվրամիությունն ու Ռուսաստանը շահագրգռված են, որ Հայաստանում քաղաքական ուժերը դասավորված լինեն ավելի հասկանալի ու պարզեցված սխեմայով։ Այս կապակցությամբ պետք է նկատել, որ Հայաստանի մյուս առաջատար ուժերը` Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Ժառանգությունը», «Ազատ դեմոկրատները» և այլ կուսակցություններ, կանխահայտորեն տանուլ են տվել ընտրարշավը, քանի որ իրենց գործունեության տարբեր փուլերում քիչ սխալներ չեն գործել։ Դաշնակցությունը բավականին երկար ժամանակ սերտորեն համագործակցել է իշխանությունների հետ, ընդ որում, երկրի սոցիալ-տնտեսական իրադրության բավականին ծանր շրջանում` վերջին 11-12 տարիներին, այդ ընթացքում հանդես չի եկել ոչ մի էական քաղաքական նախաձեռնությամբ, ըստ էության վարել է համաձայնողական քաղաքականություն` կորցնելով իր կուսակցական կադրերը և իր ղեկավարության հեղինակության մնացորդները։ Դրա հետևանքով կուսակցության շարքերում տեղի է ունեցել շոշափելի պառակտում, երբ սփյուռքի կուսակցական կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի ու ԼՂՀ-ի կուսակցության անդամների մեծ մասը սպասում է ոչ թե ընտրություններին, այլ կուսակցության ընդհանուր ժողովին, հուսալով հեղափոխություն անել կուսակցության ներսում։ Այս վիճակում դաշնակցությունը չի կարող խորհրդարանական հաջող ընտրությունների հույսեր փայփայել։ Որոշակի իմաստով, դաշնակցությունն ապագայի կուսակցություն է, երբ հարկ կլինի վերստին անդրադառնալու գաղափարախոսությանը, շեշտադրված հայրենասիրական բնույթի գաղափարներին։ Առայժմ Հայաստանի հայրենասերները միայն ափսոսանքով են խոսում այդ կուսակցության մասին։ Այդ կուսակցությունը չի կարող որպես արտաքին ուժերի գործընկեր դիտվել միջազգային քաղաքականության առումով։

Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Ժառանգություն» կուսակցությունն արհեստածին կուսակցության դասական օրինակ է, որը չի ցուցադրել ո՛չ իր գաղափարախոսությունը, ո՛չ արտքաղաքական նախապատվությունները։ Այդ կուսակցության մասին ընդունված է եղել խոսել որպես ամերիկամետ ուժի, բայց հազիվ թե այն ընդունակ լինի դրան։ Համենայն դեպս, ամերիկացիները նրան մեծ մասամբ հիշում են նրանով, թե նա ինչ չի արել, քան ի՛նչ է կարողացել անել։ Երևում է, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, որ ծլարձակել է ՀՀՇ-ից, դարձյալ նախագծված լինելով որպես ամերիկամետ ուժ, փորձարարական դեր է կատարում և հազիվ թե կարողանա դառնալ ԱՄՆ-ի հիմնական գործընկերը Հայաստանում։

Հիմա ամերիկացիները կարիք չունեն ավելի ընդունելի գործընկեր որոնելու Հայաստանում, քան հանրապետական կուսակցությունն է, որի ղեկավարները, չնայած որոշ սխալներին, արել են մի շարք քայլեր, որոնք ապացուցում են, որ իրենց հետ կարելի է համագործակցել տարբեր հարցերի շուրջ, այդ թվում նաև` պաշտպանական։ Հատկանշական է, որ ԱՄՆ-ն ու Եվրամիությունը, ներառյալ առաջատար եվրոպական պետությունները, նախ և առաջ Ֆրանսիան, լիովին համաձայնեցրել են իրենց քաղաքականությունը Սև ծովից մինչև Չինաստան ձգվող հսկայատարած շրջանում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում։ Այդ տարածքում Արևմտյան ընկերակցության գերակա խնդիրներից մեկը Թուրքիայի տարածաշրջանային նվաճողամտության «զսպման» քաղաքականությունն է, և այդ ռազմավարության շրջանակներում որոշակի դեր է վերապահված Հայաստանին ու «հայկական գործոնին»։ Սրանով է պայմանավորված ԱՄՆ-ի ու Եվրոպայի շահագրգռությունը Հայաստանի և Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությամբ` որպես թուրքական հավակնությունների զսպման կարևորագույն գործոն։ ԱՄՆ-ն ավելի ու ավելի մեծ շահագրգռություն է հանդես բերում ՀԱՊԿ-ի, այդ թվում` Հայաստանում ռուսական բազայի առկայության նկատմամբ։ Դա չի բացառում, որ ամերիկացիները ձգտեն նեղել Ռուսաստանին Սև ծով-կովկասյան տարածաշրջանում և Կենտրոնական Ասիայում, բայց դա նշանակում է արդեն սոսկ «համագործակցություն» Ռուսաստանի հետ «համաստորադասության» ռեժիմով, ինչը, ընդհանուր առմամբ, դեռևս ոչ որոշակի ռեժիմի բնույթ ունի։

Հայաստանի ներկա քաղաքական ղեկավարներն ունեն Ռուսաստանի հետ համագործակցության մեծ փորձ, և, հնարավոր է, հենց դա է արժեքավորում նրանց հնարավորությունները։ Որոշակի չափով դեր է խաղում նաև այն, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը վերահսկում է զինված ուժերն ու զանազան այլ ուժային ծառայություններ, ինչը չի կարելի լիովին ասել Արևելյան Եվրոպայի մի շարք պետությունների մասին։ Ինչ վերաբերում է ժողովրդավարական հեռանկարներին ու ավելի կազմակերպված պետականության ստեղծման կարողությանը, ապա կարելի է ենթադրել (և այս առումով որոշ ազդանշաններ կան Արևմուտքից), որ Հայաստանն անհուսալի հիվանդ չէ, ու դեռ հնարավոր է նրանից «մի բան ծեփել»։ Ոչ թե տարածաշրջանային, այլ ավելի լայնընդգրկուն խնդիրներով զբաղվող ամերիկյան ու բրիտանական փորձագետների խոստովանությամբ, համեմատական գնահատականները երբեմն կարևոր են, և Հայաստանը համեմատելով իր հարավ-կովկասյան հարևանների հետ, որոնք դատապարտված են պետության փլուզման, կարելի է նրան ավելի նախապատվելի տեղ ու դեր հատկացնել տարածաշրջանում և` ոչ միայն տարածաշրջանում։

Հայաստանում ձևավորվում է երկկուսակցական համակարգ` հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների։ Իհարկե, միայն մինչև ուղնուծուծը ծախու դիտորդը կամ փորձագետը կարող է պնդել, թե նման սխեման ամենախոցելին է ներկա խնդիրների ու մարտահրավերների տեսակետից։ Ներկա փուլում ծառացած է քաղաքական «դաշտի մաքրման», քաղաքական գործընթացից քաղաքական պայքարի կասկածելի սուբյեկտների բացառման և ներքին ու արտաքին քաղաքականության ամբողջ պատասխանատվությունը երկու միանգամայն կանխատեսելի և հայ հասարակության, հայ հայրենասերների կողմից կառավարվող կուսակցությունների վրա դնելու խնդիրը։ Խիստ կարևոր է, որ տեսանելի ապագայում այդ երկու քաղաքական կուսակցությունները ենթարկվեն ազգային ու հասարակական շահերին, և դա հնարավոր է, եթե, կազմակերպական ու ֆինանսական առումով, կուսակցությունները լինեն անկախ, լինեն միանգամայն ինքնուրույն։ Ներկա պայմաններում մանր-մունր, կառավարվող կուսակցություններն այլևս ոչ մեկին պետք չեն, դրանք ոչինչ չեն անում խնդիրների լուծման համար, այլ կատարում են սոսկ խամաճիկների, շատ անհաճո դրածոների դեր։ Պետք է նշել, որ հենց այդպիսի բովանդակությամբ երկկուսակցական համակարգը Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնության երազանքն է, երկրի, որը գտնվում է նոր խավերի, նախ և առաջ, մանրբուրժուական բնույթի խավերի կազմավորման փուլում։ Ինչ էլ երազելիս լինի ժողովուրդը, նա մոտ է այն բանին, ինչ ուզում է։ Պիտի ունենանք այդ իշխանությունը։

Ինչ վերաբերում է երկկուսակցական այդ համակարգում արտքաղաքական գերակայություններին ու կողմնորոշումներին, ապա, հետևելով ավելի տևական քաղաքական փորձ ունեցող այլ երկրներում նման կարգի սցենարների փորձին, կարելի է ենթադրել, որ վերոհիշյալ կուսակցություններից ոչ մեկը չի կարող և չի ցանկանա ընտրել ու վարել միարժեք արտաքին քաղաքականություն, և վաղ թե ուշ դերերը կբաշխվեն։

Իգոր

ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 814

Մեկնաբանություններ