Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԳԱՂՏՆԻ ԴՈԿՏՐԻՆՆԵՐԸ

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԳԱՂՏՆԻ ԴՈԿՏՐԻՆՆԵՐԸ
04.06.2010 | 00:00

Թուրքիայի և Իսրայելի հակամարտությունը, որն ամիսներ շարունակ գտնվում էր «ինկուբացիոն շրջանում», այսպես կոչված, «մարդասիրական տորմիղի» դեմ Թել Ավիվի դաժան գործողություններից հետո դարձավ բոլոր փորձագետների քննարկման գլխավոր առարկան։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ այդ գործողության հետևանքով զոհվեցին ու վիրավորվեցին տասնյակ մարդիկ, որ միջադեպը թուրք-իսրայելական սրվող հարաբերությունների գագաթնակետը դարձավ, այլև այն պատճառով, որ այն կարող է փոխել ուժերի հարաբերակցությունն ամբողջ Մերձավոր Արևելքում` արկածախնդրության մեջ ներքաշելով շատ երկրների ու ժողովուրդների։ Մանրամասն կանգ չենք առնի այն իրադարձությունների վրա, որոնք հետևեցին Միջերկրական ծովում տեղի ունեցած արյունալի դեպքերին։ Այն տեղեկությունը, որ Թուրքիան Իսրայելից հետ է կանչում իր դեսպանին, որ չեղյալ են համարվում համատեղ զորավարժությունները, երիտասարդական հավաքականների ֆուտբոլային հանդիպումը, և երկու երկրների քաղաքացիները դուրս են բերվում երբեմնի բարեկամական պետության տարածքներից, քաջ հայտնի է և լրացուցիչ լուսաբանման կարիք չունի։ Իսկ մենք փորձենք պարզություն մտցնել այսօրվա դրությամբ գլխավոր հարցում` «ինչո՞ւ»։
Ինչո՞ւ էր անհրաժեշտ «մարդասիրական օգնության» տորմիղ ստեղծել` շրջանցելով ՄԱԿ-ը։ Ի՞նչ կարիք կար դրա շուրջ այդքան աղմուկ բարձրացնելու, իսկ հետո ճեղքման գնալու արգելված գոտում։ Ինչո՞ւ ընդամենը տասը հազար տոննա բեռ փոխադրելու համար, որը լիովին կտեղավորվեր ընդամենը ոչ մեծ նավում, «խաղաղության տորմիղի» կազմակերպիչները վարձակալեցին ամենատարբեր «ռանգի» ուղևորներով լի մարդատար շոգենավ և հինգ նավ։ Ինչո՞ւ և ի՞նչ փողերով էր վարձակալվել թուրքական դրոշակակիր նավը` «Մավի Մարմարա» մեծ ճամփորդանավը, որը չափազանց շատ թանկ արժե և գրանցված է համաշխարհային ծովային նավատորմի տվյալների գլխավոր շտեմարանում։ Ինչո՞ւ էր տորմիղն արգելված բեռ փոխադրում, մասնավորապես, ցեմենտ և ամրան, որոնք օգտագործվում են մաքսանենգների համար թունելներ կառուցելու նպատակով։ Ինչո՞ւ «Ազատություն Գազային» շարժումը (իսրայելական ընկալման համար շատ կասկածելի անվանում) չէր կարող կատարել Իսրայելի պայմանները` թույլ տալ զննել նավը և այն անցկացնել Աշդոդի նավահանգստով։ Ինչո՞ւ Անկարան, որը նախազգուշացված էր իսրայելական ռազմածովային ուժերի գրոհի հնարավորության մասին, արհամարհեց այդ վտանգը և իր քաղաքացիներին խորհուրդ չտվեց զերծ մնալ արկածախնդրությունից։ Եվ, ի վերջո, ո՞վ կարող է կանգնած լինել այդ գործողության հետևում։
Տպավորություն է ստեղծվում, որ «խաղաղարարները» ոչինչ չեն արել բեռը տեղ հասցնելու համար, բայց ամեն ինչ արել են ուշադրություն գրավելու և աղմուկ բարձրացնելու համար։ Նկատենք, որ թուրքական Կիպրոսից դուրս գալու նախօրեին և ընդհարումից մեկ օր առաջ «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը սկսել էր «անմոռաց» միջոցառման տարփողման աշխատանքը` հեռարձակելով «իրավապաշտպան ուղևորների» մարտական ոգին հաղորդող կադրեր։ «Հիշեցեք Խայբարը, Մուհամեդի բանակը վերադառնալու է»,- վանկարկում էին տախտակամածի վրա կանգնածները։ Նրանց համար, ովքեր չգիտեն. Խայբար ավանը 628 թվականին հրեական դիմադրության վերջին պատվարն էր։ Դրա գրավմամբ ավարտվեց արաբական Արևելքում հրեական ներկայության դարաշրջանը։ Բացի այդ, ինչպես հաղորդել է նույն «Ալ Ջազիրան», «ծովային ուղևորության» մասնակիցները հայտարարել են, որ դիմադրություն կցուցաբերեն իսրայելական ռազմածովային ուժերին, եթե փորձ արվի կանգնեցնել իրենց տորմիղը։ Ինչը, ըստ էության, և տեղի ունեցավ։
Հասկանալի է, որ այս համատեքստում փորձագիտական բոլոր գնահատականների միջով կարմիր թելի պես անցնում է «սադրանք» բառը։ Սակայն ո՞վ է կանգնած այս ամենի հետևում, ո՞վ է հսկայական միջոցներ ծախսել, և ո՞վ է փորձում շահ կորզել. այստեղ կարծիքները չափազանց տարբեր են։ Շատ փորձագետներ, օրինակ, որոշակի կապ են տեսնում իրադարձությունների և ՄԱԿ-ում պատրաստվող հակաիրանական բանաձևի միջև։ Այսինքն, եթե Միջերկրական ծովում ողբերգական միջադեպի հետևանքով բանաձևի ընդունումը ձախողվի կամ հետաձգվի, ապա թուրքական դիվանագիտությունը կարող է համարել, որ միջանկյալ խնդիրը լուծել է։ Ավելին, առանց Թուրքիայի մասնակցության Իրանի դեմ լուրջ պատժամիջոցներ կազմակերպելը պարզապես անհնար է, և նա, ըստ երևույթին, օգտվում է իրավիճակից։ Ինչը, անշուշտ, հիանալի հասկանում են թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Իսրայելում։
Որոշ փորձագետներ էլ ենթադրում են, որ ակցիան մոդելավորել են ԱՄՆ-ը, Իսրայելը և Թուրքիան` նպատակ ունենալով Անկարայի դիրքերի հիպոթետիկ ամրապնդումը ողջ մահմեդական, մասնավորապես, արաբական աշխարհում, և Մերձավոր Արևելքում նրա համար «տրոյական ձիու» կարգավիճակի ապահովումը։ Փորձենք պարզություն մտցնել այստեղ և որպես անվիճելի ճշմարտություն նշենք. ընդհանուր առմամբ իրադարձությունները Մերձավոր Արևելքում զարգանում են այնքան ներդաշնակ ու փոխկապակցված, որ ծայրաստիճան դժվար է ի հայտ բերել բարդագույն գործընթացները շարժման մեջ դնող գլխավոր մեխանիզմը։ Այդուամենայնիվ, ինչպես թվում է, «համաշխարհային կառավարիչների գաղտնի դոկտրինների» վրա հիմնված բոլոր տեսությունները քննադատության չեն դիմանում։ Հիշեցնենք «գաղտնաբանական տեսությունների» սիրահարներին` նման բարդ մոդելները, որտեղ գործի են դրվում բազմաթիվ անուղղակի գործոններ, որտեղ իրադարձություններն ուղղակի և անշրջելի ազդեցություն ունեն ժողովրդական զանգվածների տրամադրվածության վրա և ծայրաստիճան բարդ է կառավարելիության սահման անցկացնել, սովորաբար իրացման չեն ընդունում անգամ «ամենանրբակերտ» հատուկ կառույցները։ ՈՒստի, ինչպես թվում է, այսպիսի «գաղտնի հզոր ձեռքը», որը կարողանար համակարգել իրադարձությունները, ֆանտաստիկայի ոլորտից է։
Սկսենք նրանից, որ Թուրքիայի մասնակցությունը տորմիղի կազմավորմանը, անկասկած, գիտակցված բնույթ է կրել։ Անկարան քաջատեղյակ էր, որ Իսրայելը գրեթե երեք տարի շրջափակման մեջ է պահում Գազայի հատվածը, արգելում է այնտեղ բեռներ տեղափոխել, քանի որ ՀԱՄԱՍ-ը կարող է դրանք օգտագործել իր կարիքների համար։ Ավելին, չարագուշակ միջադեպից բառացիորեն երեք շաբաթ առաջ ԱՄՆ-ի հովանավորությամբ սկսվել էր պաղեստինա-իսրայելական բանակցությունների մի նոր ռաունդ։ ՈՒ թեև հիմա Պաղեստինի ազգային ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը Թել Ավիվին սպառնում է, որ «տորմիղի գրոհման ժամանակ դրսևորված դաժանությունն անպատասխան չի մնա», Գազայի հատվածի շրջափակումը և այնտեղ «խրամատավորված» Աբասի հակառակորդներն օբյեկտիվորեն կողմնորոշված են Պաղեստինի Ինքնավարության` Իսրայելի հետ հաշտության բանակցությունների վերսկսմանը կողմնակից ներկա ղեկավարության դիրքերի ամրապնդման օգտին։ Այսինքն, ակնհայտ է, որ «խաղաղ գործողության» գլխավոր նպատակներից մեկը բանակցությունների ձախողումն էր, և դրան հաջողվեց հասնել շատ արդյունավետորեն։ Բացի այդ, Իսրայելին առավել շատ անհանգստացնում է այն, որ, փաստորեն, «շարքից հանվել» է Եգիպտոսը, որը պաշտպանում էր բանակցությունները պաղեստինցիների հետ։ Կահիրեն արդեն հայտարարել է, որ մտադիր է բացել Գազայի հատվածի սահմանում գտնվող Ռաֆահի անցակետը։ Համաձայն եգիպտական լրատվամիջոցների, սահմանը կբացվի առաջիկա երեք օրում։ Մինչև վերջին իրադարձությունները Եգիպտոսն արդեն 30 տարի խաղաղ գոյակցում է Իսրայելի հետ, փոխարենը լարված հարաբերություններ ունի ՀԱՄԱՍ-ի հետ, որը «մուսուլման եղբայրների»` Եգիպտոսի խոշորագույն ընդդիմադիր, պաշտոնապես արգելված կազմակերպության ճյուղավորումն է։ Այսպիսով, այդ սադրանքից ամբողջ արաբական աշխարհում ոչ թե հուզական-հայրենասիրական կարգախոսներ, այլ իրական շահ պոկեց միայն ՀԱՄԱՍ-ը։ Պատահական չէ, որ ՀԱՄԱՍ-ի կառավարության ղեկավար Իսմայիլ Հանիան ողջունել է ծովային այդ դիմակայությունը, այն անվանել անպարտելի իրավիճակ և բարձրագոչ աջակցություն հայտնել ակտիվիստներին, ասելով. «Դուք հերոսներ եք, և կարևոր չէ` կարողացա՞ք հասնել Գազա, թե ոչ»։ Համապատասխանաբար, չի կարելի բացառել նաև այն, որ այդ սադրանքը ձեռնարկվել է, որ բարդացվի իսրայելական բանակի կողմից «Գազայի հատվածը գրոհայիններից մաքրելու» գործը, որտեղ արդեն իսրայելցի զինվորական պարետ է նշանակվել։ Խիստ հատկանշական հանգամանք` ՀԱՄԱՍ-ի ղեկավարը զանգահարել է վարչապետ Էրդողանին ու ցավակցություն հայտնել, ինչին ի պատասխան Թուրքիայի վարչապետը խոստացել է, որ իր գլխավորած կառավարությունն այսուհետ ևս կաջակցի կազմակերպությանը և ջանքեր կգործադրի շրջափակումը վերացնելու ուղղությամբ։ Այսինքն, առաջին ու ակնհայտ ճշմարտությունը, փաստորեն, իր այդ սադրանքով «խաղաղարարները», ակնհայտորեն, ձախողեցին բանակցություններն Իսրայելի ու Պաղեստինի Ինքնավարության միջև, կասեցրին խաղաղության ձեռքբերումը և արյունահեղության դադարեցումը, ինչն ակնհայտորեն չէր կարող ձեռնտու լինել ո՛չ Թել Ավիվին, ո՛չ բանակցությունների գլխավոր հովանավոր Վաշինգտոնին։ Բացի այդ, ինչպես թվում է, քիչ թե շատ իրացվեց նենգադավ պլանը` Իսրայելին ներկայացնել որպես ագրեսիվ և անհիմն դաժան։ Նրանք ցանկացել են ամբողջ աշխարհին ցույց տալ, թե ինչպես են սպառազեն իսրայելցիները ծանակում, նվաստացնում մարդկանց, խախտում խաղաղ բնակիչների իրավունքները, որոնց ամբողջ խնդիրն է օգնել շրջափակված Գազայի «սովյալ» բնակիչներին։ Եվ դա որոշակի չափով հաջողվեց։
Մյուս կողմից` առկա է Թուրքիայի ակնհայտորեն հրահրիչ գործողությունների փաստը, որոնք նպատակաուղղված են Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը, ինչպես նաև ակնհայտ փորձերը` եթե չհաջողվի դառնալ իսլամական աշխարհի առաջնորդ, ապա գոնե նկատելի դիրքեր գրավել այնտեղ։ Այդ են վկայում հարաբերությունների ակտիվացումը ինչպես Սիրիայի, այնպես էլ Իրանի ու Իրաքի հետ։ «Իսրայելը պետք է անպայման պատժվի միջազգային հանրության կողմից»,- ընդգծել է Էրդողանը և խոստացել, որ իր երկիրն անպատիժ չի թողնի այդ գործողությունները, Իսրայելին թույլ չի տա թուրքերի հետ վարվել «ինչպես պատմական արմատներ չունեցող ազգի. Իսրայելը Թուրքիան շփոթել է այլ երկրների հետ, սակայն այդ սխալը կարող է թանկ նստել նրա վրա»։ Թուրքական կառավարության ղեկավարը բացահայտորեն ակնարկել է, որ պաղեստինցիները «օտար չեն թուրքերի համար», քանի որ այդ տարածքը ժամանակին եղել է Օսմանյան կայսրության կազմում։ Նրա ասելով, «Թուրքիան երբեք չի դադարեցնի աջակցությունը Գազայի հատվածի բնակչությանը, անկախ Իսրայելի գործողություններից, և հպարտ է, որ աջակցություն է ցուցաբերում Պաղեստինի ժողովրդին»։ Ընդ որում, բերվում են ամենատարբեր փաստարկներ` Թուրքիայի դերի աճը (ինչը, կարծում են թուրքերը, դուր չի գալիս Իսրայելին), թուրք-իրանական մերձեցումը և, առհասարակ, նախկին Օսմանյան կայսրության սահմաններում «Բալկաններից մինչև Կովկաս» Թուրքիայի արտաքին քաղաքականության ակտիվացումը։
Խիստ հատկանշական է Էրդողանի կտրուկ հայտարարությունն այն մասին, թե «Իսրայելը կարող է միջազգային իրավունքի նորմերն անպատիժ խախտել միայն ուժեղ ու ազդեցիկ բարեկամների հովանավորության շնորհիվ», անտարակույս, նկատի ունենալով ԱՄՆ-ին։ Այսինքն, հարված է հասցնում «մահմեդականների ևս մեկ հակառակորդի»։ Միևնույն ժամանակ, նախարար Դավութօղլուն տեղեկացրել է, որ ԱՄՆ-ը «անկեղծ համերաշխություն է դրսևորել Թուրքիայի հետ»` ստեղծված իրավիճակի քննարկման ժամանակ և անգամ Միջերկրական ծովում տեղի ունեցած իրադարձությունները գնահատել «սեպտեմբերի 11-ի» իրադարձություններին համարժեք։ Այդուամենայնիվ, ինչպես թվում է, տորմիղի վրա հարձակման հետ կապված պատմությունը բավական բարդացրել է ԱՄՆ-ի ջանքերը Մերձավոր Արևելքի հաշտության գործընթացում։ Բացի այդ, Թուրքիան սկսել է մեծ քաղաքականության օրակարգում ակտիվորեն շրջանառել Իսրայելում ռազմական միջուկային զինանոցի առկայության փաստը, ինչը խիստ տհաճ է Վաշինգտոնի համար` Իրանի միջուկային ծրագրի պատճառով։
Ըստ էության, Թուրքիայի սահմաններից կոնֆլիկտային ներուժի արտաժայթքումը մեկ այլ նպատակ էլ է հետապնդում` թուրք հասարակության ուշադրությունը սևեռել արտաքին ասպարեզի վրա և նրան, «որպես մխիթարանք», ընդհանուր թշնամի մատուցել։ Այսպիսով, ներքին ընդդիմության և գեներալական կազմի չեզոքացմանը զուգահեռ աղմկոտ «համաիսլամական գործողությունները», հատկապես, եթե դրանք ուղեկցվում են արտոնված ժողովրդական բողոքներով, հանգեցնում են նրան, որ իշխանությունը դառնում է միաձույլ, իսկ բանակն է՛լ ավելի է կտրվում բնակչությունից։ Հայտնի է, որ հենց թուրք զինվորականներն էին իսրայելա-թուրքական հարաբերությունների զարգացման հիմնական գաղափարաբաններն ու կողմնակիցները։ Իսկ այս ամենը չափազանց կարևոր է, հատկապես կառավարման խորհրդարանական եղանակից նախագահականի անցման լույսի ներքո։
Այսպիսով, Մերձավոր Արևելքում սրընթաց ահագնանում է կրիտիկական զանգվածը, որն իրապես կարող է վերաճել անգամ զինված հակամարտության։ Սիրիայի և Լիբանանի ղեկավարներն արդեն նախազգուշացրել են, որ իսրայելական ռազմածովային նավատորմի գործողությունը կարող է հանգեցնել այնպիսի պատերազմի, որը «չի սահմանափակվի միայն մեկ տարածաշրջանով», իսկ ինչ վերաբերում է Թուրքիային, ապա «Զրո խնդիր հարևանների հետ» հռչակագիրն իրականում չի երաշխավորում թուրքական ազդեցության անկոնֆլիկտ տարածումը։ Թե դա ինչ կնստի Թուրքիայի վրա, հնարավոր կլինի ճշտել ոչ հեռու ապագայում։ Ակնհայտ է, սակայն, որ խաղը ոչ միայն խոշորամասշտաբ է, այլև ծայրաստիճան վտանգավոր։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1165

Մեկնաբանություններ