Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Մենք ընտրություններին մասնակցում ենք հաղթելու վճռականությամբ»

«Մենք ընտրություններին մասնակցում ենք հաղթելու վճռականությամբ»
27.03.2009 | 00:00

«ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ՇԱՏ ՄՈՏ ԿԱՆԳՆԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐ ԵՆ»
«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ
-ՀՀ նախագահի 2008-ի ընտրություններում կոալիցիայի մաս կազմող կուսակցությունները միասնական թեկնածուով հանդես չեկան։ Երևանի ավագանու (քաղաքապետի) 2009-ի մայիսի 31-ի ընտրություններում ևս ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն սեփական ցուցակներով են «կռիվ տալու»։ Փաստե՞նք, որ խոշոր հաշվով կոալիցիա գոյություն չունի։
-Ես չեմ կիսում այն մոտեցումը, թե կոալիցիա գոյություն չունի: Կոալիցիան գործում է կոալիցիոն հուշագրի շրջանակում, համաձայն որի յուրաքանչյուր քաղաքական կազմակերպություն ներկայացնում է իր ծրագիրը, մոտեցումները: Կոալիցիայի նիստերում տեղի ունեցած քննարկումներից հետո յուրաքանչյուր քաղաքական ուժ արտահայտեց իր ցանկությունը, այն է` ինքնուրույն մասնակցել քաղաքապետի ընտրություններին: Դա չի նշանակում, որ կոալիցիոն ուժերի միջև չի կարող լինել համագործակցություն ո՛չ միայն նախընտրական, այլև հետընտրական շրջանում: Այնպես որ, կոալիցիա կազմել չի նշանակում յուրաքանչյուր ընտրության մասնակցել միասնաբար, այլ նշանակում է կոնկրետ ընտրությունների արդյունքում ձեռք բերված քաղաքական համաձայնագրի շրջանակում համապատասխան գործունեության իրականացում, նախընտրական ծրագրերի համադրում, պետության կառավարման քաղաքական պատասխանատվության ստանձնում: Այս իմաստով Երևանի ավագանու ընտրությունները կարևոր նշանակություն ունեն, բայց ընտրություններին առանձին մասնակցելը չի նշանակում, թե կոալիցիան, որպես այդպիսին, գոյություն չունի:
-Ինչպե՞ս եք գնահատում դաշինքով հանդես եկող Հայ ազգային կոնգրեսի հնարավորությունները գալիք ընտրություններում և Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրումն ընդհանրապես։
-Գնահատում եմ սովորական: Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում` մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել ընտրություններին, այդ թվում` Հայ ազգային կոնգրեսը: Ինչ վերաբերում է հնարավորություններին, չեմ կարծում, թե դրանք շատ բարձր կլինեն, թեև ամեն ինչ ցույց կտան ընտրությունների արդյունքները:
-Երեք քաղաքական ուժեր` ՀՀԿ-ն, ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ընտրապայքարի մեջ են մտել «Միայն հաղթանակ» կարգախոսով։ «Օրինաց երկի՞րն» ինչ է ակնկալում համապետական նշանակություն ունեցող այս ընտրություններից։ Ավելի կոնկրետ` քաղաքապետ դառնալու որևէ շանս ունի՞ ձեր համամասնական ցուցակը գլխավորող Հեղինե Բիշարյանը։
-ՕԵԿ-ն ակնկալում է այս ընտրություններում հաջողություն ունենալ, ինչպես ունեցել է վերջին երեք-չորս ընտրություններում։ Ինչ վերաբերում է Հեղինե Բիշարյանի շանսերին, այո՛, մենք կարծում ենք, որ Հեղինե Բիշարյանն ունի նույնքան շանսեր, որքան մյուս թեկնածուները: Մնացածը կախված կլինի ժողովրդի վստահության քվեից: Մենք ընտրություններին մասնակցում ենք հաջողելու, հաղթելու վճռականությամբ, իսկ հաղթանակը կարող է տարբեր դրսևորումներ ունենալ: Կարևորը երևանցիների քվեն ստանալն է, և մենք կարծում ենք, որ այդ վստահության քվեն անպայման կունենանք: Դրա վկայությունը վերջին տարիների բոլոր ընտրություններն են, այդ թվում` Երևանում հավաքած մեր քվեները, իսկ ինչ վերաբերում է տարբեր կանխագուշակություններին, եթե վերընթերցեք վերջին տասը տարվա մամուլը, բոլոր ընտրություններից առաջ ասել են, որ ՕԵԿ-ի շանսերը 1-2 տոկոս են, բայց ընտրությունների արդյունքները բոլորովին այլ պատկեր են ցույց տվել: Այնպես որ, մենք ընտրություններին մասնակցում ենք և՛ հաղթելու, և՛ հաջողության հասնելու վճռական տրամադրվածությամբ, իսկ թե ինչքան քվե կունենանք, կորոշի մեր ընտրողը:
-Թեև կանխագուշակությունը շա՜տ «մուխաննաթ» գործ է, այնուամենայնիվ, ի՞նչ է լինելու հունիսի մեկին։ Գործող քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի ընտրվելու պարագայում որոշ «բայղուշ» վերլուծաբաններ ու ընդդիմադիր գործիչներ բավականին չարագույժ կանխատեսումներ, հետևություններ են անում։
-Մեզ արդեն ծանոթ են ընտրություններից առաջ գնահատականներ հնչեցնելու կոչերը, ընտրությունների արդյունքները կանխորոշելու պրակտիկան: Կարծում եմ` ամեն ինչ ցույց կտան քաղաքային ընտրությունները: Մենք գտնում ենք, որ ընտրությունները պետք է անցնեն արդարության, ակտիվ մրցակցության պայմաններում: Ի վերջո, սրանք քաղաքային ընտրություններ են, և մենք պետք է հասկանանք, որ այս ընտրությունների չափից դուրս քաղաքականացումը չի կարող արդյունավետ լինել։ Պետք է խոսենք հիմնականում քաղաքային նշանակության հիմնահարցերից, և ՕԵԿ-ն էլ կոնկրետ այդ դիրքերից է հանդես գալու: Այս իմաստով Գագիկ Բեգլարյանը քաջածանոթ է մայրաքաղաքի հիմնախնդիրներին և եթե քաղաքապետ ընտրվի, ես չեմ կարծում, որ Հայաստանում ինչ-որ արտառոց զարգացումներ լինեն: Կարևորն արդար ընտրությունների անցկացումն է և այն, թե ով քաղաքապետ կընտրվի և ինչպես, մանավանդ որ հետաքրքիր թեկնածուներ են առաջադրվել: Կարծում եմ` այսօր թե՛ ՀՀԿ-ն, որպես իշխանական ամենամեծ քաղաքական կազմակերպություն, թե՛ կոալիցիոն մյուս կուսակցությունները շահագրգիռ են, որ այս ընտրություններն անցնեն բաց և թափանցիկ:
-Որպես ազգային անվտանգության խորհրդի քարտուղար` ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը հարավկովկասյան տարածաշրջանում, որը վաղուց ի վեր կռվախնձոր է եղել գերտերությունների համար։
-Համաձայն եմ Ձեր հարցադրմանը, որ հարավկովկասյան տարածաշրջանը միշտ էլ հետաքրքրություն է ներկայացրել տարբեր գերտերությունների, աշխարհաքաղաքական կենտրոնների համար: Այս առումով կարևոր է, որ մենք գնանք մեր հարևանների հետ հարաբերությունների աստիճանական նորմալացման, տարածաշրջանում առկա հակամարտությունների խաղաղ կարգավորման ճանապարհով: Ես իմ ելույթներում բազմիցս ասել եմ, որ փոխընդունելի փոխզիջումն ավելի կարևոր է, քան անիմաստ, անխոհեմ առճակատումը: Հենց այս փիլիսոփայությունից ելնելով` մենք պետք է կարողանանք գտնել ԼՂ խնդրի կարգավորման բանալին, աստիճանաբար հարաբերությունները նորմալացնենք նաև Թուրքիայի հետ: Նման հավակնոտ նպատակների իրականացումը հնարավոր է միայն Կովկասում համագործակցության մթնոլորտ ստեղծելու ջանքեր գործադրելով, և Հայաստանը մշտապես հանդես է գալիս հենց այդ դիրքերից: Այդ կապակցությամբ բազմաթիվ են եղել մեր ելույթները Կովկասում անվտանգության ու համագործակցության խնդիրների վերաբերյալ: Ավելին, մայիսի 14-16-ը Երևանում կկազմակերպենք խոշոր միջազգային համաժողով` նվիրված Կովկասյան տարածաշրջանում անվտանգության և համագործակցության խնդիրներին, որին կմասնակցեն 20-ից ավելի երկրների ներկայացուցիչներ, և մենք կարող ենք ոչ միայն լուրջ քննարկումներ կազմակերպել, այլև լավ եզրահանգումների գալ, որոնց հիմնական նպատակը պետք է լինի հակամարտությունների հնարավորինս արագ կարգավորումը, Կովկասում հարևանների միջև հարաբերությունների նորմալացումը, բարեփոխումների շարունակականությունը, եվրաինտեգրացման գործընթացների խորացումը` համաձայն Եվրամիության «Արևելյան քաղաքականություն» ծրագրի, որն այսօր արդեն իրականություն է:
-Հայ-թուրքական հարաբերություններում իրո՞ք սառույցը կոտրվել է, և հնարավո՞ր է, որ այդ «հալոցքի» արդյունքում պաշտոնական Անկարան առանց նախապայմանների բացի սահմանը ապրիլի 24-ից առաջ` կանխելով Բարաք Օբամայի կողմից «ցեղասպանություն» բառի հնչեցման «տեսլականը»` դրանից բխող բոլոր հետևանքներով։
-Ես պաշտպանում եմ այն տեսակետը, որ կարելի է ասել` Հայաստանի և Թուրքիայի միջև սառույցը կոտրվել է, և դա կատարվեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` Աբդուլլահ Գյուլին Հայաստան հրավիրելուց հետո: Այդ հրավերը շատ քննադատվեց, բայց արդյունքները տեսանելի են այն իմաստով, որ այսօր Հայաստանի և Թուրքիայի միջև ծավալվում է բնականոն երկխոսության գործընթաց, որը պետք է հանգեցնի դիվանագիտական հարաբերությունների հաստատման, տնտեսական կապերի աշխուժացման: ՈՒզենք, թե չուզենք, այսօր պարբերաբար Երևան-Ստամբուլ չվերթեր են իրականացվում, մեծ թվով Հայաստանի քաղաքացիներ ապրում ու աշխատում են Թուրքիայում։ ՈՒզում եմ մի հռետորական հարց տալ. այսպես թե այնպես, այդ կապերը կան, ինչո՞ւ չունենանք դիվանագիտական հարաբերություններ, չկարողանանք Թուրքիայում մեր դիվանագիտական ներկայացուցչության միջոցով պաշտպանել մեր հայրենակիցների օրինական շահերը Թուրքիայի տարածքում: Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացումը ենթադրում է նաև տնտեսական աշխուժացում, մշակութային երկխոսություն, քաղաքական գործակցություն և այլն: Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությանը, Հայաստանը երբեք չի հրաժարվել ցեղասպանության ճանաչման հարցի միջազգայնացումից, բայց մի խնդիրը չպետք է պայմանավորենք մյուսով: Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը և Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացումը պետք է կարողանանք առաջ մղել որպես զուգահեռ գործընթացներ:
-Ինչո՞վ է զբաղվում Այսօր ազգային անվտանգության խորհուրդը: Եվ, ընդհանրապես, ի՞նչ գործառույթներ ունի, որոնք 90-հոգանոց աշխատակազմ են պահանջում։
-Հայաստանը ԱՊՀ տարածքում միակ երկիրն է, որը չի ունեցել Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմ, էլ չեմ խոսում մեր տարածաշրջանի շատ երկրների, Իրանի, Թուրքիայի կամ եվրոպական երկրների, օրինակ` Իտալիայի մասին, որտեղ եղանք վերջերս, Ֆրանսիայի մասին, որտեղ ձևավորվում է բավական մեծ անվտանգության խորհրդի աշխատակազմ, Լեհաստանի և այլ երկրների մասին: Այսինքն, այսօր անվտանգության խնդիրները գտնվում են պետությունների և նրանց ղեկավարների ուշադրության կենտրոնում: Հայաստանում նոր է ձևավորվում անվտանգության խորհրդի աշխատակազմը, որը պետք է բավական ծանրաբեռնված աշխատի: Անվտանգության խորհուրդն աշխատելու է մի շարք ուղղություններով։ Նախ` դա ենթադրում է երկրի ներքին անվտանգությանն առնչվող գործառույթների համակարգում և վերահսկում, խնդիր, որը շաղկապված է իրավական ողջ համակարգի գործունեությանը։ Երկրորդ կարևորագույն խնդիրն արտաքին անվտանգությանն առնչվող գործառույթների համակարգումն ու վերահսկումն է, խնդիր, որն առնչվում է երկրի արտաքին անվտանգության առջև ծառացած մարտահրավերներին` մեր դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեության արդյունավետությունից մինչև տարբեր միջազգային կազմակերպություններում Հայաստանի արտաքին անվտանգությանն առնչվող խնդիրները: Մենք համակարգում ենք նաև Հայաստանի համագործակցությունը եվրոպական կառույցների, ՆԱՏՕ-ի, ՀԱՊԿ-ի հետ: Միայն այս ուղղությամբ առաջիկա երեք տարիների ընթացքում նախատեսվում է շուրջ 400 միջոցառումների, ծրագրերի և բարեփոխումների իրականացում, որոնցից մոտ 195-ը նախատեսված են Հայաստան-ԵՄ համագործակցության 2009-2011 թվականների ծրագրով: Յուրաքանչյուր նախարարություն կամ գերատեսչություն ունի իր ծրագիրը և պարտականությունները: Կան բարեփոխումներ, որոնք միաժամանակ վերաբերում են մի շարք գերատեսչությունների: Մեր խնդիրն է զբաղվել այս աշխատանքների համակարգման և դրանց իրականացումը վերահսկելու գործառույթներով: Մենք համակարգելու ենք համապատասխան պետական մարմինների գործունեությունը երկրի անվտանգությանն ուղղակիորեն առնչվող այնպիսի հարցերում, ինչպիսիք են երկրի ռազմական ու ռազմատեխնիկական համալիրի ամրապնդումը, միգրացիայի, թմրամիջոցների դեմ պայքարը, զենքի ապօրինի առևտուրը, ֆինանսների ապօրինի շրջանառությունը և բազմաթիվ այլ ուղղություններ: Բացի այդ, Ազգային անվտանգության խորհուրդը պետք է իրականացնի ազգային անվտանգության ռազմավարության հիմնական ուղղությունների մշակումը, փոփոխումը, անվտանգության ռազմավարությամբ նախատեսված պետական ծրագրերի նախապատրաստումը և դրանց իրականացման վերահսկողությունը: Այսօր Հայաստանում ընդունված է ազգային անվտանգության ռազմավարություն, որը ենթադրում է ավելի քան 40 ուղղություններով ռազմավարական հայեցակարգերի ընդունում և դրանց իրականացման նկատմամբ վերահսկողության սահմանում, ինչպես, օրինակ` Հայաստանի քաղաքական, ռազմական, տնտեսական, տեղեկատվական, պարենային, էներգետիկ, տրանսպորտային, ժողովրդագրական, գիտատեխնիկական անվտանգության և այլ ոլորտներում: Առայսօր մեր երկրում այս ուղղությամբ որևէ հայեցակարգ կամ ծրագիր գոյություն չունի: Խորհուրդը, միջգերատեսչական խմբերի և հանձնաժողովների միջոցով լսելով մեր պետական կառույցների տեսակետները, ուսումնասիրելով միջազգային փորձը, պետք է կարողանա մշակել համապատասխան հայեցակարգեր, որոնք պետք է վավերացվեն Հայաստանի նախագահի հրամանագրերով, պետք է մշակվի միջոցառումների հստակ ժամանակացույց, և մենք հետևենք, որպեսզի դրանք իրականացվեն: Անվտանգության խորհուրդներն աշխարհի պետությունների ղեկավարներին շատ մոտ կանգնած մարմիններ են, և սա ենթադրում է լարված աշխատանք բազմաթիվ ոլորտներում, այդ թվում` ռազմական, իրավապահ, դատաիրավական և այլն: Բացի այդ, մենք ունենալու ենք հատուկ ստորաբաժանում, որն զբաղվելու է երկրի համար կենսական նշանակություն ունեցող ռազմավարական վերլուծություններով և եզրահանգումներով:
-Ե՞վս մեկ ստորաբաժանում` 90-հոգանոց աշխատակազմին կից։
-Այսօր Հայաստանում գործում է երեք ռազմավարական ինստիտուտ, մենք զբաղվելու ենք այդ ինստիտուտներին պետական պատվերների իջեցման խնդիրներով, առանձին ստորաբաժանումներ կլինեն, որոնք զբաղվելու են ներքին, արտաքին անվտանգության հիմնահարցերով, որոնք բազմաթիվ են: Ելնելով մեր աշխատանքի առանձնահատկություններից` ամեն ինչի մասին չէ, որ կարելի է խոսել: Մի բան, սակայն, պարզ է. աշխարհի ավելի քան 50 երկրներում, այդ թվում` ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Կանադայում, Ռուսաստանում, Թուրքիայում և այլ երկրներում գործող նմանատիպ կառույցներն ունեն ոչ միայն լուրջ լիազորություններ և աշխատակազմ, այլ նաև կարևոր դերակատարում իրենց երկրներում, և մենք նաև կարևոր ենք համարում նրանց հետ սերտ համագործակցությունը: Միայն վերջին վրաց-օսական հակամարտության օրերին մեր նորաստեղծ կառույցն աշխատեց գերծանրաբեռնված ռեժիմով, և մենք սերտ կապի մեջ էինք թե՛ ռուս, թե՛ վրացի գործընկերների հետ այն պարզ պատճառով, որ օժտված լինելով լուրջ լիազորություններով, նրանք այդ օրերին համակարգում էին հսկայական ուղղություններ` տրանսպորտային ենթակառուցվածքներից մինչև մաքսային համակարգեր, ինչը և հնարավորություն տվեց այդ օրերին անխափան ապահովել բեռների փոխադրումը Հայաստան, և հնարավոր եղավ լուծել մեզ համար կենսական այլ խնդիրներ: Այսօր ԱԱԽ-ն ակտիվ աշխատում է նաև այնպիսի ռազմավարական նախագծերի ուղղությամբ, ինչպիսիք են Իրան-Հայաստան երկաթգիծը, Իրան-Հայաստան նավթատարը, Ջավախքով անցնող Երևան-Բաթում ավտոմայրուղին:
-Խորացող ճգնաժամն իր պահանջներն է թելադրում, որոնցից մեկն էլ պետական ապարատի ծախսերի կրճատումն է։ Չե՞ք պատրաստվում վերանայել անվտանգության խորհրդի աշխատակազմի ծախսերը, որոնք, շատերի համոզմամբ, ուռճացված են։
-Ինչ վերաբերում է մեր աշխատակազմի ծախսերին, հակառակը, ուսումնասիրելով այլ երկրների փորձը, մեր աշխատակազմի ծախսերը շատ ավելի համեստ են: Միայն ՀԱՊԿ-ի շրջանակում արդեն երեք անգամ անվտանգության խորհրդի քարտուղարները հավաքվել են Երևանում, ես հասցրել եմ այցելել Իրան, Իտալիա, Բելառուս և տեսել եմ, թե այնտեղ ինչպիսի աշխատակազմեր են գործում. համեմատության եզրեր չկան: Այսինքն` մեզ մոտ խորհրդի աշխատակազմը գործում է` ելնելով մեր բյուջեի հնարավորություններից, և կարծում եմ` կրճատելու ոչինչ չկա, մանավանդ եթե հաշվի առնենք, որ այսօր աշխարհում անվտանգության խորհուրդները տարածվում են, նրանց գործառույթները բազմաթիվ են, և մենք պետք է կարողանանք նաև մեր երկկողմ համագործակցությունն ակտիվացնել, իսկ սա ևս համապատասխան ծախսեր է ենթադրում:
Զրույցը վարեց Լիլի ՄԱՐՏՈՅԱՆԸ

Դիտվել է՝ 1706

Մեկնաբանություններ