«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

ԵՐԵՎԱՆԻ ԲԵՐԴ

ԵՐԵՎԱՆԻ  ԲԵՐԴ
06.03.2012 | 00:00

Այսօր Երևանի լայն փողոցներով քայլելիս դժվար է պատկերացնել հին Երևանը` իր նեղլիկ ու ծուռումուռ փողոցներով, հինավուրց շենքերով ու շինություններով, որոնցից գրեթե ոչինչ չի պահպանվել: Վերջին մնացորդները, որոնք դեռ հիշեցնում էին հին Երևանի մասին, քանդվեցին 1930-ական թթ.` Երևանի հիմնական վերակառուցման ու վերահատակագծման աշխատանքներն սկսվելուց առաջ: Այդ ժամանակ քանդվեցին նաև 17-18-րդ դարերում ողջ Արևելքում իր անառիկությամբ հայտնի Երևանի բերդի մնացորդները, որոնց տեղում կառուցվեց «Արարատ» գինու գործարանը:
Խաների աթոռանիստ հանդիսացող նշանավոր այդ բերդը բազում թոհուբոհերով է անցել. շուրջ 222 տարի (սկսած XVI դարի սկզբներից ընդհուպ մինչև Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին) օտար զավթիչները պայքարել են միմյանց դեմ` տիրելու համար այդ անառիկ բերդ-քաղաքին: Արդյունքում այն պարբերաբար ձեռքից ձեռք է անցել, վնասվել և վերանորոգվել, վերակառուցվել ու ամրացվել` հարմարեցվելով ժամանակի պահանջներին ու պայմաններին: Ամենաարմատական վերակառուցումները կատարվել են 16-րդ դարի սկզբին` Երևանի անունով Ռևան-խան (Րևան-խան) կոչված կուսակալի և Ֆահրադ փաշայի օրոք: Այդ պատճառով Երևանի մեզ հայտնի բերդի կառուցումը թե՛ մեր, թե՛ օտար աղբյուրները սովորաբար վերագրում են կամ Ռևան-խանին կամ Ֆահրադ փաշային: Մինչդեռ, ամենայն հավանականությամբ, նրանք միայն վերակառուցել են նախորդ ժամանակներից գոյություն ունեցած բերդը, քանզի հին քաղաքների նման Երևանն իր բերդն ունեցել է դեռ հնագույն ժամանակներից: Արաբներն այդ բերդը գրավելու համար 7-րդ դարում հարկադրված են եղել երկու արյունահեղ մարտ մղել, որոնցից առաջինը վերջացել է նրանց պարտությամբ: Աղբյուրների հաղորդած տեղեկություններից երևում է, որ միջին դարերում Երևանը նույնպես ունեցել է իր բերդը: Որոշ հետազոտողներ այդ բերդը նույնացնում են պարսկա-թուրքական տիրապետության շրջանից մինչև նախորդ դարի սկզբները հասած բերդի հետ, որի կառուցման թվականը հստակ հայտնի չէ: Հայտնի է միայն, որ 1502 թվականին, ի թիվս շատ այլ տարածքների, Իրանի Սեֆյան հարստության հիմնադիր Շահ-Իսմայիլ Առաջինը, գրավելով Երևանը, ստեղծել է Երևանի խանությունը և խան նշանակել Ռևան-խանին: Որպես սահմանային մեծ խանության կենտրոն` Երևանը նրա օրոք ձեռք է բերել ռազմական խոշոր նշանակություն` դառնալով խաների աթոռանիստ: Այդ ժամանակաշրջանից սկսած Երևանը դարձել է փոփոխակի հաջողություններով և երկար ու կարճ ընդհատումներով մղված թուրք-պարսկական պատերազմների կարևորագույն կիզակետերից մեկը: 1583 թ. այն անցել է թուրքերի տիրապետության տակ: Երևանի պատմության համար այս թիվը շատ կարևոր նշանակություն ունի, քանզի պատմական գրականության մեջ գրեթե առանց բացառության այդ թվին և թուրքական բանակի գլուխ անցած Ֆահրադ փաշային են վերագրում Երևանի բերդի կառուցումը: Սակայն իրականում վերջինս ոչ թե կառուցել, այլ վերակառուցել և ավելի է ամրացրել Թոխմախ մականունով Մահմուդ խանի աթոռանիստը, որը փոքր էր և պաշտպանական տեսակետից ոչ հուսալի: Այդ մասին են վկայում մի շարք պատմիչներ: Օրինակ` 16-րդ դարի վերջի և 17-րդ դարի առաջին կեսի թուրք պատմագիր Փեչևի-Իբրահիմը նշում է, որ «…Թոքմաք խանի պալատը մեջտեղ առնելով` Ֆահրադ փաշան շրջակայքում կառուցեց մի լայն և ամրակուռ պարիսպ»: Ապա ավելացնում է, որ «բոլոր աշխատանքներն ավարտվեցին 45 օրում»: Այդքան կարճ ժամանակամիջոցում միանգամայն անհնար էր իր ամրությամբ Արևելքում այնքան անուն հանած բերդի կառուցումը, եթե անգամ նրա կառուցման համար փաշայի հրամանով օգտագործվել են հայկական գերեզմանաքարերն ու եկեղեցիների քարերը: Ի դեպ, մի քանի եկեղեցի քանդելուց և դրանց քարերն օգտագործելուց հետո երբ հերթը հասել է քաղաքի ամենամեծ եկեղեցուն` «Երկու երեսի» (երկու բեմանոց) եկեղեցուն, Առաքել անունով մի վարդապետ կարողացել է թուրքական փաշայից կարգադրություն ստանալ այդ եկեղեցին կանգուն թողնելու մասին: Կանգուն մնացած եկեղեցիները, սակայն, թուրքական զինվորները բավականին ժամանակ վերածել են ախոռների: Եվ հետո թուրքական աղբյուրները պարզապես հիշատակում են բերդի պարսպի և աշտարակների կառուցման մասին: Մինչդեռ բերդ ասելով միայն պարիսպներ ու աշտարակներ չեն հասկացվում, այլ նաև զինանոցներ, ախոռներ, պահեստներ և այլն: Այնպես որ, Ֆահրադ փաշան իրականում հիմնովին վերակառուցել է գոյություն ունեցած բերդը, որը հետագա տարիներին բազմիցս նորից քանդվել և վերակառուցվել է: 1679 թ. հունիսի 4-ին Գառնիում տեղի ունեցած ահեղ երկրաշարժից հետո Զալ-խանը պարսկական արքունիքից համապատասխան օգնություն ստանալով, Երևանի և շրջակա խանություններից հարկադիր աշխատանքի քշված գյուղացիների միջոցով գրեթե հիմնահատակ ավերված բերդը նորից է կառուցել, որը սակայն նախկին շքեղությունն այլևս չի ունեցել: Պարսկական տիրապետության շրջանում վերջին վերանորոգողն ու նոր կառույցներով հարստացնողը վերջին սարդարն է եղել` Հուսեին-Ղուլի խանը: Ի դեպ, վերջինիս հիշատակը պահպանվել է մի վիպասանական ավանդության մեջ, որը պատմում է, թե մի երիտասարդ վրացի գնացել է բերդ և կանգնել բերդի մոտ գտնվող Կարմիր կամ Խոջա-Փլավի կամրջի վրա և երգել այն հույսով, որ կարողանա մեկ անգամ էլ տեսնել իր սիրելիին, որին քշել տարել էին սարդարի հարեմը: Աղջիկը, լսելով իր սիրեցյալի երգը, վազել է դեպի լուսամուտը և այդտեղից իրեն ցած գցել ու, բարեբախտաբար, կախվել ձորալանջին բուսած ուռենու ճյուղերից: Սիրահար զույգը, սակայն, բռնվել, բանտարկվել է բերդում, բայց սարդարը հրամայել է արձակել նրանց, ասելով. «Թող ոչ ոք չհամարձակվի բաժանել այդքան անանջատ սիրով միմյանց հետ կապված երկու սիրող սրտեր»: Բերդի մասին մեկ այլ վկայաբանություն էլ կա, որը ստեղծվել է 17-րդ դարի վերջերին և բավական երկար ժամանակ մի քանի տարբերակներով տարածում գտել Երևանի և Նախիջևանի խանություններում: Այդ ավանդապատումն իր հիմքում ունեցել է հետևյալ իրական դեպքը. Շաղկերտ գյուղի տանուտեր Մալխասը, դիրքերն ամրացնելու և այդ պաշտոնը ձեռքում ամուր պահելու համար, փորձում է իր դստերը` Թամամ Շաղկերտցուն բռնի ամուսնացնել Նախիջևանի Մահմուդ-Ռզա-խանի որդու` Մուրթուզա-Ղուլիի հետ, որը Երևանում խանի ժամանակավոր տեղապահ էր նշանակված Զալ-խանից հետո: Հակառակ իր կամքին կույս Թամամը տարվում է Երևան: Սակայն Մուրթուզային չի հաջողվում նրա հետ ամուսնանալ: Թամամն իրեն բերդից նետում է Հրազդան գետը, բայց կենդանի մնալով` փախչում է Եղվարդ գյուղը: Սակայն Եղվարդի տանուտեր Սահակը, վախենալով խանի տեղապահից, բռնում է նրան և խեղդամահ անում: Հրաչյա Աճառյանը ենթադրում է, որ կարող է դրա վրա հորինված լինել Վարդան տաղասացի «Տաղ ս. կույսին Թամամիոյ Շաղկերտցւոյ: Վերջին վկայ կոյս Թամարիա» տաղը:
19-րդ դարի սկզբից Երևանի բերդի պատմության համար սկսվում է նոր շրջան` հետևում թողնելով ավերում, սով, կոտորած բերող թուրք-պարսկական պատերազմների մռայլ ժամանակաշրջանը, որը տևել էր մոտ 222 տարի` 1513-1735 թթ.:
Պատերազմները, սակայն, դրանով չեն ավարտվում: Այժմ էլ սկսվում են ռուս-պարսկական պատերազմները, որոնց ընթացքում բավականին ամուր բերդը գրավելը կամ պահպանելը դառնում է գերխնդիր: Ռուսները մեծ ջանքեր են գործադրում, սակայն երկար ժամանակ չեն կարողանում գրավել այն և դրանից բերդի անառիկության առասպելն ավելի է տարածվում: Այնքան, որ սահմանվում է Երևանի գրավմանը նվիրված հատուկ մեդալ: Այնպես որ, երբ 1827 թ. հոկտեմբերի 1-ին ռուսական զորքը, հայերի օգնությամբ, գրավում է բերդը, տեղի է ունենում շքահանդես, որի ընթացքում գեներալ Պասկևիչը և ժամանակի նշանավոր գործիչ, վիրահայության հոգևոր առաջնորդ, իսկ ավելի ուշ նաև հայոց կաթողիկոս Ներսես Աշտարակեցին ողջունում են զինվորներին: Վերջինս պայքարի ողջ ընթացքում սրտառուչ կոչերով ոգեշնչում էր հայրենակիցներին` գրելով. «Հասավ ժամը, երբ աչքով պիտի տեսնեք Արարատյան աշխարհի և հայոց ազգի ազատագրությունը…, ոտքի՛ կանգնեք, հայո՛ց քաջեր, թոթափեցեք պարսից լուծը, ուրախացրե՛ք ալեզարդ Մասիսին, մի անգամ արյունով ներկեցե՛ք հայրենի հողը և ապա ապրեցե՛ք ազատ»: Ողջույնի խոսքին հետևում է Հրազդանի ափին շարված թնդանոթների համազարկը, որից, ցավոք, բերդի պարիսպների մի մասը փլվում է` իր տակ թողնելով հավաքվածներից շատերին: Երևանի գրավման համար Պասկևիչը ստանում է «Կոմս Էրիվանսկի» տիտղոսը, իսկ բազմաթիվ ռուս և հայ զինվորներ պարգևատրվում են «Երևանի բերդի գրավումը» մեդալով:
Բերդը գրավելուց հետո Սարդարի պալատը վերածվում է նոր կառավարիչների նստավայրի, որի գեղեցիկ դահլիճներից մեկում առաջին անգամ բեմադրվում է Ա. Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» անմահ կատակերգությունը, որին ներկա է լինում նաև հեղինակը:
1864 թ. Երևանի բերդի կայազորը տեղափոխվում է Քանաքեռում կառուցված նոր զորանոցներ` ամրաշինական այդ համալիրի վատ վիճակի պատճառով: 1865 թ. բերդը գնում է առաջին դասի վաճառական Ներսես Թաիրյանը, ով իր բարեկամ, նկարիչ Հովհաննես Այվազովսկու աջակցությամբ 1877 թ. բերդի տարածքում սկսում է գինու, իսկ 1887 թ.` կոնյակի արտադրությունը: 1899 թ. ռուսական առևտրաարդյունաբերական «Շուստով և որդիներ» ընկերությունը Թաիրյանից գնում է գինու, օղու և կոնյակի գործարանները: 1920 թ. գործարանն ազգայնացվում է, և կազմավորվում է «Արարատ տրեստը»: Հսկայական այդ բերդից (սահմանները հասնում էին հյուսիսից քաղաքապետարանին հարող տարածք, հարավից` նախկին տրամվայի պարկ, արևելքից` Արշակունյաց և Գրիգոր Լուսավորիչ պողոտաներ, արևմուտքից` Հրազդանի կիրճ) ոչինչ չի պահպանվում, միայն պարսպի մի հատված, որն էլ շինարարները քանդում են 1950-ական թթ.` պատմական անցյալում թողնելով մեր Երևանի ամենանշանավոր կառույցներից մեկը:
Երևանի բերդը տեսել և մասնակիորեն նկարագրել են ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Բատիստ Տավերնիեն (1655 թ.)` իր գրքում զետեղելով նաև քաղաքի հատակագիծը, իտալացի Ջեմելին (1694 թ.), անգլիացի Կեր-Պորտերը (1817 թ.), Մորիեն, Դյուբուան, թուրքական պատմագիր Փեչևի-Իբրահիմը և այլք: Համակողմանի առաջին նկարագրողը ֆրանսիացի ճանապարհորդ և վաճառական Ժ. Շարդենն էր (1673 թ.), ում նկարագրությունները էլ ավելի պատկերավոր են նրան ընկերակցած նկարիչ Գրելոյի կողմից արված միջնադարյան, մինչերկրաշարժյան Երևանի պատկերի շնորհիվ: Շարդենի հաղորդած տեղեկությունները մեծ կարևորություն ունեն հատկապես այն պատճառով, որ նրանք 1679 թ. երկրաշարժով գրեթե իսպառ ավերված ու կործանված բերդի կառուցվածքների վկայություններն են: Նրա նկարագրություններից և նրա գրքում զետեղված բերդի համայնապատկերի նկարից հայտնի է դառնում, որ նախաերկրաշարժյան ժամանակների Երևանի բերդը երկրաշարժից հետո կառուցվածից անհամեմատ գեղեցիկ է եղել: Այն բուն քաղաքից բաժանված է եղել մեծ հրապարակով: Գտնվել է քաղաքի հարավարևմտյան հատվածում` Հրազդանի կիրճի հարևանությամբ, գետից արևելք ընկած բարձունքի վրա: ՈՒնեցել է ձվաձև տեսք` չորս հազար քայլ շրջագծով: Արևմտյան կողմից պաշտպանված է եղել Հրազդանի 15 սաժեն (ռուսական երկարության չափ. 1 սաժենը հավասար է 7 ոտնաչափի կամ 213 սմ) խորություն ունեցող ձորով և միանգամայն անմատչելի է եղել: Այդ մասում լցված է եղել միայն հող, որի վրա դասավորված են եղել բերդապաշտպան հրանոթները: Մյուս երեք կողմերից շրջապատված է եղել 10,5-12 մետր բարձրությամբ երկշարք ատամնաձև պարիսպներով, որոնք շարված են եղել չթրծած աղյուսից կամ հասարակ հողից: Պարիսպները, որոնցից առաջինը կառուցվել է 1583 թ. Ֆահրադ փաշայի կողմից, իսկ երկրորդը` 1603 թ. Շահ-Աբասի` Նախիջևանի ու Երևանի վրա հարձակվելուց առաջ, միմյանցից գտնվել են 17-20 սաժեն հեռավորության վրա և միասին ունեցել են 50-60 աշտարակ և բուրգ: Երկրորդ պարիսպն ունեցել է 500 արշին (ռուսական երկարության չափ. 1 արշինը հավասար է 71 սմ) երկարություն: Կառուցվել է մոտ մեկ ամսվա ընթացքում` զինվորների միջոցով: Հաստ և բարձր պարիսպներն ունեցել են որմնածերպեր` հարմարեցրած հրետանու ու հրացանակիրների պաշտպանության համար: Պարիսպների շուրջը փորված է եղել բավական լայն ու խոր փոս, որի որոշ հատվածները վտանգի ու հարձակումների ենթակա պահերին լցվել են ջրով: Բերդը երկու բավականին մեծ ու հաստ դարպաս է ունեցել` երկաթե ամուր դռներով ու փականներով և իր հատուկ պահակախմբով, որոնցից մեկը գտնվել է հյուսիսային կողմում և կոչվել է «Բաբը-շիրվան», իսկ մյուսը` հարավային կողմում` «Թավրեզ-գափուսի» անունով: Դրանցից բացի, ստորերկրյա երրորդ` գաղտնի ելք է եղել խանի ապարանքից դեպի Հրազդան գետը` պաշարման ժամանակ այնտեղից ջուր վերցնելու համար: Ի դեպ, ըստ քաղաքի 1856 թ. գլխավոր հատակագծի` հյուսիսային դարպասից սկիզբ է առել Աստաֆյան (1920-ից` Աբովյան) փողոցը, որը կոչվել է նաև Կրեպոստնայա:
Բերդի մեջ կառուցված են եղել խանի ապարանքը, երկու մզկիթ, խանական բաղնիքը, զորանոցներ, պահեստներ, զինանոցներ, կրպակներ, խանութներ, բնակելի տներ և այլ շինություններ, որոնք զետեղված են եղել ոչ թե որոշակի հատակագծով, այլ խառնիխուռն, նեղ անցքեր հիշեցնող բերդի նեղլիկ, ծուռումուռ փողոցները անկանոն դասավորված շենքերի քաոսում կազմել են մի բարդ լաբիրինթոս: Այդ շինությունների մի մասը ծառայել է բերդի կարիքներին, իսկ մի մասն էլ բնակարաններ է եղել, որոնց մեջ ապաստանել են պաշարումների ժամանակ բերդում հավաքված քաղաքացիները: Շարդենի վկայությամբ` մեծ երկրաշարժից առաջ մշտական բնակության միայն 800 տուն է եղել, որոնք բոլորն էլ պատկանել են պարսիկներին: Հայերն այստեղ միայն խանութներ ու արհեստանոցներ են ունեցել, որոնցում նրանք ցերեկն աշխատել կամ առևտուր են արել, բայց գիշերները փակել և գնացել են քաղաք` իրենց տները: Հետագայում, սակայն, սարդարները, ըստ երևույթին խռովություններից խուսափելու նպատակով, բերդն ամբողջությամբ վերցրել են իրենց ձեռքը` այնտեղից դուրս քշելով նաև պարսիկ բնակիչներին: Այնպես որ, 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբներին բերդում մշտաբնակ քաղաքացիներ չեն եղել, այն ամբողջությամբ գտնվել է հարեմի ու կայազորի տրամադրության տակ:
Բերդի ամենատպավորիչ շինությունը խանի (սարդարի) ապարանքն է եղել` Հրազդանի կիրճի պռնկին կախված: Այն բազիցս քանդվել և վերակառուցվել է: Վերջին պալատը կառուցվել է 1798 թ. Մահմուդ խանի օրոք: Այն պարսկական ճարտարապետական ոճով և իր տեսակի մեջ մեծ հետաքրքրություն ներկայացնող քառանկյուն մի ընդարձակ և զանազան բաժինների մասնատված շինություն է եղել: Հայտնի է մանավանդ նրա հայելապատ հանդիսասրահը` Շուշաբանդ-այվանը, որտեղ Երևանի սարդարը սովորություն է ունեցել անցկացնելու իր ազատ ժամանակը: Հայելապատ է կոչվել, քանզի նրա քիվերը (տանիքի կամ պատուհանի դուրս երկարացած մասը` իբրև հովանի) պատված են եղել գույնզգույն հայելիներով, որոնք տարբեր հարթությունների վրա անդրադարձնելով լույսը` առաջացրել են գույների հրաշալի խաղ: Առաստաղը զարդարված է եղել վառվռուն ծաղիկների` հատկապես վարդի ու հիրիկի նկարներով, իսկ դահլիճի պատերին փակցված են եղել կտավի վրա նկարված ութ պատկերներ` վերջին սարդար Հուսեին-Ղուլի խանի, Ֆաթ-Ալի շահի և այլոց նկարները: Գեղեցիկ այդ հովանոցի պատուհանից նա հաճույքով դիտել է դաշտանկարի տեսարանը` գետը իր ոտքերի տակ, իրեն պատկանող ստվերաշատ այգիները դաշտավայրում և ազատ հեռավորությունը` հետևում բարձրացող Մասիսի հսկա զանգվածով: Պալատի հանդիման տարածվող այդ հսկայական այգիներում աճեցրել են միայն հայկական ամենաքաղցրահամ «Ոսկեհատ» խաղողի տեսակը: Նրանից է պատրաստվել ամենալավ գինին, այդ պատճառով շատ ժամանակ պարսիկները հայերից խարջի (հարկ) դիմաց պահանջել են խաղողի այդ տեսակը: Այդտեղից ժողովուրդը սկսել է «Ոսկեհատ»-ը «խարջի» անվանել: Սարդարի այգիների մնացորդները գոյատևել են մինչև 1990-ականները:
Հանդիսասրահի պատուհանից սարդարը հաճախ վարժվել է հրացանաձգության արվեստի մեջ` ուղղելով իր գնդակները դեպի խղճուկ գյուղացիների իշուկները, որոնք այդ միջոցին շարան-շարան անցել են Հրազդանի աջ ափի ճանապարհով դեպի Կարմիր կամ Խոջա-Փլավի կամուրջը, որը գտնվել է բերդի հյուսիս-արևմտյան անկյան մոտ, հենց սարդարների ապարանքի տակ, խոր ձորում: Այն Հայաստանի ամենամեծ կամուրջներից է եղել` մոտ 80 մ երկարությամբ և 11 մ բարձրությամբ և մինչև «Հաղթանակ» կամրջի կառուցումը` քաղաքը Հրազդանի աջ ափի հետ կապող հիմնական ուղին: «Կարմիր» է կոչվում, քանի որ կառուցված է կարմիր տուֆից, սակայն հայտնի է նաև քանաքեռցի մեծահարուստ «Խոջա-Փլավի» անունով, ում միջոցներով վերանորոգվել է 1679 թ. երկրաշարժից հետո (վերանորոգվել է նաև 1851 թ.): Միջնադարում կառուցված և մինչ օրս պահպանված այս կամուրջը չորս կամար ունի, որոնցից մեջտեղի երկու մեծ և բարձր աչքերի տակով հոսում է ամբողջ գետը, իսկ երկու ծայրերին գտնվող մյուս փոքր կիսաշրջանաձև աչքերի տակով` նույն Հրազդանից դուրս եկած Նորագավթի և կաշեգործարանների մեծ առուները: Նա դիտել է, թե ինչպես են իր առջևով այդ կամրջի վրայով անցուդարձ անում իր սնդուկները լցնող քարավանները և դրանից մեծ բավականություն ստացել: Նրանք մեծ եկամուտ են բերել սարդարին, քանի որ 17-18-րդ դարերում Երևանը կարևոր դեր է խաղացել ոչ միայն որպես սահմանային բերդ, այլ նաև կարևոր կետ է եղել եվրոպական ապրանքները Տրապիզոնի վրայով դեպի արևելք և Հնդկաստանից եկող ապրանքները դեպի արևմուտք առաքելու ճանապարհին:
Ապարանքը բաղկացած է եղել երկու մասից` բուն պալատից և տիկնանց պալատից` հարեմից, որի երկարությունը հասել է 200 ոտնաչափի, իսկ լայնությունը` 125, և բաժանված է եղել բազմաթիվ կրկնահարկ և եռահարկ սենյակների ու միջանցքների: Քաղաքը ռուսների ձեռքն անցնելուց հետո այդ ընդարձակ պալատը վերանորոգվել է և վերածվել հիվանդանոցի:
Հոյակապ է եղել սարդարի հարեմին պատկանող բաղնիքը, որի ներսն ամբողջապես մարմարապատ է եղել` գույնզգույն նախշերով զարդարված: Մինչդեռ Երևանի մյուս բոլոր բաղնիքները (համամները) գտնվել են սանիտարական անմխիթար պայմաններում` լինելով ոչ թե մաքրության, այլ վարակի ու հիվանդությունների կետեր: Բուն բաղնիքին կից կառուցված է եղել 15 սաժեն երկարություն, 4 սաժեն լայնություն և 3 արշին խորություն ունեցող մի ջրավազան` ամառվա շոգերին լողանալու համար: Թե՛ բաղնիքը, թե՛ ջրավազանը քանդել են 1830 թ.:
Խանի պալատից 500 քայլ հեռավորության վրա գտնվել է քաղաքի ամենագեղեցիկ քարավանատունը, որի ավագ մուտքն ունեցել է ութսուն քայլ երկարություն` տարբեր ապրանքներով առևտուր կատարող խանութներով կազմելով մի գեղեցիկ սրահ: Նրա շենքը քառակուսի է եղել` բաղկացած երեք խոշոր և վաթսուն մանր սենյակներից` ընդարձակ գոմերով ու մեծ խանութներով հանդերձ: Շենքի դիմաց գտնվել է մի հրապարակ, որը շրջապատված է եղել մթերային խանութներով, իսկ կողքին` մի գեղեցիկ մզկիթ և երկու սրճարան: Բերդում եղել է նաև մի փոքրիկ շուկա` շրջապատված վատ կառուցված փոքրիկ կրպակներով: Կշեռքների վրա սարդարի կողմից նշանակված է եղել հատուկ հսկիչ, որը կոչվել է ղանթարբաշի:
Բերդից ու խանի ապարանքից հետո իրենց ճարտարապետությամբ աչքի են ընկել երկու մզկիթները (այդ ժամանակ երևանում եղել է 8 մզկիթ, որոնցից երկուսը գտնվել են բերդում): Նրանցից մեկը կառուցվել է թուրքերի կողմից, Ռաջաբ-փաշայի օրոք, 1725 թ.: Այն չորս սյուների վրա հենված կամարակապ մի մեծ շինություն է եղել` բավական շքեղ արտաքին տեսքով: Իբրև սուննի դավանության մզկիթ` պարսիկները թուրքերից քաղաքը հետագայում վերագրավելուց հետո այդ մզկիթը վերածել են զինանոցի, իսկ 1827 թ.` Երևանը պարսկական լծից ազատագրվելուց հետո այն դարձել է ռուսական եկեղեցի: Ի հիշատակ բերդի առման` այն անվանվել է «Եկեղեցի Հովանավորության Տիրամոր Կույսին» (Սբ. Պոկրով), որը 20-րդ դարի սկզբներին քանդվել է, և փոխարենը Երևանի կենտրոնում կառուցվել է ավելի մեծաչափ ռուսական Նիկոլաևյան եկեղեցին: Մյուս մզկիթը պարսկական է եղել և կառուցվել է դրանից 80-90 տարի անց, 19-րդ դարի սկզբներին, Երևանի վերջին սարդար Հուսեին-խանի և պարսից Ֆաթ-Ալի շահի օրոք: Շիա դավանության այս մզկիթը թագաժառանգի անունով կոչվել է Աբաս-Միրզայի մզկիթ (Աբաս-Միրզա-ջամի): Նրա ճակատի ու գմբեթի արտաքին կողմն ամբողջապես պատած է եղել կանաչ ու կապույտ փոքրիկ քառակուսի հախճապակիներով, որոնց գործածությունն այնքան հատուկ էր արաբական ու պարսկական ճարտարապետությանը: Երևանի գրավումից հետո, երբ բերդում զետեղվել է ռուսական բազմամարդ կայազոր, Աբաս-Միրզա-ջամին վերածվել է զինանոցի: Թե՛ թուրքական մզկիթի, թե՛ Աբաս-Միրզա-ջամիի ավերակները պահպանվել են մինչև 1930-ականները:
Բերդի մոտ, հազիվ հազար ոտնաչափ հեռավորության վրա գտնվել է նրա վրա իշխող դիրք ունեցող մի բլուր, որն ամրացված է եղել կրկնակի պարիսպներով և ունեցել է բավականին ուժեղ հրետանի: Այդ փոքրիկ ամրոցում, որը կոչվել է Գեչի-կալա (այծաբերդ), կարող էր տեղավորվել մինչև 200 հոգի:
Ահա այսպիսին է եղել ողջ արևելքում իր անառիկությամբ հայտնի Երևանի բերդը, որի հայտնի և ամուր լինելը կապված չի եղել միայն նրա գեղեցիկ դիրքի, արտաքին և պաշտպանական կառույցների` պարիսպների, աշտարակների և բնական ամրությունների հետ: Բերդի ամրությունը մեծապես կախված է եղել նաև նրա մշտական կայազորից և պատերազմների ժամանակ այնտեղ լրացուցիչ զորքեր դասավորելու հնարավորություններից: Երևանի բերդապաշտպան կայազորը, որը միաժամանակ խանության ամբողջ զորքն է համարվել, օրինակ 17-18-րդ դարերում բաղկացած է եղել մոտավորապես 2000 հոգուց, սակայն վկայություն կա, որ խանն ի վիճակի է եղել դուրս բերելու մինչև 5000 մարդ, որոնց մի մասը հավաքագրվել է հայերից:
Բերդի ամրության գաղտնիքներից մեկն էլ կազմակերպական ճիշտ աշխատանքներն են եղել. մի շարք պաշարումների ժամանակ անառիկ է մնացել այն պատճառով, որ պատերազմի կամ պաշարման վտանգի մասին լուրն առնելով` սարդարները կարողացել են ժամանակին իրենց աթոռանիստն ամրացնելու հետ մեկտեղ բերդում կուտակել համապատասխան սննդա-մթերք: Ժամանակ է եղել, երբ սննդամթերք են կուտակել 7 տարվա հեռանկարով:
Օտարների համար այդքան թանկ և ցանկալի բերդը, սակայն, հայ ժողովուրդը չի սիրել, քանզի նրանից միայն չարիք և բռնություն է տեսել: Պատերազմների և բնական աղետների ժամանակ պարսից խաներն ու թուրքական փաշաները գյուղի և քաղաքի աշխատավոր բնակչությանը քշել են պարտադիր աշխատանքի` իրենց նստավայր-բերդը վերաշինելու, պատերազմական պաշարներ տեղափոխելու, ջրանցքներ անցկացնելու և այլնի համար: Պատերազմներն ու ավերումներն այնքան հաճախակի են կրկնվել, որ հարկադիր աշխատանքները դարձել են սովորական, գրեթե ամենամյա «պարտականություն»: Օրինակ` Երևանի բերդի պաշարման ժամանակ փոսեր փորելու համար 12000 մարդու պահանջ է եղել, որը գրեթե համալրվել է հայերով: Եվ հետո, պարսկական զորքի առջևից հարկադրաբար դեպի բերդի պարիսպները գրոհող հայերն են իրենց վրա վերցրել բերդապաշտպան կայազորի կրակն ու առաջին հարվածները` տալով մեծ թվով զոհեր:
Բազմաթիվ հեղինակներ են անդրադարձել Երևանի բերդին, բայց ոչ մեկն այնպես պատկերավոր չի նկարագրել այն, ինչպես Խաչատուր Աբովյանն իր «Վերք Հայաստանի»- ում` այն անվանելով «հազարգլխանի դև», «մարդակեր բերդ», «գողի ու ավազակի բնակավայր»: Հայ ժողովրդին այնքան ցավ և տառապանք պատճառած բերդը, այնուամենայնիվ, մեր Երևանի պատմության մի մասն է, և ցավալի է, որ այդ հսկայական բերդից այսօր գրեթե ոչինչ չի պահպանվել:
Մենք սիրում ենք հաճախ ասել, որ մեր Երևանը հին է, բայց արդյոք գիտե՞նք դարերից եկող նրա պատմությունը։
Լյուսյա ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 17398

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

ype-1-pad">

«Իրատես» թերթի արխիվից

Երկ­րում մո­լեգ­նում է «իմ­քայ­լա­կան տեր­տե­րը»
Երկ­րում մո­լեգ­նում է «իմ­քայ­լա­կան տեր­տե­րը»

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում
Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում