Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հայաստանի գյուղատնտեսության առջև կանգնած մարտահրավերները

Հայաստանի գյուղատնտեսության առջև կանգնած մարտահրավերները
29.05.2009 | 00:00

ԵՐԿՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՍՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԸ
(ԱՀԿ անդամակցության համատեքստում)
ԻՆՉՈ՞Ւ Է ԿԱՐԵՎՈՐՎՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
Նախ` որպես ազգային մրցակցային առավելություններից ամենաիրականը, իհարկե, երկրի մտավոր կարողության իրացումից հետո: Երկրորդ` ինչպես ասում էին Ֆրանսուա Կենեն, Ան Ռոբեր Ժակ Տյուրգոն և այլ ֆիզիոկրատներ, երկրի ազգային հարստության հիմքը գյուղատնտեսությունն է ու դրա համաչափ զարգացումը: Ավելին, նրանք գյուղատնտեսական արտադրությանը որոշակի առաջնություն էին տալիս` կարևորելով տնտեսությունում դրա հատուկ դերը: Իրականում հենց գյուղատնտեսության տարբեր ենթաճյուղերից ստացված արդյունքն է, որ հետագայում վերամշակման փուլեր է անցնում սննդի, թեթև արդյունաբերության մի շարք այլ ճյուղերում: Երրորդ` գյուղատնտեսության և գյուղացիական տնտեսությունների զարգացմամբ է պայմանավորված հանրապետության երեք քառորդից ավելին կազմող սահմանամերձ (ավելի ճիշտ` սահմանապահ) բնակավայրերի ամրացումը: Վերջապես, շուկայական տնտեսավարման պայմաններին փոխակերպվող Հայաստանի տնտեսության համար տնտեսական անվտանգության ամենաէական բաղադրիչներից պարենային անվտանգության ապահովումը ենթադրում է առաջին հերթին գյուղատնտեսության առկա կարողության առավել արդյունավետ իրացում:
Եթե մտովի փորձենք ՀՀ ամբողջ տարածքը հավասարաչափ բաժանել այնտեղ բնակվող մարդկանց միջև, ապա յուրաքանչյուրին բաժին կհասնի կես հեկտարից էլ պակաս հողատարածք (որի մի մասն օգտագործելի է, մյուս մասը՝ ոչ)։ Եթե առանձնացնենք գյուղատնտեսական արտադրության համար պիտանի հողերը, ապա նրանք նույնպես առանձնահատուկ ուշադրություն են պահանջում։ Յուրաքանչյուր շրջանում պետք է հաշվի առնել թե՛ գոտիականությունը, թե՛ հողաշերտերի թեքվածության աստիճանը (մանավանդ՝ նախալեռնային և լեռնային շրջաններում), թե՛ հողերի ոռոգման հարցերը։ Վերջինս շատ կարևոր է, քանզի բնական տեղումները թույլ չեն տալիս նույնիսկ կիսով չափ հոգալու հողերի ոռոգման հոգսերը։ Օգտագործելի հողատարածքներում, որպես կանոն, տարեկան տեղումները շատ քիչ են (օրինակ՝ Արարատյան դաշտում դրանք կազմում են 230-250 մմ), իսկ լեռնային շրջաններում, ուր հիմնականում անօգտագործելի տարածքներ են, տարեկան տեղումները հասնում են 850-900 մմ-ի։ Հաշվարկված է, որ բնական ոռոգումներով (այսինքն՝ տեղումներով) կարելի է ստանալ գյուղատնտեսական արտադրանքի միայն մեկ հինգերորդ մասը։ Այս թիվն ինքնին խոսում է արհեստական ոռոգումների անհրաժեշտության և բացառիկ դերի մասին ՀՀ գյուղատնտեսության մեջ։ Ընդհանուր առմամբ այսօր ՀՀ-ում ոռոգվող հողատարածությունների ընդհանուր մակերեսը կազմում է 300000 հա-ից մի փոքր ավելի։
ՈՐՔԱՆՈ՞Վ Է ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ` ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ (ԱՀԿ) ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
Առաջին հերթին այն հանգամանքով, որ ոլորտը ներկայումս ազգային տնտեսության ճյուղերից միակն է, որ առայժմ չի համապատասխանում ԱՀԿ պահանջներին: Ավելին, շատ հստակ օրակարգով 2003 թ. փետրվարից մինչև 2009 թ. հունվարը ժամանակ էր տրված բավարար մակարդակի հասցնելու գյուղատնտեսական արտադրանքի մրցունակությունը: Սա նշանակում է, որ հարկային արտոնությունները շուտով վերացվելու են և ավելացված արժեքի հարկը, պարտադիր դառնալով, է՛լ ավելի կթանկացնի տեղական սպառողներից շատերի համար առանց այն էլ դժվարամատչելի գյուղմթերքները: Ինչ վերաբերում է պետական հնարավոր հովանավորչությանը` սուբսիդավորման եղանակով, ապա այն կարող է կատարվել միայն գյուղատնտեսությունից ակնկալվող հավաքագրման ենթակա հարկերի միայն մի մասի հաշվին` այն էլ հստակ հիմնավորումներով: Այսպիսով, ժամանակի հաշվիչն ընդդեմ գյուղատնտեսության զարգացման վաղուց արդեն միացված է, մինչդեռ ոլորտի զարգացման և մրցունակության բարձրացման համակարգված որևէ ծրագիր առայժմ գոյություն չունի: Միաժամանակ կարևոր է նշել, որ երկրի գյուղատնտեսության բազմակողմանի վերլուծության բացակայությունը թույլ չի տվել ոչ միայն իրատեսորեն գնահատել մինչև 2003 թ. ոլորտում ստեղծված իրավիճակը, այլև մասնագիտական կանխատեսումներ անել` ճշտելու ԱՀԿ անդամակցությունից ակնկալվող արդյունքները կամ 6 տարում Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի մրցունակության բարձրացման հավանականությունն ու դրա ձեռքբերման ուղիները: Այս ամենը, իր հերթին, լուրջ արգելք է հանդիսացել գյուղատնտեսական արդյունավետ քաղաքականության մշակման և իրականացման համար: Մեր մտահոգության շրջանակներում արտահայտվող գնահատականն ամենևին էլ միջազգային նման կառույցից մեկուսանալու միտում չունի, այլ ընդամենը դրան անդամակցելու համար պատրաստվածության բավարար մակարդակի ձեռք բերման և դրա պահպանման հնարավորւթյան:
Ի՞ՆՉ Է ԱՀԿ-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆՈՒՄ. ՆՊԱՏԱ՞Կ, ԹԵ՞ ՄԻՋՈՑ
ԱՀԿ անդամակցությունը, ոմանց կարծիքով կարևորագույն նպատակ էր բանակցությունների փուլում, իսկ դրանց հաջող ավարտն ու լիիրավ անդամի կարգավիճակի շնորհման որոշումը` մեծ նվաճում: Իրականում ԱՀԿ բուն անդամակցությունը չի կարող նպատակ, առավել ևս ինքնանպատակ լինել: Այն պետք է լինի միջոց` բարձրացնելու տնտեսության մրցունակությունը և ծառայեցվի ազգային տնտեսության ձևավորմանն ու դրա կայուն զարգացմանը: Իր հերթին, նման միջոցն արդարացված է, եթե կա մրցակցային առավելությունների իրացման իրատեսական և հիմնավորված ծրագիր:
Հայաստանի պարագայում երկրի մրցակցային առավելությունների շարքին դասվելու օբյեկտիվ հավակնություն ունի գյուղատնտեսական ապրանքների հարուստ տեսականին` սկսած մեղվաբուծությունից և վերջացրած գինեգործության, ինչպես նաև ավանդական այլ ոլորտների արդյունքներով:
Ցանկացած երկրի, ներառյալ Հայաստանի, գյուղատնտեսության համար ԱՀԿ անդամակցությունից սպասելիքները սթափ կառուցելու նպատակով ավելորդ չէ հիշել, որ երկիրն անդամակցել է հազիվ 7 տարին բոլորած մի կառույցի, որը հատկապես գյուղատնտեսության բնագավառում որևէ երկրի տնտեսական առաջընթացին նպաստելու, դրա պարենային անվտանգության խնդիրները կարգավորելու հաջողության և ոչ մի օրինակ դեռ չի գրանցել: Որքան էլ խոսվում է ԱՀԿ-ի` Առևտրի և սակագների ընդհանուր համաձայնագրի (ԱՍԸՀ - GATT) իրավահաջորդը լինելու մասին, այնուամենայնիվ չպետք է անտեսել առնվազն երկու սկզբունքային տարբերություն: Առաջինն այն է, որ ԱՍԸՀ-ն, ի վերջո, համաձայնագիր էր, իսկ երկրները` դրա կողմեր, որոնց համար ընդամենն ընդունելի են եղել համաձայնագրում շարադրված սկզբունքներն ու հիմնադրույթները, մինչդեռ ԱՀԿ-ն այսօր մշտապես գործող միջազգային կառույց է` իր կառավարման եռաստիճան համակարգով: Երկրորդը հակասությունների կարգավորման հստակ գործող մեխանիզմն է և անարդար մրցակցության պարագայում տվյալ կողմի հանդեպ տարատեսակ պատժամիջոցների կիրառումը` ընդհուպ մինչև ԱՀԿ անդամակցությունից զրկելը, որը և պարտադիր պայման է դարձնում ստանձնած պարտավորությունների կատարումը: Մի մեխանիզմ, որը չէր կարող գործել ԱՀԿ նախատիպի օրոք:
Եթե ԱՀԿ անդամ երկրների գյուղատնտեսական առաջընթացի հաջողության օրինակների փնտրտուքը երկար կարող է շարունակվել, ապա ձախողումների և բացասական հետևանքների, անարդար մրցակցության օրինակներն օրըստօրէ շատանում են:
(շարունակելի)
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Պրոֆեսոր

Դիտվել է՝ 3351

Մեկնաբանություններ