Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Իսկ անձրևը մաքրում էր օտարի շունչը քաղաքից

Իսկ անձրևը մաքրում էր  օտարի շունչը քաղաքից
08.05.2012 | 00:00

(20 տարի առաջ այս օրերին ազատագրվեց հայոց մշակույթի ու գիտության հնամենի ոստան Շուշին)

Հայաստանի Հանրապետության ու դարեր շարունակ նրա անքակտելի մասը կազմող, Ստալինի կողմից Ադրբեջան հորջորջվող պետությանը բռնակցված Արցախի դեմ Ադրբեջանի իշխանությունների սանձազերծած պատերազմի ամենաթեժ օրերին, երբ դանակը ոսկորին էր հասել, դրված էր Ղարաբաղի լինել–չլինելու հարցը, Արցախի ինքնապաշտպանության ուժերի վաշտերն ու աշխարհազորայինները ձեռնամուխ եղան թշնամու կողմից Ստեփանակերտն ու շրջակա հայկական մյուս բնակավայրերը ազատորեն գնդակոծող Շուշիի զորախմբի վնասազերծմանը: 1992 թվականի մայիսի 9-ի վաղ առավոտյան մերոնք մտան Շուշի: Այդ պահին քաղաքի վրա մանր անձրև էր մաղում` կարծես մաքրելու համար օտարի անհաճո շունչը քաղաքից: Մայիսի 8-ի կեսօրից հետո հատուկ առանձնացված միջանցքով ադրբեջանցիներն արդեն սկսել էին լքել քաղաքը, մայիսի 9-ի առավոտյան Շուշիում մնացել էին միայն նկուղներում թաքնված հատուկենտ ադրբեջանցիներ: Գործողությունը ղեկավարում էր ինքնապաշտպանության ուժերի հրամանատար, Աֆղանստանում իրեն փառքով պսակած ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ (Կոմանդոս): Գործողության պայմանական անվանումն էր «Հարսանիք լեռներում»:


-Ինչո՞ւ «Հարսանիք լեռներում»,- հարցնում եմ սիրված գեներալին:

-Ինչպես գիտեք, Ադրբեջանի կողմից մեր դեմ սանձազերծված պատերազմի առաջին իսկ օրերից Շուշին իր բարձր դիրքի շնորհիվ դարձել էր Ստեփանակերտն ու շրջակա հայկական գյուղերը հրետակոծելու, դրանք անընդհատ հարվածների տակ պահելու ռազմավարական լավագույն հենակետը հակառակորդի համար,- ասում է գեներալը։ - Համակերպվել ստեղծված իրավիճակի հետ նշանակում էր ստույգ կործանման դատապարտել ոչ միայն Ստեփանակերտն ու շրջակա գյուղերը, այլև Արցախն ամբողջությամբ: Միանգամայն ճշմարիտ էր Դրոն` Դրաստամատ Կանայանը, ասելով. «Ով տիրում է Շուշիին, տիրում է ողջ Արցախին»: Ելնելով ստեղծված իրավիճակից, Արցախի ինքնապաշտպանության կոմիտեն որոշում ընդունեց լռեցնել Շուշիի կրակակետերը: Իսկ առանց քաղաքը գրավելու դա անհնար էր, կամ հնարավոր` Ղազանչեցոց հնամենի եկեղեցին, քաղաքի մյուս հայկական ճարտարապետական հնագույն հուշարձանները հիմնահատակ ավերելու թանկ գնով, քանի որ ադրբեջանցիները հեռագնա խորամանկությամբ հիմնական կրակակետերը տեղադրել էին հուշարձանների ներսում կամ դրանց հարակից տարածքներում: Միակ ճիշտ լուծումը քաղաքը գրոհով վերցնելն էր: Եվ ահա, ազատագրման գործողության մշակման աշխատանքային պահերից մեկի ժամանակ, շտաբ մտավ Վազգեն Սարգսյանն ու հարցրեց. «Տղերք, ի՞նչ բանի եք»: Զեկուցեցի, որ Շուշիի ազատագրման պլանի վրա ենք աշխատում: «Տղերք, վախենամ գլուխ չհանենք,- մտահոգ ասաց Վազգենը, - մեր տնաշեն պապերը քաղաքը շատ անառիկ են կառուցել»: «Որ հաղթենք, կամուսնանա՞ս»,- հարցրի Վազգենին: «Հա, կամուսնանամ, հարսանիքս էլ Շուշիում կանենք»,- վստահ պատասխանեց Սպարապետը:

Քանի որ Շուշին բարձունքի, լեռների վրա է, որոշվեց գործողությունն այդպես էլ անվանել` «Հարսանիք լեռներում»:

Վազգենի հարսանիքը, ցավոք, Շուշիում չկայացավ, բայց քաղաքի ազատագրումը հակառակորդից, կրկնակի պակաս մարդուժով, զենք-զինամթերքով, փոքրաթիվ կորուստներով, կոտրեց Ադրբեջանի ողնաշարը, հայերիս մեջ ամրապնդեց նույնիսկ անհավատալի պայմաններում հաղթելու կամքը, մեր զինվորն ու սպան վերջնականապես ձերբազատվեցին պապերից տխուր հիշատակ մնացած պարտվողի, մատաղացու գառան վտանգավոր ու կործանարար բարդույթից, իսկ վերջին 70 տարում հայաթափված քաղաքը վերստին իր գիրկն ընդունեց Շուշիի իսկական տերերին, նորից ղողանջեցին Ղազանչեցոց եկեղեցու զանգերը, կյանքը մտավ իր բնականոն հունի մեջ, բացվեց Արցախը Հայաստանին միացնող ցամաքային ճանապարհը: Ի դեպ, գործողության այդ պլանը հաստատել է Արցախի ինքնապաշտպանության կոմիտեի այն օրերի նախագահ Սերժ Սարգսյանը- եզրափակեց լեգենդար զորահրամանատարը:

Հարձակման ճակատային գիծը 25 կմ էր: Մեր ուժերը գործում էին 4 ուղղություններով: Ադրբեջանական կողմը բազմակի շատ սպառազինություն ու մարդուժ ուներ: Մերոնց մարդուժը ինքնապաշտպանական ուժերի 1500 մարտիկներն էին, ադրբեջանցիները, ըստ մեր հետախուզության տվյալների, ավելի քան 2 հազար զինվոր ու սպա ունեին, մեզանից բազմապատիկ շատ զենք–զինամթերք: Մարտական գործողությունների ժամանակ հայկական կողմն ունեցավ 57, ադրբեջանցիք` 250-ից ավելի զոհ, 700-ից ավելի վիրավոր: Շուշիի փառապանծ հաղթանակին հետևեցին Լաչինի միջանցքի բացումը, Արցախի անվտանգության գոտու ստեղծումը: Շուշին դարձավ պատվար` հայկական զինուժի հետագա հաջողությունների համար: Շուշիի ազատագրումից հետո, ըստ հայ զորահրամանատարների, ադրբեջանցիները խուճապային տրամադրություններով համակվեցին, իսկ հայ զինվորը հասկացավ իր բազկի ուժն ու ռազմական հնարամտության սահմանը: ԼՂ շատ բնակավայրերի ազատագրումը հենց հաղթանակած Շուշիի արդյունքն է:

-Շուշին կոտրեց ադրբեջանցիների ողնաշարը,– շարունակեց խոսքը Կոմանդոսը:- Դրանից հետո ադրբեջանցիների գործողությունները մահացու վիրավոր գազանի անկանոն վարք էին հիշեցնում: Պատահական չէ, որ արդեն 1994-ի գարնանը նրանք միջնորդներին աղաչանք-պաղատանքով խնդրում էին օգնել, միջնորդել հրադադար հաստատելու: Չմոռանամ ասել, որ բանակցություններին, որպես լիիրավ կողմ, մասնակցում էր նաև Արցախի ներկայացուցիչը: Ասել է թե` արդեն 1994 թվականին Ադրբեջանն ընդունում էր ԼՂՀ–ի առանձին սուբյեկտ լինելը:

-Հիշո՞ւմ եք այդ օրը:

-Մի՞թե այդպիսի օրերը մոռացվում են: 18 տարի առաջ այդ օրը մենք ստիպեցինք մեր դեմ սուր բարձրացրած, մեզ ոչնչացնել փորձող հակառակորդին ծնկի գալ: Տեսնելով, որ մենք անպարտելի ենք, ու իրենց հիմար «չարաճճիությունները» կարող են ավարտվել Բաքվում, նրանք ընկել էին Ելցինի, Նազարբաևի, ԱՊՀ մյուս պետությունների ղեկավարների ոտքերը` որպես հրադադարի միջնորդներ հանդես գալու խնդրանքով։ 1994 թվականի այդ օրը մենք համաձայնեցինք դադարեցնել մարտական գործողությունները:

-Դուք ճի՞շտ եք համարում այդ համաձայնությունը:

-Որպես զինվորական, ես իրավունք չունեի, այսօր էլ իրավունք չունեմ քննարկելու երկրի բարձրագույն ղեկավարության քաղաքական որոշումները, բայց որպես մարդ, քաղաքացի, գործի կեսից հետ քաշվելը համարում եմ սխալ, որովհետև, նախ, մենք չէինք նախահարձակը, ադրբեջանցիներն իրենք էին սկսել պատերազմը: Սկզբում մենք ո՛չ պատրաստ էինք պատերազմելու, ո՛չ էլ դրա ցանկությունն ունեինք: Սկսե՞լ էին, թող պատրաստ լինեին վայելելու նաև պատերազմի դառը պտուղները: Ինչի՞ վրա էին հույսները դրել` ռուսական բանակի՞, իրենց ունեցած մարդուժի՞, զենք-զինամթերքի՞: Բայց չէ՞ որ պատերազմների պատմությունը սովորեցնում է, որ մի բան է սեփական հողը պաշտպանելը, մեկ այլ բան` ուրիշի ունեցածը խլել փորձելը: Այդ ո՞ր զավթիչն է երկարատև հաջողություն ունեցել, որ իրենք ունենային: Ինձ մնար, ես պատերազմը կշարունակեի բուն Ադրբեջանի հողում, որից հետո կքաշվեինք այն սահմանները, որ մենք աներկբա հնարավորություն ունեինք պահելու: Իսկ որ 1994 թվականին մենք դա կարող էինք, անկասկած է, քանի որ կրած պարտությունները լիովին կազմալուծել, բարոյալքել էին այդպես էլ չկայացած ադրբեջանական բանակը, իսկ Արցախի բանակն օր օրի ավելի էր հզորանում, ղարաբաղցիներն էլ, ինչպես միշտ, պատրաստ էին շարունակելու հաղթական կռիվները: Բացի այդ, եթե մենք շարունակեինք ազատագրական պայքարը, Ադրբեջանում ինքնորոշման հարց կբարձրացնեին այս երկրի բնակչության մեծամասնությունը կազմող ազգային փոքրամասնությունները` թալիշներ, լեզգիներ, ուդիներ, քրդեր... Մի խոսքով Ադրբեջանը ներսից կքայքայվեր, կդադարեր պետություն լինելուց և այսօր չէր հոխորտա:

-Պատերազմի ոչ միայն սկզբում, այլև ողջ ընթացքում ղարաբաղցիներն ադրբեջանցիներին զիջում էին թե՛ կռվողների թվակազմով, թե՛ զենքի ու զինամթերքի քանակով: Ի՞նչ հրաշքով մենք հաղթեցինք,- հարցնում եմ գեներալին:

-Духом, духом,- ռուսերեն պատասխանում է գեներալն ու ավելացնում. -հիշո՞ւմ ես, ինչ էիք ասում կռվողներդ իրար. «Մեկին չորսը, ով մեռնի, դավաճան է»: Այո, մեր մեկ զինվորը կռվում էր թշնամու չորսի դեմ ու հաղթում: Հաղթում էինք, որովհետև մեր տունուտեղն էինք պահում, մեր հողը: Թուրքերը, չնայած իրենց երկրի իշխանությունների ու պատմաբանների մոգոնած հեքիաթներին, թե իրենք այստեղ բնիկներ են, Ղարաբաղն իրենցն է, ազատագրված տարածքներում ամենուր սփռված հայկական ճարտարապետական հուշարձանները տեսնելով, ներքուստ ավելի ու ավելի էին համոզվում ու հասկանում, որ կռվում են ուրիշի հողը զավթելու համար: Իրականում նրանք տրամադրված չէին կռվելու, կռիվն այդ երկրի ոչ լեգիտիմ իշխանություններին էր պետք, նրանք խաղում էին իրենց ժողովրդի զգացմունքների հետ, իսկ զինվորը, եթե տատանվեց, պարտադրանքով գնաց կռվի, կլինի այնպես, ինչպես եղավ ադրբեջանցիների հետ։

-ՈՒզում եք ասել, ճի՞շտ էր նրանց հայտնի վերլուծաբան Էլմար Հուսեյնովը, որ ասում էր` քոչվորը չի կարող հող պաշտպանել:

-Միանգամայն, դրա համար էլ Ադրբեջանում եզակի ճշմարտախոս այդ տղան իր երկրի ծայրահեղ ազգայնականների զոհը դարձավ:

-Այսօր Ադրբեջանի ռազմական բյուջեն 3-4 անգամ գերազանցում է մերը, 2012-ին Ադրբեջանը երկրի պաշտպանությանն ու անվտանգությանը տրամադրել է շուրջ 2 մլրդ ԱՄՆ դոլար: Նրանք սկսել են զենք-զինամթերք արտադրել, նույնիսկ պատրաստվում են անօդաչու ինքնաթիռներ ու «ՈՒրագան» տիպի ուղղաթիռներ թողարկելու և, սեփական կարիքները բավարարելուց բացի, վաճառելու: Չե՞ք կարծում, որ վաղը-մյուս օրը նրանք ռևանշի կդիմեն ու մեզ կկանգնեցնեն փաստի առաջ:

-Բոլորովին,- կտրուկ պատասխանում է գեներալը,-Ադրբեջանն այդպես էլ բանակ չունեցավ, իրենք էլ դա լավ գիտեն: Շատ փողը դեռ բանակ չէ, մանավանդ հայտնի է, թե այդ փողերն ինչպես են ծախսվում: Նրանց գեներալները փաստացի էժան, բայց թղթի վրա թանկ ձևակերպումներով գնեցին ու իրենց մոտ տեղափոխեցին ուկրաինական բանակի կողմից չօգտագործվող ողջ «տեխնիկան»: Բերեմ միայն մեկ օրինակ: Լրիվ նոր «ՄԻԳ» կործանիչները Ռուսաստանը վաճառում է 33 միլիոն դոլարով, իսկ մեր հարևան «խելոքները» տասնյակ տարիներ շահագործված, դուրսգրման ենթակա նույն ինքնաթիռները ուկրաինացիներից գնել էին 29 միլիոնով ու ձեռքը կրակն ընկել: Այս էլ որերորդն իր թռիչքն ավարտեց օդում պայթելով կամ Կասպից ծովը գահավիժելով: Պատահական չէ, որ զինտեխնիկայի գնումների վրա ձեռքեր տաքացնողներին հայտնաբերել ու վնասազերծել փորձող նրանց օդուժի գլխավոր հրամանատար գեներալը ցայսօր անհայտ անձանց կողմից գնդակահարվեց իր տան մոտ: Բացի այդ, թե՛ հայր, թե՛ որդի Ալիևների հոխորտանքները միայն բլեֆ են, սեփական ժողովրդի աչքերին թոզ փչելու, իրենց թալանած նավթադոլարներն արդարացնելու միջոց: Ադրբեջանցիները հասկանում են, որ պատերազմի վերսկսումը կավարտվի Բաքվում: Ինչ մնում է ինձ, ես դրանում կասկած չունեմ։

-Այդուհանդերձ, գոնե ինչ-որ չափով, ասենք, ֆինանսապես, պատրա՞ստ է Ադրբեջանը պատերազմի:

-Ադրբեջանն իր պետականությունը կառուցում է նավթի վրա, նավթի ներկայիս գներն էլ դրական են ազդում հիմնական տնտեսական ցուցանիշների վրա: Նման իրավիճակում Իլհամ Ալիևը հազիվ թե արմատական փոփոխության գնա:

-Ի՞նչ կարող է կորցնել Ադրբեջանը պատերազմ վերսկսելու դեպքում:

-Նախ` իր ներդրումային գրավչությունը նավթային հատվածում, այլ կերպ ասած` պետական շինարարության, ռազմական ծախսերն ուզած չափով մեծացնելու, մեզ, իրենց կարծիքով, ահաբեկելու միակ կայուն հիմքը: Չպետք է մոռանալ, որ աշխարհի 8 երկիր ներկայացնող 13 ազդեցիկ միջազգային ընկերությունների հետ «Դարի պայմանագիրը» Բաքուն ստորագրեց միայն 1994-ի սեպտեմբերին, այսինքն, ակտիվ ռազմական գործողությունների ավարտից հետո: Պատերազմական պայմաններում ընկերություններից ոչ մեկը, իհարկե, չէր գնա նման անկանխատեսելի վտանգներով առլեցուն քայլի:

Այդ նախագծի ամենակարևոր մասնակիցները, ինչպիսիք են «Բրիթիշ փեթրոլիումը», ամերիկյան «Չևրոնը», «Դևոն էներջին» և «Ամերադա Հեսը», ճապոնական «Ինպեքս քորփ» և «Իտոչու Օյլ», նորվեգական «Սթեթօյլ» ընկերությունները և այլն, ռազմական գործողությունների վերսկսման առաջին հակառակորդներն են: Այդ տեսանկյունից նավթային «Դարի պայմանագիրը» երկկողմանի սուր է. մի կողմից այն իրապես հարստացնում է Ադրբեջանը, մյուս կողմից` սահմանափակում նրա ինքնիշխանությունը և զրկում պատերազմ սկսելու հնարավորությունից: Բացի այն, որ նոր պատերազմը նվազագույնի է հասցնում երկրի ներդրումային գրավչության մակարդակը, դա, փաստորեն, կարող է ոչնչացնել գրեթե ողջ խողովակաշարերի համակարգը, որն իրավամբ համարվում է Ադրբեջանի պետական օրգանիզմի գլխավոր արյունատար երակը: Բանն այն է, որ Ադրբեջանի էներգակիրների գրեթե ողջ փոխադրումն իրականացվում է 4 խողովակաշարով, որոնցից երեքն ընկած են ռազմաճակատի գծից հաշված կիլոմետրերի վրա, ընդ որում, թե՛ ԼՂՀ-ի, և թե՛ ՀՀ-ի հյուսիսային սահմաններին: Դա 2006-ի հուլիսին բացված Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն է, 1999-ից գործող Բաքու-Սուփսա նավթամուղը և 2007-ի մարտին պաշտոնապես բացված Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը (հարավկովկասյան խողովակաշար): Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հայկական թնդանոթները ներկայումս նշանակետի տակ են պահում հենց այդ կոմունիկացիաները, և, պատերազմ սկսվելու դեպքում, նրանց առաջին գործը կլինի Ադրբեջանի համար այդ կենսական կարևորության ենթակառուցվածքի ոչնչացումը, ինչը կհանգեցնի Ադրբեջանի փաստացի կործանման:

-Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տարբեր ամբիոններից բազմիցս ասել և շարունակում է կրկնել, որ Ղարաբաղը երբեք անկախ չի լինելու:

- Է, թող ասի, խոսել նա շատ է սիրում: Հատկապես, երբ մեկնում է Եվրոպա: Ավելին, նրանց ավագ եղբայր թուրքերն էլ են շրթունքները լպստելով դա կրկնում: Դե, նրանց ախորժակը ժամանակին լիուլի բավարարվել է, պարզապես մոռացել են, որ հիմա 1915 թվականը չէ։ Այդ խոսակցությունները հիմնականում ներքին սպառման, երկրի տիրոջ կերպարը պահպանելու համար են: Նման արտահայտությունները կարելի է համարել լոկ ինքնահաստատման նպատակով տեղեկատվական խաղեր: Ոչ ավելին: Գիտե՞ք, «ցանկանալը վնաս չէ»: Տվյալ դեպքում այլ կերպ չես էլ ասի: Լոռեցիները մի սիրուն անեկդոտ ունեն. «Մի չոբան հեռավոր դաշտում ընկնում է խոր փոս: Շատ է չարչարվում, չի կարողանում դուրս գալ, հետո վճռականորեն ասում է. «Մի անգամ էլ փորձեմ, թե որ չստացվեց դուրս գալ, գնամ տնից փիլաքյան (աստիճան) բերեմ»: Ասել է թե, պատերազմն սկսել էիք, կռվեիք, հաղթեիք` ո՞վ էր խանգարում: Կարելի է թափահարել բռունցքները, թող երկար ու ուժգին թափահարեն, անմիտ ու անիմաստ պահանջներ ներկայացնեն, նաև աշխարհի գրեթե բոլոր միջազգային կազմակերպությունները միջնորդ դարձնելով, հզոր պետություններին խնդրել-աղաչելով: Հետո՞: Եթե մեր երկու ոչ բարեկամ հարևանները փոքր-ինչ ավելի վստահ լինեին, որ կարող են իրականացնել իրենց արկածախնդրությունը, վաղուց արդեն հերթական պատերազմը սանձազերծած կլինեին: Հնարավոր է, նրանց ներուժը, դրամական միջոցները միշտ էլ ավելի մեծ են եղել և՛ անձնակազմի, և՛ տեխնիկայի, և՛ սպառազինության առումով: Այդպես է եղել նաև 1918 թվականի մայիսին Սարդարապատի դաշտում, 1992-94 թթ. մարտական գործողությունների ժամանակ: Իսկ Ադրբեջանը շրջափակվա՞ծ էր Հայաստանի պես: Իսկ նավթ այն ժամանակ մի՞թե չունեին: Կամ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այնտեղ քի՞չ սպառազինություն էր մնացել: Սակայն այն ժամանակ Ադրբեջանն իր նպատակներին չկարողացավ հասնել: Չի՛ կարողանա և հիմա` 20 տարի անց: Մենք համոզված ենք, որ Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Դրանում վստահ է ամեն մի հայ, սթափ մտածող, քիչ թե շատ խելք ու հեռատեսություն ունեցող յուրաքանչյուր ոք։

Այսպես եզրափակեց իր խոսքը Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը` մայիսյան փառապանծ հաղթանակների առթիվ շնորհավորելով ողջ հայ ժողովրդին։

Ասքանազ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 873

Մեկնաբանություններ