Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Դատավորաց գիրքը

Դատավորաց գիրքը
21.08.2009 | 00:00

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ՄԱՏՅԱՆԸ
«Արդարությունը բարձրացնում է ազգը, բայց մեղքն ազգեր է նվազեցնում» (Առակ. 14.34)։
«Տիրոջ հրամանը կյանքի աղբյուր է, որը խուսափել է տալիս մահվան որոգայթներից» (Առակ. 14.24)։
Եբրայական սուրբգրային ավանդության մեջ սույն գիրքը կոչվում է Սեֆեր Շոֆետիմ` ըստ գլխավոր անձանց պաշտոնի, սակայն «դատավոր» բառը, ինչպես և «դատավորություն անել» բառակապակցությունը նշանակում է ոչ միայն օրինականություն հաստատել, ինչպես հայերենում և եվրոպական շատ լեզուներում է, այլև «կառավարել և իշխել»։ Սակայն «փրկել» բայն ավելի ճիշտ է արտահայտում դատավորների գործունեությունը, թեպետ ամեն դեպքում Աստված է, որ փրկում է Իր ժողովրդին դատավորներից մեկի ձեռամբ։
Դատավորաց գիրքն անհնար է հասկանալ առանց երկրում իշխող հասարակական-քաղաքական և հոգևոր-բարոյական իրավիճակների վերլուծության։ Իսրայելն իր կազմավորումից ի վեր աստվածապետություն էր, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ այնպիսի կառավարում, երբ միայն Աստված է ճանաչվում իբրև միակ գերագույն քաղաքական իշխանություն։ Աշխարհի բոլոր ազգերը (փոքրիկ բացառությամբ` հույներն ու հռոմեացիներն իրենց կազմավորման սկզբում) գիտեին միայն ուժեղ, կենտրոնաձիգ և ժառանգաբար փոխանցվող թագավորություններ։ Թագավորները սովորաբար հողի տերերն էին, և այն վարձակալական իրավունքով հանձնում էին իրենց հպատակներին։ Իրենց ձեռքում կենտրոնացնելով քաղաքական, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունները, նրանց իրավասությունները, ըստ էության, անսահմանափակ էին, իսկ կառավարումը հատկորոշվում էր բռնությամբ և կամայականությամբ։ Հողն Իսրայելում պատկանում էր աստվածպետական հասարակության անդամին, եթե նույնիսկ մեկն աղքատանալու կամ որևիցե այլ պատճառով վաճառեր իր հողատարածքը, այն պիտի վաղ թե ուշ վերադառնար իրեն։ Իսրայելի առաջնորդը, եթե անգամ Մովսես և Հեսու Նավե մարգարեները դատավորները լինեին, իսկ ապա նաև թագավորը, ինչպես որ ասվում է Բ Օր. 17.14-20 հատվածում, ապա, միևնույն է, Իսրայելի թագավորը Տեր Աստվածն էր, Ով ՈՒխտի, այսինքն` փոխադարձ պարտավորությունների աղերսների մեջ էր գտնվում Իր ժողովրդի հետ, և ՈՒմ օրենքը պարտադիր էր բոլորի, այդ թվում նաև, ու նախ և առաջ, տիրակալների համար։ «Եվ թող նա չբազմացնի իր կանանց թիվը, չգայթակղվի և շատ արծաթ ու ոսկի չկուտակի։ Երբ նա իշխանության անցնի, նրա համար կգրես այս երկրորդ օրենքը այն մատյանում, որի բնօրինակը ղևտացի քահանաների մոտ է։ Այդ պատճենը պետք է մնա իշխանի մոտ, և նա իր կյանքի բոլոր օրերին դրանք պետք է կարդա, որպեսզի սովորի երկնչել քո Տեր Աստծուց, պահի այս բոլոր պատվիրանները և կիրառի այս օրենքները նրա համար, որ չմեծամտանա իր ցեղակիցների մոտ, պատվիրաններից աջ ու ձախ չշեղվի» (17.17-20)։
Հեսու Նավեն մահացավ 110 տարեկան հասակում. «Վախճանվեց նաև այդ ամբողջ սերունդը։ Դրանից հետո եկավ ուրիշ սերունդ, որ չէր ճանաչում ո՛չ Տիրոջը և ո՛չ էլ այն գործերը, որ Նա արել էր Իսրայելի մեջ» (Դատ. Բ 10)։ Փաստորեն, Հեսուի օրերն օրինապահության և հավատարմության օրեր էին, իսկ դատավորների շրջանը, որն Իսրայելի պատմության ամենաչլուսաբանված ժամանակահատվածն է, կռապաշտության, անօրենության ու դավաճանության։ Իսրայելն աստիճանաբար սկսեց անձնատուր լինել քանանական արյունարբու և անառակ կրոնին, խնամիանալ քանանացիների հետ։ Այսպիսով, 12 ցեղերը, որոնք Աստծուց ժառանգություն էին ստացել Ավետյաց երկիրը, և որոնց գործողությունները համաձայնեցված չէին, քանզի միավորված չէին որոշակի քաղաքական կառուցվածքի մեջ, թեկուզ համադաշնության ձևով, լուրջ վտանգի առաջ էին կանգնած։
Գիրքն ունի նաև աստվածաբանական ներածություն, որին հանդիպում ենք Բ6-Գ6 համարներում, 6-րդ գլխի սկզբում (7-10 համարները) և Հեփթայենի պատմության սկզբում (10.6-16), որոնք կարելի է ի մի բերել հետևյալ հերթականությամբ. «Իսրայելացիները Տիրոջ առաջ չարիք գործեցին» (Բ 11, Գ 7 և 12, Դ 1, Զ 1, Ժ և ԺԳ 1)։ Այս արտահայտությունն իր լրումը գտնում է մեկ ուրիշով. «Թողին իրենց Տեր Աստծուն և պաշտեցին Բահաղին և Աստարոթին» (Բ11 և 13, Գ7, Ժ6)։ Մենք արդեն խոսել ենք քանանական կրոնի օրգիաստիկ բնույթի մասին, որը մարդու ստոր բնազդներին ազատություն էր տալիս և իսկական խայծ ու որոգայթ էր ամեն պահ իր մաքրությանը, սրբությանը, մերձավորի սիրուն, արդարությանը հետևող` հետևաբար իր ստոր բնազդները զսպող աստվածպետական հասարակության յուրաքանչյուր անդամի համար։ Եվ զարմանալի չէ, որ շատերն էին գայթակղվում, մանավանդ եթե նկատի ունենանք, որ ճարտարապետության, առևտրի, արվեստների և այլ բնագավառներում քանանացիները մեծ բարձունքների էին հասել, ինչն առավել գրավիչ էր դարձնում նրանց կրոնն ու մշակույթը։
Դատավորաց գրքում Երկրորդումն Օրինացի ոգուն հարիր խոսվում է այս դավաճանության հետևանքի մասին. «Տերը մատնեց նրանց շրջակա թշնամիների ձեռքը» (Բ 14), որին հաջորդում է մեկ այլ արտահայտություն. «Իսրայելացիներն աղաղակ բարձրացրին Տիրոջ առաջ» (Գ 9 և 15, Ժ 10)։ Աստված Իր խոստմանն ու ՈՒխտին հավատարիմ, լսելով նրանց աղերսներն ու պաղատանքները, դատավոր (Բ 16) կամ փրկիչ էր կարգում (Գ 9 և 15)։ Եվ սովորական են դառնում պատմությունների վերջում այսպիսի արտահայտությունները. «Թշնամիներն ընկճվեցին իսրայելացիների ձեռքի տակ» (Գ 30, Ը 28), կամ` «Երկիրը հանգստացավ... տարի» (Գ 11 և 30, Ե 32, Ը 28)։ Բ Օրինացի օրհնությունների ու անեծքների ոգուն համապատասխան բոլոր այս արտահայտությունների ընդհանուր հայտարարը հետևյալ կրոնական տրամաբանությունն է. մեղքը հանգեցնում է պատժի, ապաշխարությունը` փրկության` որևէ դատավորի ասպարեզ իջնելով։ Գրքի աստվածաբանական նպատակներից է` ցույց տալ Իսրայելի տկարությունները և Աստծո համբերատարությունը, Ով, հավատարիմ Իր ՈՒխտին, անձանձրույթ փրկում է իր ժողովրդին նեղություններից։
Դատավորներից ոմանք գրքում մեծ են անվանված, իսկ նրանց մասին պատմությունները քիչ թե շատ մանրամասներով են ներկայացված (Գոդոնեիլ, Ավոդ, Դեբորա (Բարակ), Գեդեոն, Հեփթայեն և Սամփսոն)։ Փոքր կոչված դատավորների անունները (Սամեգար, Թողա, Հայիր, Եսեբոն, Ելոն և Աբդոն) քիչ են հիշատակված։ Սակայն բաժանման հիմքում ոչ թե պատումների բովանդակության ծավալներն են ընկած, այլ մարդկային երկու զանազան տիպար։ Մեծ դատավորներն Աստծուց կանչված փրկիչներ են և շնորհալի ղեկավարներ, իսկ փոքրերը, անշուշտ, ինչ-ինչ խնդիրներ էին լուծում, բայց և օրինազանցություններ կատարում։
Գրքի վկայությունից պարզ է դառնում, որ հեղինակն ապրել է թագավորական իշխանության ժամանակաշրջանում. «Այդ օրերին Իսրայելում թագավոր չկար, և ամեն մարդ անում էր այն, ինչ հաճելի էր իր աչքին» (17.6, 21.25)։ Իսկ հրեական և քրիստոնեական ավանդությունը գրքի հեղինակ է ճանաչում վերջին դատավոր և մարգարե Սամուելին։ Դատավորների ժամանակաշրջանը թվագրվում է ըստ ելքի վաղ թվագրության` 1370-1360 թվից, ըստ ուշ թվագրության կողմնակիցների` 13-րդ դարի վերջից մինչև 10-րդ դար։
ՀՌՈՒԹ
Տիրոջ երկյուղը ոգու ամրությունն է մաքուր մարդկանց համար, բայց սրտաբեկությունը նրանց համար, ովքեր չարիք են գործում (Առակ. 10.29)։
Սույն գիրքն իր անվանումը ստացել է հերոսուհուց` Հռութից։ Սա պատմություն է Մովաբ գաղթած բեթղեհեմյան մի ընտանիքի մասին։ Ելիմելեքը` Նոոմինի ամուսինը, սակայն, շուտով մահանում է այդ երկրում, իսկ նրանց երկու որդիները` Մաալոնն ու Քելլոնը, ամուսնանում են մովաբացի հեթանոս կանանց` Հռութի և Օրփայի հետ։ Տասը տարի անց Նոոմինը Հռութի ուղեկցությամբ վերադառնում է Բեթղեհեմ, մինչդեռ Օրփան` իր ժողովրդի մոտ։ Հռութը գնում է Բոոսի արտ` հասկ հավաքելու և արժանանում է վերջինիս ջերմ ընդունելությանը։ Նոոմինը գիտեր, որ Բոոսը Հռութի հանդեպ ազգականության իրավունք ունի և սովորեցնում է Հռութին Բոոսին մղել իրեն կին առնելու։ Բոոսը բավարարում է նրա խնդրանքը, և երբ Հռութի ավելի մոտ բարեկամը հրաժարվում է ամուսնության իր իրավունքից, ամուսնանում է նրա հետ։ Այսպես Հռութից ծնվում է Օբեդը, որը Դավթի հոր` Հեսսեի հայրն էր լինելու։
Ըստ եբրայերեն Սուրբ Գրքի` Հռութի պատմությունը սրբագրքի մեջ է մտնում, իսկ հայերեն, հունարեն և լատիներեն Աստվածաշնչում հաջորդում է «Դատավորների» գրքին, սա, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է սույն գրքի առաջին գլխի առաջին համարում նշված ժամանակագրությամբ։
Հռութ գրքի հին ծագման, այն է` իսրայելացի առաջին թագավորների օրոք գրվելու օգտին են խոսում նրա հետևյալ տվյալները. 1) Ա 1-ի արտահայտության կերպը (հմմտ. Դատ. ԺԹ 1). «Դատավորների կառավարման օրերին...» ցույց է տալիս, որ գրքում նկարագրված դատավորների ժամանակաշրջանում տեղի ունեցած անցքերն այնքան էլ հեռու չէին գրքի սրբազան հեղինակի ապրած ժամանակներից, 2) Գ 17-22-ում զետեղված տոհմաբանությունը հասցված է մինչև Դավիթ. եթե գրքի գրությունը վերագրվեր թագավորների շրջանի ավելի ուշ ժամանակահատվածին, ապա ոչինչ չէր խոչընդոտի Դավթի արքայաժառանգների անունների ներառմանը (առհասարակ գերությունից հետո անիմաստ կլիներ միմիայն Դավթի տոհմաբանությունը կազմելը), 3) միայն Դավթի անձով է պայմանավորված եղել նրա նախամոր մասին պատմող գրքի պատմությունը։ Ընդ որում, ուշագրավ է Դավթի կյանքի դրվագներից մեկը. Ա Թագ. ԻԲ 1-3-ի հատվածը (երբ Սավուղից հալածվող Դավիթն իր հորն ու մորը թաքցնում է Մովաբի արքայի մոտ) ցույց է տալիս, որ Դավիթն ու իր ժամանակակիցները չէին մոռացել Դավթի տատի մովաբական ծագման իրողությունը։ Յոթանասնիցի հեղինակությունը, որ աստվածաշնչյան կանոնում սույն գիրքը զետեղել է անմիջապես Դատավորաց գրքից հետո և Ա Թագավորությունների գրքից առաջ, ինչպես նաև Թալմուդի վկայությունն այն մասին, որ գրքի հեղինակը Սամուել մարգարեն է, համոզում են մեզ, որ «Գիրքը կազմված է Դավթի օրոք մարգարեներից մեկի կողմից»։
Գիրքը մեզ ցույց է տալիս Դավթի տատի օրինակը, ով օտարերկրացի էր, և ասում, որ նա բարեպաշտության տիպար էր ու օրինավոր կերպով էր դարձել իսրայելացի` նույնիսկ Դավթի ընտանիքի անդամ։ Դա տեղի էր ունեցել Աստվածային նախախնամությամբ, շնորհիվ ամուսնության` ըստ ամուսնու եղբոր օրենքի (այս օրենքը (տե՛ս Երկրորդ Օրինաց ԻԵ 5-10) պարտադրում էր մահացածի եղբորը կամ ամենամոտ ազգականին ամուսնանալ այրու հետ։ Իսկ նրանցից ծնված երեխան պիտի գրանցվեր մահացած եղբոր անունով, որպեսզի նրա անունն Իսրայելից չջնջվեր)։ Ա Թագ. ԻԲ 3-4 համարներում Դավթի և Մովաբի կապերը հավաստող ակնարկ կա։
Պատմվածքի իրադարձությունները զարգանում են կուռ ներդաշնակության մեջ։ Գրքում կան չորս տեսարաններ (Ա 6-18, Բ 1-17, Գ 1-15 և Դ 1-12), որոնց նախորդում է մի ներածություն (Ա 1-5) և հաջորդում մի վերջաբան (Դ 13-17)։ Իսկ գրքի մասերն իրար են շաղկապում հետևյալ միավորող օղակները (Ա 19-22, Բ 18-23, Գ 16-18)։ Գիրքը լի է զուգահեռականությամբ, չափածո հատվածներով և առձայնությամբ, այսինքն` հնչյունների ձայնային նմանությամբ, ինչն այն դասում է գրականության կոթողային ստեղծագործությունների շարքը։ Հատուկ նշենք անձնանունների և նրանց արտահայտած նշանակությունների միջև եղած կապը` նմանությունը. օրինակ` Ելիմելեք նշանակում է` «իմ Աստված թագավոր է», Նոոմին` «իմ գեղեցկուհի», իսկ Մաալոն` «հիվանդություն» և Քելլոն` «վախճան, անհետացում» անունները մոտալուտ մահ են կանխագուշակում։ Իսկ ինչ վերաբերում է Օրփային, ապա այն նշանակում է «ծոծրակ», այսինքն` այն մասը, որը մարդը հեռանալիս շրջում է և խորհրդանշում ուրացություն, այնինչ Հռութ անունն իր իմաստով մոտ է «ուշադրություն դարձնողին» և մարգարեանում է նվիրվածության ու սատարության մասին։ Բոոս անունը` «զորավոր, զորություն ունեցող», հուսադրող է, իսկ Մառա` «դառնացած», անունը (Նա նրանց ասաց. «Ինձ Նոոմին մի՛ կոչեք, այլ կոչեցե՛ք Դառնացած...» (Հռութ Ա 20) դժբախտություն է արտահայտում։ Ինչ վերաբերում է Օբեդ անվանը, ապա այն «ծառա» է նշանակում, այսինքն` «Աստծու ծառա»։ Անկասկած, Նոոմինի անվանափոխությունը Մառայի` Դառնացածի, ակնհայտորեն ցույց է տալիս, որ հեղինակը հատուկ անուններին տալիս է խորհրդանշական արժեք։
«Հռութ» գիրքը հրեական տաղավարաց` ավագ տոների ընթացքում ընթերցվող հինգ գրքերից մեկն է։ Այս գիրքն օգտագործվում էր հրեական Պենտեկոստեսի տոնին։ Արդյո՞ք ընտրությունն այս տոնի վրա է ընկել այն բանի համար, որ անցքերը տեղի էին ունենում գարու հունձքի ժամանակ, թե՞ Պենտեկոստեն Իսրայելին օրենք շնորհելու տոնն է։ Նկատի ունենանք այն հանգամանքը, որ «Հռութ» գիրքը շնորհը տարածում է հեթանոս ազգերի վրա, և որ վերջաբանում զետեղված է մի տոհմաբանություն, որն օտարերկրացի կնոջը դարձնում է Դավթի` հետևաբար և գալիք Մեսիայի տատ։ Ռաբունական ավանդությունը, հանձին Հռութի, տեսնում է մի նորադարձուհու, իսկ «Եկավ Աստծու հովանու ներքո ապաստան գտնելու» արտահայտությունը նկատում հրեական կրոնն ընդունելու խորհրդանիշ։
Հռութը հիշատակվում է Մատթեոսի Ավետարանում Հիսուսի ազգաբանության առնչությամբ (տե՛ս Մատթ. Ա 5)։ Սրանով մատնանշվում է այս պատմության համապարփակ ու մեսիական բնույթը։
Տպագրության պատրաստեց Գրիգոր ԴԱՐԲԻՆՅԱՆԸ

«Առաջին անգամ Աստծո խոսքը ճաշակեցի համալսարանի երկրորդ կուրսից երրորդ փոխադրվելիս։ Լավ հիշում եմ այդ երեկոն։ Եկա` վերջին դասական գրականության քննությունից ուժասպառ եղած։ Այդ տարի, առանց որևէ պայմանավորվածության, բայց ասես դիտմամբ, մեզ համար դասախոսություններ էին կարդում անտիկ գրականության ամենաընտիր և ամենակոթողային ստեղծագործություններից` «Իլիականի» վեցերորդ երգը, Կիկերոնի «De Republica», Դեմոսթենեսի «Խոսք պսակի մասին»... Եկա տուն, սենյակի անկյուն շպրտեցի գրքերս, նետվեցի բազմոցի վրա, սակայն քնել չկարողացա։ Եվ որովհետև ուսանողը, եթե չի խոսում, ապա մեխանիկորեն կարդում է, ես էլ գրադարանից վերցրի ցայժմ երկյուղածորեն պահվող երկու հնամենի հատորները, որ վերցրել էի մի ընկերոջից։ Այդ Աստվածաշունչը հրատարակվել էր դեռևս Ալեքսանդր Բլագոսլովեննիի օրոք` հուլունքի պես մանրատառ սլավոնական գրով։ Այն դնելով բազմոցի բարձին` ես բացեցի, իհարկե, պատահաբար, Եսայի մարգարեի գրքի սկիզբը և սկսեցի գրեթե հեգել վանկ առ վանկ, բայց հետո արագ ու սահուն կարդացի։ Հանկարծ հենց այդ պահին այն հունական տպավորությունների փոփոխությունից հետո զգացի, թե սա որքա՜ն հզոր, պարզ, պիտանի և սուրբ է ամեն ինչից ու ամեն բանից... Առաջին անգամ հասկացա, թե ինչու է գիրքը «Աստվածաշունչ», թե ինչու են մարդիկ այդպես անվանել ա՛յս և ոչ թե մյուս գրքերը։ Այն թափանցում էր մինչև հոգուս անհուն խորքերը... Դա բոլորովին այլ էր, քան Դեմոսթենեսը։ Ո՜վ սքանչելի Ասորիք` քո գաղտնիքներով հանդերձ։ Մենք ոչինչ չենք հասկանում Արևելքից։ Այստեղ մերթ Աստված է խոսում, մերթ մարդը։ Կարևորն այն չէ, որ այստեղ (Եսայու մոտ) գրված է «Աստված»։ Մենք էլ ամենուր այդ բառն ենք գրում։ Բայց եթե Եսայու մոտ «Աստված» գրված էլ չլիներ, միևնույն է, ես թե մեկ ուրիշը կզգայինք, որ սա Աստծո խոսքն է, որ այն բնավ էլ մարդկային խոսք չէ։ Եվ որքա՜ն պիտանի է այն։ Որքա՜ն նվիրական։ Այն փրկարար է ոչ միայն բարոյախոսական, այլև ինչ-որ ուրիշ, անհամեմատ ավելի խոր իմաստով, ահա՛ թե ինչ»։
Վ. Ռոզանով
Ռուս հրապարակախոս և քննադատ

Դիտվել է՝ 3666

Մեկնաբանություններ