Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«ՄԵՆՔ ԼԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՆԱԽԱՍԿԶԲԻՆ ԵՆՔ»

«ՄԵՆՔ ԼԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՆԱԽԱՍԿԶԲԻՆ ԵՆՔ»
21.10.2011 | 00:00

Գավառի քաղաքապետարանի մարզադպրոցն արդեն քառասուն տարվա պատմություն ունի: Նշանակալի դեր խաղալով մատաղ սերնդի ֆիզիկական կրթության գործում` այն երկրին տվել է ոչ պակաս թվով ճանաչված մարզիկներ, ովքեր իրենց վճռական խոսքն են ասել միջազգային տարբեր մրցասպարեզներում, դարձել հաղթողներ ու մրցանակակիրներ: Ավանդույթները շարունակելու ուղղությամբ այստեղ հիմա էլ են աշխատանքներ կատարվում, սակայն ապագայի մեծ հաղթանակները դեռևս առջևում են, իսկ որ դրանք կլինեն, կասկած չկա, որովհետև այստեղ մարդիկ գիտեն իրենց ու իրենց աշխատանքի գինը:
Մարզադպրոցի տնօրեն ԴԱՎԻԹ ԱՍՈՅԱՆԻ հետ հանդիպումը մի տեսակ չորուկ ստացվեց: Այս պետության հիմքերը երբևիցե խարխլելու փորձ իսկ մտքով չանցկացրած համեստ մարդուցս անձը հավաստող փաստաթուղթ պահանջեց մոտավորապես ինքնաձիգը ձեռքին պետական սահմանին կանգնած զինվորականի ոճով, որով քիչ տհաճություն չպատճառվեց, որովհետև քաղաքապետարանի համապատասխան աշխատակիցը տեղեկացված էր այցելությանս ու անձիս մասին, սակայն տնօրենին «գեղվրա» էր փոխանցել տեղեկությունը:
Ինչևէ: Թյուրիմացությունը շուտ հարթվեց, և խոսակցությունն արագ անցավ գործնական փուլ:
Վերջին անգամ 2005 թվին հիմնանորոգված լինելու հենքի վրա մարզադպրոցը լավ խնամված տեսք ուներ, ինչը խոսուն փաստ է այստեղ գործող տիրոջ ձեռքի մասին. կատարյալ մաքրությունը` սանհանգույցներից մինչև մարզադահլիճներ, լավ վիճակում գտնվող վարժասարքերը, մարզումների համար անհրաժեշտ մյուս պարագաներն աչք էին շոյում, և սա այն դեպքում, երբ մարզադպրոց է հաճախում շուրջ 250 երեխա, պատանի ու երիտասարդ:
Տնօրենության հոգածությունն իր արտահայտությունն էր գտել նաև մարզաձևերի թվի ընդլայնման, սաների հետաքրքրությունը հնարավորինս լայնորեն բավարարելու հարցում: Այսպես, եթե նախկինում դպրոցում ուսուցանվող մարզաձևերը չորսն էին, այսօր ֆուտբոլին, բասկետբոլին, վոլեյբոլին, ըմբշամարտին գումարվելու են եկել կարատեն, ծանրամարտը, բազկամարտը, բռնցքամարտը, քիքբոքսինգը, ուժային եռամարտը: Եթե նկատեցիք, ավելացած մարզաձևերը գերազանցապես մենամարտային են, ուժային, և սրա մեջ առանձնապես զարմանալու ոչինչ չկա այն կտրվածքով, որ գավառցին ավանդաբար առանձնացել ու առանձնանում է իր բնատուր ֆիզիկական ուժով, թեպետ այստեղ պակաս դեր չի վերապահված նաև դպրոցի տնօրենի նախասիրությանը, ով նախկին ծանրամարտիկ է:
-Մարզադպրոցն առայժմ աչքի է ընկնում գերազանցապես ներհանրապետական մրցաշարերում ցույց տված արդյունքներով, սակայն հեռու չէ ժամանակը, երբ մեր սաները լիարժեքորեն իրենց ասելիքը կասեն նաև միջազգային մրցասպարեզում,- հավաստիացնում է Դավիթ Ասոյանը:- Մենք ունենք սեփական արժանապատվության բարձր գիտակցությամբ, կամային որակների տեր սերունդ, պարզապես պիտի մի փոքր համբերել, ու արդյունքը շատ չի ուշանա: Սակայն մարզադպրոցի գործունեության մեջ ես ոչ պակաս կարևորում եմ սերնդի զբաղվածության խնդրի լուծումը, նրա արժեքային կողմնորոշումը: Մոտ 250 երեխայի, պատանու, երիտասարդի դրսի հնարավոր վատ ազդեցությունից կտրելը, ֆիզիկապես և ինչու միայն ֆիզիկապես կոփելը, հայրենիքի պաշտպանությանը պատրաստելը, եռանդը նպատակային սպառելը, կարծում եմ, ինքնին բավական լուրջ գործ է: Ինչ վերաբերում է մարզական ձեռքբերումներին, հանրապետության առաջնությունների կրկնակի, եռակի հաղթողներ, մրցանակակիրներ ունենք թե՛ բազկամարտից, թե՛ ուժային եռամարտից, թե՛ ծանրամարտից։ Վատ չեն գործերը նաև բռնցքամարտում. երկու տարի առաջ այս մարզաձևից ունեցանք ՀՀ պատանիների առաջնության երրորդ մրցանակակիր:
Տեղաշարժ է նկատվում նաև ըմբշամարտում, որտեղ քսան տարի արդյունքներ չէինք ունեցել: Նախանցած տարի հանրապետության պատանեկան առաջնությունում ունեցանք չորրորդ տեղ, ինչն ապագա մեծ հաղթանակների նախանշան ենք դիտում: Կոչումների առումով սպորտի վարպետության թեկնածուներ էլ, վարպետներ էլ ունենք: Կամաց-կամաց կոչումներն ավելի կշատանան, ավելի բարձր հարգ ձեռք կբերեն: Այնպես որ, մենք լավ ճանապարհի նախասկզբին ենք և հավատում ենք մեր արածին:
-Լավ աշխատանքի նախապայման են որակյալ մարզչական կադրերն ու գույքային ապահովվածությունը:
-Մեր մարզիչների կոչումների առնչությամբ առանձնապես չենք կարող հպարտանալ, սակայն նույնը չէի ասի նրանց աշխատանքի արդյունավետության մասին: Բացի այդ, մեզ մոտ առկա է փորձառու ու սկսնակ մարզիչների մի յուրօրինակ համաձույլ, և այս փոխհարստացումը հօգուտ ընդհանուր գործի է, արդյունքն էլ` տեսանելի: Ինչ վերաբերում է ունեցած գույքին, հիմնականում բավարարում է, թեպետ ավել պատառը փոր չէր ծակի: Բացի եղածից, ես իմ ունեցած անձնական գույքն էլ եմ ի սպաս դրել երեխաներին: Դա վերաբերում է ինչպես ծանրամարտին, այնպես էլ ընդհանուր զարգացածությունն ապահովող վարժասարքերին:
-Խաղային մարզաձևերից չխոսեցինք:
-Խոսենք, ինչու չխոսենք: Մենք լավ ավանդույթներ ունենք մինի ֆուտբոլում, որտեղ երկու-երեք տարի մրցանակային տեղեր ենք գրավել հանրապետությունում, իսկ այս տարի չորրորդն ենք: Վատ չեն հանդես գալիս վոլեյբոլիստները: Նրանք այս տարվա վանաձորյան հանրապետական փնջայինում երկրորդ տեղն են գրավել պատանիների մեջ: Նախկինում լավ արդյունքներ ենք ունեցել բասկետբոլից, այժմ փորձում ենք ավանդույթները վերականգնել:
-Պարապմունքների համար միայն մարզադպրոցի հնարավորություննե՞րն եք օգտագործում, թե՞ օգտվում եք նաև հանրակրթական դպրոցների մարզական դահլիճներից:
-Մեր համայնքում դրվածքն այսպիսին է` ամեն ինչ անել երեխաների լիարժեք պարապմունքների համար: Ասել է թե` ոչ մի սահմանափակում չունենք: Սակայն ես բնույթով մի մարդ եմ, ով ամեն ինչ պիտի իր աչքով տեսնի, ամեն ինչ աչքի առաջ պիտի լինի` նախավարժանքից մինչև ավարտական փուլ: Մեր մարզադպրոցի հնարավորություններն ինձ գոհացնում են ամբողջությամբ:
-Դառնանք ֆինանսական հնարավորություններին:
-Սնուցումը համայնքային բյուջեից է, գումարները ստանում ենք ամբողջովին ու ժամանակին:
-Փոքր-ինչ տարօրինակ է, գիտե՞ք: Առաջին անգամ եմ մարզադպրոցի տնօրենի հանդիպում, ով չի խոսում ֆինանսների պակասից:
-Չգիտեմ որտեղ ինչպես է, բայց մենք ստանում ենք այնքան, որքան պլանավորել ենք մարզական տարվա համար:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1372

Մեկնաբանություններ