«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

ՀԱՅՐ ՊԻՂԱՏՈՍԸ` ՀԱՅԵՐԻ, ՈՐԴԻ ՊԻՂԱՏՈՍԸ` ՔՐԻՍՏՈՍԻ ԹՇՆԱՄԻ

ՀԱՅՐ ՊԻՂԱՏՈՍԸ` ՀԱՅԵՐԻ, ՈՐԴԻ ՊԻՂԱՏՈՍԸ` ՔՐԻՍՏՈՍԻ ԹՇՆԱՄԻ
10.09.2010 | 00:00

Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանը` Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքը (1896-1907), մեր եկեղեցու և մեր պատմության բնագավառներում մեծ հեղինակությունը, ասում է. «Լուկիոս Պոնտիոս Պիղատոս է նրա բուն և ճիշտ անունը։ Ավետարանի հայերեն թարգմանության մեջ Պոնտացի է թարգմանված հռոմեական ծանոթ Պոնտիոս անունը. պարզ անմտության և թյուրիմացության արդյունք է սա, որովհետև Պիղատոսը ո՛չ պոնտացի է Ասիայի Պոնտոսի նահանգից, ո՛չ էլ Իտալիայի Պոնտիա կղզուց, այլ պարզապես հռոմեացի ծանոթ և վաղեմի Պոնտիոսների գերդաստանից էր։ Որքան էլ հայերեն նոր Կտակարանում հաճախ գրված է Պոնտացի, այնուամենայնիվ, հիշատակվում է նաև ճշտությամբ` Պոնտիոս Պիղատոս (ԳՈՐԾՔ, Դ 27)։ Լուկիոսը լատիներեն հատուկ անուն է, իսկ Պիղատոսն այս ընտանիքին տրված մականունն է, և Pilatus բառը, ըստ ոմանց, pileum և, ըստ այլոց, pilum բառերից է ածանցված և ըստ այսմ էլ նշանակում է «գդակավոր» կամ «նետավոր» (նետով զինված- Վ. Ա.)» (Համապատում, Մայր աթոռ ս. Էջմիածին, 1997, էջ 729)։
Պիղատոսը Պոնտացի է կոչվում Մատթեոսի Ավետարանի 27.2, Ղուկասի 3.1 և Ա Տիմոթեոսին 6.13-ում։ Պոնտացի Պիղատոս է գրված նաև Սուրբ գրոց բառարանում (Կոստանդնուպոլիս, 1881)։
Ռուսներին էլ էր շփոթեցրել Պիղատոսի երկու անունը, ինչը հռոմեացիների մեջ միանգամայն բնական բան էր (Հուլիոս Կեսար, Մարկոս Կրասոս, Գնեոս Պոմպեոս և այլն), և նրան համարել են երկու մարդ` կՏվՑՌռ Ռ կՌսՈՑ, Պոնտիոս և Պիղատոս։ Իսկ ապա, խառնելով նաև այն պատմությունը, որ Պիղատոսը Հիսուսին ուղարկեց Գալիլիայի թագավոր Հերովդեսի մոտ, իսկ սա էլ հետ ուղարկեց Պիղատոսին, պատկերացրել են, թե Հիսուսին Պոնտիոսից հանձնել են Պիղատոսին։ Այսպիսով առաջացել է ՏՑ կՏվՑՌ Ս կՌսՈՑց` «Պոնտիոսի մոտից Պիղատոսի մոտ» (ուղարկել) արտահայտությունը, որը ծաղրական բնորոշումն է բյուրոկրատական ամեն տեսակ քաշքշուկի, երբ գործն արագորեն լուծելու փոխարեն մարդուն մի պետից քշում են մյուսի մոտ։ Ո՛չ մերժում են, ո՛չ էլ բավարարում, ո՛չ հա են ասում, ոչ չէ։
ԽՍՀՄ-ում, անհեթեթ ասեմ, թե ծիծաղելի, մի գործելակերպ կար. բարձր ատյանին հասցեագրված գանգատը կամ բողոքը հետ էին ուղարկում նույն մարդուն կամ հիմնարկը, որոնցից բողոքում էր դիմողը։ Իրոք, Պոնտիոսից` Պիղատոսի մոտ։ Իսկ թե հիմա ինչ են անում, չգիտեմ։
«Լուկիոս Պոնտիոս Պիղատոսը որդին էր Մարկոս Պոնտիոս Պիղատոսի (այս անունը միտներս պահենք- Վ. Ա.), որ Իսպանիայում զորավարություն և կառավարություն էր արել, և Լուկիոսն էլ ծնվել էր նույն ժամանակ Իսպանիայի Հիսպաղիա (Սևիլիա) քաղաքում։ Լուկիոս Պոնտիոսը, որ հռոմեական ասպետական դասակարգից էր, զինվորության մեջ առաջ անցավ, Գերմանիկոսի բանակի հետ ասորական պատերազմների մեջ էր գտնվում և Հռոմ դառնալուց հետո Տիբերիոսի արքունիքի զեղծ (եղծված` փչացած, ապականված) պալատականներին խառնվեց։ Այնտեղ ծանոթություն հաստատեց Կղավդիա Պրոկուղա դեռահաս մի աղջկա հետ, որը դուստրն էր Յուլյայի (Հուլիոս Կեսարի դուստրը - Վ. Ա.) և թոռը Օգոստոս Օկտավիանոս կայսեր և մորն աքսորելուց հետո Տիբերիոսի արքունիքում իբրև պչրուհի էր մնում։ Լուկիոս Պոնտիոս Պիղատոսը նրան կնության ուզեց, և Տիբերիոսը հավանություն տվեց ու ամուսնությունն ի կատար ածվեց, և անմիջապես փեսան Հրեաստանի դատավոր նշանակվեց ու ստիպված եղավ Հռոմից հեռանալ` կնոջը թողնելով այնտեղ, որովհետև հռոմեացի գավառապետերը սովորաբար առանց ընտանիքի պիտի գնային։ Բայց Կղավդիա Պրոկուղան կարողացավ վերջապես Տիբերիոսին համոզել, և թույլատրվեց գնալ ամուսնու մոտ` Պաղեստին։
...Պոնտիոս Պիղատոսը, ինչպես բոլոր ժամանակակիցներն են գրում, վատ բնավորության, զեղծ պաշտոնավարության և խենեշ (ցոփ, անառակ, գարշելի) կենցաղավարության տեր մարդ է եղել. մի կողմից` չար և բռնավոր, մյուս կողմից` ավելորդապաշտ (սնահավատ, փուչ բաների հավատացող) և երկչոտ։ Փիլոն փիլիսոփայի գործերի մեջ պահպանված է Ագրիպպաս թագավորի նամակը Կալիգուլա կայսերը, ուր Պիղատոսին վերագրում է կաշառակերություններ, բռնություններ, հափշտակություններ, անիրավ ձեռնարկումներ, հարստահարություններ, առանց դատաստանի վճիռներ, կամայական սպանություններ և անթիվ անտանելի անգթություններ և նրա բնավորությունը նկարագրում է «համառ և դաժան և ամբարտավան»։
«... Ահա այն մարդը, ում մոտ գնում էին հրեական ծերակույտի անդամները և իրենց տված որոշման ի կատար ածումը նրանից պահանջելու» (Օրմանյան, նույն տեղը, էջ 730)։
Րաֆֆին էլ, չարագործ համարելով Պիղատոսին, իր պատմվածքներից մեկի բացասական հերոսին կոչել է Մելիք Պիղատոս Ավազակյանց։
Պիղատոսը հրեաների պահանջով խաչի մահվան դատապարտեց Հիսուսին։ Դատավարությունը վերլուծողներից ոմանք (օրինակ` Բուլգակովն իր անուն հանած «Վարպետն ու Մարգարիտան» վեպում) փորձել են պակասեցնել Պիղատոսի մեղքը և նույնիսկ արդարացրել նրան։ Եթովպական եկեղեցին էլ Պիղատոսին սուրբ է հռչակել։ Սուրբ Պիղատո՞ս, Պիղատոսը` սո՞ւրբ։ Թուղթը կտանի, իսկ լեզուներս կպտտվե՞ն այս երկու բառերն իրար հետ արտասանելու։ Սույն սրբացումը միտքս բերեց Էրզրումի մի անեկդոտ, որն ականավոր հայագետ ակադեմիկոս Ստ. Մալխասյանցը գրի է առել հորից։ Բարբառով գրվածը համառոտ վերաշարադրում եմ։
Մի մարդ ամեն օր եկեղեցում սրբի պատկերի առաջ մոմ է վառում, որ գործին հաջողություն տա, բայց չի տալիս։ Սրբի պատկերի տակ սատանայի պատկեր էլ է լինում նկարած` սրբին փորձելու համար։ Մարդը որոշում է մի անգամ էլ սատանայի պատկերի առաջ մոմ վառել, որ տեսնի, թե ինչ է լինելու։ Գիշերը սատանան այս մարդու երազն է գալիս և տանում մի լայնարձակ, կանաչ դաշտ։ Մի տեղ է ցույց տալիս և ասում. «Ահա այստեղ գանձ կա թաղած։ Վաղն առավոտյան շուտ բահ, քլունգ բեր, փորիր, հանիր, տար ու վայելիր»։ Մարդն ուզում է մի նշան դնի, որ տեղը չկորցնի, բայց ո՛չ քար է լինում, ո՛չ փայտի կտոր։ Սատանան խորհուրդ է տալիս, որ հենց այդտեղ նստի և նշանն անի կղկղանքով։ Սա էլ սատանայի ասածի պես անում է։ Առավոտյան, երբ զարթնում է, տեսնում է վրան-գլուխը կեղտի մեջ։ Եվ մարդը բացականչում է.
-Ա՜յ, անիծվա՛ծ լինես, չար սատանա։ Տված խերդ որ սա է, շառդ ի՞նչ կլինի։
Պատկերացնո՞ւմ եք` աղոթքի կանգնեն և այսպես բարբառեն.
«Ո՜վ սուրբդ Պիղատոս, որդիդ Մարկոսի (կամ մերօրյա եղանակով` օ՜, Պիղատոս Մարկոսիչ), բարեխոս եղիր մեղավորիս համար, իսկ հիմա, աղաչում եմ, գործս հաջողեցրու»։ Հետաքրքիր է, իսկ ի՞նչ է տալիս «դրախտաբնակ» Պիղատոսը իրեն աղոթող եթովպացիներին։
Պիղատոսի փաստաբանների բոլոր դատողություններն ու փաստարկները ջրում, հերքում է այն փաստը, իրողությունը, որ նա սոսկալի գանակոծման մատնեց Հիսուսին։ Ինչ էլ ասեն, ինչով էլ պատճառաբանեն նրա արարքը, ինչպիսի «նրբացուցիչ դեպք հանցանաց» էլ վկայակոչեն, մեկ է. նա՛ ծեծել տվեց Հիսուսին, և ծեծեցին անգթորեն։ Կարող էր ծեծը մեղմացնել, բայց չարեց։ Ի՞նչ իմաստ ուներ դաժանագույն, չարչարյալի մահվան դատապարտվողին ծաղր ու ծանակի ենթարկելն ու խոշտանգելը։ Պիղատոսի կատարածու հռոմեացի զինվորները ծաղրեցին Հիսուսին, թքեցին դեմքին ու ապտակեցին, մաշկը քրքրող փշեպսակ դրին գլխին, երկաթաճանկ մտրակներով պոկոտեցին մարմնի մսերը, կոտրեցին քիթը և ուժասպառ ու տանջահար Հիսուսի մեջքին բարձեցին ծանրածանր խաչը, որ Գողգոթա բարձրացնի։ Ծաղրում էին նաև խաչին գամված ժամանակ։
«Տարբեր ժամանակների բժիշկները հաստատում են, որ խաչելությունն առավել տանջալից մահապատիժն է։ Մարմնի անբնական դիրքը խաչվածին շարունակ ստիպում է շարժվել, ինչից ուժեղանում ու բորբոքվում է մեխված ափերի ու ներբանների ցավը։ Արյունն արդեն նորմալ չի շրջանառվում վերջույթներում, խուժում է գլուխը և առաջացնում սոսկալի գլխացավ։ Արյան շրջանառության աստիճանական դադարի պատճառով խախտվում է սրտի աշխատանքը։ Արյունը բավարար քանակությամբ չի հասնում թոքերին, ինչի պատճառով առաջանում են հեղձուկի նոպաներ։ Դրան զուգընթաց սկսվում է մկանների և անոթների դանդաղ անզգայացում, որոնք ժամանակ առ ժամանակ ակամա ջղաձգվում են և ամեն անգամ առաջ բերում ցավի նոր պոռթկում, որը տարածվում է մարմնով մեկ։
Բացառիկ առողջության տեր մարդիկ խաչի վրա կարող են ապրել մինչև երեք օր (ութ օր ապրողներ էլ են եղել- Վ. Ա.), բայց եթե նրանց ներում էր շնորհվում թեկուզ առաջին օրը, միևնույն է, հազվադեպ էին նորմալ կյանքի վերադառնում։
Հռոմեական կայսրությունում սովորաբար խաչելության էին դատապարտում միայն ստրուկներին ու գլադիատորներին։ Այնպես որ, Քրիստոսի մահապատիժը նաև ստրկային խայտառակ մահապատիժ էր» («Սովետական Հայաստան» ամսագիր, 1984, թիվ 9)։
Եվ այսպես` կրկնակի ստորացմամբ կրկնակի խոշտանգում և չարաչար մահ...
Հիմա հիշենք Տիրոջ չարչարանքի հեղինակ և մահվան հեղինակակից կուսակալ Լուկիոս Պոնտիոս Պիղատոսի հորը` Մարկոս Պոնտիոս Պիղատոսին։ Մի չարագործ էլ սա էր։ Թունավորել է հայոց արքա Տիգրան Մեծի աներ Պոնտոսի թագավոր Միհրդատ VI Եվպատորին (Ք.ծ.ա. 132-63)։ Միհրդատը նվաճել է Փոքր Ասիայի մեծ մասը։ Իշխել է Բոսպորի (Ղրիմի) թագավորության վրա։ (Ի դեպ, Ղրիմի Եվպատորիա քաղաքը կոչվել է ի պատիվ նրա)։ Երկար տարիներ պայքարել է հռոմեական պետության զավթողական քաղաքականության դեմ։ Հռոմի դեմ նրա կռիվները պատմության մեջ հայտնի են Միհրդատյան պատերազմներ անունով (89-84, 83-81, 74-63 թթ.)։ Դաշնակցել է Տիգրան Բ Մեծի հետ։ Նա այնքան շահագրգռված էր հայոց արքայի հետ բարեկամական կապով, որ իր 15-ամյա դուստր Կլեոպատրային կնության տվեց 45-ամյա Տիգրանին։ 69-66-ի հռոմեա-հայկական պատերազմի ժամանակ Միհրդատը (որն ապաստանել էր Հայաստանում) նրան աջակցել է հռոմեացիների դեմ մղած պայքարում։ Միհրդատ Եվպատորի մահով Հայաստանը զրկվեց խոշոր զորավարի զորակցությունից։
Այսպիսով` հայր Պիղատոսը` հայերի, որդի Պիղատոսը` Քրիստոսի թշնամի։
Վարազդատ ԱՎԱԳՅԱՆ

Դիտվել է՝ 5626

Մեկնաբանություններ