Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«ՊԱՐԶՈՒՆԱԿ, ԷԺԱՆԱԳԻՆ «ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆ» ԱՅՍՕՐ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԱՄԵՆԱՏԱՐԱԾՎԱԾ «ԶԲԱՂՄՈՒՆՔՆԵՐԻՑ» ՄԵԿՆ Է»

«ՊԱՐԶՈՒՆԱԿ, ԷԺԱՆԱԳԻՆ «ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆ» ԱՅՍՕՐ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԱՄԵՆԱՏԱՐԱԾՎԱԾ «ԶԲԱՂՄՈՒՆՔՆԵՐԻՑ» ՄԵԿՆ Է»
04.02.2011 | 00:00

ԵԽԽՎ-ում ղարաբաղյան հարցով ենթահանձնաժողովի վերաձևավորումը բավականին տհաճ անակնկալ էր Հայաստանի համար: Ժամանակին, երբ առաջին անգամ նման ենթահանձնաժողով ձևավորելու հարց է բարձրացվել, Հայաստանի պատվիրակությունը դեմ է քվեարկել, բացառությամբ պատվիրակության նախկին ղեկավարի: Թեմայի շուրջ զրուցում ենք 2003-2007 թվականներին ԵԽԽՎ-ի Հայաստանի պատվիրակության ղեկավար, ներկայումս ԱԺ անկախ պատգամավոր, քաղաքական գիտությունների դոկտոր ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ հետ:
-ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանում որոշում ընդունվեց վերականգնել ղարաբաղյան հարցով ենթահանձնաժողովը: Այս փաստին խիստ բացասաբար անդրադարձան քաղաքական բոլոր ուժերը, իսկ Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը նույնիսկ արձանագրեց. «ԵԽԽՎ-ն խայտառակեց իրեն»: Ժամանակին Դուք Հայաստանի պատվիրակությունից միակն էիք, որ կողմ էիք քվեարկել նման հանձնաժողովի ստեղծմանը: Ինչո՞վ եք հիմնավորում դրա նպատակահարմարությունը:
-Ցավոք, մեր իրականության մեջ մեծ տեղ ունեն բամբասանքներն ու ասեկոսեները, այդ պատճառով էլ հաճախ հենց դրանք են հիշվում: Մեկ-երկու տարի առաջ ոմանք փորձեցին տարածել այն, ինչի մասին ասացիք: Հենց այդ ժամանակ ներկայացրել եմ, թե իրականում ինչ է տեղի ունեցել 2005-ի հունվարին: Կրկնեմ ևս մեկ անգամ: Այդ ժամանակ ԵԽԽՎ նստաշրջանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ընդունվեց 1416 բանաձևը: Նախ ցանկանում եմ հիշեցնել, որ դա միջազգային հեղինակավոր կազմակերպությունների մինչ այժմ ընդունած միակ պաշտոնական փաստաթուղթն է, որտեղ ԵԽԽՎ-ն 2-րդ կետում արձանագրում է, որ մարզային տարածքը` Լեռնային Ղարաբաղը, կարող է դուրս գալ պետության` Ադրբեջանի կազմից` օրինական և խաղաղ գործընթացի արդյունքում, որի հիմքում ընկած է այդ տարածքի բնակիչների ժողովրդավարական աջակցությունը: Միաժամանակ Վեհաժողովը զգուշացնում էր Հայաստանին, որ անընդունելի է այլ պետության կողմից այդ տարածքի բռնակցումը, և դրա իրականացումն անդամ երկրի կողմից Եվրոպայի խորհուրդը կդիտի որպես պարտավորությունների լուրջ խախտում: Մեր պատվիրակության միայն մեկ անդամ կողմ չի քվեարկել բանաձևի ընդունմանը: Ես ոչ միայն կողմ եմ եղել, որ ընդունվի այդ բանաձևը, որտեղ հստակորեն արձանագրվում է, որ ԼՂՀ-ն կարող է անջատվել Ադրբեջանից, այլև դրա համար շատ ջանքեր եմ գործադրել և, հայցելով ընթերցողի ընկալումը, ցանկանում եմ ասել, որ հպարտ եմ, որ կարողացել եմ դա անել հանուն Արցախի: Ավելացնեմ նաև, որ բանաձևի հետ Վեհաժողովը մեկ այլ փաստաթուղթ ընդունեց, որով դիմեց ԵԽ նախարարների կոմիտեին` խնդրի վերաբերյալ տեսակետ արտահայտելու առաջարկով: Ընդունվեց պատասխան փաստաթուղթը, որի երկրորդ կետում արձանագրված է. «ԵԽ նախարարների կոմիտեն վերահաստատում է իր լիակատար աջակցությունը խնդրի խաղաղ կարգավորման երկխոսությանը միջազգային իրավունքի շրջանակներում (մասնավորապես, Հելսինկյան եզրափակիչ ակտի 4-րդ և 8-րդ սկզբունքների` տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի) և, այդ առումով, Մինսկի խմբի համանախագահների աշխատանքներին»: Դժվար չէ նկատել, որ սա առաջին փաստաթուղթն է, որտեղ արձանագրվում է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա: Ինչ վերաբերում է ենթահանձնաժողովի ստեղծմանը, նման առանձին որոշում ԵԽԽՎ-ն չի ընդունել: 1416 բանաձևի հինգերորդ կետն ունի հետևյալ բովանդակությունը. «Վեհաժողովը կոչ է անում Մինսկի խմբի անդամ երկրներին ակտիվացնել իրենց ջանքերը խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ և նրանց ազգային պատվիրակություններին առաջարկում է ամեն տարի Վեհաժողովին ներկայացնել զեկույցներ այդ հարցով իրենց երկրների կառավարությունների գործողությունների վերաբերյալ: Այդ նպատակով Վեհաժողովը խնդրում է իր Բյուրոյին հիմնել հատուկ հանձնաժողով, որը բաղկացած կլինի, մասնավորապես, այդ երկրների պատվիրակությունների ղեկավարներից»: Յուրաքանչյուր գրագետ մարդու համար ակնհայտ է, որ ստեղծվող հանձնաժողովը պետք է ունենա ընդամենը մեկ գործառույթ. այնտեղ պետք է ամփոփվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ Մինսկի խմբի այն անդամ երկրների տարեկան աշխատանքների մասին զեկույցները, որոնք միաժամանակ ԵԽ անդամ են: Ավելին, ԵԽ նախարարների կոմիտեի ընդունած փաստաթղթից բերված մեջբերումից պարզ է, որ աջակցություն է հայտնվում Մինսկի խմբի համանախագահներին: Այդպիսի գործառույթ ունեցող ենթահանձնաժողովի ստեղծման դեմ որևէ մեկը չի կարող ողջամիտ բացատրություն ներկայացնել: Քանի որ ենթահանձնաժողովը ստեղծել և նրա գործառույթները սպառիչ սահմանել է Վեհաժողովը, ապա որևէ մեկը, անգամ ԵԽԽՎ Բյուրոն, չի կարող այդ գործառույթները փոխել: 1416 բանաձևն ընդունվելուց հետո հարց առաջացավ, թե ով է լինելու ենթահանձնաժողովի նախագահը: Այն ժամանակ էլ Թուրքիայի և Ադրբեջանի պատվիրակությունները մեծ հետաքրքրություն էին ցուցաբերում և ունեին իրենց թեկնածուները, օրինակ, տխրահռչակ շվեդ Լինդբլադը: Ավելին, ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի նախագահը թուրք էր` Աթեշը, և ամեն ջանք գործադրեց, որ ենթահանձնաժողովը գործի իր գլխավորած քաղաքական հարցերի հանձնաժողովի հովանու ներքո: Այդ ամենի դեմն առնելու համար պահանջվեց շատ մեծ ծավալի աշխատանք` ԵԽԽՎ ղեկավարության, քարտուղարության, պատվիրակությունների և բազմաթիվ պատգամավորների հետ, և ուրախ եմ, որ կարողացա հասնել այն բանին, որ ենթահանձնաժողովի հետ Աթեշը որևէ առնչություն չունեցավ և նախագահ ընտրվեց լորդ Ռասըլ-Ջոնսթոնը, որի հետ աշխատեցինք մինչև 2007 թվականը` պատվիրակության լիազորությունների ավարտը: Այդ ընթացքում ենթահանձնաժողովն առանձնակի ակտիվություն հանդես չէր բերում և որևէ ձևով չմիջամտեց Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին: Ավելին, մեկ տարի անց հաջողվեց փոխել ենթահանձնաժողովի կազմը, դուրս թողնելով այն երկրների պատվիրակությունների ղեկավարներին, որոնք ուղիղ առնչություն չունեին կարգավորման գործընթացի հետ, մասնավորապես, Շվեդիայի պատվիակության ղեկավար Լինդբլադին: Իհարկե, թուրքերն ու ադրբեջանցիները ջանքեր գործադրել են` ենթահանձնաժողովն իր գործառույթներից դուրս բերելու և իրենց համար ցանկալի ուղղությամբ տանելու համար, սակայն այդ փորձերը հաջողվել է խափանել: Ենթահանձնաժողովի նախագահի` Ռասըլ-Ջոնսթոնի մահվանից հետո նիստեր չէին հրավիրվում: Մեկ-երկու օր առաջ լրատվամիջոցներից մեկը ներկայացնում էր, թե Մինսկի խմբի համանախագահներն այն ժամանակ դադարեցրել են ենթահանձնաժողովի աշխատանքը, ինչը պարզապես անհեթեթություն է, պարզունակ և էժանագին կեղծիք: Չավուշօղլուն, ԵԽԽՎ նախագահ ընտրվելուց հետո, սկսեց խոսել ենթահանձնաժողովի աշխատանքները վերսկսելու մասին: Ի դեպ, մինչ այդ Չավուշօղլուն ԵԽԽՎ փախստականների հանձնաժողովի նախագահ էր, և հենց իր ղեկավարած հանձնաժողովն էր գլխադասային, երբ ընդունվեց Հարավային Կովկասի փախստականների մասին բանաձևը, որի արդյունքում Ստրասբուրգում հաջողվեց պայթեցնել «մեկ միլիոն ադրբեջանցի փախստականների» մասին տարիներ շարունակ Բաքվի փչած փուչիկը:
-Այս պարագայում Դուք ճի՞շտ եք համարում Հայաստանի պատվիրակության մասնակցությունը ենթահանձնաժողովի աշխատանքներին, և արդյոք դա չի՞ վնասի ղարաբաղյան բանակցություններին:
-Դեռևս այն ժամանակ, երբ Չավուշօղլուն նոր էր սկսել խոսել ենթահանձնաժողովի գործունեությունը վերսկսելու մասին, ու հայտարարվում էր դրա դեմ պայքարելու ռազմավարության մասին, առիթ ունեցել եմ հիշեցնելու, թե, համաձայն բանաձևի, ինչ գործառույթներ ունի ենթահանձնաժողովը, և այդ օրինական գործառույթների իրականացումը որևէ ձևով չի կարող խանգարել Մինսկի խմբի աշխատանքներին: Ավելին, հիշեցրել եմ, որ երկուսուկես տարվա ընթացքում ենթահանձնաժողովը որևէ բացասական ազդեցություն չի ունեցել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացի վրա: Ավելին, դրա աշխատանքները վերսկսելուն հակադրվելը անհույս և անհեռանկար գործ էր, քանի որ ֆորմալ առումով Վեհաժողովը պարզապես վերսկսում է իր ենթահանձնաժողովի աշխատանքը: Այն կարո՞ղ է վտանգավոր լինել: Այո, եթե այդ հանձնաժողովում մեր պատվիրակները չկարողանան հասնել այն բանին, որ ենթահանձնաժողովը դուրս չգա իր լիազորությունների սահմաններից: Այնպես, ինչպես վտանգավոր է ցանկացած կազմակերպության ցանկացած կառույցում վատ աշխատանքը: Իհարկե, Հայաստանում այսօր մոդայիկ է դարձել այդ ենթահանձնաժողովի դեմ խոսելը, ինչպես մոդայիկ է Ալիևին, Էրդողանին հայհոյելը: Իհարկե, նրանք չեն էլ փորձում ցույց տալ սպասվող վտանգներն ու հիմնավորել, թե ինչպես են դրանք ձևավորվելու: Ընդ որում, դա անում են անգամ այն մարդիկ, ովքեր որևէ պատկերացում չունեն ոչ միայն 1416 բանաձևի, այլև ղարաբաղյան խնդրի, Մինսկի խմբի աշխատանքների, ԵԽԽՎ-ի կանոնադրության և շատ այլ բաների մասին: Պարզունակ, էժանագին «հայրենասիրությունն» այսօր մեր երկրում ամենատարածված «զբաղմունքներից» մեկն է, հաճախ էլ` ամենագնահատվողը: Համատարած տգիտության պայմաններում այլ բան սպասել չի էլ կարելի: Ինչ վերաբերում է այդ աշխատանքներին մեր պատվիրակության չմասնակցելուն, ապա, եթե դու որևէ միջազգային կազմակերպության անդամ ես, չմասնակցելով դրա այս կամ այն կառույցի աշխատանքին, կարծում եմ, հնարավորություն ես տալիս, որ հակառակորդդ հասնի իր նպատակներին: Ոչ ոք` ո՛չ ԵԽԽՎ-ում, ո՛չ ՄԱԿ-ում կամ այլ կազմակերպությունում երբեք մեր փոխարեն մեր աշխատանքը չի անելու, մեր շահերը չի պաշտպանելու: Անգամ արդարությունը պետք է բռունցքներ ունենա ինքն իրեն պաշտպանելու համար: Կարո՞ղ է պատվիրակությունը, չմասնակցելով այդ աշխատանքներին, դիմակայել մարտահրավերներին և թույլ չտալ վտանգավոր զարգացումներ. դա ինքը պետք է որոշի: Ղարաբաղյան բանակցությունները վնասելու մասին: Ենթահանձնաժողովի օրինական գործունեության դեպքում դա հնարավոր չէ: Ապօրինի գործունեության դեպքում ամեն ինչ է հնարավոր:
-Ոմանք ենթահանձնաժողովի վերստեղծումը որակեցին որպես պատվիրակության վատ աշխատանքի արդյունք: Համամի՞տ եք:
-Ինչպես նախկինում, ձեռնպահ կմնամ պատվիրակության կամ պատվիրակության անդամների գործունեությանը գնահատականներ տալուց: Գնահատականներ պետք է տա հասարակությունը: Պատվիրակության անդամները խոսել են արարողակարգային խախտումների, խոստումները դրժելու մասին: Հավատում եմ, քանի որ նախկինում էլ նման բաներ եղել են և ոչ մեկ անգամ: Մեկ այլ առիթով կարող եմ այդպիսի մի շարք դեպքեր պատմել: Բայց դա իրականությունն է և, հաշվի առնելով այն, պետք է շատ ավելի աշխատել` թույլ չտալու համար, որ դրանք հետևանքներ ունենան:
-Հայաստանն արդեն 10 տարի անդամակցում է Եվրախորհրդին: Ի՞նչ եք կարծում, այս տարիներին մեր երկիրը որքանո՞վ կարողացավ իրականացնել իր ուսերին դրված պարտավորություններն ու համապատասխանել առաջադրված չափորոշիչներին:
-Ի սկզբանե ասեմ, որ Հայաստանի ուսերին ոչ ոք պարտավորություններ չի դրել, և ոչ ոք մեզ չի ստիպել անդամակցել Եվրոպայի խորհրդին: Պարտավորությունները կամավոր ստանձնել է Հայաստանը` այն արժեքների ու սկզբունքների շրջանակում, որոնք սահմանել է այդ կազմակերպությունը: Ի դեպ, ցանկացած պահին Հայաստանը կարող է դուրս գալ կազմակերպությունից, և դժվար թե դրա հետևանքով ԵԽ-ն փլվի: Սակայն մենք պետք է նախ և առաջ ինքներս մեզ համար որոշենք, թե ինչ երկիր ենք ցանկանում կառուցել, ինչ արժեքների ու սկզբունքների հիման վրա պետք է կարգավորվեն հասարակական-քաղաքական հարաբերությունները, որն է մեր քաղաքակրթական տեղը: Ցավոք, Հայաստանում ավելի ու ավելի է ամրապնդվում այն տեսակետը, որ Եվրոպայի Խորհուրդն առանձնապես կարևոր չէ, քանի որ մեզ գումարներ չի տալիս: Որովհետև վերջին տարիները վկայում են, որ հաստատվում է մեկ արժեք` փողը, և գործում է մեկ սկզբունք` պարզունակ առևտուրը: Ոմանք էլ անցել են այդ կառույցը հայհոյելուն, պահանջելով, որ մեր երկրի համար անի այն, ինչը պետք է անեն կուսակցությունները, դատարանները, կառավարությունը և այլն: Այդ կառույցը որևէ մեկի փոխարեն չի աշխատել և մեր փոխարեն էլ չի աշխատելու: Այն մեզ համար օգտակար է որպես փորձ ունեցող քառասունյոթ երկրների համագործակցության միջավայր: Ընդ որում, այդ փորձը կիրառելիս էլ պետք է հաշվի առնենք մեր առանձնահատկությունները: Եթե գնահատելու լինենք անցած տասը տարիների աշխատանքը, ապա դժվար չէ նկատել, որ վերջին երեք տարիներին այն որակապես փոխվել է: Եթե 2007-ի խորհրդարանական ընտրություններից հետո թվում էր, թե մի քանի պարտավորությունների կատարումից և հաջող նախագահական ընտրությունների անցկացումից հետո կարելի է ակնկալել մոնիթորինգի գործընթացի ավարտ, ապա այսօր անգամ մոնիթորինգի գործընթացի մասին հազվադեպ է խոսվում, քանի որ առաջ են եկել բազմաթիվ հիմնախնդիրներ:
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1035

Մեկնաբանություններ