Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ՊԱՏԻՎ ԵՎ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ ԷԻՆ ՀԱՄԱՐՈՒՄ ՀԱՅՈՒՀԻ ՀԱՐՍ ՈՒ ԿԻՆ ՈՒՆԵՆԱԼԸ

ՊԱՏԻՎ ԵՎ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ ԷԻՆ ՀԱՄԱՐՈՒՄ ՀԱՅՈՒՀԻ ՀԱՐՍ ՈՒ ԿԻՆ ՈՒՆԵՆԱԼԸ
06.05.2011 | 00:00

Ծանոթանանք պատմական հետաքրքրական փաստի, որը վերաբերում է Երուսաղեմի հայոց ժառանգությանը: Խոսելու ենք Երուսաղեմի պատմության այն շրջանի մասին, երբ 1095 թ. Հռոմի ՈՒրբանոս 2-րդ պապի կոչով Ֆրանսիայի Քլերմոնի ժողովում խաչակրաց արշավանքի առաջին զանգը հնչեցնելուց հետո, բազմահազար ու խառնիճաղանջ ամբոխը, կրծքներին սպիտակ խաչանիշներով, սկսեց մարդկության պատմության ամենակասկածելի հետևանքներով արշավանքի նախապատրաստությունը:
Նախ ասեմ` ինչու խառնիճաղանջ։ Որովհետև պապը հայտարարել էր, որ արշավանքի բոլոր մասնակիցների մեղքերին թողություն է տրվելու, ինչպիսին էլ դրանք լինեին, իսկ մահից հետո` դրախտի երանելի կյանք, և երկրորդն այն էր, որ խաչակրաց արշավանքի բոլոր մասնակիցներն ազատվում էին իրենց պարտքերի տոկոսներից, իսկ նրանց կանայք ու երեխաները վերցվում էին եկեղեցու պաշտպանության տակ: ՈՒ արդեն պարզ էր այդ արշավանքի մասնակիցների մեծ մասի ներքին բարոյազուրկ վիճակը, որոնք փախչում էին թե՛ իրենց հետապնդող պարտատերերից, թե՛ մեղսալից կյանքով ապրելուց սպասվող պատիժներից: Այս ամենին ավելացավ նաև մոլեռանդ Պետրոս ճգնավոր անունով մի ուխտավորի ոգեշունչ քարոզների հեղեղը, որի ազդեցությամբ խաչակրաց արշավանքի դրոշի տակ մտան նույնիսկ կանայք, անփորձ տղաներ, արհեստավորներ, գյուղացիներ ու բազմաթիվ թափառաշրջիկներ: Սրանց մեծ մասը Հունգարիայում զոհ գնաց տեղի ժողովրդի հարձակումներին, իսկ մազապուրծ եղածներին Նիկիայի մեջ կոտորեցին թուրքերը: Իսկ քիչ թե շատ կանոնավոր բանակ կազմած ասպետները Թուլուզի կոմս Ռայմոնդի, Գոտֆրիդ Բույոնի ու նրա եղբայր Բալդուինի գլխավորությամբ հասան Կոստանդնուպոլիս, բայց Ալեքսիս կայսերը հավատարմության երդում անելուց հրաժարվելով` նրանք ընկան ծանր կացության մեջ: Բանն այն էր, որ հույներն ուզում էին իրենց արևմտյան քրիստոնյա դաշնակիցների օգնությամբ թուրքերին վտարել Փոքր Ասիայից ու վերահաստատել բյուզանդական կայսրության իրենց նախկին տարածքները: Բայց խորամանկ մահմեդականները հասան այն բանին, որ դաշնակցեցին երկու կողմերի հետ միաժամանակ և քրիստոնյա «եղբայրներին» միմյանց դեմ հանեցին, որոնք կոտորեցին միմյանց: Պատմաբան պրոֆեսոր Ռոբինսը գրում է, որ խաչակիրների իրական ու հավատարիմ դաշնակիցները դարձան միայն Կիլիկիայի հայերը, որոնք օգնության հասան արդեն հուսալքված ու ուժաթափ խաչակիրներին և կարճ ժամանակից հետո օգնեցին նրանց, որ անառիկ համարվող Եդեսիան գրավեն ու այնտեղ իշխանապետություն հաստատեն: Բայց քանի որ մինչև Երուսաղեմ հասնելը դեռ մի յուղոտ պատառ կար ճանապարհին՝ Անտիոք քաղաքը, ապա այնտեղ իրենց իշխանությունը հաստատելու համար այս անգամ իրար դեմ դուրս եկան խաչակիր ասպետների պարագլուխները՝ Նորման Բոհեմունդը և Թուլուզի կոմս Ռայմոնդը: Այդ ամոթալի պայքարն ավարտվեց նրանով, որ Բոհեմունդը շահեց կռիվը, իսկ Ռայմոնդին բաժին հասավ Տրիպոլիսը:
Խաչակիրների ներկայությունը Կիլիկիայում, չնայած բազում անախորժություններին, տվեց մի զարմանալի արդյունք։ Հայոց իշխանազուն դուստրերն այնպիսի հոգևոր ու մարմնավոր գրավչություն ունեին, որ շուտով եվրոպական պետությունների թագավորներն ու հարուստները պատիվ և ուրախություն էին համարում հայուհի հարս ու կին ունենալը։ Այս ամենը սկսվեց նրանից, որ Կիլիկիայի մեծ իշխան Կոստանդինը խաչակիրներից ստացավ եվրոպահարգի դուքս և մարքիզ տիտղոսները, որին ի պատասխան մեծ իշխանը Եդեսիայի դուքս Ժոսլինին կնության տվեց իր դստերը, որով և սկսվեց եվրոպական երկրների հայ թագուհիների երեքդարյա ժամանակաշրջանը։ Իսկ թե ովքեր են դրանք, և որ երկրի գահն են «զարդարել» այդ թանկագին հայուհիները, դա պատմաբանների ասելիքն է, բայց հիմա պիտի ծանոթանանք դրանցից երեքի` Երուսաղեմի թագուհիների հետ։ Դրանցից առաջինը Թորոս մեծ իշխանի դուստր Արտան է, որը կնության տրվեց Եդեսիայի դուքս Բալդուինին, որ խաչակրաց առաջին արշավանքի առաջնորդ Գոդֆրուա դը Բուլյոնի եղբայրն էր։ Այս ասպետը չնայած աչքի չընկավ մեծ հոգևոր արժեքներով իր արծաթասիրության մոլուցքի պատճառով, բայց և այնպես հենց նա էլ դարձավ Երուսաղեմի առաջին խաչակիր թագավորը։ Եվ այդ ընթացքը այսպիսին էր. մի որոշ ժամանակ հետո խաչակիր ասպետները, հագենալով բյուզանդական և կիլիկյան երկրների խաղաղ ու շվայտ կյանքի հաճույքներից, վերջապես 1099 թ. քսան հազար զինվորներով պաշարեցին Երուսաղեմը: Նրանք, պարսպաքանդ մեքենաներ չունենալով, անջրդի ու շոգ պայմաններում արդեն հուսահատ ուզում էին նահանջել, երբ Ճենովայից անսպասելի օգնության հասած զորքերի միջոցով երկու ամսում գրավեցին Երուսաղեմը: Այսպիսով խաչակիրները անհավատների ձեռքից ազատեցին Սուրբ քաղաքը և կազմավորեցին Երուսաղեմի առաջին քրիստոնեական թագավորությունը, որը գոյատևեց 88 տարի և դադարեց 1187 թ. Սալահ ադ Դինի վերագրավումով: Եվ այդ կարճ ժամանակամիջոցում Երուսաղեմը երեք հայ թագուհիներ է ունեցել. Արտա թագուհին՝ կինը Բալդուին Ա-ի (1100-1118), Մորֆիա թագուհին՝ կինը Բալդուին Բ-ի (1118-1131), Մելիսանտ թագուհին՝ կինը Ֆուլք Անժուի (1131-1162):
Երուսաղեմի առաջին խաչակիր թագավորը` Բալդուինը, հենց սկզբից կամովին հրաժարվեց թագակրությունից, պատճառաբանելով, որ թագավորների Թագավորի երկրում, որտեղ Նա փշե պսակ կրեց, ինքն իրավունք չունի արքայական թագ դնելու իր գլխին, իսկ նրա կինը՝ Արտան, նույնպես հրաժարվեց թագուհիների ամենացանկալի զարդից՝ թագից, և գերադասեց իր անձը զարդարել խոնարհությամբ, ինչը, ըստ Պետրոս առաքյալի խոսքի, առավել գերազանց է ամեն քրիստոնյայի համար:
Իսկ Երուսաղեմի թագուհիներից ամենանշանավորը վերջինն էր, որի իշխանությունն ուղիղ 30 տարի տևեց: Ըստ պատմական տեղեկությունների, Մելիսանտ թագուհու պապը մայրական կողմից Մալաթիայի հայ իշխան Գաբրիելն է եղել: Այդ հայարմատ դուստրը 1129 թվին ամուսնացել է ֆրանսիացի կոմս Ֆուլք Անժուի հետ, որը գահ բարձրացավ 1131-ին: Ֆրանսիացի խաչակիր և պատմաբան Գիյոմ Տյուրենացին գրում է, որ այդ «գեղեցիկ, իմաստուն, քաղցր, գթասիրտ և առաքինի» հայուհին այնքան հարգի ու սիրելի էր իր ամուսնուն, որ նա առանց կնոջ խորհուրդների ոչինչ չէր ձեռնարկում, իսկ ամենաբարձրաստիճան հյուրերի ընդունելություններն առանց իր սիրելի տիկնոջ ներկայության չէին կայանում: Բայց 1143 թ. նրա ամուսինը` Անժուն, ձիուց ընկնելով, մեռնում է: Բոլորից հարգված ու սիրված հայոց դուստրը 1143 թվականից մինչև 1155-ը երկիրը միայնակ է կառավարում, իսկ երբ որդին` Պաղտինը, դառնում է չափահաս, գահը փոխանցում է նրան՝ հետը գահակից լինելով մինչև 1162 թ.:
Պատմաբանների կարծիքով, Սուրբ երկրում խաչակրաց իշխանության տարիներին ամենաարգասավոր տարիները համընկնում են Մելիսանտ թագուհու ժամանակներին: Այս շնորհաշատ դստեր ամենանշանակալից գործը եղավ Սուրբ Հարության տաճարի նորոգումը: Մինչ այդ սրբավայրը բաղկացած էր երեք առանձին մասերից` սբ. Գողգոթայի, սբ. Գերեզմանի և Խաչի գյուտի տեղերից, որոնք չափազանց պարզ ու խղճուկ կառույցներ էին, այդ օրհնյալ տեղերին արդեն ոչ վայել մատուռներ: Թագուհու ձեռնարկած գործը շարունակվում է 20 տարի և խաչակիրների իշխանության ճիշտ 50-րդ տարում ավարտվում է: Իսկ այդ հսկայածավալ աշխատանքի նպատակն այն էր, որ այդ սրբավայրերն ամփոփվեն մեկ տանիքի ներքո: Եվ շնորհիվ հայազն թագուհու ղեկավարության ու ջանքերի այդ հաջողվում է, և Տաճարի այժմյան տեսքը, իր նրբակերտ կամարներով ու ճարտարապետական կառույցներով հանդերձ, մեզ է հասել հենց այդ ժամանակներից:
Եվ այդքանը քիչ համարելով՝ Մելիսանտ թագուհին Տաճարին կից մի գրչատուն է հաստատում, որտեղ օրնիբուն ավետարաններ ու վկայաբանություններ էին ընդօրինակում ու ծաղկում: Դրա լավագույն նմուշն է փղոսկրյա կողազարդերով հիասքանչ «Մելիսանտի սաղմոսարանը», որն այժմ գտնվում է Լոնդոնի Բրիտանական թանգարանում: Այդ Սաղմոսարանից բացի, հայտնի են այդ գրչատանն արտագրված արքայական ընտանիքի շքեղ աղոթագրքերը:
Եկեղեցու հանդեպ բարեգործությունը թագուհին սկսել է դեռևս ամուսնու կենդանության օրոք: Նրան համոզել էր, որ սուրբ Տաճարին որպես մնայուն սեփականություն նվիրեն հասութաբեր կալվածքներ, ինչը սիրով կատարել էր Անժուն: Մելիսանտ թագուհու նախասիրած սրբավայրն էր Գեթսեմանիի սուրբ Աստվածածնի գերեզմանը: Այն նույնպես մեծ ջանքերի ու ծախսերի շնորհիվ բարեկարգեց և այդ վայրում երկհարկանի մի սքանչելի եկեղեցի կառուցեց, որի երկրորդ հարկը հետագայում Սալահ ադ Դինի հրամանով քանդեցին և շինանյութն օգտագործեցին քաղաքի պարիսպները նորոգելու համար:
Այդ շնորհաշատ և առաքինազարդ հայուհի քրիստոնյայի մարմինը, իր խնդրանքի համաձայն, մահից հետո թաղում են սուրբ Կույսի գերեզմանի վանդակապատ մի տարածքում, որի մոտ է գտնվում Տիրամոր ծնողների գերեզմանը (այժմ պատկանում է հունական միաբանությանը): 1970 թ. պեղումների ժամանակ հայտնաբերվեց մարմարյա քանդակներով ու տասը սյուներով զարդարված Մելիսանտ թագուհու գերեզմանը՝ մի ութանկյուն հայկական ոճով գմբեթի տակ: Այդ գերեզմանը հույները այնքան էլ չեն ուզում շատերին հայտնի լինի, որովհետև նախ՝ խաչակիրների ժամանակներին է վերաբերում, այսինքն` հռոմեադավաններին, իսկ հույներն ու լատինները, ինչպես հայտնի է, որպես արևելյան ու արևմտյան բաժանյալ եկեղեցիներ, «իրար հետ չունեն»: Եվ դա հասկանալի է, քանզի հակամարտությունը հավատքի տկարության ու սիրո պակասության դուստրն է: Երկրորդ պատճառը, երևի ընթերցողն արդեն կռահեց, Մելիսանտի հայկական ծագումն է, և այստեղ էլ նախանձն է գլուխ բարձրացրել: Այս թագուհու բեղմնավոր գործունեության արդյունքն էր նաև սուրբ Կույսի ծննդյան վայրում, այսինքն՝ նրա ծնողների` Հովակիմի և Աննայի տան վրա կառուցված եկեղեցին, որտեղ վանամայր էր նշանակվել թագուհու երեք հարազատ քույրերից մեկը:
Ահա մեզ հասած տեղեկությունները Երուսաղեմի բազմադարյան պատմության էջերից, որոնց մեջ իր մնայուն արժեքն է ստեղծել մեր հայազն դուստրերից մեկը:
Եվ այս առիթով, որպես լրացում, պատմեմ նաև իմ խոհերը: Երուսաղեմում եղած ժամանակ ես վարժարանի իմ ուսանողների հետ երբ առաջին անգամ այցելեցինք այդ գեղեցիկ պարտեզ-թանգարանի նմանվող եկեղեցին (որն այժմ լատինների սեփականությունն է) և մուտքավճարը տալուց հետո ներս մտանք, ներքին մի հոգեհարազատ բան զգացինք բոլոր հայ այցելուներս, իսկ երբ բազմադարյան եկեղեցու մնացորդները տեսանք, կարծես մեր հայոց աշխարհի քանդված-խոնարհված բազմաթիվ եկեղեցիներից մեկը մեր աչքի առջև հառնեց: Ի՞նչ եք կարծում, հայ թագուհին իր մտահղացումներն իրագործելու համար որտեղի՞ց պետք է շինարար վարպետներ բերեր, եթե ոչ Կիլիկյան Հայաստանից, որոնք արդեն Լամբրոնն էին ծաղկեցրել ու բազմաթիվ եկեղեցիներ ու վանքեր կանգնեցրել: Եվ այն ժամանակվա տարեգրությունից տեղեկանում ենք, որ խաչակիրների իշխանության տարիներին Երուսաղեմում 10000 հայ է բնակվել, որոնցից մոտ 1000-ը քարտաշ շինարարներ են եղել: Այդպես մտորելով շրջում էինք հինավուրց փլատակների միջև, երբ հանկարծ մեր այդ հոգեհարազատ վիճակը կարծես կնքվեց ու հաստատվեց մի շատ անակնկալ ձևով. մեր առջև տեսանք այդ տեղերին խորթ, բայց մեզ շատ ծանոթ մի ծառ` փշատենի. լիքը ու տռուզ պտուղներով զարդարված: Եվ այնքան հարազատություն զգացինք, որ չդիմանալով գայթակղությանը` մեկ-երկու փոքրիկ տոպրակ փշատ հավաքեցինք այդ անսպասելի բարիքից ու մի քանի օր վայելում էինք Հայաստանի համն ու հոտը: Երբ զբաղված էինք այդ «ավարով», այլազգի զբոսաշրջիկները զարմացած մեզ էին նայում, թե ինչներիս են պետք այդ անծանոթ ու չոր պտուղները, իսկ երբ բացատրում էինք, նրանցից շատերը զարմանքով ու հիացմունքով կյանքում առաջին անգամ մասնակցեցին հայկական փշատի «համտեսին»: Իսկ որ այստեղ իսկապես այս ծառը բացառիկ է ու անծանոթ, երևում է թեկուզ նրանից, որ կողքին` պարսպից այն կողմ, արաբների տներն են, բազմաթիվ երեխաներով: Եթե նրանք ծանոթ լինեին, ապա վաղուց ոչ մի հատ փշատ չէր մնա ծառի վրա, մինչդեռ ծառի տակ, գորգի նման թափված փչանում էին բուրումնավետ ու համով պտուղները: Հետագայում, բազմաթիվ շրջագայությունների ժամանակ այդպես էլ ոչ մի տեղ փշատենի չհանդիպեցինք: Ո՜վ գիտե, գուցե մի հայ ուխտավոր հայրենիքից այստեղ գալիս հետը փշատ է վերցրել, որը երկարատև ճանապարհորդության ժամանակ չի փչանում ու շատ սննդարար է: Իսկ երբ Սուրբ երկիր է հասել, կորիզը ցանել է այս սրբավայրի տարածքում ու տարիներ հետո այն ծառի է վերածվել: ՈՒ որպես հուշ Հայաստանի, գարունը բացվելուն պես, գնացի ու մի քանի ճյուղ «էտեցի» այդ ծառից ու բերեցի տնկեցի մեր վարժարանի այգում. թող մեծանա ու հայ պատանիներին Հայաստանի համն ու հոտը պարգևի:
Այս հպանցիկ խոհերից հետո ավելացնեմ, որ վերոհիշյալ սրբավայրի տարածքում է գտնվում նաև Պրոբադիկեի այն ավազանը, որտեղ, ըստ Հովհաննու Ավետարանի (գլուխ. 5. 2), պառկած 38 տարվա անդամալույծին Հիսուսը բժշկեց: Իսկ ըստ Նարեկացու, նա դարձավ այն մեկը, որը մեր Տիրոջ բանտարկությունից հետո առաջինն ապտակեց Նրան: Հիսուսը, կանխատեսելով այդ, նրան ասել էր բժշկությունից հետո. «Ահավասիկ առողջացար, այլևս մի՛ մեղանչիր, որպեսզի ավելի չար բան չպատահի քեզ» (5.14): ՈՒրեմն Հիսուսին ճանաչելուց հետո Նրան մերժելը առավել չարագույն է, քան 38 տարվա անդամալուծությունը:
Այս բոլորը գրելուց հետո մի գիրք ընկավ ձեռքս, որտեղ կարդացի, որ այս նկարագրված եկեղեցին պատկանել է մեր 72 հին վանքերի շարքին և հնում կոչվել է «Արշակունյաց վանքն ի սբ. Պրոպատիկեի» ու ժամանակին եղել է մի հոյակապ ու գմբեթազարդ եկեղեցի, բայց երբ անցել է լատինների ձեռքը, սյուների վրայի հայերեն գրերը եղծել են ու վերացրել:
Թող Աստված իրենց էլ ողորմի, որ ճշմարտությունն ուզում են ստությամբ ծածկել, մինչև կգա Ինքը` Ճշմարտությունը, Հիսուս Քրիստոսը և ամեն մեկին ըստ իր գործերի կհատուցի:
Քաղեց Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 2155

Մեկնաբանություններ