Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

ԼՂՀ-ի անկախության հարցում գերիշխողը միարժեք դիրքորոշումն էր

ԼՂՀ-ի անկախության հարցում  գերիշխողը միարժեք դիրքորոշումն էր
20.04.2012 | 00:00

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանական, նախագահական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների անցկացման առնչությամբ միջազգային արձագանքը միշտ համեմված է լինում լարված ուշադրությամբ և կոշտ արտահայտություններով։

Եվրոպական կառույցները` Եվրամիությունն ու Եվրախորհուրդը, մի շարք եվրոպական պետություններ և Թուրքիան միանգամայն որոշակի բացասական վերաբերմունք են արտահայտել այդ ընտրությունների հանդեպ։ Ռուսաստանն օգտագործել է համեմատաբար չափավոր ձևակերպումներ, իսկ ԱՄՆ-ն իր վերաբերմունքը հայտարարության ձևով չի արտահայտել, պատրաստակամություն հանդես բերելով այսուհետ ևս «Կովկասի այդ շրջանի հայ բնակչությանը ցուցաբերելու ֆինանսական օգնություն»։ Միջազգային այդ արձագանքը որոշակի հուզականություն է պարունակում, ինչը կարող է ներգործել ԼՂՀ-ի և Հայաստանի քաղաքական շրջանակների և առհասարակ հասարակության վրա։ Հարկ է նշել, որ պետությունների ու տարածաշրջանային կազմակերպությունների կողմից ԼՂՀ-ի ցանկացած մակարդակի ընտրությունների նկատմամբ համանման վերաբերմունքը չի ստացել ԼՂՀ քաղաքական ղեկավարության պատասխան արձագանքը, որը նախընտրել է բռնել անգամ ոչ թե սպասողական, այլ ուղղակի կողմնակի հայեցողի դիրք։ Այդ դիրքորոշումը, հնարավոր է, հետևանք է իր ունեցած քաղաքական հնարավորությունների թերագնահատման, նախագահի բուն ընտրությունների գործոնի, Հարավային Կովկասի քաղաքական իրավիճակի ընդհանուր անորոշության և տարաձիգ արտքաղաքական վերլուծության բացակայության։ ԼՂՀ-ի քաղաքական ղեկավարության դիրքորոշումը, փաստորեն, խրախուսում է արտաքին միջավայրի այդ վերաբերմունքը մի այնպիսի կարևոր գործընթացի նկատմամբ, ինչպիսին ներկայացուցչական և գործադիր իշխանության ընտրություններն են։ ԼՂՀ-ի արձագանքը հիմնականում հնչել է քաղաքացիական հասարակության հաստատությունների կողմից։ Մենք առաջարկում ենք ստեղծված իրավիճակի որոշակի վերլուծություն և հայեցողություն, ինչպես նաև որոշ խորհուրդներ։ Միաժամանակ, հարկ է ուշադրություն դարձնել հետևյալ հանգամանքին. վաղուց արդեն հասկանալի է դարձել, որ ո՛չ Հայաստանը, ո՛չ Հայաստանի իշխանությունների հետ միաբան սփյուռքի կազմակերպությունները բնավ ոչ մի ջանք չեն գործադրել ԼՂՀ-ի ճանաչման հարցն առաջ մղելու ուղղությամբ, ինչը, անտարակույս, հետևանք է այն բանի, որ ոչ ոք չի ցանկացել հակառակվել արտաքին կողմերի կարծիքին։ Այսինքն` գործընկերների ցանկությանը հետևելու անհրաժեշտությունը դարձել է Հայաստանի իշխանությունների հարմարավետ գոյության պայման ու նրանք առանց որևէ դժգոհության, ամենայն հետևողականությամբ իրենց դերն են խաղացել ղարաբաղյան խնդրի շուրջ միջազգային իրադրության ծավալման գործում։ Ընդ որում, ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան միանգամայն համերաշխորեն արգելում էին Հայաստանին անգամ մտքով անցկացնել ԼՂՀ-ի անկախության ճանաչման հնարավորությունը։ Նման վիճակում չեն եղել ո՛չ Աբխազիան, ո՛չ Օսիան, ո՛չ էլ, առավել ևս, Կոսովոն։ Դրա պատճառով կորսվել է թանկագին ժամանակը, երբ ուժերի հաշվեկշիռը Հարավային Կովկասում ավելի նպաստավոր էր։ Միաժամանակ, անցել է և այն շրջանը, երբ հայացքներն ԱՄՆ-ում և Եվրոպայի որոշ երկրներում հնացած էին, և ԼՂՀ-ի անկախության հարցում գերիշխողը միարժեք դիրքորոշումն էր։ ԱՄՆ-ը բացահայտորեն վերանայել է այն կանխադրույթները, որոնք երկար ժամանակ իր աշխարհաքաղաքականությունը փակուղի էին մտցնում։ ԼՂՀ-ի ճանաչման խնդիրը կարող է միանգամայն օրախնդիր դառնալ, եթե աշխատանք տարվի այդ ուղղությամբ։ Այդ հարցը երբևէ բարձրացվե՞լ է առաջատար պետությունների խորհրդարաններում։ Ո՞վ պետք է զբաղվի դրանով։

Կասկած չկա, որ շահագրգիռ պետությունները բավականաչափ իրազեկ են ԼՂՀ-ում տեղի ունեցող քաղաքական ու սոցիալական գործընթացներին։ Այդ տեղեկությունը կա ոչ միայն պետական հիմնարկներում, այլև ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի առաջատար վերլուծական և հետազոտական կենտրոններում։ Խզում կա համաշխարհային լրատվամիջոցների և Արևմուտքի առաջատար պետությունների ու Ռուսաստանի վերլուծական ընկերակցության տեղեկացվածության մակարդակում, ինչը նշան է այն բանի, որ ԼՂՀ-ի իրավիճակի մասին տեղեկությունը ներկայացվում է «հատուկ» «ծառայողական», հնարավոր է` «փակ» նշագրումով։ Վերջին ժամանակներս շահագրգիռ պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններն ակտիվորեն զբաղվել են ԼՂՀ-ի մասին տեղեկությունների հավաքմամբ ու համակարգմամբ, օգտվելով տարբեր քաղաքական, գաղափարախոսական ուղղությունների պատկանող փորձագետների ծառայությունից։ Եթե նախկինում Արևմտյան ընկերակցության պետությունների հիմնարկներում ստանդարտ, հանրահայտ գնահատականներ կային Հայաստանում և ԼՂՀ-ում շարունակվող և խորացող տնտեսական ու սոցիալական ճգնաժամի մասին, գնահատականներ, որոնք հիմնվում էին գործող ընդդիմության և հայկական սփյուռքի «քաղսպասարկման» որոշ կազմակերպությունների քարոզչական գործունեության վրա, ապա հիմա այդ գնահատականներն արմատապես փոխվել են այլ փորձագետների պրոֆեսիոնալ գործունեության շնորհիվ։ Մասնավորապես, ԱՄՆ-ի ու Եվրոպական ընկերակցության գործառական կառույցներն ու հիմնարկները հասկացել են, որ ԼՂՀ-ում տեղի են ունենում քաղաքացիական հասարակության ձևավորման, տնտեսական ոլորտի և վարչական կազմի բարեփոխումների ակտիվ գործընթացներ, ամրապնդվում է իշխանության օրենսդիր ու գործադիր կառուցվածքը, աճում է նախագահի, կառավարության, քաղաքական ու հասարակական խմբերի հեղինակությունը։ Շարունակում են կատարելագործվել զինված ուժերը։ ԼՂՀ-ի բնակչությունը դրսևորում է նշանակալի քաղաքացիական ու քաղաքական հասունություն, առաջադրվում են տարբեր հետաքրքիր քաղաքական ու հասարակական նախաձեռնություններ։ ԼՂՀ-ի իշխանությունները հանգում են այն հետևությանը, որ իրենք պետք է հաճախակի համագործակցեն հասարակական հատվածի և քաղաքական «դաշտի» ավելի հուսալի գործընկերների հետ։

Սրան զուգահեռ, ղարաբաղյան հանրությունն ապրում է իր կյանքով, մեծ նշանակություն չտալով իշխանությունների դերին ու գործունեությանը։ ԼՂՀ-ում ձևավորվել է զինվորական վերնախավ և կաստա, որոնք նույնպես նշանակություն չեն տալիս իշխանության դիրքորոշմանը, հասկանալով, որ ԼՂՀ-ի բախտը զինվորական կաստայի ու ղարաբաղյան հանրության ձեռքին է։ Իշխանությունների դիրքորոշումը, որը պայմանավորված է պաշտոնական Երևանի հետ հարաբերությունների սպասարկման գործով, ըմբռնումով է ընդունվում զինվորականների ու հանրության կողմից։ ԼՂՀ-ն և Լեռնային Ղարաբաղի հարցը հայ ազգի գերակա խնդիրն է, որը, չնայած Հայաստանի տնտեսական բարդ վիճակին (սփյուռքի մի շարք գաղթօջախներում էլ վիճակը մի բանի նման չէ), շարունակում է աջակցություն ցուցաբերել «ղարաբաղյան գործին»` որպես համազգային գաղափարի։ ԱՄՆ-ում ու Եվրոպայում ուշադրություն են դարձրել այն բանին, որ ղարաբաղյան հարցի լուծման անավարտության, Ադրբեջանի կողմից պատերազմի վտանգի պահպանման պայմաններում, ԼՂՀ-ի հանրությունն անցկացնում է տեղական ինքնակառավարման մարմինների, խորհրդարանի ու նախագահի ընտրություններ` գերակա խնդիր առաջադրելով տնտեսական և սոցիալական պահանջները։ Դա Արևմուտքում (հնարավոր է` նաև Ռուսաստանում, Թուրքիայում, Իրանում) զարմանք ու տարակուսանք է առաջացնում։ Միջազգային ընկերակցությունը կանգնել է Հարավային Կովկասի մի փոքրիկ տարածքում լիարժեք ինքնիշխան պետության ստեղծման իրողության առջև։

Եթե չճանաչված այլ պետությունների` Կոսովոյի, Բոսնիայի, Մերձդնեստրի օրինակով մենք վկա ենք այդ տարածքներում քրեական միջավայրի և ծայրահեղականության օջախների ձևավորման, ապա ԼՂՀ-ում ստեղծվել է լիովին ժողովրդավարական ազգային պետականություն։ Կարևոր գործոն է հանդիսացել այն, որ ԼՂՀ-ն ընտելացել է միջազգային պայմաններին ու զարգացման ներկա փուլում, որպես գերակա խնդիր, առաջադրում է ոչ թե անվտանգության և միջազգային ճանաչման պահանջներ, այլ տնտեսական խնդիրներ։ Դա անհանգստություն է պատճառում Եվրամիությանն ու Եվրախորհրդին, որոնք Հարավային Կովկասը համարում են եվրոպական կառույցներին ներմիավորվելիք տարածաշրջան, և որտեղ, հակառակ եվրոպական վարքագծի կանոնների, ստեղծվում է պետական ինքնիշխանության նոր մոդել։ Դա կասկածի տակ է առնում Եվրոպական ընկերակցության բուն համակարգը, որը հարկադրված է զիջումներ անելու Թուրքիային, ինչպես նաև հակառակվելու Արևելյան Եվրոպայում և այլ տարածաշրջաններում ԱՄՆ-ի հետապնդած քաղաքականությանը։

Ներկա աշխարհաքաղաքական իրավիճակն ամենևին ձեռնտու չէ ԱՄՆ-ին, որը չի կարողանում գործել արդյունավետորեն` հատկապես մի շարք տարածաշրջաններում։ ԱՄՆ-ը հասկացել է, որ առկա աշխարհաքաղաքական կառուցվածքը պետք է վերանայվի, և նոր պետությունների ստեղծումը, գոյություն ունեցող որոշ պետությունների տրոհումը, մի շարք տարածաշրջաններում սահմանների վերաձևումը շուտով կդառնան ԱՄՆ-ի հրատապ արտաքին քաղաքականության խնդիրներ։ Ընդ որում, այդ գործընթացը սկիզբ կառնի Հարավային Ասիայից։

Ի տարբերություն ԱՄՆ-ի, Եվրոպական ընկերակցությունն ընդունակ չէ իրական, հետևողական քաղաքականություն վարելու այնպիսի տարածաշրջաններում, ինչպիսիք են Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան։ Այդ և մի շարք այլ տարածաշրջաններում ակտիվ, «իրական» քաղաքականություն կարող են վարել միայն այն տերությունները, որոնք կկարողանան ապահովել իրենց ռազմական ներկայությունը։ Եվրոպական պետություններն ու կառույցները (այդ թվում` կազմավորվող արագ արձագանքման եվրոպական ուժերը) չունեն ո՛չ համապատասխան նպատակներ, ո՛չ էլ համարժեք շահեր այդ տարածաշրջաններում։ Եվրակառույցները նաև Արևելյան Եվրոպայի պետությունների ակնառու հովանավորներ չեն։ Այս կապակցությամբ եվրոպացիներն իրենց կարող են թույլ տալ բացառապես քաղաքական քայլեր, որոնց քչերն են ուշադրություն դարձնում։

Պետք է նշել, որ երկար տարիներ է, ինչ ԱՄՆ-ը ձգտում է ամեն ջանք գործադրել` ԵԱՀԿ-ի դերն ու գործունեությունը խափանելու, միջազգային մի կազմակերպության, որտեղ Ռուսաստանն ու եվրոպացիներն ունեն վետոյի իրավունք, և որը ԱՄՆ-ում արդյունավետ արտքաղաքական որոշումների իրացման սահմանափակիչ է։ Բացի ԵԱՀԿ-ից, ԱՄՆ-ը ձգտում է չեզոքացնել ՄԱԿ-ի և անգամ ՆԱՏՕ-ի դերը` հենց նույն նպատակներով։ Դրա հետ մեկտեղ, ԵԱՀԿ-ն եվրոպական անվտանգության հիմնակառուցվածքն է, ու եվրոպացիները ձգտում են վերաիմաստավորել դրա դերը։ Դա ամբողջ եվրոպական քաղաքականության կարևոր խնդիրն է։ 2001-ի գարնանն ԱՄՆ-ը կարողացավ առավելագույնս նվազեցնել Մինսկի խմբի և առհասարակ ամբողջ ԵԱՀԿ-ի դերը ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում և ստանձնել այդ խնդրի լուծումը, ընդ որում, բավական «սառեցված» վիճակում։ Եվրոպացիների այդ առաջադրանքը պահանջում է ԼՂՀ-ի և նման պետությունների համատարած չճանաչում, Հայաստան-Ադրբեջան սխեմայով անիմաստ բանակցային գործընթացի պաշտպանություն։ Ներկայումս ԱՄՆ-ը վերակենդանացրել է Մինսկի խումբը` որպես «Մեծ եռյակի»` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի (կամ Եվրոպայի) և Ռուսաստանի դիրքերի համաձայնեցման շատ հարմար ասպարեզ։

Եվրոպացիների մյուս խնդիրն է մերժել որոշակի ազգային տարածությունների «նոր կարգավիճակի» ճանաչումը։ Դա օրախնդիր է դառնում, քանի որ ԱՄՆ-ը, թերևս, որոշում է ընդունել ազգամիջյան հակամարտությունները կարգավորել այդ տարածաշրջաններին որոշակի կարգավիճակ տալու միջոցով, ինչը կապված է Կոսովոյում, Բոսնիայում, Իրաքի Քրդստանում և այլ տարածաշրջաններում ռազմավարական խնդիրների հետ։ Կասկածից վեր է, որ նման տարածությունների թիվը կաճի։ Այդ գործընթացը կարող է շոշափել Թուրքիայի, Կենտրոնական Ասիայի, Հյուսիսային Աֆրիկայի, Հարավային Ասիայի և Հարավային Եվրոպայի երկրների շահերը։ ԱՄՆ-ը դրանց մի մասը համարում է հրատապ, մյուսները, աշխարհառազմավարական հեռանկարի առումով, պահեստային։ Եվրոպայի համար իր քաղաքական նկարագրով, դա շատ տհաճ, անորոշ հեռանկար է։ ԱՄՆ-ը ոչ միայն ԼՂՀ-ն, այլև Հայաստանը երկար ժամանակ համարում էր իր «ռազմավարական ռեզերվը», և այս կապակցությամբ ղարաբաղյան խնդիրն ԱՄՆ-ի համար խնդիր էլ չէ, որպես այդպիսին։ Հայաստանը, ինչպես նաև ղարաբաղյան խնդիրը, ամերիկացիների կողմից հանվեցին ռեզերվից և վերածվեցին Թուրքիայի հավակնությունների զսպման կարևոր գործոնի միայն այն ժամանակ, երբ թուրք-ամերիկյան հարաբերություններում բոլոր կամուրջները վերջնականորեն այրվեցին։

Եվրոպացիների դիրքորոշման վրա ազդող գործոնների թվին կարելի է դասել, օրինակ, Կովկասում Եվրոպայի և Ռուսաստանի ազդեցության հավասարակշռումը, ինչը հազիվ թե հնարավոր լինի համարել կարևոր, չնայած Հարավային Կովկասի երկրներին տրված է «մերձավոր հարևանի» «կարգավիճակ»։ Եվրոպացիները վերջին 20 տարում ամեն ինչ արեցին` նվազագույնի հասցնելու Հայաստանի պահանջները և բազմիցս ցույց են տվել, որ պատրաստ են ամենակոպիտ ձևով ոտնահարելու Հայաստանի շահերը։ Դրա հետ մեկտեղ, այն պայմաններում, երբ ԱՄՆ-ը նոր կուրս որդեգրեց Թուրքիայի հանդեպ, Եվրոպան սկսեց ավելի բացահայտ քննարկել Հայաստանի դերը, որպես Եվրամիություն մտնելու Թուրքիայի փորձերը զսպող գործոն։ Եվրոպացիների այս դիրքորոշումը, այսպես, թե այնպես, դարձավ ԱՄՆ-ի ռազմավարության գործիք` Թուրքիայի նվաճողամտության զսպման գլխավոր գործոն։

Այն, որ եվրոպական քաղաքական ասպարեզը կարևոր չէ Հայաստանի, առավել ևս ԼՂՀ-ի շահերի համար, և ընդամենը թույլ հույսեր կան, թե եվրոպական կառույցները կարող են դրականորեն վերաբերվել ԼՂՀ-ին, եվրոպացիների հետ հարաբերությունների օրինակով կարելի է ցույց տալ Ստեփանակերտի քաղաքականության արդյունավետությունը, այդ կարգի քայլերին ու հայտարարություններին համարժեք արձագանքելու ԼՂՀ-ի ընդունակությունը։ Մեր կարծիքով, ան-հրաժեշտ է եվրոպացիների այդ դիրքորոշումը համադրել ԵԱՀԿ Մինսկի խմբի և առհասարակ ԵԱՀԿ-ի գործունեության հետ։ ԼՂՀ-ում արտքաղաքական շփման սուբյեկտն առաջին հերթին նախագահն է։ ԼՂՀ նախագահի, ինչպես նաև խորհրդարանի օրինակարգության մերժումը, անգամ որպես չճանաչված ընտրված մարմնի, կասկածի տակ է դնում հարաբերությունների հնարավորությունը ԵԱՀԿ-ի հետ` որպես, առաջին հերթին, Եվրոպան ներկայացնող կազմակերպության։ Կարող են առարկություններ ծագել այն առնչությամբ, որ այդ ուղին տանում է դեպի ԼՂՀ-ի մեկուսացում, ու կրճատում է ազատության և արտքաղաքական գործունեության աստիճանը։ Իրականում ԼՂՀ-ն ոչ մի գործուն արտքաղաքական շփման ասպարեզ չունի, ԱՄՆ-ից բացի։ Միայն այդ պետությունն է ԼՂՀ-ին կառավարական օգնություն ցուցաբերում։ Ինչի՞ կարող է հանգեցնել նման դիրքորոշումը։ Դա կարող է խիստ ծանր հետևանքներ ունենալ ԵԱՀԿ-ի համար, ինչը, անտարակույս, եվրոպացիների դիրքորոշման վերաիմաստավորման պատճառ կդառնա։ Հնարավոր է, որ դրա համար որոշ ժամանակ պահանջվի, և «ճգնաժամային» շրջան առաջանա ԼՂՀ-ի արտաքին քաղաքականության մեջ։ Սակայն դրանով ԼՂՀ-ն կհայտարարի իր մասին որպես հակամարտության կողմի, առանց որի բանակցություններն անիմաստ են։ Մինսկի խումբն այցելում է ԼՂՀ` ասես ինչ-որ «կիսաարգելագոտի», ինչը, փաստորեն, ոչինչ չի տալիս ԼՂՀ-ի դիրքերի ամրապնդման տեսակետից։ Այդ իրավիճակը կործանարար է, և ԼՂՀ ղեկավարները պատասխանատվություն են կրում դրա համար։

Այդուամենայնիվ, հենց եվրոպական «ասպարեզն» է առաջիկայում կարևորագույն տնտեսական դեր խաղալու Հայաստանի համար։ Որքան էլ վճռական լինի ԱՄՆ-ի դերը ԼՂՀ-ի միջազգային ճանաչման գործում, չճանաչված պետությունը հատկապես Եվրոպայից պետք է անկախության «արտոնագիր» ստանա, գոնե ոչ պաշտոնապես։ ՈՒստի, եթե ԱՄՆ-ի համար ԼՂՀ-ի ժողովրդավարությունը սոսկ ինքնուրույն և անվտանգ գոյության պատրաստ լինել է նշանակում, ապա Եվրոպայի համար ղարաբաղյան ժողովրդավարությունը կարևորագույն պայման է։ Անհրաժեշտ է, որ ղարաբաղյան ընտրությունները վերջնականորեն խառնեն եվրոպացիների խաղաթղթերը, նրանց դնեն միանգամայն փակուղային կացության մեջ։ Եվրոպացիներն ուղիներ են որոնում ԼՂՀ-ին պարտադրելու «ժողովրդավարության ավելի բարձր նշաձող», ինչը նշանակում է անվերապահորեն ընդունել կեղծ մարդասիրական արժեքները, օրինակ, վերադարձնել ադրբեջանցի փախստականներին, սակայն ստիպված են լինելու ընդունել ԼՂՀ-ի բնորոշ առանձնահատկություններն ու հանրապետության անկախությունը։

Կարելի է չճանաչել ինքնահռչակ հանրապետությունները, սակայն անհնար է չճանաչել ընտրությունները. այլևս ո՞ւմ հետ պիտի հաղորդակցվեն արտաքին շահագրգիռ կողմերը։ Սա առանցքային փաստարկ է, և սա պիտի պնդեն ԼՂՀ-ի իշխանությունները։ Հանցագործություն է ԼՂՀ-ի իշխանություններին թույլ չտալ վարել այդ քաղաքականությունն ու գրավել այդ դիրքը։

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1019

Մեկնաբանություններ