Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

ՓՈՔՐ ՈՍԿԻՆ ԷԼ ՈՍԿԻ Է

ՓՈՔՐ ՈՍԿԻՆ ԷԼ ՈՍԿԻ Է
08.07.2011 | 00:00

Մալայզիայում ավարտվեց ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը, որին Հայաստանը ներկայացված էր երկու մասնակցով: Աղջիկներից մեր ընտրանին ներկայացնում էր 63 կգ քաշային գյումրեցի Քրիստինե Պետրոսյանը: Հակառակ սպասումներին` Քրիստինեն բավականին անհաջող հանդես եկավ և երկամարտի 201 (90+111) կիլոգրամ արդյունքով զբաղեցրեց իններորդ հորիզոնականը: Հաղթողն այս քաշային կարգում ռուս Թիմա Տուրիևան էր` երկամարտի 229 կգ արդյունքով:
Տաք հետքերով դժվար է ասել, թե ինչն է խանգարել մեր մարզուհուն, ով դեռևս ամսվա սկզբին պատրաստ էր 220-225 կգ արդյունքի` քաշ, որ նրան այս առաջնությունում կապահովեր մրցանակային երրորդ տեղ: Սակայն սա սպորտ է, որտեղ ոչ ոք ապահովագրված չէ տհաճ անակնկալներից: Ամենակարևորը եղածից դասեր քաղելն է, նպատակասլաց մարզվելը, որովհետև Քրիստինեն կա և մնում է հայկական ծանրամարտի լուրջ հաշվեկշռում և անվիճելիորեն մեծ անելիքներ ունի նոյեմբերին Փարիզում կայանալիք մեծահասակների աշխարհի առաջնությունում, որտեղ կանանց մեր ընտրանին պիտի ջանա հայտնվել ուժեղագույնների իննյակում:
Միջանկյալ նշենք, որ առաջնությունում փայլուն հանդես եկան Ասիա աշխարհամասն ու մասնավորապես Չինաստանը ներկայացնող մարզուհիները, ովքեր 7 քաշային կարգերից չորսում նվաճեցին ոսկե, մեկում` մեկ բրոնզե մեդալ: Հատկապես ապշեցուցիչ էր 58 կգ քաշային կարգում Դենգ Վեյի մասնակցությունը, ով երկամարտում ցույց է տվել 243 (110+133) կգ արդյունք և ընդամենը մեկ կիլոգրամով է զիջում… 69 կգ քաշային կարգում մեկ այլ չինուհու` Կանգ Վեյի արդյունքին: Որպեսզի ընթերցողին ավելի ընկալելի լինի Դենգ Վեյի արդյունքը, ասենք, որ այն 14 կիլոգրամով ավելի էր 63 կգ քաշային կարգում հաղթած ռուս ծանրորդուհու արդյունքից: Այսպիսի բաներ:
Տղամարդկանց Հայաստանի ընտրանին ներկայացնում էր մրցաշարի ամենակրտսեր մասնակից, 16-ամյա գերծանրքաշային Գոռ Մինասյանը (նրա 17-ը կլրանա այս տարվա հոկտեմբերին), ով պատանիների աշխարհի ընթացիկ տարվա առաջնությունում ունեցել էր փայլուն մրցելույթ` հռչակվելով ամենաուժեղ մարզիկ: Հիշեցնենք, որ գյումրեցի տաղանդավոր ծանրորդը Պերուի մայրաքաղաք Լիմայում պոկում վարժությունում սանձահարել էր 174, հրումում` 205 կգ կշռող ծանրաձողը` երկամարտում ցույց տալով 379 կգ արդյունք:
Արդեն պոկում վարժությունից իրանական Ալիռեզա Ղազիմինեջադ-Բահադոր Մուլաեի տանդեմը, գումարած ռուս Սերգեյ Օրեշնիկովը փորձեցին աքցանի մեջ առնել մեր տղային: Գոռը հաջողությամբ դիմակայեց, և արդյունքը եղավ չեմպիոնական մոտեցումը 178 կիլոգրամին: Սակայն մրցակցությունը հրում վարժությունում ավելի քան կատաղի էր: Գոռը բավարարվեց 206 կգ սանձահարելով: Օրեշնիկովին հաջողվեց պոկել 210 կգ կշռող ծանրաձողն ու, ի հաշիվ անձնական ավելի թեթև քաշի, երկամարտի 384 կիլոգրամով շրջանցել մեր մարզիկին: Երկամարտում մեդալ ունենալու մեր միակ հնարավորությունը իրանցիներից մեկնումեկի ձախողումն էր, իսկ առավել հավանականը` Ղազիմինեջադինը, ով երկրորդ մոտեցման ժամանակ բարձրացրած 212 կիլոգրամից հետո էլ շարունակում էր հետ մնալ մեր մարզիկից: Սակայն իրանցուն հաջողվեց հրել 217 կգ ծանրաձողն ու տիրանալ մրցաշարի արծաթին: Ինչ վերաբերում է Մուլաեիին, նա 213-ից հետո գրոհեց 225, ապա և 231 կգ կշռող ծանրաձողն ու պահեց գլխավերևում: Անկախ ամեն ինչից, մեր պատանու ելույթը փայլուն էր, և պոկում վարժության փոքր ոսկին նրա հզոր պոտենցիալի արժանի վկայությունն է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1493

Մեկնաբանություններ