Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հայ-թուրքական նոր խմորը դեռ շատ ջուր կքաշի

Հայ-թուրքական նոր խմորը դեռ շատ ջուր կքաշի
18.09.2009 | 00:00

ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ՆԱԽԱՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ
Երեկ Հայաստանի նախագահի նախաձեռնությամբ Մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ երկար սպասված խորհրդակցությունը` հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ։ Փաստորեն, հրավիրված էր Հայաստանի ողջ քաղաքական դաշտը, սակայն, որքան հաջողվեց պարզել, Հայ ազգային կոնգրեսը կամ նրա կազմում ընդգրկված կուսակցություններից որևէ մեկը հանդիպմանը չի մասնակցել։ Համանման դիրքորոշում է դրսևորել նաև «Ժառանգությունը», ինչը, սակայն, կարելի է պայմանավորել կուսակցության ներսում ստեղծված իրավիճակով և լիդերի` Հայաստանից բացակայությամբ։
Եվ, այնուհանդերձ, ընդդիմությունը ներկայացված էր քննարկումներում` առնվազն ի դեմս Հայ հեղափոխական դաշնակցության ու «Նոր ժամանակներ» կուսակցության։ ՈՒշագրավ էր Հայաստանի նախագահի ելույթը հատկապես այն առումով, որ, այնուհանդերձ, ընդգծվեց` իշխանությունը գիտակցում է սկսված գործընթացի պատասխանատվությունը և չի պատրաստվում արագ ու հանպատրաստից որոշումներ ընդունել։ Դա էր, թերևս, վկայում Հայաստանի նախագահի ելույթի հետևյալ սկզբնական հատվածը. «Այս թեմայով քննարկումների ամենատարբեր ձևաչափեր եմ կանխատեսում։ Մոտակա շաբաթների ընթացքում լինելու են տարբեր ձևաչափեր, ինքս եմ նախաձեռնելու և մասնակցելու այս հարցի շուրջ քննարկումներին և որոշեցի այդ շարքը սկսել հենց այսօրինակ հանդիպումով։ Անշուշտ, ձեզանից շատերի հետ դեռ այլ քննարկումներում էլ կհանդիպենք, կարծում եմ, ձեր հրապարակային գործունեության ընթացքում դուք էլի առիթներ կունենաք մոտեցումներ ներկայացնելու, իսկ այսօրվա հավաքը ես համարում եմ արդեն սկիզբ առած քաղաքական բանավեճի հետագա ծավալման համար բավականին հարմար ձևաչափ»։
Վերոնշյալից կարելի է եզրահանգել, որ իշխանությանը, ամեն ինչից բացի, անհրաժեշտ է հասարակական աջակցություն։ Միաժամանակ Հայաստանի նախագահը բանավեճի պրոցեսը միայն նոր է համարում սկսված։ Սա նշանակում է, որ իշխանությունը, առնվազն, աշխատելու է իր համար պարզել քաղաքական ուժերի ու հասարակության հնարավոր արձագանքը, և այն, թե նախաստորագրված արձանագրությունները կարժանանա՞ն վերջնական ստորագրման ու վավերացման, դեռևս հարցական է։ Միաժամանակ Սերժ Սարգսյանը, թերևս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեկամյա գործընթացը սկսելուց ի վեր, առաջին անգամ, հրապարակավ բացատրություն տվեց այն սկսելու իր շարժառիթների մասին. «Հրավիրելով Թուրքիայի նախագահին Հայաստան և նախաձեռնելով այս ողջ գործընթացը` ես նպատակ եմ հետապնդել բացել երկկողմ հարաբերությունների կարգավորման հնարավորությունների պատուհանը Հայաստանի և Թուրքիայի համար, ցույց տալ, որ ցեղասպանության արհավիրքով անցած ժողովուրդը և Հայաստան երկիրը, որ կանգուն է և տեր է իր ժողովրդի ցավին, իրականում բավարար ուժ ունի առաջինը ձեռք մեկնելու և աշխարհի զարգացման ընթացքին հակընդդեմ շարժվելու անիմաստությունը մատնացույց անելու։
Այստեղ ուզում եմ ուշադրություն հրավիրել մի հանգամանքի վրա. շատ շատերն ասում են, որ պետք է բանակցել Թուրքիայի հետ, բայց անհրաժեշտություն չկա դա անել հրապարակայնորեն և բաց։ Բոլորդ հիշում եք, որ անկախ Հայաստանի պատմության ողջ ընթացքում միշտ այդպիսի փորձեր եղել են. իրոք, այս վերջին գործընթացը մնացածներից տարբերվում է իր հրապարակայնությամբ։ Բայց և համարում եմ, որ գործընթացը պետք էր հրապարակայնացնել, որովհետև այն լարվածությունը, որ կա մեր միջև, մտացածին չէ, իրավիճակային չէ, այդ լարվածությունը, այսպես ասած, վերնախավերի պատերազմ չէ, այն մեր հասարակությունների միջև է, և այդ լարվածությունը, եթե ուղիղ ասենք` այդ թշնամությունը, հետևանք է մեր պատմության ամենամռայլ էջի` ցեղասպանության, որը տեղի ունեցավ Օսմանյան կայսրությունում։ Եթե մենք երբևէ կարգավորելու ենք մեր հարաբերությունները Թուրքիայի հետ, ապա, բացի Հայաստանի և Թուրքիայի ղեկավարների քաղաքական կամքից, անհրաժեշտ է մեր հասարակությունների մասնակցությունը։ Առանց դրա անհնար է այս խնդիրը լուծել։ Ես հասկանում եմ, որ հրապարակայնությունն ունի նաև իր խնդիրները, որովհետև եթե գործընթացը մտնի փակուղի, բնականաբար, իմ ասած հակասությունները, թշնամանքը խորանալու են»։
Համենայն դեպս, բավականաչափ անկեղծ է ասված։ Եվ, վերջապես, նախագահի բնորոշմամբ, հնարավոր է, որ փաստաթղթերի առանձին հատվածների հետ կապված բացատրությունները ոչ բոլորի համար համոզիչ լինեն։ Սակայն ուշագրավ է հայտարարության հետևյալ մասը. «Այս օրերին ինձ բազմաթիվ մարդիկ հարցեր են տալիս, և հարցը հետևյալ կերպ է հնչում` ո՞րն է ձեր նվազագույն կամ առավելագույն ծրագիրը։ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելը և սահմանների բացումը ես չեմ համարում ոչ նվազագույն, ոչ էլ առավելագույն ծրագիր։ Ես այդ գործընթացների ավարտը դիտում եմ լոկ որպես մի նվազագույն միջավայրի ապահովում, որը հնարավորություն կտա թուրքերի հետ սկսել երկխոսություն։ Մենք շատ խնդիրներ ունենք լուծելու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարթությունում` տնտեսականից, քաղաքականից մինչև պատմական»։
Ինչպես հայտնի դարձավ արդեն հետո, քաղաքական կուսակցությունների հետ փակ ձևաչափով քննարկումը տևել է հինգ ժամ։ Քննարկմանը ներկա գտնվող, իրենց տեսակետն արտահայտած ընդդիմադիր ուժերի մտահոգությունները, փաստորեն, առայժմ չեն փարատվել։ Մասնավորապես, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը նշել է, որ քննարկումները ցույց են տվել, թե արձանագրություններում փոփոխություններ կարող են արվել միայն դրանց վավերացման փուլում, իսկ դա դաշնակցության համար անընդունելի է։ «Իրենք չասացին` ինչը կմտնի կամ չի մտնի, բայց ես հասկացա, որ հարցը դրված է այսպես. կամ ստորագրում եք այն, ինչ կա, կամ չեք ստորագրում։ Իրենք պատրաստ են ստորագրելու։ Մտահոգությունները հասկանալով, իրենց ասածն այն է, որ պայքարը կշարունակվի, մենք մեր ուժերի վրա վստահ ենք, որ գոյություն ունեցող մտահոգությունները ժամանակի ընթացքում մեր աշխատանքով կչեզոքացնենք։ Այսինքն, այստեղ հարց է առաջանալու` ով ավելի այդ փաստաթղթից կփորձի օգտվել, ով ավելի ընդունակ ու կարող կլինի սա օգտագործել»։
Մինչդեռ ՆԺԿ-ի առաջնորդ Արամ Կարապետյանը նշել է, թե ճիշտ չէ պնդել, որ Սերժ Սարգսյանի դիրքորոշումը կարծր է ու անփոփոխ։ «Վերջնական կարծիք Սերժ Սարգսյանը դրա հետ կապված չարտահայտեց։ Ասաց, որ այլ ձևաչափերով նույնպես հանդիպումներ են լինելու։ Այո, նա ընդունում է, որ կան մտահոգություններ, բայց ցանկանում է, որ դրանք ավելի փաստարկված ներկայացվեն»։
Այսպիսով, առաջին հանդիպումը հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների շուրջ ավարտվեց գոնե «տետ ա տետ» դիրքորոշումների ճշտումով։ Այսինքն, նախագահը ներկայացրեց իր տեսլականն ու մտահոգությունները, քննարկման մասնակից քաղաքական ուժերը բերեցին իրենց փաստարկներն ու առարկությունները նախաստորագրված արձանագրությունների բովանդակության վերաբերյալ։ Ակնհայտ է նաև, որ սա միայն գործընթացի սկիզբն է, և եթե անգամ իշխանությունը քննարկումների ժամանակ անուղղակիորեն ընդունել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացում լուրջ արտաքին ճնշում կա ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի վրա, ամեն դեպքում պարզ է, որ այսպիսի փաստաթուղթ ստորագրելուց առաջ երկրի ներսում որոշակի հասարակական համաձայնության ձևավորումը իշխանության համար ցանկալի է։ Այսինքն, առնվազն կա այն բանի գիտակցումը, որ միանձնյա նման որոշումներ կայացնելու հետևանքները կարող են նույն իշխանության և ոչ միայն նրա համար անդառնալի կորուստների հանգեցնել։ Այս փուլում, մասնակիցների վկայությամբ, իշխանությունը խոսել է արձանագրությունների տեքստում փոփոխությունների անցանկալիության մասին, սակայն միաժամանակ չի բացառել դրա հնարավորությունը։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ իշխանությունն իր ներսում մինչև վերջ վստահ ու համոզված չէ արձանագրությունների ստորագրման նպատակահարմարության կապակցությամբ։ Այս հանգամանքն ինքնին չի բացառում, որ քաղաքական խորհրդատվությունների գործընթացը նախաձեռնված է հենց նրա համար, որպեսզի շահագրգիռ արտաքին ուժերին ի ցույց դրվեն հասարակական տրամադրությունները, ինչն իր հերթին իշխանությանը հնարավորություն կտա երկար ժամանակ մանևրել և, ի վերջո, խուսափել արձանագրությունների վերջնական ստորագրումից։ Միևնույն ժամանակ չի բացառվում, որ նույն խնդիրն իր առջև դրել է Թուրքիան, ուր ևս հասարակությունը պատրաստ չէ Հայաստանի հետ իսկապես նորմալ հարաբերություններ ձևավորել։ Արտգործնախարար Դավուդօղլուի հետ հանդիպում-խորհրդակցությունների ժամանակ թուրքական ընդդիմադիր ուժերը, մասնավորապես սոցիալ-դեմոկրատներն ու ազգայնականներն արդեն իսկ իրենց դժգոհությունն են հայտնել, որ Ղարաբաղի հարցն Ադրբեջանի օգտին լուծելը նախաստորագրված արձանագրություններում հստակ արտահայտված չէ որպես Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախապայման, և չի բացառվում, որ թուրքական կառավարությունը, ի վերջո, բավարարի իր ընդդիմության այդ պահանջը, ինչն ինքնին կդառնա բանակցությունների տապալման նախապայման։ Ինչպես երևում է, հայ-թուրքական նոր խմորը դեռ շատ ջուր է քաշելու։
Վ. ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 1342

Մեկնաբանություններ