Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Կոալիցիան ձևական չի եղել

Կոալիցիան  ձևական չի եղել
13.04.2012 | 00:00

Միասնական շտաբի` քաղաքագետների միության կազմակերպած առաջին հանդիպման հետաքրքիր մանրամասներ են հայտնի դառնում:

Բանն այն է, որ Օսկանյանին քաղաքագետների գիրկն ուղարկելուց առաջ ԲՀԿ-ից զանգել են ՀՀԿ` ճշտելու` իրենք մասնակցելո՞ւ են այդ հանդիպմանը, թե՞ ոչ: ՀՀԿ-ից ասել են` Գալուստը մասնակցելու է:

Դե որ Գալուստը մասնակցելու է, ուրեմն թող Օսկանյանն էլ մասնակցի. կայացվել է կոալիցիոն համատեղ որոշում:

Թե որտեղ է թելը կտրվել, ում ռեժիսուրայով, չասենք, սակայն ինչ-որ պահի Գալուստը թողել, դուրս է եկել քաղաքագիտության «գրկից», իսկ Օսկանյանը մնացել է ոչ կոալիցիոն շրջապատում, ինչն էլ ահավոր վատ ազդեցություն է թողել առանց այն էլ նրա չվերահսկվող զգացությունների վրա:

Ոմանք կարծում են, որ Գալուստը չպետք է բոյկոտեր այդ հանդիպումը, մասնակցեր, ասեր, որ ՕԵԿ-ին էլ կանչենք, մյուս հանդիպմանը քննարկենք` ինչով ենք անում, ումով ենք անում էս գործը, ու հարցը փակվեր, գնար: Բայց դե` Գալուստն էլ միամիտներից չէ. դուրս եկել հանդիպումից, իր «դուսգալման» մասին «զեկուցել» է «համապատասխանին», իր պատմելով` արժանանալով բարձրագույն կուսակցական «ադաբրյամսի»:

Իսկ «ձևական» կոալիցիոներ Օսկանյանը ոչ միայն մնացել է հանդիպմանը, այլև իր ստորագրությունն է դրել «պատմական» փաստաթղթի տակ` ցույց տալով լայն կոնսոլիդացիոն իր մոդելի «կենսունակությունը», ինչն էլ ահավոր դուր չի եկել «համապատասխանին»` համարվելով կոալիցիոն խաղի հերթական խախտում ու դավ:

Տեղեկացրել ենք` դրանից հետո կայացել է ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, որի ընթացքում Սերժ Սարգսյանն իրեն հատուկ նրբագեղությամբ խաղի ռեժիսորներին հստակ հասկացրել է` չի՛ կարելի, չհամարձակվե՛ք խաղեր տալ. ինքը տեղյակ է, որ դա լավ էլ կազմակերպված, վաղուց պլանավորված «շոու» էր, ու պետք չէ «ծռտի-պռտի» պատճառաբանություններով փորձել իրավիճակը շտկել։

Խաղի ռեժիսորները հասկացել են, որ հարկավոր է շատ արագ վիճակը շտկել` խաղեր տալը զրոյացնել:

Արդյունքում, ԲՀԿ-ն երգով` չաղ-ուրախ-բախտավոր, ստորագրել է Դավիթ Հարությունյանի «նույնանուն» փաստաթղթի տակ և ամբողջ հոգով, սրտով, մտքով համաձայնել այն մոդելին, որ առաջարկում է կոալիցիան բոլորին:

Ոչ միայն. ԲՀԿ-ի ներկայացուցիչն էլ հաջորդ օրը նույնքան օպերատիվ մասնակցել է ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի գրեթե նույնանուն հանձնաժողովի նիստին:

Եվ դա այն ժամանակ, երբ ՀՀԿ գործադիր մարմնի «համաժողովում»` ներկայացնելով իրենց նախաձեռնությունը, Նիկոյանը ՀՀԿ ծերակույտին տեղեկացրել էր, որ ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն համաձայնել են մասնակցելու իրենց հանձնախմբի աշխատանքներին, իսկ ԲՀԿ-ից դեռ պատասխան չկա:

Փաստորեն, ԲՀԿ-ն իրեն պահել է կոալիցիոներապես գրագետ, ճկուն, ճշգրիտ:

Առայժմ:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ


Հ. Գ. -Իսկ երեկ արդեն Գագիկ Ծառուկյանը «Ազատություն» ռադիոկայանով հայտարարեց, որ կոալիցիան ձևական չի եղել։ Ինչը նույնպես շատ հետաքրքիր է։

Դիտվել է՝ 841

Մեկնաբանություններ