«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

ՄԻ՛ «ԿԱՇԱՌԵՔ» ՄԱՐԴԿԱՆՑ «ՓՉԱԾ» ԹՎԵՐՈՎ

ՄԻ՛ «ԿԱՇԱՌԵՔ» ՄԱՐԴԿԱՆՑ «ՓՉԱԾ» ԹՎԵՐՈՎ
16.03.2012 | 00:00

Անցած շաբաթ էկոնոմիկայի նախարար ՏԻԳՐԱՆ ԴԱՎԹՅԱՆԸ զարմացրեց հայ ժողովրդին, երբ հիմնվելով ԱՎԾ-ի տվյալների վրա, հայտարարեց, թե 2012-ի հունվարին, 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ, արդյունաբերությունում արձանագրվել է 21 % աճ։ Այս հայտարարությունից հետո ողջ ժողովուրդը մինչ օրս փնտրում է, թե որտեղ կարելի է գտնել նշված աճի ազդեցությունը, բայց, թարսի պես, չի գտնում։ Երևի ժողովուրդը չգիտի, որ նման աճը պետք է փնտրել հատուկ ակնոցներով։
Եվ այսպես, պետք է նկատենք, որ արդյունաբերության 21 % աճը լուրջ ցուցանիշ է, և եթե իրոք այդպես է, ապա այն էապես զգալի պետք է լիներ և ուղղակիորեն ազդեր արտահանման ծավալների վրա։ Այսինքն, տնտեսագիտական կանոնների համաձայն, զգալիորեն պետք է ավելանա արտահանումը։ Իսկ ի՞նչ պատկեր ունենք արտահանման ոլորտում 2012-ի հունվարին` 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ։ Հիմք ընդունելով նույն ԱՎԾ-ի տվյալները` նկատենք, որ անցած տարվա հունվարի համեմատ այս տարվա հունվարին արտահանումն աճել է ընդամենը 0,4 %-ով։ Ինքնին հարց է առաջանում` արդյունաբերության 21 % աճի պայմաններում արտահանումը պետք է աճեր ընդամենը 0,4 %-ո՞վ։ Իհարկե` ոչ։ Պարզ տրամաբանությունն էլ հուշում է, որ արդյունաբերության 21-տոկոսանոց աճը ենթադրում է շատ ավելի մեծ աճի ցուցանիշ արտահանման ոլորտում։ Եթե սա ապահովված լիներ, ապա արդյունաբերության 21 %-ով աճը խոցելի չէր լինի և կասկածի տակ չէր դնի ո՛չ ԱՎԾ-ի, ո՛չ էլ էկոնոմիկայի նախարարի հայտարարությունները։
Այն, որ արդյունաբերության և արտահանման աճի տեմպերը միմյանց հակասում են, փաստում են թվերը։ Սակայն, տնտեսագետների համոզմամբ, խնդիրը միայն դա չէ, այլև այն, որ արտահանման ցուցանիշը, ըստ նրանց, նշված ժամանակահատվածում ոչ միայն չի աճել, այլև նվազել է։ Վերջիններիս այս տեսակետը հիմնավորվում է նույն ԱՎԾ-ի տվյալներով։ Ըստ ներկայացվածի, այս տարվա հունվարին Հայաստանից արտահանվել է 71 մլն 199 հազար դոլարի ապրանք, որից 4 մլն դոլարը կազմում են թանկարժեք մետաղներն ու քարերը։ Այս տարվա հունվարին արտահանվել է 71 մլն 498 հազար դոլարի ապրանք, որից թանկարժեք մետաղների և քարերի մասնաբաժինը կազմում է 10 մլն դոլարից ավելի։ Փորձագետների ուսումնասիրության համաձայն` 2011-ի հունվարին արտահանումն առանց ոսկու և ադամանդի կազմել է 67,2 մլն դոլար, այս տարի` 61,4 մլն դոլար։ Նշվածից կարելի է ենթադրել, որ տնտեսության բոլոր ճյուղերն ավելի քիչ արտադրանք են արտահանել անցած տարվա համեմատ։
Ինչ խոսք, ցանկալի կլիներ, որ արդյունաբերության երկնիշ աճն իրական լիներ, սակայն թվերը փաստում են, որ այն փուչիկի պես սկզբում ուրախացնում է, կարճ ժամանակ անց տխրեցնում` պայթելով։ Ընդհանրապես, մեր երկիրը, երևի թե, աշխարհի տնտեսական գործընթացներից դուրս է։ Եթե այս պահին ամբողջ աշխարհում (անգամ տնտեսապես գերհզոր երկրներում) տնտեսությունը լուրջ մարտահրավերներ է առաջադրել, և փորձում են հնարավորինս խուսափել տնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքից, մեր երկրում ճիշտ հակառակ գործընթացներն են։ ԱՎԾ-ի տվյալների համաձայն` այս տարվա հունվարին տնտեսության աճը 4,4 %-ով ավելի է եղել անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Իհարկե, մեզ համար շատ ցանկալի է, որ մեր տնտեսությունը հոգեվարքից (որում գտնվում են գրեթե բոլոր երկրները) դուրս գա, սակայն ոչ թե երևակայական թվերով, այլ իրականում, որպեսզի յուրաքանչյուրս այն զգա։ Համոզված ենք, որ մեր ժողովրդին շատ ավելի ձեռք կտան տնտեսական աճի ավելի փոքր թվերը, որոնք կլինեն ավելի շոշափելի։ Մինչդեռ թվեր են ներկայացնում, որոնք իրականության հետ հակասության մեջ են, ինչն էլ արդարացիորեն զայրացնում է մարդկանց. խաբված վիճակը ո՞ւմ է դուր գալիս։ Գուցե ներկայացված թվերն անհրաժեշտ են ընտրությունների համար, բայց, որքան էլ դրանք տպավորիչ լինեն, միևնույն է, դրական «էֆեկտ» չեն թողնում։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1918

Մեկնաբանություններ