Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԶԱՏԻԿԸ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՎԱՏՔԻ ՈՂՆԱՇԱՐՆ Է

ԶԱՏԻԿԸ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՎԱՏՔԻ ՈՂՆԱՇԱՐՆ Է
27.05.2011 | 00:00

(սկիզբը` նախորդ համարում)

Լույսի օրվա նկարագրման համար նորից մի դար հետ գնանք, ինչպես կինոֆիլմերում, որտեղ զանազան հնարքներ կան հինն ու նորը համադրելով ցուցադրելու, որ ավելի դիպուկ հրամցվի մտահղացումը: Այդպես էլ հիմա պետք է կարդանք հարյուր տարուց ավելի առաջ կատարված Զատիկի նկարագրությունը, որի մասին խոստացել էինք վերը, և որտեղ, ո՜վ գիտե, միգուցե իմ ու քո պապերն էլ են մասնակցել այդ «Սևացած լուսո օրվա» արարողությանը, որի ականատեսն էր մի անգլիացի ուխտավոր: Այդ նկարագրությունը մեջբերում եմ ինչպես կա. «ՈՒրբաթ, 2-ը մայիսի, 1834 թիվ: Բարեկամներով միասին գնացինք Սուրբ Հարության տաճար: Ժամը երեկոյան հինգն էր, մեզ համար տեղ էին ապահովել լատինների վերնատան մեջ, ինչպես նաև գիշերելու անկողիններ` կողքի վանքի մեջ: Եկեղեցին լեցուն էր, և հետզհետե նոր եկողներ էլ կային: Ղպտիների մի փոքրիկ թափոր տեսանք, որին հետևեցին ասորիները: Հետո չեմ հիշում, քանի որ քնեցի: Կեսգիշերին, երբ արթնացա, հույների թափորն էր պտտվում: Մի դրոշակի վրա տանում էին Սուրբ Փրկչի նկարը, որը հետո ամրացրին սուրբ Գերեզմանի վրա, և կարճ ժամանակ չանցած հանեցին տարան իրենց եկեղեցին: Հայերն այս տարի թափոր չարեցին: Հետո նորից քնեցի միչև առավոտ: Երբ արթնացա` եկեղեցում ահավոր տեսարան էր բացվել: Ամբոխն այնքան էր խտացել, որ կարծես մարդիկ իրար վրայով էին սողում, իսկ տեղ-տեղ մարդկային բուրգեր էին գոյացել: Հանկարծ վազք սկսվեց եկեղեցու մեջ, և շատերը, գրեթե մերկ, պարում էին խենթի պես, տգեղ ճիչեր արձակելով: Անկազմակերպ մի տեսարան էր, որ գրեթե անհնար է նկարագրել: Ամբոխի թիվը, կանթեղների առատությունը, ջերմությունը, ծուխն ու գոլորշին հստակ տեսողությանը խանգարում էին: Ամեն պատշգամբ ու պատուհան, ուր կարելի էր կանգնել, բացի վերնատնից, որ տրամադրված էր ինձ ու Իբրահիմ փաշային, խճողված էին: Այդ տարի 17000 ուխտավոր կար Երուսաղեմում, որոնց մեծ մասը եկել էր այդ «Լուսավորեան» տեսնելու: Կեսօրին ժամանեց Իբրահիմ փաշան: Նրա զինվորները հրացանի կոթերով և ղավազները իրենց բիրերով, ճանապարհ բացեցին: Փաշան նստեց վերնատան՝ լատինների բաժնում, հույները, ի պատիվ նրա, մասնավոր թափոր կազմակերպեցին: Երեք վարդապետներ սրինգով քայլում էին թափորի առջևից, հետո գալիս էին դպիրները` իրենց մոմերով, և ապա զինվորներն իրենց սվիններով, հետո բժիշկներն ու սպաները: Փաշային դիմավորեցին նաև հազարավոր կանայք, որոնք յուրահատուկ, սուր ու այս կրոնական վայրի մթնոլորտի հետ չներդաշնակող ճիչեր էին արձակում: Փաշան մուգ գույնի տաբատ էր հագել, մանուշակագույն հագուստ և կարմիր ֆես էր դրել գլխին: Լատին վարդապետները նրան համով շարբաթ հրամցրին: Կեսօրվա մոտ ժողովուրդը, որ ամբողջ գիշեր արթուն ու ոտքի վրա էր մնացել, հոգեկան տարբեր հուզական տրամադրության մեջ մտավ, և երբ «հրաշքի» ժամը մոտեցավ, չէր կարողանում իր ուրախությունը զսպել: Ժամը մեկին փառավոր թափոր եկավ հույների բաժնից, իրենց պատրիարքի գլխավորությամբ: Թափորը երեք շրջան անելուց հետո, պատրիարքը իր արծաթյա թելերով շուրջառը հանեց և մտավ սուրբ Գերեզման, որից հետո դուռը փակվեց: ՈՒխտավորները մեծ հուզման մեջ էին և բարձրաձայն աղմկում էին: Մարդկային ամբոխը այնպես էր շարժվում, կարծես քամին տատանում էր դաշտի ցորենահասկերը: Սուրբ Գերեզմանի կողքին մի կլոր պատուհան կա, որի միջով փոխանցում են ջահը: Առաջին ստացողը մեծագույն գումար վճարողն է լինում, ինչը մեծ պատիվ է համարվում: Նա զինվորական պահակախմբով առաջնորդվում է դեպի այդ փոքր պատուհանը: Մի պահ քար լռություն է տիրում: Եվ հանկած սուրբ Գերեզմանից լույս է երևում, և բախտավոր ուխտավորը ներսից, պատրիարքի ձեռքից ստանում է օրհնյալ կրակով վառված ջահը, որը կազմված է բարակ մեղրամոմերից, և շրջանակված է երկաթե օղակով, որպեսզի բռնողը հագուստը չկեղտոտի: Դրանից հետո կարծես մի ճակատամարտ սկսվեց անմիջապես: Ամեն մեկն ուզում էր մյուսից շուտ ստանալ իր «լույսը»: Ասում են, թե այդ ուխտավորը 100000 ղուրուշ է վճարել այդ պատվին արժանանալու համար, որովհետև հավատում էին, որ դրանից հետո արքայության դռները բացվում են այդ բախտավորի համար: Ղպտիներն ութ քսակ ստացան այն ուխտավորից, որն առաջինն իր կրակը վառեց իրենց կողմից: Այս է ամբողջ արարողությունը, ո՛չ աղոթք կար և ո՛չ էլ քարոզ: Մի քիչ թափոր, կարճ երգեցողություն, և վերջ: Շուտով լույսերը տարածվեցին ամեն կողմ, շատերը մոմերի խուրձերը մոտեցնում էին իրենց դեմքերին, ձեռքերին և կրծքերին` իրենց մեղքերի քավության համար: Կարճ ժամանակամիջոցում ամբողջ Տաճարը ծխի ու մթության մեջ թաղվեց: Հոտն անտանելի էր: Երեք դժբախտ անձեր, չդիմանալով շոգին և օդի ապականությանը, վերնատնից ընկան և ջարդուփշուր եղան, իսկ 17-ամյա մի հայ աղջիկ մեռավ իր նստած տեղում, տաքությունից, ծարավից ու հոգնությունից:
Որոշ ժամանակ հետո Իբրահիմ փաշան զգաց, որ այլևս տեսնելու բան չունի այստեղ, վեր կացավ Տաճարը թողնելու համար: Իր զինվորները ճանապարհ բացեցին խիտ ամբոխի միջով: Նկատի առնելով բազմության հոծությունը, մի քիչ սպասեցինք և հետևեցինք զինվորներին: Հասանք մինչև սուրբ Կույսի ուշաթափման վայրը, ու նկատեցի, որ բազմաթիվ մարդիկ իրար վրա պառկած էին Տաճարի այդ բաժնում, մինչև մայր դուռը: Փորձեցի ճեղքել այդ շարքերը, բայց այնքան խիտ էին, որ անհնար էր: Եվ ստիպված մարդկանց մարմինների կույտերի վրա կոխկրտելով էինք քայլում առաջ: Բայց այդ պահին, կիսամութի մեջ կռահեցի, որ այդ պառկողները մարդկային դիակներ էին, որ նախապես կարծում էի, թե գիշերային հոգնությունից պառկել են հանգստանալու: Բայց երբ մոտիկից տեսա, ապա նշմարեցի նրանց սևացած ու անշունչ դիմագծերը, որոնք խեղանդամ էին եղել, իսկ ոմանք էլ արյունլվա էին և ուղեղները դուրս թափված, երբ ոտքերով կոխկրտելով անցել էին վրաներով:
Տեսնելով այդ, բղավեցի բարեկամներիս, որ հետ դառնան, բայց մարդկային ալիքը տարավ ինձ մինչև դուռը, ուր ամեն մարդ իր կյանքն ազատելու պայքարի մեջ էր: Փաշայի սպաներից մեկը, որը հազարապետ էր, ինձ նման ահաբեկված, փորձում էր հետ դառնալ: Նա, բռնելով բաճկոնիցս, իր հետ ինձ էլ գետին քաշեց, ու երկուսս էլ ընկանք մի մարդու վրա, որն արդեն հոգեվարքի մեջ էր: Մեռելների մեջ ընկած, երկուսս էլ պայքարում էինք հուսահատ կորովով: Ես կարողացա վեր կենալ, բայց ինքը` ոչ: Ոտքիս տակ միայն դիակներ էին: Քիչ անց ամբոխի ճնշումից արդեն ուրիշ տեղ էի, որտեղ արյունոտ շորերով մարդիկ ելքն էին փնտրում: Ամբոխը կարծես փրփրած էր, և, բարեբախտաբար, այդ մարդկային կատաղի ալիքը ինձ շպրտեց կաթոլիկների բաժինը, որտեղից և, փա՜ռք Աստծո, կարողացա ազատվել:
Մեռելների քանակն այնքան շատ էր, որ նույնիսկ պատանատեղիի վրա էլ էին պառկել մնացել: Միայն ինքս մոտ 100 դժբախտ ուխտավորների մահվանն ականատես եղա: Իբրահիմ փաշան ինձնից մի քանի րոպե առաջ էր կարողացել ազատել իր կյանքը, նույնիսկ ամբոխի մեջ նրա վրա հարձակում էին գործել, բայց իր զինվորների և սրերի օգնությամբ կարողացել էր փրկվել սարսափից կատաղած ամբոխից, բայց իրեն ուղեկցող մի քանի պահակներ ոտնատակ լինելով մահացել էին: Դուրս գալով շրջափակումից, նա հրամայեց դիակները փոխադրել, որպեսզի դրանց կույտերի տակ դեռևս շնչող մարդկանց ազատեն, իսկ մեզ լուր տվեց, որ լատինների վերնատանը մնանք մինչև դիակները տեղափոխեն:
Երկու ժամ մնացինք մեր սենյակներում, մինչև համարձակվեցինք մի նոր փորձ անել փախչելու այդ ահավոր միջավայրից, ու վերջապես խիզախելով կարողացանք դուրս պրծնել Տաճարից: Դիակների մեծ մասը տարել էին, բայց տակավին 20-30 մեռել ընկած էր գետնին, խիստ այլանդակված վիճակում: Գողգոթայի ստորոտում, այս ու այն կողմ, թափված ընկած էին արյունլվա շորեր, կոշիկներ, թաշկինակներ ու մարդկային արյունաթաթախ հագուստի այլ ծվեններ: Տեսարանն առավել քան խղճալի էր. մայրերը ողբում էին իրենց մանուկների համար, զավակներն իրենց ծնողների ու հարազատների համար, իսկ խեղճ մի կին ամուր կառչել էր իր անշնչացած ու արյունլվա ամուսնուց և չէր ուզում բաց թողնել:
Հուզված Իբրահիմ փաշան անձամբ հսկում էր, որ այդ խեղճ արարածներին մարդասիրական օգնություն ցույց տան: Ամեն ինչ հուզիչ էր, մանավանդ երբ ճերմակ մորուքներով երկու ծերեր իրար գտան, փաթաթվելով համբուրում էին իրար, ու անընդհատ լաց լինում: Երբ դիակները հանում էին, տեսան, որ շատերն իրենց տեղում էին մեռել, հոգնած, քնած ժամանակ: Դիակները շարեցին Տաճարի գավիթում, որ հարազատները ճանաչեին ու տանեին թաղելու: Շատերը սպիտակ պատանքով էին փաթաթված, որ նախապես կրել էին իրենց մեջքերին: Ո՜վ կկարծեր, որ այստեղ հասնելուց հետո պիտի մեռնեին: Հաջորդ առավոտ դեռ լսվում էր սգակիրների ողբի ձայնը: Մեռնողների թիվը մոտ 300 էր, 200 վիրավորներ էլ կային: Այսպիսով Զատկի տոնը, որ ուրախության տոն էր, շատերի համար վերածվեց սգո արարողության: ՈՒխտավորների համար այս աղետալի դեպքից հետո բոլորս էլ փութացինք օր առաջ թողնել քաղաքը, մանավանդ որ լսեցինք, թե համաճարակ է սկսվել: Եվ ես 1834 թ. մայիսի 6-ին հրաժեշտ տվեցի Սուրբ քաղաքին»:
Այս տխուր պատմությունը շարադրեցի, որպեսզի ամեն հայորդի միտք առնի, որ հավատքը մի բան անելով չէ, որ կենդանի է, այլ մի բան լինելով, այսինքն՝ Տիրոջ պատվիրանները սրբությամբ պահելով: Այլապես հույսներս դրել ենք այն բանի վրա, թե ուխտավոր ենք եղել Սուրբ քաղաքում, կամ Լույսի օրվա մասնակից ենք եղել, իսկ շատերն էլ, երբ Տիրոջ դատաստանի մասին ես խոսում, իսկույն հիշում են, որ իրենց ազգն առաջին քրիստոնյան է եղել, կամ իրենց տատն ու պապը բարեպաշտ քրիստոնյաներ են եղել: Ի՞նչ օգուտ, որ նրանք այդպիսին են եղել, մինչդեռ նրանց թոռները վաղո՜ւց մոռացել են եկեղեցու դուռը, կամ չեն էլ հիշում, որ իրենց տանը, ինչ-որ անկյունում փոշոտված Աստվածաշունչ է ընկած, որ տարիներով չեն բացել, որ գոնե մի էջ կարդան: Իսկ «Հայր մեր» աղոթքն անգիր իմանալու և ամեն օր աղոթելու մասին էլ չեմ ասում, որովհետև իրենց հայ քրիստոնյա համարող մարդկանցից տասից մեկը հազիվ թե գիտի կամ էլ օգտագործում է այդ աղոթքը:
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1124

Մեկնաբանություններ