Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԱՊՀ ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐԸ ԱՀԿ ԵՆ ՄՏԵԼ «ԶԱՐԳԱՑԱԾ ԵՐԿՐՆԵՐԻ» ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՎ

ԱՊՀ ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐԸ ԱՀԿ ԵՆ ՄՏԵԼ «ԶԱՐԳԱՑԱԾ ԵՐԿՐՆԵՐԻ» ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՎ
15.11.2011 | 00:00

Իհարկե, քաղաքական գործիչները, համենայն դեպս, նրանք, ովքեր իրենց «արհեստը» շատ թե քիչ լուրջ են ընդունում, երբեք հրապարակավ «հենց այնպես» չեն կատակում։ Ահա և վերջերս Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը կատակեց այսպես. «Մենք ոչ մի անելիք չունենք այդ ԱՀԿ-ում», և տեղնուտեղն էլ վերապահեց, որ այդ խոսքերը պետք չէ լուրջ ընդունել։ Եվ կարելի կլիներ այդ հայտը չընկալել որպես քաղաքական ակնարկ, եթե հումորից, թվում է, հեռու Սերգեյ Լավրովը «ահարկու» չհաղորդեր` «Առևտրի համաշխարհային կազմակերպության նորմերին, կանոններին անմիջականորեն առնչվող բոլոր հարցերը» կարգավորված են, և այն հարցերը, որոնք խոչընդոտում են այդ գործընթացին, «ոչ մի առնչություն չունեն ԱՀԿ-ի խնդրի հետ»։ ՈՒ ևս մի զավեշտալի մանրամասն. մինչդեռ ՌԴ նախագահը կատակում էր Մոսկվայում, Պետերբուրգում միանգամայն լրջորեն որոշել էին Ղրղզստանն ընդունել Մաքսային միության մեջ, դրանով իսկ նրա անդամների թիվը հասցնելով չորսի։ Եվ առաջին անգամ նորեկն ԱՀԿ-ի անդամ է։ Ընդ որում, մի հետաքրքրական մանրամասն ևս. Ղրղզստանի համար նոր անդամակցությունը կպահանջի վերանայել նրա պարտավորությունները ԱՀԿ-ի շրջանակներում (այդ թվում` մաքսատուրքերի գծով), որի անդամ է նա արդեն ոչ մեկ տարի։ Ինչպե՞ս կընդունվի դա։ Առայժմ ԱՀԿ-ից արձագանք չի եղել, իսկ Մոսկվայում, որը վաղուց զբաղված է առևտրական կազմակերպության հետ իր «հաշիվները մաքրելով», այս հանգամանքը, հավանաբար, հազիվ թե որևէ մեկին հետաքրքրում է։ Բացի այդ, եթե հատկապես հիմա են ռուսները մտադրվել բավարարել Բիշքեկի վաղեմի խնդրանքը, ապա դա, անկասկած, զուգադիպություն չէ։ Կրեմլում, երևի, մտադիր են Մաքսային միությունը ներկայացնել որպես ԱՀԿ-ին այլընտրանք։ Այնտեղ, հնարավոր է, որոշել են տպավորություն ստեղծել, թե եթե, այնուամենայնիվ, ձախողում լինի ընդունման հարցում, ապա Ռուսաստանը մտադիր է դա ներկայացնել սոսկ որպես աննշան մարտավարական պարտություն, և անհապաղ հայտարարել իր հաջող «ինտեգրական ճեղքման» նոր նախապատրաստության մասին։
Սակայն այս բոլոր ձևերի ու սփոփանքների կողքին, իհարկե, ԱՀԿ-ին անդամակցելու խնդիրը Ռուսաստանի համար մնում է թե՛ օրախնդիր, թե՛ ցավագին։ Պատահական չէ, որ ռուսական, բառացիորեն բոլոր լրատվամիջոցներն օրերս անդրադարձել են դիվանագիտության «մեծ ճեղքմանը»։ Հատկապես նրան, որ Ռուսաստանն ու ԵՄ-ն, իբր, վերացրել են ԱՀԿ մտնելու խոչընդոտներից մեկը և «վերջին տարաձայնությունը»` կապված Ռուսաստանում ավտոմեքենաների արդյունաբերական հավաքման հետ։ Առևտրի եվրակոմիսար Կարել դե Գյուխտի հայտարարության մեջ ասվում է. «Մենք համաձայնության ենք եկել մնացած վերջին երկկողմ հարցերի շուրջ, բացելով մինչև տարեվերջ Ռուսաստանի` ԱՀԿ մտնելու ուղին։ Այդ փոխըմբռնումը թույլ կտա Ռուսաստան տեղափոխելուց պաշտպանել ավտոմեքենաշինության ճյուղի և կոմպլեկտավորման արտադրատեսակների թողարկման ոլորտի եվրոպական աշխատատեղերը»։ Հաղորդվում է, որ ավտոմեքենաներն արդյունաբերական հավաքման մասին Ռուսաստանի ու եվրահանձնաժողովի համաձայնագիրը «կրում է հավասարակշիռ բնույթ և նպաստավոր է երկու կողմերի համար»։ Ձեռք բերված համաձայնությունը, որի էությունն առայժմ չի ներկայացվում, «փոխհատուցման» մեխանիզմ է նախատեսում ԵՄ-ի համար և նվազագույնի է հասցնում բացասական ազդեցությունը եվրոպական աշխատատեղերի վրա։ Իհարկե, փոխհատուցումը որևէ վճարում չի նախատեսում, ավելի շուտ, նկատի է առնվում ՌԴ-ի պարտավորությունը` իջեցնելու ավտոմեքենաների և բաղադրամասերի մաքսատուրքերը։ Բացի այդ, ԵՄ-ն Ռուսաստանից երաշխիքներ է ստացել, որ անդրսիբիրյան թռիչքների համար բոլոր վճարումները հօգուտ «Աերոֆլոտի» այժմ շատ թանկ են նստում եվրոպական ավիաընկերություններին (որոշ գնահատումներով` տարեկան ավելի քան 400 մլն դոլար), և պետք է չեղարկվեն 2013 թվականից։
Նկատենք, որ ԱՀԿ-ին Ռուսաստանի միանալու շուրջ բանակցություններն ընթանում են արդեն 17 տարի, մինչդեռ այդ կազմակերպությանը նոր երկրների անդամակցության գործընթացը միջին հաշվով մոտ հինգ տարի է տևում։ Ավելին, այսօրվա դրությամբ, ռուսական տնտեսությունը խոշորագույնն է ԱՀԿ-ի մեջ չմտնող երկրների շարքում։ Բայց կա՞, արդյոք, իրոք հայտարարված ճեղքում։ Չէ՞ որ առաջին անգամ Ռուսաստանն ու ԵՄ-ն ԱՀԿ-ին միանալու ոլորտում եղած բոլոր երկկողմ հարցերի լուծման մասին հայտարարել են ավելի քան մեկ տարի առաջ` 2010 թ. սեպտեմբերին։ Այդ ժամանակ էլ եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն հաղորդեց, որ Եվրամիությունը «ակտիվորեն պաշտպանում է Ռուսաստանի ջանքերը` ուղղված 2011 թ. ԱՀԿ-ին անդամակցելուն»։ Անգամ նշվեց ժամանակը` այս տարվա ամռանը։ Բայց շատերի համար անսպասելիորեն խաղի մեջ մտավ Վրաստանը վետոյի իր իրավունքով, և ամեն ինչ խափանվեց։ Գործընթացը ոչ միայն ձգձգվեց, այլև սպառնալիքի տակ հայտնվեց։ ՈՒ հիմա, ասես, բոլոր ժամկետները մոտենում են ավարտին, իսկ եվրոպացիները վերստին ընդգծում են. «Շատ քիչ ժամանակ է մնացել Ռուսաստանի և Վրաստանի միջև երկկողմ համաձայնության ձեռքբերման համար»։ Ավելին, թեև և՛ նրանք, և՛ ամերիկացիները երկու կողմերին էլ կոչ են անում «շարունակել փոխզիջման ոգով լուծում գտնելու ջանքերը» և պատրաստ են «ցանկացած անհրաժեշտ օգնությունը ցուցաբերելու այդ խնդրի կարգավորման գործում», Թբիլիսիի համառությունը կոտրել չեն ուզում կամ չեն կարողանում։ Այսպես, օրինակ, նշենք, որ ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության շուրջ Ռուսաստանի և Վրաստանի բանակցությունների հերթական փուլը վերջերս վերստին ավարտվեց ապարդյուն։
Եվ հիմա, առաջվա նման, որպես իր թույլտվության միակ պայման, Վրաստանը պահանջում է ռուսական պոստին այլընտրանքային վրացական պոստեր տեղակայել Փսոու գետի վրա և Ռոկի թունելի մոտ։ Իսկ դա, վրացիների կարծիքով, ապրանքների շարժի հսկողության համար «սահմանների թափանցիկության» ապահովման միակ եղանակն է։ Թբիլիսին պնդում է, որ իր պահանջները քաղաքական չեն, այլ սոսկ վերաբերում են ԱՀԿ-ի նորմերի կատարմանը։ Տնտեսական տեսակետից այդ պայմանները, ինչպես հավաստիացնում են փորձագետները, մեծ նշանակություն չունեն։ Բայց քաղաքական կողմից իրավիճակը միանգամայն այլ տեսք ունի։ Պահանջների կատարումը փաստացի կնշանակի, ո՛չ ավելի, ո՛չ պակաս, Թբիլիսիի հիմնարար թեզի ճանաչում` «Աբխազիան և Հարավային Օսիան Վրաստան են»։ Ճիշտ է, վերջին ժամանակներս Վրաստանը փոքր-ինչ մեղմացրել է իր դիրքորոշումը, և եթե նախկինում առաջարկում էր նաև վրացական մաքսավորներ կարգել, ապա հիմա պահանջում է Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ Ռուսաստանի սահմանին, որպես մաքսավորներ, միջազգային դիտորդներ կարգել (այդ սահմանները հիմա ռուս սահմանապահներն են հսկում)։ Թբիլիսիում ասում են, թե իրենք «լուրջ զիջում» են արել և պատասխան փոխզիջում են սպասում Ռուսաստանի կողմից։
Միևնույն ժամանակ Մոսկվան, առայժմ ոչ կտրական, մերժում է սահմանին միջազգային դիտորդներ կարգելու գաղափարը։ Այսպես, դեռ ամռանը Դմիտրի Մեդվեդևը հայտարարեց, որ ռուսական կողմը չի քննարկում սահմանային անցակետում մեկ այլ երկրի դիտորդների ներկայության տարբերակը, փոխարենն առաջարկում է տեղեկություններ տրամադրել այդ սահմանով անցնող բեռների մասին` «էլեկտրոնային եղանակով»։ Ռուսաստանում պնդում են, որ մոնիթորինգի նման էլեկտրոնային համակարգն արդեն ինքնըստինքյան ենթադրում է հսկողության «արտաքին օպերատորների առկայություն»։ Վրաստանում սրան, կարծես թե, արդեն համաձայն են, և հիմա խոսքը միայն դիտորդների կարգավիճակի մասին է միջազգային իրավունքի տեսակետից (Վրաստանը ԵՄ դիտորդներ է պահանջում)։ Սակայն, դրանից բացի, Թբիլիսիում պահանջում են վերջնական փաստաթղթի մեջ մտցնել «ռուս-վրացական սահմանի աբխազական և հարավօսական հատված» տերմինները։ Իսկ դա իր հերթին, ինչպես կարծում են ռուսները, Վրաստանի կառավարությանը հիանալի հնարավորություն կընձեռի ՌԴ-ի հետ կնքված համաձայնագիրը համարելու իր արտքաղաքական հաղթանակը։ Եվ Կրեմլը, իհարկե, ոչ մի ցանկություն չունի նման նվեր մատուցելու Սաակաշվիլուն։
Սակայն, ինչպես նշում են դիտորդները, չնայած Շվեյցարիայի միջնորդությամբ տեղի ունեցած բանակցությունները պաշտոնապես անարդյունք են համարվել, հարցի «առևտրական» կողմը բանակցություններում փաստորեն լուծված է»։ Մինչև 2011 թ. դեկտեմբերի 15-17-ը, երբ տեղի է ունենալու ԱՀԿ-ի նախարարական խորհրդաժողովը (հենց այդ ժողովում կարող է որոշում ընդունվել Ռուսաստանի անդամակցության մասին), ՌԴ-ն ու Վրաստանը պետք է, այնուամենայնիվ, որոշում ընդունեն գործի արտքաղաքական կողմի վերաբերյալ։ Ի դեպ, Վրաստանի փոխարտգործնախարար, Ժնևի բանակցություններում վրացական պատվիրակության ղեկավար Ս. Ղափանաձեն հայտարարել է. «Մեր դիրքորոշումն անփոփոխ է, միջազգային դիտորդների տեղաբաշխումն ու վերահսկողության էլեկտրոնային համակարգը նույն ծրարի երկու մասն են, այդ ծրարից մեկ բաղադրիչ հանել չի հաջողվի»։ Ընդ որում, Վրաստանը մատնանշում է, որ համանման համաձայնագիր կա մոլդովա-ուկրաինական սահմանի մերձդնեպրյան հատվածի վերաբերյալ։
Եվ վերջում` ԱՀԿ-ում Մոսկվայի դեգերումների և վրացական վետոյի «դամոկլյան սրի» մասին մեր շարադրանքում կուզեի ուշադրություն հրավիրել հետևյալ հանգամանքի վրա։ Ինչպես վկայում են վերջին տեղեկությունները, այս օրերին Ադրբեջանն ակտիվ բանակցություններ է վարում ԱՀԿ-ի մեջ շուտափույթ մտնելու շուրջ։ Հիշեցնենք, այդ երկիրը 1997-ին դիմել էր ԱՀԿ-ին անդամակցելու հարցով, և այդ ժամանակից ի վեր մասնակցում է նրա աշխատանքներին իբրև դիտորդ։ Այս պահին Բաքուն երկկողմ բանակցություններ է վարում ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Կանադայի, Ավստրալիայի, ԵՄ-ի, Թուրքիայի, Մոլդովայի, Վրաստանի հետ, և ադրբեջանցիները համարում են, որ ԱՀԿ-ին Ադրբեջանի անդամակցությունն «անշրջելի» է։ Հուլիսյան բանակցությունների ժամանակ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, որ 2011-ի հոկտեմբերին ԱՀԿ-ն կներկայացնի Ադրբեջանի առաջարկությունների առնչությամբ ստացված արձագանքները։ Այստեղ գլխավոր «փորձաքարը» կարգավիճակի հարցն է։ Ադրբեջանն ուզում է ԱՀԿ-ի մեջ մտնել որպես «զարգացող երկիր», բայց ԱՊՀ բոլոր երկրները ԱՀԿ են մտել «զարգացած երկրներ» կարգավիճակով։ Եվ առևտրական կազմակերպություններում մտադիր չեն փոխել իրադրությունը։ Իսկ մենք այս ամենին ավելացնենք, որ Հայաստանն ԱՀԿ-ին միացել է 2003 թ. փետրվարի 5-ին և դարձել նրա 145-րդ լիիրավ անդամը։ Ընդ որում, դրանից բխող բոլոր հետևանքներով ու հնարավորություններով։ Վրաստանի խաղերը` ձեզ օրինակ։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 985

Մեկնաբանություններ