Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«ԴԵՌԱՀԱՍՆԵՐԸ, ԿԱՐԾԵՍ, ԻՐԵՆՑ ՏԵՂԸ ՉԵՆ ԳՏՆՈՒՄ, և ՀԱՅՏՆՎՈՒՄ ԵՆ ՄԱՐԴԻԿ, ՈՐ ՕԳՏՎՈՒՄ ԵՆ ԴՐԱՆԻՑ»

«ԴԵՌԱՀԱՍՆԵՐԸ, ԿԱՐԾԵՍ, ԻՐԵՆՑ ՏԵՂԸ ՉԵՆ ԳՏՆՈՒՄ, և ՀԱՅՏՆՎՈՒՄ ԵՆ ՄԱՐԴԻԿ, ՈՐ ՕԳՏՎՈՒՄ ԵՆ ԴՐԱՆԻՑ»
08.07.2011 | 00:00

Մեկական վարդ վաճառող, մուրացկանությամբ, այլևայլ զբաղմունքներով ժամանակը փողոցում անցկացնող 12-14 տարեկան տղաների գիշերային կյանքը վերջին շրջանում բազմաթիվ քննարկումների և ենթադրությունների առիթ տվեց:
Ականատեսների վկայությամբ` նրանց մի մասը գիշերները մարմնավաճառությամբ է ապրուստը հոգում: Հավաքատեղին Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքն է: Փողոցային երեխաների շրջանում նրանց անվանում են «օգտագործված տղաներ», խուսափում են նրանցից, երբեմն էլ` օրինակ վերցնում: Մամուլում տպագրված հրապարակումների համաձայն` մանկավարժները, ոստիկանները խուսափում են երեխաների այս խմբի մասին խոսելուց: Տարածքի ոստիկանները, թեև տեղյակ են անցուդարձին, բայց ոչինչ չեն ձեռնարկում. իրավասու չեն մոտենալու, քանի դեռ անչափահասներն արգելված ոչինչ չեն արել:
Իրողությունը տագնապալի է: Միայն մայրաքաղաքում 20 մուրացիկ երեխա է հաշվառված: Մուրացկանությամբ զբաղվող, թափառաշրջիկ, փողոցներում ապրող կամ աշխատող երեխաների բանակն օր օրի ստվարանում է:
Արձանագրվել են դեպքեր, երբ ծնողները տեղյակ չեն, թե ինչով են զբաղվում իրենց երեխաները, երբեմն էլ հենց իրենք են երեխային մղում փողոց` մուրացկանությամբ հաց վաստակելու: Կարելի է ասել` մատաղ սերնդի այս խնդիրները մնում են չլուծված կամ լուծվում են փողոցում` փողոցի օրենքներով:
Քաղաքացիների ահազանգերի դեպքում թափառաշրջիկ, մուրացկան, անտուն, վարքային խնդիրներ ունեցող, բռնության ենթարկված երեխաներին հայտնաբերում և նրանց ժամանակավոր խնամքը ստանձնում է «Հայ օգնության ֆոնդի» (ՀՕՖ) «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամը: Այս կենտրոնում մասնագետներն աշխատում են և՛ երեխաների, և՛ ծնողների հետ: Հետո արդեն երեխան հանձնվում է ծնողների կամ, հարկ եղած դեպքում, մանկատների խնամքին (ի դեպ, նման դեպքերում քաղաքացիները ՀՀ օրենսդրությամբ պարտավոր են դիմել համապատասխան մարմիններին, իսկ մենք, լավագույն դեպքում, սահմանափակվում ենք գումար խնդրող երեխայի ափի մեջ մանրադրամ նետելով)։
Երեխաների աջակցության կենտրոնում Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչը հոգևոր թեմաներով զրույցներ, միջոցառումներ է անցկացնում: Փորձեցի ճշտել` ի՞նչ գիտեն բարձրաձայնված խնդրի մասին մեր հոգևորականները, առհասարակ, թափառաշրջիկ երեխաներին աջակցելու, դարձի բերելու աշխատանքներ իրականացվո՞ւմ են, կա՞ որոշակի ծրագիր: Կարծում էի` պետք է անհանգստացած լինեին, և ոչ միայն այն պատճառով, որ «միջադեպերը» տեղի են ունենում եկեղեցու պատերի տակ: «Հոգևոր թեմաներով խոսելը, եկեղեցուն հաղորդակից դարձնելը հենց նպատակ ունի երեխաներին զերծ պահելու նման քայլերից»,- եղավ պատասխանը: Իսկ մարմնավաճառ երեխաներին առնչվող հարցերը, ըստ եկեղեցու պաշտոնյայի, հոգևոր թեմաների շրջանակում չեն։
Բայց կան երեխաներ, որ չեն էլ հայտնվում այդ աջակցության կենտրոնում և չեն մասնակցում հոգևոր զրույցներին: «Ես այն երեխաների հետ եմ շփվում, ովքեր այդ հաստատության մեջ են»,- ասաց զրուցակիցս ու անհասկանալի զգուշավորությամբ չներկայացավ իր ամբողջական անվամբ (հեռախոսազրույցի ընթացքում), քանի դեռ առերես չենք հանդիպել:
Ինչևէ: Երեխաների պաշտպանությամբ զբաղվող մյուս կենտրոնները հիմնականում ցերեկային են: Անչափահասներին այդ կենտրոնների խնամքին են հանձնում ծնողները, մանկավարժները, ծանոթ-բարեկամները: Փաստորեն, մուրացիկ, թափառաշրջիկ, անտուն, անտեսված երեխաներն էլի մնում են ուշադրությունից դուրս: «Երեխաների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները հոգ են տանում երեխաների նկատմամբ մինչև երեկոյան 7-ը,- մեզ հետ զրույցում ասաց Երեխաների իրավունքների պաշտպանության բարեգործական հիմնադրամի նախագահ ԿԱՐԻՆԵ ԱՆՏՈՆՅԱՆԸ:- Եվ հարց է, թե ուր է գնում երեխան դրանից հետո: «Հետո»-ի վերահսկողություն չկա: Իհարկե, այստեղ նրանք սովորում են գրագետ, կիրթ խոսել, երգել, նկարել, նրանց լավ են վերաբերվում, նրանք սնվում են, ապահովվում հագուստով, այսինքն, էսթետիկական հաճույք են ստանում: Որոշ երեխաներ, տեսնելով այս ամենը, ընտրում են բարեկեցիկ, նորմալ կյանքը: Որոշ երեխաներ, որքան էլ աշխատանք տարվի, ձգտում են դեպի փողոց»: Կարինե Անտոնյանը նշեց, որ թափառաշրջիկ երեխաների մեջ կան նաև բարեկեցիկ և օրինավոր ընտանիքների զավակներ:
Ինչ վերաբերում է գիշերային արկածներին, դրանց զոհերը, ըստ նրա, մանկատների կամ ինտերնատների երեխաներ չեն, քանի որ այդ հաստատություններում կա հսկողություն: Նրանք պատասխանատվություն են կրում, եթե երեխան փախչում է, հայտնում են ոստիկանությանը:
«Կյանքն է այդպիսին դարձնում այդ երեխաներին, հեռուստատեսությունը, ինտերնետը, ակումբները, «վիվարոները»,- ասում է Կարինե Անտոնյանը։- Հետաքրքրությունը, արժեքները փոխվել են: Ամեն ինչ փողից է կախված: Նկարելը, գրելը, կարդալն ու երգելը երրորդական, չորրորդական են: Ամեն ինչ կանեն, միայն գումար ունենան: Սրա մասին պետք է մտածել, այլ ոչ թե հունիսի 1-ին ցույց տալ, թե ինչքան լավն են և ինչ պաշտպանված են մեր երեխաները: Իսկ մարմնավաճառությունը բիզնես է, երեխան ընկնում է այդ բիզնեսի մեջ: Ոչ ոք չի կարող որևէ տեղ հենց այնպես կանգնել, դրա համար պետք է վճարել, հատուկ ժամ ունենալ: Տարածքի ոստիկանները մի՞թե չեն տեսնում: Ինչո՞ւ չեն կանխում: ՈՒրեմն եկամուտ ունեն»:
ՈՒրեմն կա պահանջարկ: Պետք է սկսել այստեղից:
Քաղցը, անպաշտպանությունը, փողոցը ինչի՞ կարող են հանգեցնել: Եվ ովքե՞ր են օգտվում սրանից:
«Սա խիստ սոցիալական հարց է: Պատճառը պետք է փնտրել սոցիալական ցնցումների մեջ,- ասում է «Այգ» հոգեբանական կենտրոնի գլխավոր մասնագետ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ ՌՈՒԲԵՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ:- Երբ (Առաջին համաշխարհային պատերազմից հետո) մուրացկանությունը պատել էր ամբողջ Անգլիան, խորհրդարանում բարձրացրին այս հարցն ու վերացրին խնդիրն ընդամենը մեկ տարվա ընթացքում: Այստեղ հանդուրժողականության հարց կա, ազգային պատվախնդրության: Եթե նայում ենք իբրև օբյեկտիվորեն անխուսափելի երևույթի և դրանով իսկ արդարացնում, ավելի խորացնում ենք իրավիճակը` սոցիալական բնույթի նոր խնդիրներ առաջ բերելով: Դեռահասությունը, պատանեկությունը ամենախնդրահարույց տարիքային շրջան են: Դրա մասին մշտապես խոսվել է: Հին Հռոմում ընդունված է եղել պեդոֆիլիան, երբ տղան սեռական հարաբերության մեջ է մտնում տղամարդու հետ, որպեսզի, իբր, զարգանա որպես տղամարդ, վերցնի կարևոր հատկանիշները: Այսինքն, դեռահասները, կարծես, իրենց տեղը չեն գտնում այս սոցիալական կյանքում, և հայտնվում են մարդիկ, որ օգտվում են դրանից: Էլ չեմ ասում, որ սոցիալական դաշտը խարխուլ վիճակում է, պարարտ հող` նման երևույթներին զանգվածային բնույթ տալու համար»:
Ռուբեն Պողոսյանը նշեց, որ նրանք, ովքեր օգտագործում են այդ երեխաներին, պեդոֆիլիա զարգացնող անձինք են, ունեն որոշակի հոգեբանական խնդիրներ և գործում են թաքնված, որովհետև նրանց արարքն անընդունելի է, խստագույնս պատժելի: «Պեդոֆիլիան մանկապղծություն է: Միասեռամոլներին դեռ կարելի է հասկանալ, թեև նույնպես անընդունելի, բնությանը դեմ երևույթ է,- ասում է նա:- Արհեստականորեն մարդու կողմից ստեղծված երևույթներ են սրանք: Մշակույթն է ստեղծել, զարմանալի է, բայց այդպես է: Մշակույթը մարդու մտածած, ստեղծած, արհեստական բնությունն է, որը կարող է նաև վնասել, դեմ գնալ բնությանը: Որքան հեռանում ենք բնությունից, այնքան խեղվում ենք: Այս դեպքում մի ամբողջ սերունդ ենք խեղում: Մանկապղծությունը շեղում է, ինչպես արյունապղծությունը: Մենք միասեռամոլներ ենք պատրաստում: Ինչպե՞ս են վաղը նրանք ընտանիք կազմելու: Եթե այսպես շարունակվի` խորհրդարանում կդրվի միասեռամոլ ամուսնությունները թույլատրելու հարցը, որից արդեն ազգ չի սերում»:
Մանկապղծության այս և այլ դեպքերը հաճախ մեղմացնում են, պատճառաբանելով, որ երեխան ինքնակամ է գնում դրան: Այսինքն, չկա բռնություն: Հոգեբանը դեմ է այս կարծիքին: «Իրենք ուզում են փող վաստակել, չեն մտածում, ծանրութեթև անում. փող է պետք և վերջ: ՈՒղիղ ճանապարհով,- ասում է նա:- Եվ դա տարեցտարի աճ է տալու: Ի՞նչ է նշանակում` բռնություն չէ: Սա խայտառակություն է: Իրավունքի հարցը մշակված չէ մեր իրականության մեջ: Բացի այդ, եթե միայն իրավաբանական տեսանկյունից ենք նայում, մարդկայինը չենք տեսնում: Վերջին հաշվով, բարոյականության նորմեր, խղճի հարց գոյություն ունեն: Տոլստոյն ասում էր` ինչով էլ մենք զբաղվում ենք` բանվորությամբ, բիզնեսով, բարոյականության խնդիր ենք լուծում, այսինքն, որքա՞ն է ընդունելի, բարոյապես նորմալ մեր արարքը: Մենք, կարծես, քայլում ենք փշալարի վրայով: Հոգեկանը շատ նուրբ մատերիա է, հեշտությամբ կարելի է խեղել, հենց ծննդյան օրից: Երեխաները դուրս են նետվել, ուրեմն մի խնդիր կա: Արդյո՞ք մենք ճիշտ ենք հասկանում երեխաների տառապանքը: Երեխան անպաշտպան է զգում իրեն ներքուստ, այստեղ պետք է թափանցել: Երբեմն մեր կենտրոն են այցելում երեխաներ, որոնք պաշտպանված չեն զգում ծնողների կողմից, թեև ծնողներն ամեն ինչ անում են նրանց համար: ՈՒրեմն որքա՜ն նուրբ մատերիայի հետ գործ ունենք։ Հարկ է հնարավորինս շուտ կանխարգելել այս երևույթները, հետագայում ավելի բարդ խնդիրների, հոգեբանական բարդությունների առաջ չկանգնելու համար»:
Մանկապղծությունը Ռուբեն Պողոսյանը համարում է մեր սոցիալական դաշտի ամենաաղետաբեր երևույթը: Իսկ մուրացկանությո՞ւնը: Չէ՞ որ այս դեպքում էլ երեխան կորցնում է իր ես-ը, արժանապատվությունը: «Դրանք նույն դաշտում են, դրանց միջև սահմանները շատ փխրուն են, հեշտությամբ կարելի է մեկից մյուսին անցնել,- ասում է հոգեբանը։- Երեխան ի ծնե անպաշտպան է, և պատկերացրեք` հանկարծ հայտնվում է արյունապիղծ ձեռքերում»:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1840

Մեկնաբանություններ