Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Կրկին «առջևում» ենք, և ճգնաժամն էլ վտանգավոր չէ

Կրկին «առջևում» ենք, և ճգնաժամն էլ վտանգավոր չէ
23.01.2009 | 00:00

ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱ
Աշխարհում օրեցօր ծավալվող տնտեսական ճգնաժամի հետևանքներից մեկը` գործազրկության ավելացումը, հավելյալ ծանրաբեռնվածություն է ստեղծում տարբեր երկրների աշխատաշուկաներում: Այս պայմաններում տարբեր երկրների զբաղվածության ծառայությունների կարևորագույն խնդիրներից է դառնում իրավիճակին ճիշտ արձագանքելն ու համապատասխան օգնություն տրամադրելը:
Արդեն իսկ պարզ է, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը դեռևս զարգացման փուլում է, և, ըստ կանխատեսումների, այն իր գագաթակետին կհասնի ամռանը: Իսկ մինչ այդ, նույնիսկ զարգացած երկրներում, գրանցվում են վերջին տասնամյակների համար գործազրկության ամենամեծ ցուցանիշները: Իսպանիայում, որը վերջին տասնհինգ տարիների ընթացքում Եվրոպայի ամենադինամիկ զարգացող պետությունն էր, վերջին ամիսներին գործազրկությունը հասել է 15 տոկոսի: Դժվար է նաև Եվրոպայի ամենազարգացած երկրի` Գերմանիայի համար, որտեղ ևս գրանցվում է աշխատատեղերի կրճատում և գործազրկության աճ:
Ի տարբերություն եվրոպական և այլ զարգացած երկրների, Հայաստանն այս տեսանկյունից մի փոքր այլ իրավիճակում է գտնվում: Մենք չունենք զարգացած արդյունաբերություն և հազարավոր աշխատատեղեր ապահովող մեծ ձեռնարկություններ, սակայն տնտեսական ճգնաժամի ալիքի ազդեցությամբ մեզանում ևս օրեցօր ավելանում է գործազուրկ դառնալու վտանգը:
Ինչպես նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության ծառայության գործակալության պետ ՍՈՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, ներկայումս իրենք ժամ առ ժամ ամփոփում են զբաղվածության ցուցանիշները, ճշտում, թե որ կազմակերպություններից են ստացել գրավոր տեղեկատվություն այն մասին, որ պատրաստվում են աշխատատեղեր կրճատել: Ներկայումս Ալավերդու պղնձաձուլական կոմբինատից 50 հոգու կրճատել են, մի մասի հետ կարճաժամկետ պայմանագրեր են կնքել, մնացածներին նախազգուշացրել են հեռացման մասին: Ագարակի լեռնահարստացուցիչ կոմբինատն էր դիմել, որ պատրաստվում է կրճատումների, սակայն հետո տեղեկացրել է, որ դեռևս այդ քայլին չի գնում: Երևանի գիտատեխնիկական լրատվական կենտրոնը գրավոր դիմումով իրազեկել է 150 հոգու կրճատման մասին և ներկայացրել է ազատվողների ցուցակը: Ըստ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 116 հոդվածի, եթե գործատուն կրճատելու է իր աշխատողների 15 տոկոսից ավելին, նա պարտավոր է առնվազն 3 ամիս առաջ տեղեկացնել պետական զբաղվածության ծառայությանը և տրամադրել կրճատվող աշխատողների ցուցակը: «ԱրմենՏելը» դեռևս չի դիմել, սակայն զբաղվածության տարածքային կենտրոնները տեղեկացել են, որ այս գործատուի մոտ աշխատատեղերը կրճատվել են: Այս շաբաթ արդեն իսկ կրճատվելու են «Լայքոս» տեղեկատվական ընկերության 213 աշխատողները: Ընդ որում, սա կապված չէ տնտեսական ճգնաժամի հետ, այլ պայմանավորված է նրանով, որ ընկերությունը շահութաբեր չէր: «Բջնի» գործարանի հարկադիր պարապուրդի առնչությամբ տիկին Հարությունյանը նշեց, որ թեև աշխատողների ժամկետային պայմանագիրը լրացել է, սակայն նրանք դեռևս չեն հաշվառվել զբաղվածության ծառայությունում` որպես աշխատանք փնտրողներ: Այս պահի դրությամբ կրճատվել են 420 աշխատողներ, հեռացման համար զգուշացվել են 1636, սեփական դիմումի կամ պայմանագրի ժամկետը ավարտվելու հետևանքով կրճատվել է 1069 աշխատող: Ըստ տիկին Հարությունյանի` մարդկանց աշխատանքից ազատվելու պարագայում առաջինը գործակալությունն է տեղեկանում, թե ում են պատրաստվում կրճատել` ըստ կրթության, մասնագիտության, աշխատանքային փորձի: Այնուհետև տարածքային կենտրոններին տրամադրվում են այդ մարդկանց տվյալները, և նրանց համար համապատասխան աշխատանք է փնտրվում: Ըստ բազայի, որը լրացվել էր դեռևս ամռանը 3000 գործատուների շրջանում անցկացված հարցման արդյունքում, Հայաստանում առկա էր 6000 թափուր աշխատատեղ: Սակայն դեկտեմբեր-հունվար ամիսներին թափուր աշխատատեղերի ուսումնասիրություն է անցկացվում, և շուտով պարզ կլինի, թե ինչպիսին է աշխատաշուկայի պահանջը, ինչ փոփոխությունների է ենթարկվել այն: Պետք է նշել, որ դեռևս պարզ չէ, թե ինչ կառուցվածքային և որակական փոփոխություններ է կրելու շուկան, թեև աշխատանքից ազատվողները հիմնականում բարձրագույն կրթություն և բանվորական ու մասնագիտական բարձր որակավորում ունեցող մարդիկ են:
Ըստ գործակալության պետի` պետությունն ունի զբաղվածության հաստատված պետական ծրագիր, որով ավելի շատ աշխատատեղ է նախատեսված, քան նախորդ տարի: Թեև այդ փոփոխություններից միայն այն է հիշատակելի, որ աշխատանքից ազատվողներին կտրամադրվի գործազրկության նպաստ Հայաստանում առկա նվազագույն աշխատավարձի 60 տոկոսի չափով` 18 հազար դրամ: Իսկ եթե 6 ամսվա ընթացքում գործազուրկը համապատասխան աշխատանք չի ստանում, շուկայում առկա թափուր աշխատատեղերին համապատասխան վերապատրաստում է իրականացվում: Պետությունը նախատեսել է աշխատավարձի փոխհատուցում այն գործատուների համար, որոնց աշխատողներն անմրցունակ են աշխատանքային շուկայում (հաշմանդամ, երկարաժամկետ գործազուրկ): Եթե գործատուն աշխատանքի է ընդունում այդ խմբի մարդկանց, ապա ստանում է տրված աշխատավարձի 50 տոկոսի չափով փոխհատուցում: Ժամանակավոր վարձատրվող աշխատանքների ծրագրի շրջանակներում, որն արդեն 8 տարի գործում է և հիմնականում մարզային ուղղվածություն ունի, պետությունն այս տարի ավելի շատ աշխատանք է նախատեսել, սակայն դրա համար նախատեսված է ընդամենը 700 մլն դրամ, այնքան, ինչքան նախորդ տարի: Այստեղ երևի հաշվի չի առնվել այն իրողությունը, որ տնտեսական ճգնաժամն իր զարգացման փուլում է, և, ըստ կանխատեսումների, Հայաստանում իր գագաթնակետին կարող է հասնել գարնանը: Գումարները հիմնականում ուղղվելու են թիրախային մարզեր, որտեղ ավելի շատ կրճատումներ են նախատեսվում (Լոռու և Սյունիքի): Չնայած պարզ է, որ այդ մարզերում գործող լեռնահանքային և հարստացուցիչ ձեռնարկությունները դեռևս չեն լուծարվում, սակայն ժամանակավոր աշխատանքների ծրագիրն ավելի վաղ կսկսվի, քան նախորդ տարի: Բացի պետական ծրագրերից, Եվրոպական հարևանության ծրագրի շրջանակներում քննարկման փուլում է զանգվածային կրճատումների դեպքում հավելյալ միջոցների ներգրավումը:
Սակայն հայաստանյան աշխատաշուկային ամենամեծ հարվածը կարող է հասցնել շինարարության ոլորտը, որը, կապված սեզոնայնության հետ, պասիվ շրջանում է, չնայած, ըստ զբաղվածության կենտրոնների հարցումների, Երևան քաղաքի որոշ համայնքներում նախորդ տարվա համեմատ ավելացել է շինարարության ոլորտից աշխատանք փնտրողների թիվը: Մասնավորապես, կան շինարարական ընկերություններ, որոնք կարող են լուծարվել, դադարեցնել իրենց գործունեությունը: Դա ավելի ցայտուն կլինի ապրիլին, և պարզ կդառնա, թե Հայաստանում գործազրկության ինչպիսի դինամիկա է լինելու:
Այն հարցին, թե արդյոք համապատասխան մարմինները հետևո՞ւմ են, որ աշխատանքից ազատվող քաղաքացիները ստանան իրենց հասանելիք գումարները, տիկին Հարությունյանը նշեց, որ դեռևս այդպիսի բողոքներ չեն ստացվել, իսկ շատ ձեռնարկություններում, որոնք հարկադիր պարապուրդում են, օրինակ` Ագարակում, մարդիկ դեռևս 2/3-ով աշխատավարձ են ստանում:
Սակայն, չնայած այս իրադրությանը, նաև պարզ է, որ պետությունը, մասնավորապես փոքր և միջին ձեռնարկությունների աշխատակիցների առումով, որևէ ծրագիր չունի: Իսկ զարգացած և զարգացող երկրներում, այս ճգնաժամի պայմաններում, կառավարությունները հիմնականում ուշադրություն են դարձնում հենց այդ ոլորտին: Եվ պատահական չէ, որ ՌԴ կառավարությունը հենց այդ խմբի համար սահմանեց 550 մլրդ ռուբլու հարկային արտոնություններ, Գերմանիայի Դաշնային կառավարությունը 50 մլրդ եվրոյի վարկավորման ծրագիր է մշակել: Չնայած Հայաստանում էլ կառավարությունը 17 մլրդ դրամի սահմաններում աջակցություն է խոստացել փոքր ու միջին բիզնեսին, սակայն դեռևս պարզ չէ, թե ինչպիսին է լինելու այն: Ըստ տիկին Հարությունյանի` միջին և փոքր բիզնեսի ոլորտում ևս ճգնաժամը բացասական ազդեցություն կգործի, չնայած ճիշտ տնտեսավարման պարագայում բիզնեսի այս տեսակը կարող է և մեծ կորուստներ չունենալ:
Եվ չնայած ճգնաժամին, կրկին արձանագրում ենք, որ Հայաստանում ունենք 6,3 տոկոս գործազրկության մակարդակ` 75 հազար գործազուրկ, որոնց 75 տոկոսը կանայք են։ Իսկ նախորդ տարի պետական զբաղվածության ծառայությունների օգնությամբ աշխատանքի է տեղավորվել 8600 մարդ: Ըստ տիկին Հարությունյանի, Համաշխարհային բանկի տվյալներով, Հայաստանում գործազրկության մակարդակը 27 տոկոս է, սակայն այս տարբերության պատճառը միայն մեթոդաբանական է: Պարզապես, ըստ ՀՀ համապատասխան օրենսդրության, եթե մարդիկ, տվյալ դեպքում մեր գյուղացիները, հող են ստացել, ապա գործազուրկ չեն: Այնպես որ, ի տարբերություն մնացած աշխարհի, կրկին «առջևում» ենք:
Ատոմ ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 5644

Մեկնաբանություններ