Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻՑ ՇԱՏԵՐՆ ԱՅՍՕՐ ԶԲԱՂՎԱԾ ԵՆ ԱՇԱԿԵՐՏ ԱՌԵՎԱՆԳԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՎ»

«ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻՑ ՇԱՏԵՐՆ ԱՅՍՕՐ ԶԲԱՂՎԱԾ ԵՆ ԱՇԱԿԵՐՏ ԱՌԵՎԱՆԳԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՎ»
09.09.2011 | 00:00

Հանրապետության կրթական հաստատություններում մեկնարկել է ուսումնական տարին: Յուրաքանչյուր կրթօջախ այն դիմավորել է իր հոգսերով և ուրախություններով: Դրանցից մեկի` Երևանի թիվ 112 դպրոցի հարկի ներքո տիրում էր աշխատանքային աշխույժ եռուզեռ, որը ներառել էր դպրոցի բոլոր օղակները` սկսած տնօրենի աշխատասենյակից մինչև դասասենյակներն ու ճեմասրահները: Առաջին հայացքից աչք շոյող բարեկարգ շենքային պայմանները, ամառային հանգստից հետո ընդգծված հանդարտությունն աշխատակիցների վարքագծում, դպրոցի տնօրենի գործնական և ինքնավստահ կեցվածքը հիմք են տալիս ենթադրելու, որ այս հաստատությունում գործերն ընթանում են ցանկալի հունով: Դպրոցի երկարամյա տնօրեն, մասնագիտությամբ պատմաբան, իրավաբան, նույն դպրոցի շրջանավարտ ՍԱՐԳԻՍ ՔԱՐԱՄՅԱՆԸ նախկին կոմերիտական-կուսակցական ակտիվիստ է, ում համար տարիների ընթացքում առավել հոգեհարազատ ու սիրելի է դարձել մանկավարժությունը, որի ճիշտ կազմակերպմանը նպաստում են նաև իրավագիտական նորմերին տիրապետելն ու դրանք, ըստ անհրաժեշտության, կրթական համակարգում կիրառելը:
Այսօր թիվ 112 դպրոցը մեկն է մայրաքաղաքի ավագ դպրոցներից: Նախկինում` դեռևս 1970-ականներին, եղել է հանրապետության միակ փորձարարական դպրոցը` ԽՍՀՄ մանկավարժական գիտությունների ակադեմիայի հենակետային դպրոցը Հայաստանում և ՀԽՍՀ մանկավարժական գիտությունների ինստիտուտի բազային դպրոցը: Տարաբնույթ փորձարարությունն այս դպրոցում իրականացվել է մինչև 1990-ականների սկիզբը, ապա, մեզ հայտնի պայմանների բերումով, մղվել հետին պլան: Այդ ընթացքում վերակազմավորվող կրթական մոտեցումները, ըստ Ս. Քարամյանի, կրում էին սուբյեկտիվ-անհատական բնույթ, այնինչ իրենց դպրոցը համակարգված փորձարարության դաշտ է եղել: ՈՒստի ստեղծված պայմաններում չէր կարող այն շարունակվել, թեև կար արդյունավետ համագործակցություն Էդոնիս Հարությունյանի հեղինակային դպրոցի հետ: Ավելի ուշ, երբ կրթական համակարգը սկսեց ենթարկվել համընդհանուր փոփոխությունների, ի հայտ եկան մասնավոր դպրոցները` յուրաքանչյուրն իր մասնավոր փորձարարությամբ և աշխատաոճով: Այսօր թիվ 112 դպրոցը նույնպես իրականացնում է որոշակի փորձարարություն, բայց դա ներառվում է կրթական համակարգի շրջանակներում ենթադրվող սահմաններում և չի կրում շեշտակի շեղումներ այդ համակարգից: Նման քայլերը համաձայնեցվում են կրթական ոլորտի բարձր ատյանների հետ և իրականացվում դպրոցի որակյալ մանկավարժական կազմի ջանքերով ու ստեղծագործական աշխատանքի շնորհիվ` նախօրինակ դառնալով նաև այլ կրթական հաստատությունների համար: Տնօրենը հավաստիացնում է, որ ունեն զգալի ձեռքբերումներ հոսքային ուսուցման բնագավառում: ՈՒսուցումն իրականացվում է բնագիտամաթեմատիկական և հումանիտար հոսքերում: Դպրոցն ունի հարուստ լաբորատոր տնտեսություն, դեռևս խորհրդային տարիներից պահպանված մեծ ֆիլմադարան, որն այսօր թարմացվում է ըստ ժամանակի պահանջների և կիրառվում ուսումնական գործընթացում: Դասասենյակները հագեցած են ժամանակակից տեխնիկայի միջոցներով, առանց որոնց առկայության դժվար է այսօր իրականացնել արդյունավետ կրթական աշխատանք:
Սարգիս Քարամյանը չի ժխտում, որ ավագ դպրոցների մասով դեռևս շատ անելիք ունեն թե՛ իրենք, թե՛ հանրապետության մյուս դպրոցները. ավագ դպրոցը դեռևս գտնվում է կայացման փուլում:
Տնօրենը նշում է, որ դպրոցի անհաշիվ խնդիրների լուծմանը նպաստում են նաև անհատ բարերարները, քանի որ դպրոցը գտնվում է մայրաքաղաքի անապահով խավով բնակեցված թաղամասերից մեկում:
Աշակերտների հետ աշխատանքը շարունակվում է նաև դասապրոցեսից դուրս` մշակութային օջախներ այցելությունների, դպրոցում և դպրոցից դուրս կազմակերպվող հետաքրքիր հանդիպումների, քննարկումների ձևով: Չեն անտեսվում հանրապետության համար նշանակալից տարեթվերը` դառնալով թեմատիկ միջոցառումների հենք: Սա էլ պայմանավորում է այն հանգամանքը, որ դասապրոցեսն ավարտվելուց երկու-երեք ժամ անց դպրոցը դեռ լի է աշակերտներով և ուսուցիչներով:
Արտադասարանային դաստիարակության մի հզոր լծակ էլ կարող է լինել հեռուստատեսությունը, եթե... Այս «եթե»-ի տխուր դիտարկումները բավական երկար շարունակեց պարոն Քարամյանը: «Հեռուստասերիալ, որի անունը, չգիտես ինչու, դրել են «Հրեշտակների դպրոց», բայց այն ոչ այլ ինչ է, եթե ոչ ապականում ու այլասերում` ուղղված դպրոցի դեմ: Սերիալ, որում ցուցադրվում է աշակերտների մի խմբաքանակ, որոնք բնավ աշակերտ չեն, ի ցույց է դրվում դպրոցի տնօրենի մի կերպար, որի նմանին դժվար է հանդիպել հանրապետությունում, չեմ պատկերացնում մի ուսուցչուհու, որը գոտկատեղը բաց գալիս է դպրոց, և որին դպրոցի մուտքի մոտ գրկում, նստեցնում են մոտոցիկլետ ու տանում,- վրդովվում է դպրոցի տնօրենը:- Հեռուստանախագծեր («32 ատամ», «Վիտամին ակումբ»), որոնց ծաղրուծանակի, քարկոծման առարկան ուսուցիչն է, դպրոցը: Դպրոցը մի տեղ է, որտեղ մարդիկ պետք է մտնեն զգոն, դուրս գան այդտեղից մաքրված և ավելի լավը դարձած, այնինչ այսօր մեր իրականության ամենավատ դրսևորումներն առնչվում են ուսուցչի ու դպրոցի հետ: Ես սա չեմ հասկանում»:
Դպրոցն ավարտելուց հետո թիվ 112-ի շրջանավարտները շարունակում են մնալ իրենց կրթօջախի ուշադրության դաշտում: Այս են վկայում նրանց ճակատագրին տեղյակ տնօրենի փաստարկումները. իրենց նախկին սաներից շատերը նախընտրում են կրթությունը շարունակել մայրաքաղաքի երեք բուհում` ԵՊՀ-ում, մանկավարժական և տնտեսագիտական համալսարաններում:
Ըստ ՀՀ կառավարության որոշման` ավագ դպրոցի հոսքային դասարաններում դասավանդող ուսուցիչները ստանում են հավելավճար, որը փոքրիշատե օգնում է թեթևացնելու ուսուցչի հանապազօրյա կենսական հոգսերը: Ս. Քարամյանը կարծում է, որ ուսուցիչը պետք է ծանրաբեռնված լինի մեկ դրույքաչափով և պարապի օրական առավելագույնը վեց ժամ, հետևաբար կասկածի տակ է առնում հնգօրյա աշխատանքային շաբաթի արդյունավետությունը: Հատկապես կարևորում է տղամարդ ուսուցիչների առկայությունը դպրոցում, մի խնդիր, որ իրենց դպրոցում բարեհաջող կերպով լուծված է: Նա հականե-հանվանե թվարկում է իր դպրոցի հենասյունը համարվող ուսուցիչներին` Գագիկ Սարգսյան, Արմեն Մկրտչյան, Ասյա Խաչատրյան, Անգին Գրիգորյան… Ցանկը կարելի է շարունակել:
Այսօր դպրոցում իրենց կրթությունն են շարունակում այն 234 աշակերտները, որոնք այստեղ սկսել են հաճախել առաջին դասարանից` մինչև տարիքային խմբերի տարաբաժանումը: Ամենացածր դասարանը հինգերորդն է, սակայն սրանք այն դասարաններն են, որոնք տարեցտարի մոտենում են ավագ դպրոցի տարիքային սահմանին և ինքնըստինքյան լուծարվում` որպես այդպիսին: Բուն ավագ դպրոցում ներկայումս սովորում է 355 աշակերտ, որոնցից շուրջ 70-ն ընդունվել են այս ուսումնական տարում: Ավագ դպրոցում ուսանելու են գալիս ոչ միայն Մալաթիա-Սեբաստիա համայնքի, այլև մայրաքաղաքի այլ թաղամասերի` Արաբկիրի, Էրեբունու, Նորքի, Զեյթունի բնակիչները: «Սա ավելի շատ պայմանավորված է մեր մասնագիտական կազմի արժանիքներով,- կարծում է տնօրենը:- Ես ունեմ այնպիսի ուսուցիչներ, որոնց աշակերտները որևէ խնդիր չունեն կրթությունը բուհում շարունակելու համար: Նրանք չեն պարապում կրկնուսույցների մոտ: Առնվազն հիմար պիտի լինի մարդ, որ շաբաթական ութ ժամ այսպիսի մասնագետների մոտ ուսուցանվելուց հետո կարիք ունենա ևս ութ ժամ գնալու մեկ այլ մասնագետի մոտ: Դա անգամ ֆիզիկապես է անհնար»:
Թիվ 112 դպրոցը գործում է ՀՀ ԿԳՆ անմիջական ենթակայության տակ, և սա պայմանավորում է այն հանգամանքը, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող դպրոցների միջև առկա ջերմ ու փոխշահավետ համագործակցությունը չի ներառում այս դպրոցը: Հետևաբար, այստեղ իրենց կրթությունը շարունակելու են գալիս ոչ թե նախկին կրթօջախից ուղղորդված, այլ սեփական ցանկությանն ու նախասիրությանը հետամուտ աշակերտները:
Ս. Քարամյանը հոսքային ուսուցման դասարաններում կրթական պրոցեսն արդյունավետ իրականացնելու կարևոր նախապայման է համարում աշակերտների փոքր թվաքանակը. դա չպետք է գերազանցի 18-20 հոգին: Իհարկե, սա ֆինանսապես շահեկան չէ դպրոցի համար, սակայն անհրաժեշտ է կրթական բարձր մակարդակ ապահովելու առումով: 30-35 երեխայով անցկացվող դասապրոցեսը չի կարող ունենալ բարձր որակ: Դասի որակը պայմանավորված է նաև բարդ ու թեթև առարկաների դասաժամերի ճիշտ բաշխումով: Երկրորդ-երրորդ ժամերին պետք է դասավանդվեն մտավոր մեծ լարում ենթադրող առարկաները, զգալիորեն թեթև դասապրոցես պետք է անցկացնել շաբաթվա վերջին օրը` հաշվի առնելով թե՛ ուսուցիչների, թե՛ աշակերտների աշխատունակության հնարավոր սահմանները:
«Ես ցանկանում եմ դիմել կոչով. թող ծնողները մի փոքր ավելի հետևողական լինեն մասնագիտական կողմնորոշման, դպրոցի ընտրության հարցերում: Եթե երեխային տանում են ավագ դպրոց, ապա թող ընտրությունը կատարեն ելնելով ոչ թե տան մոտիկությունից, հարևան-բարեկամի երեխայի ընկերակցությամբ դպրոց գնալ-գալու հանգամանքից, այլ ընտրությունը պայմանավորեն տվյալ դպրոցի գրանցած արդյունքներով: Կցանկանայի, որ հրապարակավ բանավիճելու հնարավորություն տրվեր ավագ դպրոցի տնօրեններին, որոնցից շատերն այսօր զբաղված են աշակերտ առևանգելու գործընթացով: Մի բան, որ թերևս քրեորեն պատժելի արարք է: Սա ապականում է ավագ դպրոցի ամենակարևոր առաքելությունը և փոշիացնում մեր պետության կատարած ահռելի ծախսերը»:
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 4180

Մեկնաբանություններ