Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«ԱԲԲԱ՛, ՄԻ ԽՈՍՔ ԱՍԱ՛ ԻՆՁ»

«ԱԲԲԱ՛, ՄԻ ԽՈՍՔ ԱՍԱ՛ ԻՆՁ»
01.12.2009 | 00:00

(սկիզբը` թիվ 91-ում)

Դ. ՍՈՒՐԲ ԳԻՐՔԸ ՀԱՐԱՏԵՎ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՄԲ ՍԵՐՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Այս խոսքերն ի պա՛հ դրեք ձեր մտքում ու ձեր հոգում։ Դրանք որպես նշան կապեցե՛ք ձեր ձեռքերին, որ մշտապես մնան ձեր աչքերի առջև։ Դուք սովորեցրե՛ք դրանք ձեր որդիներին և դրանց մասին խոսեցեք տանը նստելիս ու ճանապարհ գնալիս, պառկելիս ու վեր կենալիս։ Դրանք գրեցե՛ք ձեր տների մուտքերին ու դռների վրա, որ ձեր կյանքը երկար լինի» (Բ Օրենք ԺԱ 18-21, տե՛ս նաև Բ Օրենք Զ 6-9, Թվեր ԺԵ 39-40, Հեսու Ա 8, Առակ. Զ 21-23)։
Ամեն օր ընթերցելով Աստվածաշունչը՝ մարդը մտնում է նրա ճշմարտությունների ծիրի մեջ, հարազատանում դրանց ու դարձնում ամեն ինչի մասին իր դատողությունների հենակետը, և, ի վերջո, նրանում ձևավորվում է սուրբգրային ոգուն համապատասխան տրամադրություն: «Ո՞վ է հիշում Աստծո խոսքը և չի շտկվում,- հարցնում է ս. Եփրեմ Ասորին և պատասխանում,- միայն թույլ ու թշվառ մարդը»։
«Աստվածաշնչի անդադրում ուսումնասիրությունը,- կարդում ենք ս. Եփրեմ Ասորու մոտ,- լույս է հոգու համար, քանզի հոգուն հիշեցնում է այն մասին, որ զգուշանա կրքերից, հարատևի առ Աստված սիրո և անաղարտ աղոթքի մեջ, այն նաև ցույց է տալիս սրբերի հետքերով ընթացող խաղաղ ճանապարհը»։
«Աստվածաշնչի վրա մի հայացքն իսկ ինքնին հետ է պահում մեզ մեղքից,- ասում է ս. Հովհաննես Ոսկեբերանը։- Եթե նույնիսկ համարձակվենք և օրինազանց լինենք, պղծենք ինքներս մեզ և ապա, տուն վերադառնալով, տեսնենք Ս. Գիրքը, խղճմտանքը մեզ առավել կդատապարտի։ Եթե այս բանին միանա նաև մեծ ուշադրությամբ ընթերցանությունը, այդժամ հոգին, որն ասես դեգերում է սուրբ վայրերում, կմաքրագործվի ու կբարելավվի, քանզի Գրքերի միջոցով մեզ հետ խոսում է Ինքը՝ Աստված»։
Արեգակը ծագելիս թող քեզ գտնի Սուրբ Գիրքը ձեռքիդ (Եվագր Պոնտացի):
Մարդու բնությունը կրող է խրատի ու օրենքների. թեև բնականից նույնն ունի, սակայն սրա մեջ ևս վարժմամբ է առաջադիմում։ Առանց վարժման մարդիկ դժվարությամբ են կարողանում ճշմարիտ վարք ձեռք բերել (Ներսես Լամբրոնացի)։
Եթե քննես Գրվածքները, միշտ նախանձա-խնդրորեն սովորես դրանցից և ձգտես գործել դրանց համաձայն, ապա քո ճանապարհին կհայտնվի Հիսուսը և կմեկնի Գիրքը, այնպես որ դու էլ կբացականչես. «Մեր սրտերն էլ մի՞թե չէին ճմլվում մեր մեջ, մինչ Նա ճանապարհին խոսում էր մեզ հետ, և ինչպե՜ս էր մեզ բացատրում Գրքերը» (Ղուկ. ԻԴ 32)։ Նա մոտ է նրանց, ովքեր միշտ հիշում են Նրան և զօրուգիշեր քննում Նրա պատվիրանները (Որոգինես Ալեքսանդրացի)։
ՈՒժերիդ չափով պարտադրիր քեզ ըստ կարելվույն հաճախ ընթերցել Աստվածաշունչը, որ ի մի բերի մտքերդ, որոնք ցրել էր թշնամին՝ իր խաբեպատիր հնարքներով չար խորհուրդներ ներշնչելով։
Աստվածաշունչ Մատյանի գրքերի ընթերցանությունը կարգի է բերում ցրված միտքը և աստվածգիտություն պարգևում։ ՈՒստի ջանասե՛ր եղիր ու վարժի՛ր անձդ ընթերցանությամբ ու աղոթքով, որպեսզի միտքդ լուսավորվի (ս. Եփրեմ Ասորի)։
Ինչպես գեղանկարիչները, որևէ նկար արտանկարելիս ուշադրությամբ զննելով այն, ջանում են նրա գծերը փոխանցել իրենց ստեղծագործությանը, այդպես էլ առաքինության բոլոր մասերի մեջ նախանձախնդրորեն կատարելություն տենչացողը պետք է ամեն առիթով ուշադրությամբ զննի [աստվածաշնչյան] սրբերի՝ իբրև շարժվող և գործող պատկերների վարքը և, ընդօրինակելով ինչ բարի է, յուրացնի դրանք (ս. Բարսեղ Կեսարացի)։
Սուրբ հայրերը, կատարելապես ընթերցելով Սուրբ Գիրքը, այնուհետև իրենց խոսքերով ու գործերով հոժարությամբ նմանվում էին իրենց սկզբնատիպին՝ Աստծուն։ Եվ կերտվում էին աստվածային այդ հիմքի վրա բարվոք շինությամբ, այսինքն՝ ընտիր առաքինությամբ, որի գլուխն է Ինքը՝ Քրիստոս (Հարանց վարք)։
Հարկ է ավետարանական պատգամներն ուսումնասիրել այնպես, որ դառնան գիտակցության սեփականությունն ու փաստը. միայն այդ ժամանակ է հնարավոր նրանց ճշգրիտ և մշտական կատարումը, այնպես, ինչպես Տերն է պահանջում (ս. Իգնատի Ստավրոպոլսկի)։
Աշխատիր մտքով ու սրտով այնպես յուրացնե՛լ Ավետարանը, որ միտքդ ասես լողա նրանում, ապրի նրանով. այդժամ և գործերդ շահեկանորեն ավետարանական կդառնան։ Այդ բանին կարելի է հասնել Ավետարանի հարատև երկյուղալից ընթերցանությամբ և ուսումնասիրությամբ։
Ս. Պախոմիոս Մեծը՝ հռչակավոր հին հայրերից մեկը, անգիր գիտեր Ավետարանը և Աստծո հայտնությամբ անվերապահորեն պարտավորեցնում էր [վանականներին] սերտել այն։ Այդպիսով, Ավետարանն ուղեկցում էր նրանց ամենուր, միշտ առաջնորդում էր նրանց։
Ինչո՞ւ քրիստոնյա դաստիարակներն այսօր էլ անմեղ երեխաների հիշողությունը չզարդարեն Ավետարանով՝ փոխանակ աղտոտելու այն Եզոպոսի առակներով ու այլ ոչնչություններով (ս. Իգնատի Բրյանչանինով)։
Հնում շատ քրիստոնյաներ անգիր գիտեին Աստվածաշունչ Մատյանի գրքերի մեծ մասը։ Օրինակ՝ պաղեստինյան նահատակներից մեկը՝ կույր Հովհաննեսը։ Եվսեբիոս պատմիչը նրա մասին գրում է. «Սրբազան Գրքերը ոչ թե մագաղաթի ու թղթի վրա էին գրված, որոնք բոլորն էլ ժամանակի ընթացքում մաշվում են, այլ նրա լուսավոր հոգում և մաքուր մտքում, այնպես որ նա, երբ կամենում էր, անգիր հատվածներ էր ասում Մովսեսի և մարգարեների, կամ էլ պատմական գրքերից, Ավետարանից կամ Գործք առաքելոցից»։

Ե. ՄԻՆՉԵՎ ԵՐԲ ՔՐԻՍՏՈՆՅԱՆ ՊԵՏՔ Է ԸՆԹԵՐՑԻ ՍՈՒՐԲ ԳԻՐՔԸ
«Նրանով է, որ դուք էլ լսեցիք ճշմարտության խոսքը՝ ձեր փրկության Ավետարանը, որին հավատալով կնքվեցիք խոստացված Սուրբ Հոգով, որ մեր ժառանգության առհավատչյան է մինչև այն օրը, երբ կատարելապես կտիրանաք փրկությանը՝ ի գովություն նրա փառքի» (Եփես. Ա 13,14):
Քանի դեռ մարդը չի ընդունել Մխիթարչին, Սուրբ Գրքերի կարիքն ունի, որպեսզի բարու մտապահումը դրոշմվի նրա մտքում, հարատև ընթերցանությամբ նրա մեջ նորոգվի ձգտումն առ բարին, և նա պահպանի հոգին մեղսալից ճանապարհների աննկատ որոգայթներից, մինչև մոլորությունները փարատող Հոգու զորությունները ստանալը... Իսկ երբ Հոգու զորությունն իջնի մարդու հոգեկան զորության վրա, այնժամ Գրքի օրենքի փոխարեն նրա սրտում կարմատավորվեն Հոգու պատվիրանները, և նա գաղտնաբար կսովորի Հոգուց և զգայական ձեռնարկի կարիք չի ունենա (ս. Իսահակ Ասորի)։

Զ. ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ահա թե ինչու, դեն գցելով ամենայն աղտեղություն և չարիքի ավելցուկ, հեզությամբ ընդունեցե՛ք ձեր մեջ սերմանված խոսքը, որ կարող է փրկել ձեր հոգիները։ Խոսքը կատարողնե՛ր եղեք, այլ ոչ թե միայն լսողներ համարեցեք դուք ձեզ, քանի որ եթե մեկը միայն խոսքը լսող է և ոչ կատարող, նա նման է մի մարդու, որ հայելու մեջ ակնապիշ նայում է իր դեմքին։ Նայելով՝ տեսնում է ինքն իրեն, սակայն անցնում գնում է և անմիջապես մոռանում, թե ինչպիսին էր ինքը։ Իսկ ով աչքերը հառած նայում է ազատության կատարյալ օրենքին և դրա մեջ էլ հարատևում, նա լսում է, չի մոռանում, այլ կատարում է այն, այդպիսի մեկը իր արածի մեջ երանություն կգտնի» (Հակոբ Ա 21-25)։
Անօգուտ է Աստծո խոսքը առանց գործերի կարդալը կամ լսելը։ Քրիստոսը երանի է տալիս ոչ թե նրանց, ովքեր լսում են Աստծո խոսքը, այլ նրանց, ովքեր լսում են ու պահում. «Երանի՜ նրանց, որ լսում են Աստծո խոսքը և պահում» (Ղուկ. ԺԱ 28)։ Ի՞նչ օգուտ այն ցանված սերմից, որը պտուղ չի տալիս։ Ոչ մի։ Ո՞րն է սննդի օգուտը ստամոքսին, եթե այն ավիշի ու արյան չի փոխակերպվում։ Միանգամայն անօգուտ է այդպիսի սնունդը։ Այդպես է նաև Աստծո խոսքի՝ աստվածային սերմի պարագայում, որն օգտավետ չէ, եթե լսողները չեն վերափոխվում։ Ինչպես որ մարմինն է հյուծվում և մահանում, երբ ստամոքսը, սնունդ ընդունելով, չի մարսում և ավիշի ու արյան չի փոխակերպում այն, այդպես էլ հոգին, որը թեպետ լսում է Աստծո խոսքը, որ հոգևոր սնունդ է, բայց ավիշի ու արյան չի փոխակերպում, այսինքն՝ հոգևոր առումով չի զորացնում լսած խոսքը, ուժասպառ է լինում ու կործանվում։ Այս պատահում է մարդուն այն ժամանակ, երբ նա Աստծո խոսքը լսելով` դրա համեմատ չի շտկում իր վարքը, չի դառնում Աստծուն, ի սրտե չի ապաշխարում, մեղքերից չի հրաժարվում և իր սրտում հոգևոր մխիթարություն չի գտնում։
Աստծո խոսքը մեզ հենց այն բանի համար է շնորհվել, որ մենք, լսելով այն, ուղղենք ինքներս մեզ ըստ Նրա խրատի։ Իսկ եթե այդպես չանենք, այն մեզ ոչ մի օգուտ չի տա։ Ճիշտ այնպես, ինչպես հիվանդը չի ապաքինվի, եթե չկամենա համապատասխան բուժում ստանալ, այդպես էլ մեր հոգևոր ախտերը բուժելու համար Աստծուց շնորհված խոսքը, ինչպես վերը նշեցինք, անօգուտ կլինի, եթե դրանով չբուժենք մեր ախտերը։ Ինչպես անօգուտ է վարպետի հմտությունը, եթե այն չի գործադրվում (նա անպայման կաղքատանա), այդպես էլ Սուրբ Գրքի քաջատեղյակությունն ու Տիրոջ կամքի իմացությունը շահ չեն, եթե Աստծո խոսքի ու Նրա կամքի համաձայն չջանանք ուղղել մեր վարքը (ս. Տիխոն Զադոնսկի)։
Երբ կարդում ես աստվածային Գրությունների խոսքերը, նախ աղոթի՛ր Աստծուն, որ բացի սրտիդ աչքերը, որպեսզի չբավարարվես գրված բառերը կրկնելով, այլ կարողանաս նաև գործադրել դրանք երկյուղով. թերևս քո իսկ դատապարտության համար ես ընթերցում Աստվածաշնչի կենարար խոսքերը (ս.Հովհաննես Ոսկեբերան)։
Մեր Տեր Հիսուս Քրիստոսի բոլոր գործերն ու խոսքերը կրոն են բարեպաշտության ու առաքինության. սրա համար մարմնացավ՝ ցույց տալով մեզ առաքինություն և բարեպաշտություն։ Որպեսզի յուրաքանչյուր ոք, ըստ կարողության տեսնելով, նախանձախնդրորեն ձգտի նախատիպին։ Քանզի սրա համար մարմին հագավ, որպեսզի և մենք, ըստ մեր կարողության, նմանվողներ լինենք Նրա վարքին (ս. Բարսեղ Կեսարացի)։
Տե՛ր, Դու իմ աղոթքով միշտ հաղթում ես իմ միջի դժոխքին, և եթե ես ցայժմ դեռ դժոխքում չեմ, այդ Քո՝ դժոխքը Հաղթողիդ ողորմությունն է, Տե՛ր։ Փա՜ռք Քեզ՝ Բարերարիդ և մեր Փրկչիդ։ Ինչ կլինեինք մենք առանց Քեզ. իսկական գազաններ, որոնք հոշոտում են իրար։ Ե՜րբ ենք մենք խորապես գիտակցելու ըստ Ավետարանի ապրելու անհրաժեշտությունը՝ մեր իսկ ժամանակավոր և հավիտենական բարիքի համար։ Իսկ այսօր ինչքա՜ն քիչ են նույնիսկ Ավետարան ընթերցողները (ս. Իոան Կրոնշտադտսկի)։
Սուրբ հայր Պամփոն գրաճանաչ չէր. և մի օր գնաց մի վարդապետի մոտ՝ սաղմոս ուսանելու։ Երբ լսեց 38-րդ սաղմոսի առաջին համարը` «Ասացի՝ զգուշանամ իմ ճանապարհին, որ լեզվովս չմեղանչեմ», այլևս չկամեցավ իմանալ շարունակությունը։ Նա ասաց. «Եթե սա գործով կատարեմ, այս համարն էլ ինձ բավական է»։ Իսկ այն վարդապետին, ով հանդիմանեց նրան՝ վեց ամիս իրեն չայցելելու համար, պատասխանեց. «Դեռևս գործով չեմ կատարել»։ Իսկ երբ բազում տարիներ անց նրա ծանոթներից մեկը հարցրեց նրան այն մասին, թե սովորե՞լ է արդյոք այդ սաղմոսը, պատասխանեց. «Քառասունինը տարում թերևս կարողացա սովորել այն» (Հայելի վարուց)։
Հոգևոր կյանքում Գրքերը միայն առաջնորդում են։ Բուն ճանաչողությունը գործով է ձեռք բերվում։ Նույնիսկ այն, ինչն ընթերցանությամբ է ճանաչվել, պարզ ու հանգամանալից կդառնա, երբ փորձարկվի գործով, և այլ կերպ կընկալվի (Ֆեոֆան Զատվորնիկ)։
Այստեղ հարկ է նշել Աստծո խոսքի բեղմնավոր ընթերցանության ամենաանհրաժեշտ պայմանը։ «Ճաշակելով» որևէ խրատ պարունակող Աստծո խոսքը՝ պետք է ջանալ անհապաղ կատարել այն, քանի դեռ սիրտը չի սառել։ Իսկ կատարելով մեկ անգամ՝ հաջորդ անգամ այն կատարելն ավելի դյուրին կլինի, քանզի այդպես բարի գործերի հմտություն ու վարժանք է ձեռք բերվում (Եբր. Ե 14)։ Եվ ընդհակառակը, հաջորդ օրվան հետաձգվող բարի մտադրությունը սովորաբար չի կատարվում, քանզի Աստծո խոսքի՝ մարդուն հաղորդած բարոյական ուժը՝ Նրա ներշնչանքին հետևելու այդ ուրախ վճռականությունը, մնալով անգործ, աստիճանաբար թուլանում է ու անհետանում։ «Միանգամայն անօգուտ է, - գրում է սուրբ Տիխոն Զադոնսկին, - կարդալ ու չպահել այն, ինչ սովորեցնում է Գիրքը։ Եթե կամքդ չուղղես, ապա այդ ընթերցանությունից ավելի չար կդառնաս, քան եղել ես»։ Բացի այդ, նմանօրինակ գործնական վերաբերմունքը Աստծո խոսքի նկատմամբ լավագույնս հավաստիացնում է Փրկչի վարդապետության՝ աստվածային լինելու իսկությունը։ «Եթե մեկն ուզում է Նրա կամքը կատարել, կիմանա այդ ուսուցման մասին, թե Աստծո՞ւց է արդյոք» (Հովհ. Ե 17)։

Է. ԱՂՈԹՔՈՎ ԿԱՐԴԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բա՛ց իմ աչքերը, որ տեսնեմ Քո օրենքի հրաշալիքները» (Սաղմ. ՃԺԸ 18)։
Ի՞նչ պետք է անի քրիստոնյան, որպեսզի Աստծո խոսքի սերմերը պտուղ տան իր մեջ։ Քրիստոսն ասում է. «Խնդրեցե՛ք Աստծուց, և Նա կտա ձեզ, փնտրեցե՛ք և կգտնեք, բախեցե՛ք, և կբացվի ձեր առաջ. որովհետև ով որ ուզի, ստանում է, ով որ փնտրի, գտնում է, և ով որ բախի, նրա առաջ կբացվի» (Մատթ. Է 7-8)։ Քանի որ ինքներս տկար ենք, առանց Քրիստոսի ոչինչ անել չենք կարող, ինչպես և Նա է վկայում. «Առանց Ինձ ոչինչ անել չեք կարող» (Հովհ. 15, 5)։ ՈՒստի ջերմեռանդ աղոթքով է անհրաժեշտ ամեն ինչ փնտրել Նրա մոտ։ Պետք է Սուրբ Հոգին, Ով խոսեց մարգարեների և առաքյալների հետ, գործի մեր մեջ՝ լուսավորելով, հանդիմանելով, խրատելով և առաջնորդելով մեզ, եթե ցանկանում ենք Նրա օրենքով ապրել։
Երբ նստում ես՝ կարդալու կամ լսելու Աստծո խոսքը, նախապես աղոթի՛ր Աստծուն։ Հանապազ խնդրի՛ր Նրան, որ լուսավորի միտքդ և բացահայտի քեզ համար Իր խոսքերի զորությունը, քանզի շատերը, ապավինելով իրենց հասկացողությանը և չհասկանալով գրվածը, սրբապղծության մեջ ընկան և կործանվեցին։ Արդ, եթե ընթերցելիս դժվար հասկանալի տողերի հանդիպես, վերագրիր այդ քո տկարամտությանը (ս. Եփրեմ Ասորի)։
Բազում աղոթքներ են մեզ պետք, բազում արտասուքներ, հաճախակի պաղատանքներ և մեծագույն ճգնությամբ հայցել Աստծուց, որպեսզի արժանի լինենք լուսավոր միտք ստանալու, որով կբորբոքվեն մեր մեջ աղոթքի բաղձանքն ու Աստվածային Գրքի վերծանությունը։ Եվ մեր մտքի ճաշակելիքում կհամեղանա այդ հիանալի ուտեստների խոհարարությունը, և կճանաչենք հոգևոր երկունքի օգտակարությունն ու անսպառ բարիքների արդյունարարությունը (Խ. Անձևացի)։
Սուրբ Գրքի խորախորհուրդ խոսքերին մի՛ մոտենա առանց աղոթելու և Աստծուց օգնություն հայցելու, այլ ասա. «Տո՛ւր ինձ, Տե՛ր, զգայաբար ընկալել նրանցում ամփոփված զորությունը»։ Համարի՛ր աղոթքը Սուրբ Գրքում արտահայտված ճշմարիտ իմաստի բանալի (ս. Ի. Ասորի)։
Կարդա՛ ջանասիրաբար ու փութեռանդորեն՝ համակ ուշադրությամբ կանգ առնելով յուրաքանչյուր բառի վրա։
Երբ նստես կարդալու կամ կարդացողին լսելու լինես, նախապես աղոթի՛ր Աստծուն՝ ասելով. «Տե՛ր Հիսուս Քրիստոս, բա՛ց արա սրտիս ականջներն ու աչքերը, որ լսեմ Քո խոսքերն ու կատարեմ Քո կամքը։ Բա՛ց իմ աչքերը, որ տեսնեմ Քո օրենքի հրաշալիքները (Սաղմ. ՃԺԸ 18)։ Հույս ունեմ, Աստվա՛ծ իմ, որ կլուսավորես իմ սիրտը»։ Միշտ այդպես աղաչի՛ր Աստծուն, որպեսզի լուսավորի միտքդ և քեզ ճանաչել տա Իր խոսքերի զորությունը։ Շատերն իրենց հասկացողությանն ապավինելով՝ մոլորվեցին (ս. Եփրեմ Ասորի)։
Տպագրության պատրաստեց Գրիգոր ԴԱՐԲԻՆՅԱՆԸ

Սուրբ Հ. Ոսկեբերանի աղոթքը Աստծո խոսքը կարդալուց և լսելուց առաջ
Տե՛ր Հիսուս Քրիստոս, բա՛ց սրտիս աչքերը՝ լսելու Քո խոսքը, հասկանալու և կամքդ կատարելու, քանզի պանդուխտ եմ ես այս աշխարհում։ Մի՛ ծածկիր ինձնից Քո պատգամները, այլ բա՛ց իմ աչքերը, որ հասկանամ օրենքիդ հրաշալիքները. հայտնի՛ր ինձ Քո իմաստության անհայտն ու ծածուկը։ Ես Քեզ եմ ապավինում, Աստվա՛ծ իմ, թող Քո մտքի լույսով լուսավորվի նրա իմաստը, որ ոչ միայն գրվածը կարդամ, այլև կատարեմ, որպեսզի մեր կարդացած խոսքերն ու սուրբերի վարքը մեզ ի վնաս չլինեն, այլ ի նորոգություն, լուսավորություն, սրբագործություն, ի փրկություն հոգու և ի ժառանգություն հավիտենական կյանքի։ Զի Դու ես լուսավորում խավարի մեջ նստածներին, և Քեզնից է ամենայն բարիք ու ամենայն կատարյալ շնորհ։

Ս. Գրիգոր Տաթևացի
ԱՂՈԹՔ
Արարի՛չ անճառելի և Աղբյուր ճշմարիտ լույսի ու իմաստության, լուսավորի՛ր իմ միտքը պայծառ նշույլներով և հեռացրո՛ւ իմ միջից մեգն անգիտության: Դո՛ւ, որ մանուկների լեզուները պարզախոս ես ստեղծել, վարժի՛ր իմ լեզուն և շուրթերս Քո շնորհների օրհնությա՛մբ լցրու։ Սրությո՛ւն տուր ինձ՝ հասկանալու, ընդունակություն՝ պահելու, կորովամտություն՝ բացատրելու, դյուրընկալություն՝ ուսանելու, ինչպես նաև առատ շնորհ՝ խոսելու: Պատրաստի՛ր ու հարդարի՛ր մուտքն իմ այս կյանք, կյանքիս ընթացքն ուղղի՛ր և ավարտի՛ն հասցրու Տիրոջով՝ Հիսուս Քրիստոսով։ Ամեն:

Դիտվել է՝ 2398

Մեկնաբանություններ